ԹՈՒՐՔԻԱ-ԱՄԵՐԻԿԱ-ՍՈՒՐԻԱ

Թուրքիան տարածաշրջանում եւ յատկապէս Միջին Արեւելքում ու իսլամական աշխարհում փորձում է աշխուժ դերակատարութիւն ունենալ: Այդ ուղղութեամբ նրա արտաքին քաղաքականութեան հիմնական նպատակներից են` շրջանում ձեռք բերել մեծ վարկ ու հեղինակութիւն, ապահովել տնտեսական շահեր եւ, ընդհանրապէս, ձգտում է շրջանում դառնալ մեծ ուժ. այդ ճամբին էլ միայն իր համար կարեւոր են Թուրքիայի ազգային շահերը եւ հարց չէ, եթէ մրցի շրջանում ուրիշ հզօր պետութիւնների հետ:

Ընդհանուր առմամբ, Թուրքիան հաւատացած չէ միայն սպիտակ կամ միայն սեւ քաղաքականութեան, այլ նաեւ կայ այդ երկուսի միջեւ գոյնը, այսինքն` մոխրագոյնը. ուրեմն իր շահերի համար կարող է մի օր կողմ լինել մի պետութեան եւ կարող է ինչ-որ մի ժամանակ յետոյ` դէմ լինել հէնց այդ նոյն պետութեան: Սկզբունքները չեն, որ կարեւոր են իր համար, այլ միայն` իր շահերը. այդպէս է եղել նաեւ վերջերս արաբական աշխարհում ծագած տագնապների պարագայում, նոյն դիրքն է որդեգրել նաեւ Սուրիոյ նկատմամբ:

Թուրքիան ու Սուրիան վերջերս շատ լաւ եւ բարեկամական կապեր ունէին միմեանց հետ: Թուրքիայի վարչապետ Էրտողանը եւ Սուրիոյ  Հանրապետութեան նախագահ Ասատը համարւում էին մօտ ընկերներ:

Այստեղ նշեմ նաեւ, որ Թուրքիան Միջին Արեւելքում իր քաղաքականութիւնները գործադրելու համար ունի նաեւ Միացեալ Նահանգների հովանաւորութիւնը:

* Սուրիոյ տագնապի կապակցութեամբ վերջերս Միացեալ Նահանգների նախագահ Պարաք Օպաման եւ Թուրքիայի վարչապետ Էրտողանը հեռախօսազրոյցներ են ունեցել: Էրտողանը այդ զրոյցի ընթացքում ցաւ է յայտնել Սուրիայում պատահած դէպքերի մասին եւ երկուսն էլ միասին համաձայնուել են, որ արիւնահեղութիւնն ու ժողովրդի ճնշումը ինչքան շուտ պէտք է վերջ գտնեն Սուրիայում: Այդ զրոյցից յետոյ Էրտողանի գրասենեակը պաշտօնական յայտարարագրով յայտնել է. «Հատել է Թուրքիայի համբերութիւնը` Ասատի վարչակարգի գործած սպանութիւնների նկատմամբ»:

Նոյն ընթացքում Թուրքիայում Միացեալ Նահանգների դեսպան Ռիքարտոնէն հանդիպում է ունեցել Էրտողանի խորհրդական Իպրահիմ Քալընի հետ, որի ընթացքում մանրամասնօրէն վերլուծել են Սուրիոյ հարցը:

Այդ առթիւ նաեւ հեռախօսազրոյց են ունեցել Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլըրի Քլինթընն ու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Տաւութօղլուն:

Յիշեալ հեռախօսազրոյցներից ու մտքերի փոխանակումներից յետոյ, որ ունեցել են թուրք ու ամերիկացի իշխանաւորները, Թուրքիայի վարչապետ Էրտողանը յայտարարեց, թէ արտաքին գործերի նախարար Տաւութօղլուին Սուրիան է ուղարկելու, որպէսզի նախագահ Ասատին փոխանցի Թուրքիոյ դիրքորոշումներն ու տեսակէտները` Սուրիոյ տագնապի վերաբերեալ: Եւ այսպիսով` Տաւութօղլուն այցելեց Սուրիա:

Սուրիայում Թուրքիոյ արտաքին գործերի նախարարը հանդիպեց Ասատի հետ:

Նրանք ունեցան երեք հանդիպում, մէկը` դռնփակ եւ միայն երկուսով, իսկ երկուսն էլ` երկու երկրների պատուիրակութիւնների ներկայութեամբ:

Տաւութօղլուն այդ այցից յետոյ յայտնեց, թէ Սուրիա էր այցելել` Պաշշար Ասատին փոխանցելու Թուրքիայի վարչապետ Էրտողանի եւ հանրապետութեան նախագահ Ապտուլլա Կիւլի պատգամները եւ ուրիշ պատգամ չի փոխանցել Ասատին:

* Միաժամանակ Միացեալ Նահանգների Սպիտակ տան բանբեր Վիքթորիա Նալանտը յայտնել է` Միացեալ Նահանգներ շարունակելու է բանակցել եւ խորհրդակցել իր դաշնակից եւ բարեկամ պետութիւնների հետ` Սուրիոյ հանդէպ ճնշումներն աւելի ուժեղացնելու համար:

* Իսկ Սուրիոյ Հանրապետութեան նախագահ Ասատի խորհրդական Պուսայնա Շաապանը այս բոլորի ու Էրտողանի խօսքի կապակցութեամբ, որ Տաւութօղլուին Սուրիա են ուղարկում` իրենց յստակ պատգամը փոխանցելու համար, յայտնել է, թէ Սուրիան էլ իր յստակ պատգամն ունի Թուրքիայի համար եւ որեւէ երկրի իրաւունք չեն տալու միջամտել իրենց ներքին հարցերին:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

«Ալիք»

Share this Article
CATEGORIES