ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑԻ ԾՆՆԴԵԱՆ 125-ԱՄԵԱԿԻՆ ԱՌԻԹՈՎ

Վերջերս մի բարեկամ բողոքում էր, որ հայկական դպրոց աւարտած իր զարմիկներին Մեծարենց էր կարդացել, իսկ նրանք արհամարհանքով հեռացել էին` ասելով, որ չեն հասկանում, ինչո՞ւ ժամանակ վատնել: Պիտի ընդունենք, որ սփիւռքի իրական պատկերն այս է` հայկական  դպրոց աւարտածներին դժուար ընկալելի է հայ լեզուն, իսկ մեր հարուստ գրականութիւնը անհետաքրքիր` օտարի աղքատ թափթփուկներով սնուող իրենց հոգիների համար:  Բայց արդեօ՞ք դա մեզ իրաւունք է տալիս ձեռնածալ նստել ու դիտել մեր լեզուի, մեր հոգեւոր սնունդի կորուստը:

Ոչ մէկս կարող ենք գուշակել թէ ի՞նչ են բերելու հետագայ ժամանակները, ինչո՞վ են սնուելու մեր սերունդները, ի՞նչ ճանապարհ է անցնելու մեր լեզուն, ի՞նչ նժարի վրայ են դրուելու մեր ունեցած հարստութիւնները:

Մեր` ստեղծագործողներիս, պարտքն է հրամցնել մեր հարստութիւնները, յատկապէս երբ դրանք հարիւրամեակի խորքից են գալիս, յատկապէս դրանց ստեղծողը ոչ թէ այսօրուայ հայ լեզուն ոտնատակ անող երիտասարդ է, այլ իր տառապանքի գնով մեր լեզուն ու զգացումները մի այլ ոլորտով հարստացրած պատանի:  Այս ամէնի մղումով է, որ իմ պարտքը համարեցի յատուկ յօդուածով մէկ անգամ եւս յիշեցնելու, որ սփիւռքահայ նոր սերունդին ամէն գնով, առանց զիջումների պարտադրուելու է մեր լեզուն ու նրանից եկող հարստութիւնները, քանի դեռ մեր եզակի տաղանդները հարիւրամեայ երթի մէջ են:

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ՈՒՐԱԽՈՒԹԵԱՆ ՊԱՏԳԱՄԱԽՕՍԸ

«Աշխարհից հեռու մի գիւղում, եղէգնեայ մի սրինգ կտրած,
Արեւ է երգել ու գարուն այս հիւանդ, հանճարեղ պատանին»:
ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ

Այսպէս է մեծարել արեւելահայ մեծ բանաստեղծ Ե. Չարենցը արեւմտահայ իր մեծ գրչակից ընկերոջը` Միսաք Մեծարենցին:

Չարենցի բնորոշմամբ, «արեւ ու գարուն» երգած այս պատանին մեր գրականութեան մէջ իր մնայուն տեղն է գրաւել որպէս սիրոյ եւ բնութեան իւրայատուկ երգիչ, ստեղծելով իր` մեծարենցեան աշխարհը:

125 տարի է անցել նրա ծննդեան օրից եւ իւրաքանչիւր տարի սիրոյ եւ բնութեան իմաստն ու գեղեցկութիւնը, մարդկային հոգու նրբութիւնն ու խորութիւնը գնահատողները հրճուանքով են ընդունում նրա ծննդեան յիշատակումը, քանի որ այդ ծնունդով  հարստացաւ ոչ միայն մեր բանաստեղծութեան պատմութիւնը, այլ` այն ըմբոշխնող սերունդների մի անհաշուելի թիւ:

Թէեւ նրա կեանքը ամենեւին էլ արեւով ու գարնան բոյրերով ողողուած չի եղել, թէեւ շատ կարճ, մահուան հալածանքով լեցուած կեանք է ունեցել, թէեւ իր բարձրարուեստ մուտքը գրականութեան մէջ ծնծղաներով ու շեփորներով չի ընդառաջուել, բայց նա հաստատ հաւատով թղթին է յանձնել իր աներեւակայելիօրէն հարուստ, խորը մտածումների ու զգացումների աշխարհը:

Սքանչելիօրէն հարուստ արեւմտահայ քնարերգութեան տաղանդաւոր փաղանգի իւրաքանչիւր անուն` Պ. Դուրեան, Դ. Վարուժան, Ռ. Սեւակ, Սիամանթօ, Զարիֆեան,  ովքեր իրենց դրոշմը թողեցին մեր գրականութեան մէջ, միշտ էլ ապրել են երկու հրէշաւոր ճնշումի տակ` թուրքի եւ թոքախտի:  Երկուսն էլ հաւասարապէս իրենց աւերն են գործել մեր երիտասարդ տաղանդների կեանքում:  Մեծարենցից առաջ մէկ այլ տաղանդ` Պետրոս Դուրեան անունով, իր դրոշմը թողել ու հազիւ 21 տարին բոլորած` թոքախտից տառապելով հեռացել էր կեանքից: Մեծարենցից ութ տարի յետոյ ծնուած մէկ այլ գողտրիկ բանաստեղծ` Մ. Զարիֆեանը, թուրքի նոյն հարուածով հիւանդացած, իր հոգին աւանդել է թոքախտով` 30 տարին նոր բոլորած:

Նրանից երկու տարով մեծ Վարուժանի եւ նրանից մէկ տարով փոքր Սիամանթոյի եւ Ռ. Սեւակի կեանքը ընդհատուել է թուրքի բարբարոս սպանդով: Կեանքի անարդար հարուածով` բոլորն էլ կարճ ապրած, ստեղծագործական թափով ու տաղանդով` բոլորն էլ հսկայ, իւրայատուկ, եկան յղկելու, լոյսով ու սիրով լեցնելու, հարստացնելու մեր լեզուն, մեր միտքն ու հոգիները, մեր ներաշխարհը:

Մեծարենցի կեանքը, թէեւ ճակատագրով կապուած է նրանց, բայց իր տաղանդի փայլատակումով բոլորովին տարբեր է նրանցից:

Եփրատի ձախ ափին փռուած Ակնի Բինկեան գիւղում 1886թ. յունուարին ծնւում է  Մեծատուրեան ընտանիքի չորրորդ զաւակը` Միսաքը: Մեծատուրեան զոյգն արդէն երջանկացած էր երեք զաւակով, ունէին մէկ աղջիկ, երկու տղայ եւ անշուշտ սիրով են ընդունում ընտանիքի նորածին մանչուկին, անտեղեակ, որ ծնունդ են տուել մի բացառիկ տաղանդի:

Արածանիի ժայռերի վրայ ծուարած նրա ծննդավայրը` Բինկեան, այնքան գեղեցիկ բնութիւն է ունեցել, հարուստ ծառաստաններով ու ժայռոտ կիրճերով, որ կարծես մօր կաթի հետ իր էութեան մէջ ներծծել է նաեւ այդ ամբողջ գեղեցկութիւնը, նրա գոյներով լեցուած աչք բացել, դրանով սնուել ու մեծացել եւ այդ գեղեցկութեամբ էլ մանկութիւնից ընկալել է շրջապատը, աշխարհը, մարդկային զգացումները:

Այդ փարթամ բնութեան նրբահիւս աւիշով էլ ձեւաւորուել է մանուկ Մեծարենցի հոգին ու միտքը: Թէեւ նա միայն ինը տարի է ապրել այդ գիւղում, դեռ գիտակցական կեանքին նոր ոտք դրած` հեռացել է այնտեղից, բայց մանկութեան ամենաջինջ զգացումներով վայելել է նրա անկրկնելի գեղեցկութիւնն ու խորհուրդը, որին կապուած է եղել տենդօրէն, եւ որն անջնջելիօրէն դրոշմուել է իր հոգու մէջ, դարձել իր արեան բաղադրիչ մասը: Մի քանի տարի անց, հեռաւոր Պոլսում իր բանաստեղծութիւնները նա շաղախելու է իր յիշողութեան մէջ բոյն դրած այդ բնապատկերի գոյներով:

«Ու կ՛երկարի՜, կ՛երկարի՜
Խմբանկարը տուներուն
Տարտամօրէն փաթթըւած
Մէջն ապրշում մըշուշին»:

Բնութիւնից իր մէջ դրոշմուածը նա դարձրել է ոչ միայն իր բանաստեղծութիւնների հենքը, այլ այդ գեղեցկութեան վրայ է կառուցել իր ստեղծագործութիւնների փիլիսոփայութիւնը.

«Ամէն ծաղիկ խամրում մ՛ունի իրեն մօտ,
Ու ամէն կեանք` մութ ստուեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պէս խնկահոտ`
Ամէն յոյսեր դեռ չըծըլած կ՛անհետին»:

Իր նախնական կրթութիւնը նա սկսում է իր ծննդավայրում, վեց տարեկանին, բայց միայն երկու տարի է յաճախում տեղի Մեսրոպեան վարժարանը, ուր առանձնապէս աչքի չի ընկնում իր ընդունակութիւններով:

Ինը տարեկանին ընտանիքը տեղափոխւում է Սվազ եւ պատանի Միսաքը իր ուսումը շարունակում է Սվազի Արամեան վարժարանում, ուր եւ ի յայտ է գալիս բնածին կարողութիւնը շարադրութեան մէջ:

Սկսւում են 1896 թուականի հայկական ջարդերը, որի աւարտից յետոյ, հինգ տարի նրան ուղարկում են Մարզուանի գիշերօթիկ «Անատոլիա» քոլեճը: 1901թ. ամառային արձակուրդին նա Մարզուանից վերադառնում է Սվազ եւ այլեւս ետ` գիշերօթիկ չի մեկնում: Սկսում է ինքնակրթութեամբ լրացնել գիտելիքների պակասը եւ ընդամէնը մէկ տարում միայնակ սովորում, հրաշալի տիրապետում է ֆրանսերէնին, հարստացնում իր հայերէնը եւ միաժամանակ իր առաջին գրական փորձերն սկսում:

Այդ նոյն տարի Սվազում Մարզուանի գիշերօթիկից նոր վերադարձած այս նուրբ, չափից դուրս կիրթ, փխրուն, շրջապատին դեռ անծանօթ պատանու կեանքում մի ճակատագրական դէպք է պատահում: Իր կենսագիրներից Թորոս Ազատեանի մեզ տուած տեղեկութիւնից հետեւեալն ենք կարդում. «Մեծարենցի ազգականներէն Վահան Մեծատուրեան կռիւ մը կ՛ունենայ թուրք մսագործներու տղոց հետ: Ասոնք ոխ կը պահեն ու նմանութէամբ կը յարձակին Միսաքի վրայ, զայն սաստիկ կը ծեծեն ու կը վիրաւորեն թեւը զմելիով» (Թ. Ազատեան, Մ. Մեծարենց, էջ 13):

Պատկերացրէք, թէ ի՛նչ մեծ հարուած է եղել 15-ամեայ քնքուշ, նուրբ հոգու եւ մարմնի տէր անհատականութեան համար, այդ գազանային յարձակումը, ստորացնող ծեծը: Արդեօք վախի՞ց, ապրած հոգեկան ցնցումի՞ց, թեւի ստացած վարակուած ածելիի վէրքի՞ց նրա մէջ բոյն է դնում թոքախտը:

Այդ պատահարից յետոյ նա անկողին է ընկնում եւ որոշ ժամանակ անց սկսում է արիւն թքել:

Դէպքից մէկ տարի անց ընտանիքը տեղափոխւում է Պոլիս, եւ Միսաքը իր ուսումը շարունակում է տեղի Կեդրոնական վարժարանում` աշակերտելով Հրանդ Ասատուրին, որը նկատելով պատանի Միսաքի գրական իւրայատուկ ձիրքը` յատուկ ուշադրութիւն ու հոգատարութիւն է ցուցաբերում նրա հանդէպ: Հետագայում` Մեծարենցը, իբրեւ երախտագիտութիւն իր ուսուցչի ցուցաբերած ուշադրութեան, իր բանաստեղծութիւնների «Բաբախումներ» շարքը նուիրում է նրան:

Հիւանդութեան սրութեան պատճառով երրորդ դասարանը չաւարտած` նա հեռանում է դպրոցից:

Նրա առողջութեամբ մտահոգ բժիշկների խորհրդով Պոլսում ընտանիքը հաստատւում է Թոփ-Գափուում, ուր եւ սկսում է իր գրական առաջին փորձերը:

Նուրբ մարմնով ու հոգով նա փորձում է յաղթահարել իրեն մաշող, արագօրէն իր մէջ աճող մահացու հիւանդութիւնը` թոքախտը: Հակառակ իր հերոսական մաքառումին եւ բժիշկների հոգատար բոլոր ջանքերին` հիւանդութիւնը արագօրէն զարգանում է:

Եօթ տարի այդ անբուժելի հիւանդութեան դէմ յամառ պայքարից, երկար ու ծանր տառապանքից յետոյ, 22 տարին նոր բոլորած այս զարմանահրաշ տաղանդը կեանքից հեռանում է 1908թ., իր ուժերի ամենածաղկուն շրջանում, թուրքի հարուածից ստացած թոքախտից:

Յաճախ կեանքը իր բաշխած շռայլ տաղանդներին դաժանօրէն պատժում է մի անարդար հարուածով:  Կեանքի նախանձի զոհերն են դառնում նրանք:  Սակայն այդ հարուածը կրողները, երբեմն անբացատրելի խորհրդով, ելք են գտնում չէզոքացնելու, կամ աւելի ճիշդ, իրենց մէջ կրում են արտասովոր ուժ այդ պատժի դէմ պայքարելու, յաղթահարելու, աւելի յաճախ էլ այդ պատիժը  լուսաւոր յաւիտենութեամբ են փոխարինում:

Շրջապատի համար անյայտ ու անտեսանելի կեանքի սահմանը, որը տրուած է ամէնքին, սովորական մահկանացուներս ապրում ենք ծուլօրէն ու դանդաղ, մինչդեռ  նրանք` այդ բացառիկ տաղանդները, այդ «պատժուածները» ապրում են հազարապատիկ արագ ու յագեցած կեանքով, ժամանակից առաջ տեսնելով, զգալով ու ապրելով կեանքը: Իրենց ապրած կարճ կեանքը տենդագին արագութեամբ նրանք հարստացնում, լեցնում, իմաստաւորում են ի վերուստ իրենց տրուածով` այդ ձեւով յաղթելով կեանքի իրենց դէմ գործած անարդարութեանը:

Մեծարենցի կեանքը դրա փայլուն օրինակն է: Իր կեանքի իւրաքանչիւր վայրկեանը, իր երիտասարդ հոգու անասելի տառապանքը նա վերածել է սիրոյ ու գեղեցկութեան հնչիւնների մի զարմանահրաշ աշխարհի, որին շփուողը, այդ աշխարհը մուտք գործողը բաժանւում է լիացած, հարստացած, բարիացած:

Բանաստեղծութիւններից զատ, Մեծարենցը գրել է նաեւ արձակ էջեր, փոքրիկ, սրտառուչ պատմուածքներ, վերլուծական յօդուածներ` Գ. Զոհրապի, Նարեկացու մասին, ինքնաքննադատութիւն, չափածոյ քննադատութիւն, նամակներ, մինչեւ իսկ թարգմանութիւններ` Օսկար Ուայլտից, Մամին Սիփիրեաքից: Թէ ինչպէ՛ս է այդ ամէնը նա հասցրել իր կարճ կեանքում, ընդամէնը եօթ տարում, սովորական մահկանացուներիս անծանօթ է, դա միայն անսովոր տաղանդներին է յայտնի:

Երբ ծանօթանում ենք իր կենսագրութեանը, է՛լ աւելի ենք գնահատում մեզ թողած իր ոչ ծաւալուն, բայց անկշռելի հարստութիւնը,  հիանում ու ապշում ենք նրա հոգու, կամքի ամրութեամբ:

Ինչպէ՞ս կարող էր իր մօտալուտ մահը իմացող 15-ամեայ մի պատանի, թաքցնելով իր ցաւը, տառապանքը, անխուսափելի մահուան ներկայութիւնը, այդքան հմայուած ու հաւատով, առանց չարանալու, երազել, հաւատալ, երգել կեանքն ու նրա գեղեցկութիւնը:

Դեռ սիրոյ զգացումը չվայելած, յատկապէս գիտենալով, որ երբեք չի վայելելու, երբեք չի հասցնելու սիրել ու սիրուել, երգել սէրը եւ դեռ չապրած սիրոյ ամենազօր տառապանքը` հասկանալ նրա ազդեցութիւնը:

Իրապէս, միայն բնութիւնից օժտուած անսովոր տաղանդը կարող էր այդ ամէնը այդքան բնականօրէն, խորը ու բարձրագոյն արուեստով մատուցել, ինչպէս Մեծարենցն է մատուցել:

Ընդամէնը եօթ տարի է ստեղծագործել այս իւրայատուկ տաղանդը, այն էլ` դեռ պատանի, եւ այդ եօթ տարում ստեղծել է այնպիսի գործեր, որոնք մինչեւ օրս միայն հիացում, զարմանք ու խորը յուզում են պատճառում ընթերցողին:

Մեծարենցը իր գրական առաջին փորձերը սկսել է 15 տարեկանին` իր ոտանաւորները գրելով աշակերտական տետրում, որի առաջին էջում մուգ տառերով գրուած է եղել` աշակերտ Միսաք Մեծատուրեան:

Այդ տարիներին բանաստեղծութիւն գրելը կարծես մի տեսակ նորոյթ ձգտում է եղել:  Բանաստեղծութիւն են գրել բոլորը` իրական գրողներից մինչեւ քիչ թէ շատ գրականութիւն սիրողները: Նոյնիսկ նորավէպերի եւ վէպերի հետագայ մեծութիւնները` Գ. Զոհրապ, Յ. Օշական, իրենց գրական քայլերն սկսել են  բանաստեղծութեամբ:

Ժամանակաշրջանի պարտադրա՞նքն է եղել, թէ՞ աւելի հեշտ է եղել այդ ժանրով իրենց գրելու ընդունակութիւնը ճշդելը կամ գրականութիւն իրենց մուտքը յայտարարելը, ամէն դէպքում, այդ շրջանի իւրաքանչիւր գրող բանաստեղծութեամբ է յայտարարել իր մուտքը գրական ասպարէզ:  Թէեւ նրանցից շատ քչերին է յաջողուել մեծ բանաստեղծ դառնալ, որովհետեւ ի վերջոյ բանաստեղծներին կարգում են բնութեան ամենազօր ուժերը: Այդ ուժերը արդէն Միսաքին բանաստեղծ էին ծնել, եւ նա աւելորդ ջանքի կարիքը չունէր հաստատելու իրեն որպէս բանաստեղծի:

Յիշեցնեմ, որ իր ծնուած ժամանակաշրջանը ե՛ւ քաղաքական, ե՛ւ ստեղծագործելու  առումով բոլորովին նպաստաւոր չէր բանաստեղծ դառնալու համար, հայի կեանքը ամբողջովին անհանգիստ փոթորկումների, ամէն վայրկեան սպառնացող վտանգի մէջ է եղել:

Թուրքական ճնշումների ամենադժոխային տարիներն էին դրանք: Հայի հանդէպ գործադրուող սպանդն ու ճնշումը նոր թափ ու ձեւ էին ստացել: Հային միայն ֆիզիքական ոչնչացման ենթարկելը չէր բաւարարում Համիտին, նա ձգտում էր նրա զանգուածային ոչնչացմանը: Իրագործում է նրա ստեղծագործ մտքի սպանդը` արգելք դնելով գրչի, խօսքի ազատութեան վրայ, քողարկելու համար  համատարած սպանդը:

Սկսւում են համիտեան տխրահռչակ գրաքննութեան ամենադժոխային տարիները, երբ նոյնիսկ կէտադրական նշաններն են քննութեան ենթարկւում, կասկածանքով արգելքի տակ առնւում: Համիտը կարծես հասնում էր իր նպատակին, հայ միտքը` գիրն ու գրականութիւնը լրիւ անդամալուծւում է:

Ջարդերը գաւառներից ու գիւղերից տարածւում էին նաեւ մեծ քաղաքների մէջ: Պոլսի փողոցները ներկւում էին հայերի արիւնով: Եւ հայը պայքարի միջոց չունենալով` լռութեամբ ու հեզութեամբ էր տանում իր բնաջնջումը:

Այս անելանելի միջավայրում հայ մտքի ու արուեստի գործիչները իրենց գլուխը, իրենց կեանքը եաթաղանից փրկելու համար ստիպուած փախչում, պանդխտութեան ճանապարհն էին բռնում: Հեռանում էին Պոլսից, հաստատւում Եւրոպայում` Երուանդ Օտեան, Արփիար Արփիարեան, Արշակ Չոպանեան, Գ. Զոհրապ, Տիգրան Կամսարական, Վահան Թէքէեան, Սիամանթօ, Վարուժան, Ռուբէն Սեւակ եւ շատ ուրիշներ: Այդպիսի պայմաններում բնական էր, որ մամուլն ու գրական միտքը կաթուածահար էր լինելու: Երկրում մնացած հազիւ շնչող գրական կեանքը անցեալի յիշատակներով էր ապրում` Դուրեանով, Պեշիկթաշլեանով, Ալիշանով:  Մամուլն ամբողջովին լեցւում էր միայն թեթեւ երգիծական էջերով կամ ֆրանսական պարզամիտ նորավէպերի թարգմանութիւններով: Ոչ մէկ տող` ազգի վիճակի մասին, տեղի ունեցող սպանդներից` ոչ մէկ տեղեկութիւն, ոչ մէկ ըմբոստ խօսք, ոչ մէկ հոգի գրաւող ստեղծագործութիւն:  Խստագոյն գրաքննութիւնն ու գործադրուող սպանդը նաեւ հայ միտքն էր կացնահարել:

Ահա այդ նոյն ժամանակաշրջանում էր, որ թրքական ճնշումի տակ ծնուած, աչք բացած ու հասակ առած Մեծարենցը սկսում է թղթին յանձնել իր մանուկ, անաղարտ ու ջինջ հոգու ապրումները, բացում իր սրտի տուայտանքները մեր առաջ:

Դեռ Պոլիս նոր ոտք դրած, նրա եռուզեռին անծանօթ, մեծ քաղաքի խայտաբղէտ կշռոյթին  չընտելացած պատանին, նոյնիսկ չըմբռնած քաղաքականութեան եւ գրականութեան մէջ կատարուող ահռելի բախում-փոփոխութիւնները, դժոխային արգելքները` սկսում է գրել:

Դեռ աշակերտ է, 15 տարեկան, մտքով, ապրումներով մաքուր, զուլալ: Արտաքինը, հագ ու կապը, պահուածքը «խունկի պէս տղայ,  վերերկրային հով ունէր կարծես վրան»: «Հելլէն դասական ձուլուածք մը` հայեցի արտայայտութեամբ: Նիհարակազմ, լայն ճակատը մտածումներու հոծ ցայտքեր կը կրէր վրան: Փողոցին մէջ իր սիլուէթը կը յիշեցնէր խոշոր դաշտաշուշան մը», այսպէս են նրան ներկայացրել ժամանակակիցները (Թ. Ազատեան, էջ 52):

Եւ այս «խունկի պէս» տղան, 15 տարին դեռ նոր բոլորած, աշխարհի ու մարդկանց վայրագութիւններից անտեղեակ, մինչեւ իսկ իր տարեկից ընկերների շրջանակի մէջ չմտած,  կեանքի հոսանքի բիրտ ոլորտի մէջ իր ուժերը չչափած` սկսում է բանաստեղծութիւններ գրել

սիրոյ, բնութեան, բարութեան, մարդու զգացումների եւ կեանքի մասին: Նոյն այն կեանքի, որի անողոք հարուածը իր ֆիզիքականի վրայ էր նա դաժանօրէն կրում, վճարում իր ամէնօրեայ մահուան սարսափով:

«Վանդակին մէջ փակուած հէք
Թռչնիկին պէս մենաւոր,
Բանտըւեցան սրտիս սէգ
Վարդ բաղձանքները բոլոր…»:

Այո, բնութիւնը մի կողմից դաժան, բայց միւս կողմից հրաշագործ հատուցում էր արել. խլել էր այս երիտասարդից ապրելու իրաւունքը եւ փոխարէնը բանաստեղծական շռայլ տաղանդ պարգեւել: Աւելի՛ն. նրան օժտել էր բառերով երաժշտութիւն ստեղծելու անսովոր տաղանդով: Եւ բառերի այս երաժշտահանը մարդկային հոգու ողջ գեղեցկութիւնն ու մաքրութիւնն էր հրամցնում մեզ իր իւրայատուկ տողերով:

«Գիշերն անուշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ՛անցնիմ գինով`
Գշերն անուշ է, գիշերն հեշտագի՜ն»:

Ո՞վ է այսքան երաժշտական հնչեցրել գիշերուայ խորութիւնը, նրա թանձր պարունակութիւնը օծել արբեցումի այսքան շօշափելի խորհուրդով, այսքան լոյս տեսել գիշերուայ մթութեան մէջ:

Հոգու նրբագին զգացումները ո՞վ է կարողացել այսպէս միահիւսել գիշերուայ խորհրդին, պարզ բառերը հնչիւնների վերածելով երգել ներաշխարհի տուայտանքներից:

Իրապէս ճիշդ է բնորոշել մեծ քննադատ Յակոբ Օշականը` «խորհրդաւոր երեւոյթ» անուանելով Մեծարենցին:

Գիշերը հիւանդների ե՛ւ թշնամին է, ե՛ւ նրանց միակ զրուցակից, սփոփիչ ընկերը: Մեծարենցի համար այն նաեւ ներշնչանքի հոսք է, որով լեցւում, ստեղծում ու դրանով մխիթարւում է:

«Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր`
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ`
Ահ՜, պիտի լայննա՜յ, երբ իջնէ գիշեր»:

Այդ փրկարար գիշերներում է նա արարում, իր ապրումներին լեզու ու շունչ տալիս, ստեղծում  բանաստեղծութիւնների մի ամբողջ շարք «Ծիածան» խորագրի տակ ամփոփուած: Այս շարքը դեռ զգուշ է, տարտամ, դեռ նոր իր ուժերը փորձող, բայց գեղեցկագոյն նրբութեամբ ու խորութեամբ լեցուն:

Ինքը` Մեծարենցը, իր «Ինքնաքննադատութեան» մէջ այդ մասին հետեւեալն է գրում` «Արդեօք կանուխ հրապարակ ելած չէ՞ Մեծարենց, եւ կամ պիտի չշահէ՞ր սպասելով, որ հակումները զարգանային իր մէջ, ու ուժի կատարեալ գիտակցութիւնով սկսէր իր բանաստեղծութիւններուն վերթեւումներուն»: Եւ անմիջական հետեւութիւնն այն է, որ այդ դէպքում, այսինքն` «սանձելով ստեղծագործելու իր պահանջը», գուցէ եւ չգտնէր իր լուսաւոր ճամբան: Իսկ մենք մեր կողմից կարող ենք աւելացնել, որ իր նշած «հակումները եւ ուժի կատարեալ գիտակցութիւնը» բնութեան պարգեւն էին իրեն, եւ այդ պարգեւով նա ստեղծում է գիշերների մի անկրկնելի շարք:

Գիշերում նրա միտքը թեւածում է իր տարիքից վեր այլ ոլորտներում, իսկ հոգին, նրա նուրբ ու գերզգայուն հոգին, հիւանդ մարմնից պոկուելով, կարծես առանձնանում ու ապրում է այլ կեանքով, սիրոյ, տառապանքի միջավայրում, ըմբոշխնում բոլորովին այլ զգացումներով փոթորկուող բոյրեր:

Գիշերը իր ցնորաբեր, լուսածածան դիւթանքով նրան բերում է իր տենչացող հոգու այն համբոյրը,  որը այդպէս էլ չըմբոշխնած` հեռանալու է կեանքից:

Զգացումներով, մտքով, ստեղծագործ երեւակայութեամբ արարում է ցանկութեան, ներաշխարհի ալեկոծումների, տարփանքի, մի անկրկնելի հոգի տեղաշարժող պատկեր` լեցուած բնութեան ու մարդկային կախարդիչ հնչիւնների զարկով.

«Համբոյրիդ գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թո՛ղ որ լիառատ ծծեմ` հեշտագին
Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին`
Ու զով շաղերուդ կախարդանքը թաց:

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր,
Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ
Պուտ-պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր»:

Գիշերուայ մթութեան մէջ նա փնտռում է ըղձանուշի այն փափուկ ձեռքը, որը սփոփանքի ծաղկով պիտի վանի, սրբի, տանի «վարանք ու կասկած»: Նա անվերջ սպասում է, փնտռում այն զոյգ աչքերին, այն յորդ ու վճիտ լոյսերին, որոնք ցոլալու են իր անծիր հոգում:

Ցաւալին այն է, որ նա երբեւէ չի ապրելու այն ամէնը, ինչ տենչանքով արարում, թղթին է յանձնում:  Իր երազանքը իրականացնելու փոխարէն` անսիրտ իրիկնամութը արագօրէն իջնում իր մութ սենեակում, փարւում է լռութեան ստուերներին ու առաջին համբոյրի անրջանքով կրկին չարչարում իրեն:

Նա միաժամանակ զգում, ապրում է օրէ օր մաշուող, հիւծուող իր վիճակը եւ իր գիշերային տենչանքին, իր վերացական ապրումին, մի նուրբ թեթեւութեամբ, միախառնում է իրականութիւնը արձանագրող տխրութեան մի երանգ.

«Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ-քիչ կը մաշի՜,
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…:
Ցնծագին գիշերն է լոյս ու լուսին`
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ-քիչ կը մաշի…»:

Այնքա՛ն նուրբ է կեանքից հեռացումի ցաւը ապրող այս տխուր երանգը, այնքա՛ն զգացումներով խտացուած, որ մի պահ վերանում է տառապանք լինելուց, դառնում` հոգի ալեկոծող զգացում, դառնում` բանաստեղծութեան հրաշալի պատկեր:  Այս չորս տողերում նա կարողացել է տեղադրել մի խարխլուած ճակատագրի պատմութիւն, սիրոյ կարօտ ու խորը ցաւ, սիրոյ էակին երբեք չունենալու, չվայելելու համար եւ հրաժեշտ կեանքին: Ցաւ, իր մարմինը քայքայող այն սեւ թաթի համար, որը տնօրինում է իր կեանքը, իր ճակատագիրը: Այդ ամէնով հանդերձ, նա թոյլ չի տալիս, որ մահը տիրի իր հոգւոյն, իր մտքին, իր փխրուն էութեանը:

Իր ցաւի համար որեւէ տեղ սփոփանք չգտնելով` նա փարւում է բնութեան ամենակարող ուժին` արեւին.

«Հիւա՜նդ եմ, բարի՜ արեւ, շողա՜, շողա՜…:
Հոգիս թռչնիկ մըն է,
Օդ ու լոյսի, երգ ու ծիծաղի կարօտ…»:

Փարւում է հողին, ծաղկած ծառերին, ծաղիկներին, կենդանիներին, գետին, բնութեան գեղեցկութիւնն ամբողջացնող ամէն ինչին:

«Օ՜հ, աս ի՜նչ գրգանք, օ՜հ, աս ի՜նչ անուրջ
Կու տաս դուն ինծի, անձրեւո՜տ գիշեր»:

ՄԱՐԻ ՌՈԶ ԱԲՈՒՍԷՖԵԱՆ

Սան Ֆրանսիսքօ

(Շար. 1)

 

 

Share this Article
CATEGORIES