«ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱՅ ՉԷ» ԱՍՈՒՄ ԵՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ

Դէպի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Աղտամ տանող ճանապարհին աւելի խորն ես զգում, թէ որքան հզօր ուժական դաշտ ունի Արցախը: Դժուար է առանց յուզմունքի նայել մի քանի հարիւր մեթրի վրայ գտնուող սահմանագծին, որտեղ տեսանելի հորիզոնում փռուել են ազրպէյճանական գիւղերը: Ամէն վայրկեան թւում է, թէ գտնւում ես պատերազմի եւ խաղաղութեան սահմանագծին: Իսկ աւելի ապշեցուցիչ է արցախցու տոկունութիւնն ու յամառութիւնը: Մարդիկ, որոնց աչքի առաջ ռմբակոծուել է իրենց հայրենիքը, դաժանաբար մորթուել են հարազատները, գերեվարուել երեխաներն ու հարիւրաւոր կանայք եւ տղամարդիկ: Այս ամէնը լսելիս յանկարծ նկատում ես, որ աչքերը խոնաւացել են, յետոյ սրբում ես, բայց միեւնոյնն է` հոգիդ  շարունակում է լալ: Այս մտորումներով տարուած նոյնիսկ չնկատեցինք, թէ ինչպէ՛ս ենք շփոթել ճանապարհը: Օրեր առաջ Մարտակերտի շրջանի Մեծ Շէն գիւղում իսկական տօն էր: 1992-94 թուականներին Մեծ Շէն գիւղը, որ ունի 350 բնակիչ, մի քանի անգամ ենթարկուել է ազրպէյճանիցների կողմից յարձակումների: Գիւղի բնակիչների ասելով` 1992 թուականին ազրպէյճանցիները ներխուժեցին Մեծ Շէն, որտեղ բնակուեցին մօտ 8 ամիս: Գիւղացիներից ոչ մէկը պատերազմը չի յիշում առանց արցունքների: Գիւղը մարդկանց պէս կրում է պատերազմի հետեւանքներ, սակայն շնորհիւ գիւղում ծնունդ ստացած բարերարների այն սկսել է ոտքի կանգնել: Հայաստանի վաստակաւոր բժիշկ Կարլեն Եսայեանի միջոցով գիւղում կառուցուել է Ս. Գէորգ եկեղեցին, խաչքարեր եւ արձանախումբ է տեղադրուել եկեղեցու բակում, վերանորոգուել է դպրոցի շէնքը, կառուցուել է լողաւազան եւ խաղահրապարակ, ինչպէս նաեւ բացուել են  մաքարոնի եւ քարի վերամշակման արտադրամասեր: Բացի դրանից շուտով աւարտին կը մօտենան գիւղի մանկապարտէզի շինաշխատանքները: Այս ամէնի մասին խօսելիս գիւղացիների դէմքին արեւի պէս սկսում է շողալ հաւատքը, որը, ասես, միախառնւում է արցունքներին: Երկու օր յետոյ նրանք պէտք է նշէին անկախութեան տօնը: «Մենք երբեք չենք թողնի Արցախը: Սա է մեր տունը», արցախցուն բնորոշ տոկունութեամբ ասացին բնակիչները: Դէպի Շուշի ետ դարձի ճանապարհին մենք կրկին սխալ ճանապարհով գնացինք: 200 մեթր էր մնում, որպէսզի հասնէինք հայ-ազրպէյճանական սահման: Ինքնաշարժի սրընթաց արագութեամբ հազիւ նկատեցինք  հայ զինուորին, որը մեզ կանգնեցրեց, յետոյ զարմացած նայեց. «Ու՞ր էք գնում: Ազրպէյճա՞ն», ժպտալով հարցրեց զինուորը: Մի քանի րոպէ զրուցելով նրա հետ` յանկարծ յիշեցինք, որ անուշեղէն եւ միրգ ունենք: Ուրախացանք: Երբ անուշեղէնն ու միրգը հիւրասիրեցի նրան, վերջինս ետ կանգնեց, հրաժարուեց, ապա թէ` «Մենք այստեղ էլ ենք ուտում»: Հայ զինուորին բնորոշ խրոխտ արժանապատուութեամբ ասաց, ով մեր յամառութիւնից դրդուած վերցրեց: Քիչ անց խրամատներից դուրս եկան միւս զինուորները, ովքեր ձեռքով բարի ճանապարհ մաղթեցին մեզ, իսկ մենք էլ բարի ծառայութիւն` հայ-ազրպէյճանական սահմանից 200 մեթր հեռաւորութեան վրայ գտնուող մեր հայորդիներին:

ՇՈՒՇԻՆ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ

Շուշիի ճանապարհին մտովի շարունակում էի վերյիշել զինուորների հետ տրամաթիք տեսարանը: Դժուար է հաղորդել այն զգացողութիւնները, որ ապրեցինք կամ գուցէ վերապրեցինք: Ու կարծես սկսում ես ինքդ քեզ հետ կռուել`  Ու Սարոյեանի հերոսի պէս մտածելով. «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է»… յանկարծ Ստեփանակերտի փողոցներից մէկում կախուած ցուցապաստառը վեր խոյացաւ հատու սրի պէս` «Մեր անկախութիւնը սակարկման ենթակայ չէ»: Ու կրկին սկսում ես յուզուել ու լուռ մաքրել արցունքներդ: Մինչդեռ յաջորդ օրը օրէցօր գեղեցկացող Շուշիում պէտք է բացուէր «Շուշի կրանտ հոթել» հիւրանոցը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Շուշիում քաղաքաշինութիւնը զարթօնք է ապրում: Շուշէցիները ոգեւորութեամբ են նշում, որ  հիւրանոցները շատացել են քաղաքում, որոնք, ասես, մարտահրաւէր են փողոցների խոռոչներում թաքնուած ռմբակոծութիւնից աւերուած շէնքերի աւերակներին: Անկեղծ ասած, ինքս առաջին անգամ պէտք է ներկայ գտնուէի հիւրանոցի պաշտօնական բացման արարողութեանը: Մինչ արարողութիւնը մտածում էի, թէ ինչքան անհեթեթ է հիւրանոցի պաշտօնական բացում անել, բայց երբ նկատեցի շուշէցիների խանդավառութիւնը, հասկացայ, թէ ինչքան կարեւոր արարողութիւն է այն իրենց կեանքում: Միայն 30 ընտանիքի համար ստեղծուել են աշխատատեղեր: Դա, թերեւս, առաջին կարեւոր նախապայմաններից է: Հիւրանոցը թէ՛ ճարտարապետական տեսքով, թէ՛ ներքին յարդարմամբ կարելի է անուանել բարձրակարգ: Իրականում ուրախալի է, որ մօտ 4500 բնակչութիւն ունեցող Շուշին աւելի ինքնավստահ կ՛ընդունի օտարերկրացի զբօսաշրջիկներին կամ նրանց, ովքեր ցանկութիւն կ՛ունենան ապրել զարմանալի ուժական դաշտ ունեցող մի վայրում, որ կոչւում է Շուշի: Ընդ որում` հիւրանոցի տեղն էլ բաւական յարմարաւէտ է` թւում է` ծառաստանի մէջ մի մեծ տան մէջ ես: Ի հարկէ, այդ տան միջավայրը ստեղծում են նաեւ այն արցախցիները, ովքեր աշխատում են հիւրանոցում: 16-ամեայ Միհրանը, որ օգնեց ճամպրուկներս վեր բարձրացնելու, աչքերի անկիւններում կուտակուած ուրախութեամբ, հրճուանքով հարցուփորձ էր անում: Միհրանին տեսնում էի առաջին անգամ, բայց նա թւում էր այնքան հարազատ: Յետոյ Միհրանին խոստացայ իր մասին յօդուած պատրաստել: Երբ լսեց այս մասին, ժպտաց, գլուխը կախեց ու ասես, սեղանին թափեց աչքերի անկիւններում կուտակուած ուրախութիւնը: Հիւրանոցում ստեղծուած այդ ջերմ միջավայրի համար միգուցէ, իսկապէս, պարտական ենք Մերձաւոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դեսպան Կարօ Քեպապճեանին` մեծ վարպետին, ով դեռեւս 1992 թուականին մտայղացել էր ոչ թէ հիւրանոց բացելը, այլ մի հսկայ համալիր, որտեղ կը լինեն նաեւ ուշուի մարզադպրոցը, խոկումի կենտրոն, առողջարան: Կ. Քեպապճեանը երեւակայական կերպար է` մարդկային հոգու մինչեւ վերջին բջիջները պրպտող ու հաղորդակցութեան աներեւակայելի դաշտ ստեղծող: Կ. Քեպապճեանը հիւրանոցի 4 սեփականատէրերից մէկն է: Նրա մտայղացմանը հաւատացին ու իրենց ռեսուրսները ներդրեցին լիբանանահայ գործարարներ Գօգօ Թերզեանը, Ժան Մալաքը եւ Նիւ Եորքից Ալեքս Սաֆարեանը: Հիւրանոցի բացման արարողութիւնը վերածուեց տօնի, որով ապրում էին անգամ այն ոստիկանները, ովքեր հսկում էին դարպասներից այն կողմ: Հիւրանոցին պաշտօնական բացմանը ներկայ էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլեանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս սրբազանը եւ բարձրաստիճան պետական այրեր, որոնք սրահ ներս մտնելուն պէս անակնկալ հնչեց Շուշիի «Վարանդա» երգչախմբի  (ի դէմս խմբավար Զաքար Քէշիշեանի) երեխաների անուշ ձայնը, ովքեր երգում էին իրենց երազ երկրի` հայրենիքի մասին` «Երազ իմ երկիր հայրենի….»…. Երեխաների ելոյթին յաջորդեց երգիչ Գէորգ Հաճեանի ազդեցիկ ելոյթը: Մնում է պարզապէս ոգեւորուել այդ բարձրակարգ ճաշակով շէնքի հիմնարկէքի առիթով` յուսալով, որ առաջիկայ տարիներին այնտեղ տեղ ու դադար այլեւս չի լինի Շուշի այցելութեան գնացած զբօսաշրջրիկների համար…

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՕՐԸ

Հիւրանոցի հիմնարկէքի յաջորդ օրը Արցախի հռչակման 20 տարին էր: Արցախն ընդհանրապէս աչքի է ընկնում փողոցների կոկիկութեամբ ու մաքրութեամբ: Գոյնզգոյն փուչիկները, Հայաստանի եւ Արցախի դրօշները եւ ամենակարեւորը` մարդկանց ժպիտները Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում ստեղծել էին տօնի մթնոլորտ: Անկախութեան 20-րդ տարեդարձին նուիրուած միջոցառումների մեկնարկն սկսեց տողանցքով: Ծաղկեպսակներ դրուեցին արցախեան գոյամարտում զոհուած հայորդիների յիշատակին: Արցախցիներին իր շնորհաւորական ուղերձը յղեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակում հաւաքուել էին արցախցի երիտասարդները, ովքեր պատրաստւում էին օրուայ տօնական միջոցառումների շքերթին: Նրանցից ամէն մէկը իր կրծքին կրում էր Արցախի դրօշը: Ծանօթ-անծանօթներ միմեանց շնորհաւորում էին անկախութեան տօնի առթիւ: Ու թւում էր շնորհաւորանքների մէջ մեծ մարտահրաւէր կար դէպի այն ազրպէյճանցիները, ովքեր դեռ կը փորձեն խոչընդոտել արցախցու այսօր արդէն լուսաւոր ներկան: Ի դէպ, նշենք, որ սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի նստավայրում Արցախի կայացման գործին իրենց նպաստը բերելու համար պետական պարգեւներ ստացան մշակոյթի, սպորտի բնագաւառի ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ պետական այրեր: Պարգեւատրուողների շարքում էին նաեւ Մերձաւոր Արեւելքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան դեսպան Կարօ Քեպապճեանը, Շուշիի «Վարանդա» երգչախմբի ղեկավար Զաքար Քէշիշեանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային ժողովի  պատգամաւոր, դաշնակցական Արմէն Սարգսեանը: Պարգեւների, նուէրների եւ երախտագիտական խօսքերի յորձանուտում, թերեւս, կարեւորագոյն բաղադրիչը այն ոգին էր, որ տիրում էր Լեռնային Ղարաբաղի 20-ամեայ  հանրապետութիւնում… Երեւան վերադարձի ճանապարհին կոկորդումս հաւաքուել էին այն չասուած խօսքերը ու արդէն կարօտը դէպի Արցախը, որ անզուսպ կ՛ուզէի ասել այնտեղ` Արցախում` «Տօնդ շնորհաւոր, Արցախ… էլի կը գամ….»….

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Երեւան
Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES