ԱՆՏԱՐԲԵՐ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ ԵՒ ԱՆՅՈՒՍԱԼԻ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ. ՄԻՆՉԵՒ Ե՞ՐԲ ԵՆՔ ՀԵՏԵՒԵԼՈՒ «ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ»

Նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան կենտրոնական անձնակազմի եւ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների օգոստոսի 30-ին կայացած խորհրդակցութեան ընթացքում հայ դիւանագէտներին հաւաստիացրել է, որ 2008 թուականից սկսուած Հայաստան-Թուրքիա «նախաձեռնութիւնը բարձրացրեց Հայաստանի միջազգային հեղինակութիւնը»: Հայաստանի նախագահը յայտարարել է, որ «թուրքական կողմը պէտք է հասկանայ»` Ցիւրիխում ստորագրուած հայ-թուրքական  արձանագրութիւնները «բաց, անժամկէտ հնարաւորութիւններ չեն»: «Մեր բարեկամներից շատերը մեզ խորհուրդ էին տալիս սպասել մինչեւ Թուրքիայի խորհրդարանական ընտրութիւնները: Այնպէս որ, առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում մենք կը տեսնենք` արդեօ՞ք խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Թուրքիայում առկայ է մօտեցումների փոփոխութիւն, թէեւ անկեղծօրէն ասած, անցած երկու ամիսները լաւատեսութեան հիմքեր չեն տուել: Ըստ այդ դիտարկումների, մենք կ՛որոշենք նաեւ արձանագրութիւնների ուղղութեամբ մեր հետագայ քայլերը», ասել է Սարգսեանը:

Երբ նախագահ Սարգսեանը խօսում է բարեկամներից ու նրանց տուած խորհուրդներից, ապա վստահաբար նկատի ունի այն պետութիւնների եւ կազմակերպութիւնների թիւ մէկ դիւանագէտներին, ովքեր 2009թ. հոկտեմբերի 10-ին երեկոյեան Ցիւրիխի համալսարանի սրահներից մէկում կանգնել էին Հայաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարների թիկունքում եւ երջանիկ ժպիտով ծափահարում էին արձանագրութիւնների ստորագրման պահը: Այդ բարեկամներն էին` Միացեալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսան, Զուիցերիան, ինչպէս նաեւ` Եւրոպական Միութիւնն ու Եւրոպայի խորհուրդը:

Հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութեան» ընթացքում ամենահետեւողականը, այդ թւում` Հայաստանի վրայ ճնշումներ բանեցնելու հարցում, Միացեալ Նահանգներն էին, թէեւ հանրայայտ է, որ Զուիցերիան էր պաշտօնական միջնորդը: 2009 թուականի ապրիլի 22-ի կէս գիշերին, երբ Հայաստանը, Թուրքիան ու Զուիցերիան համատեղ յայտարարութիւն տարածեցին «ճանապարհային քարտէսի» մասին, այդ օրը Երեւանում էր ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկեան համանախագահ, այսօր Ազրպէյճանում Միացեալ Նահանգների դեսպան Մեթիու Պրայզան: Ապրիլի 22-ի երեկոյեան Երեւանում Միացեալ Նահանգների դեսպանութիւնը եւ անձամբ դեսպան Մարի Եովանովիչը մի քանի հայ լրագրողների հրաւիրել էին ընթրիքի, որին պէտք էր մասնակցէր նաեւ Պրայզան: Ապրիլի 22-ի երեկոյեան, սակայն, Պրայզան այդպէս էլ չմիացաւ ընթրիքին: Հայ լրագրողների հետ «հաց կիսելու» փոխարէն նա, բնական է,  նախընտրեց կատարել իր կառավարութեան եւ նախագահ Օպամայի ցուցումը` ամէն կերպ համոզել Հայաստանի բարձրագոյն ղեկավարութեանը, որպէսզի նրանք հէնց Յիշատակի օրուայ` Ապրիլի 24-ի նախօրէին ստորագրեն յայտարարութիւն «ճանապարհային քարտէսի» մասին: Պրայզան ամբողջ երեկոն անցկացրեց Բաղրամեան 26-ում եւ կարողացաւ Սերժ Սարգսեանին համոզել:

Թէ ինչ էր դրա դիմաց խոստացել Պրայզան, այլեւս կարեւոր չէ, քանի որ Հայոց ցեղասպանութեան տարելիցի նախօրէին նման յայտարարութիւն տարածելը ոչ միայն անթոյլատրելի էր մէկուկէս միլիոն զոհերի սուրբ յիշատակի առաջ, այլեւ հէնց նախագահ Սարգսեանին հասցուած քաղաքական ամենամեծ հարուածներից էր. սփիւռքը յատկապէս եւ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի մի հատուածը մասնաւորապէս, դատապարտում էր Հայաստանի ղեկավարութեանը:

Երբ 2009-ի օգոստոսի 31-ի կէս գիշերին հրապարակուեցին հայ-թուրքական երկու արձանագրութիւնները եւ ակնյայտ դարձաւ, որ դրանցում տեղ է գտել կէտ` «պատմական հարթութեան» ենթայանձնաժողով ստեղծելու մասին, սփիւռքում եւ մասամբ Հայաստանում, երկրի ղեկավարութեան հասցէին հնչեցին ամենախիստ գնահատականներ` ընդհուպ մինչեւ Հայոց ցեղասպանութիւնը ուրանալու եւմոռացութեան տալու: Հետագայում պարզ դարձաւ, այդ թւում` Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան դիւանագէտների հրապարակային ելոյթներից, որ արձանագրութիւնները պէտք է հրապարակուէին աւելի վաղ, սակայն թուրքական կողմը ձգձգում ու փորձում էր յետ կանգնել նախնական պայմանաւորուածութիւններից: Արդիւնքում, թուրքական կողմը հասաւ իր նպատակին: Արձանագրութիւնների բնագրում աւելացուեցին «պատմական հարթութիւն», «արխիւ» եւ հայկական կողմի համար անընդունելի մի քանի այլ բառեր, որից յետոյ Թուրքիան համաձայնուեց ստորագրել: Թուրքական կողմը որեւէ հարցում չզիջեց, իսկ Հայաստանը, հերթական անգամ հետեւելով իր բարեկամների խորհուրդներին, գնաց նման զիջումների:

Հէնց Ցիւրիխում, ուղիղ եթերում, մեր բոլորի աչքի առաջ, 2009թ. հոկտեմբերի 10-ին տապալւում էր արձանագրութիւնների ստորագրման արարողութիւնը, սակայն վերջին պահին, հիմնականում արտաքին գործերի նախարար  Հիլըրի Քլինթընի աշխատանքի ու պարտադրանքի արդիւնքում, այնուամենայնիւ, մի կերպ ժպտացող Էդուարդ Նալբանդեանն ու երջանկութիւնից «պայթող» դէմքով Ահմեթ Տաւութօղլուն ստորագրեցին փաստաթղթերը: Հայաստանը կրկին հետեւեց իր բարեկամների խորհուրդին:

2010 թ. ապրիլի 22-ին Հայաստանը սառեցրեց արձանագրութիւնների վաւերացման ընթացքը: Հէնց բարեկամների խորհրդով, եւ այդ մասին հրապարակաւ յայտարարեց Սերժ Սարգսեանը, Հայաստանը յետ չքաշեց իր ստորագրութիւնը զոյգ փաստաթղթերից: Ամերիկացիներն ու ֆրանսացիները, անձամբ նախագահ Նիքոլա Սարքոզին, գովեստի խօսքեր հնչեցրին Հայաստանի ղեկավարութեան հասցէին:

Այսպէս, հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութեան» գրեթէ ողջ ընթացքում Հայաստանը հետեւում էր իր բարեկամների խորհուրդներին: Հայաստանի արտաքին գործերի նախարարը ամէն առիթով ընդգծում էր, որ համաշխարհային հանրութիւնը ականատեսն է լինում պաշտօնական Երեւանի խօսքի ու գործի նոյնութեանը, մինչդեռ Անգարան ասում է մի բան, անում բոլորովին այլ բան:

Անկասկած, Հայաստանի աշխարհագրական դիրքը, մեծութիւնը, միջազգային կշիռն ու հեղինակութիւնը թոյլ չեն տալիս անտեսել բարեկամների խորհուրդները, սակայն պետութիւնը պէտք է նաեւ ու նախ եւ առաջ սեփական օրակարգն ունենայ: Բացի այդ, պարտադիր չէ, որ Միացեալ Նահանգների, Ֆրանսայի կամ Ռուսաստանի օրակարգերը հայ-թուրքական յարաբերութիւնների կամ այլ ազգային-պետական հարցում համահունչ լինեն Հայաստանի օրակարգի հետ: Երբ 2009թ. ապրիլի 24-ի նախօրէին ստորագրւում է յայտարարութիւն «ճանապարհային քարտէսի» մասին, ապա դա միանշանակ բխում էր ինչպէս Թուրքիայի, այնպէս էլ Միացեալ Նահանգների ու նրա նախագահ Օպամայի շահերից, բայց  նոյնքան միանշանակ հակասում էր Հայաստանի շահերին ու օրակարգին:

Հայաստանի վերջին հարիւրամեակի պատմութիւնն ու դիւանագիտական փորձը վկայում են, որ մեր երկիրը գործ է ունեցել հիմնականում անտարբեր բարեկամների եւ անյուսալի դաշնակիցների հետ: Առաջին Աշխարհամարտի տարիներին ու դրան յաջորդած ժամանակաշրջանում Ռուսաստանը յուսախաբ արեց հայերին` նրան թողնելով օսմանեան զօրքերի դէմ միայնակ, իսկ 1920-1921 թթ. ռուս պոլշեւիկներն ու քեմալականները նախ արեան մէջ խեղդեցին Հայաստանի Հանրապետութիւնը, ապա միմեանց միջեւ բաժանեցին մեր երկիրը: 1916-ին ֆրանսացիները խոստանում էին Կիլիկիայում հայերին տալ ինքնավարութիւն, սակայն մի քանի տարի անց ցրեցին Հայկական լեգէոնը, իսկ 1921-ին քեմալականների հետ դաշինք կնքեցին: Ամերիկացիները խոստանում էին 160 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով Հայաստան, սակայն խոստումը մնաց թղթի վրայ:

Բարեկամների ու դաշնակիցների խորհուրդները պէտք է լսել, բայց պարտադիր չէ դրանք կատարել: Ոչ էլ պէտք է յոյս դնել նրանց խոստումների վրայ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի

Share this Article
CATEGORIES