ՀԱՅՈՒՀՈՒ ԽՕՍՔ, ՈՐ 1000 ՊԱՇՏՕՆԱԿԱՆ ՃԱՌ ԱՐԺԷ…

Ես բնակւում եմ Քարվաճառի շրջանի Վերին Շէն համայնքում արդէն ութ տարի: Երբ 2001 թ. նոյեմբերին մենք փոխադրուեցինք այստեղ մշտական բնակութեան, մենք բախուեցինք բազում դժուարութիւնների: Այդ դժուարութիւններից շատերը կարող էին նաեւ չլինել, սակայն մեր ընտանիքն արժանապատուօրէն յաղթահարեց դրանք, եւ այսօր ես իմ կեանքն առանց Քարվաճառի պարզապէս չեմ պատկերացնում: Այս տարածքը մեզ դիմաւորեց խիստ աշունով եւ ցրտաշունչ ձմեռով, որը մեզ անտանելի էր թուացել:

Մենք պատրաստ չէինք այն ձմրանը` ո՛չ հոգեբանօրէն եւ ո՛չ էլ նիւթապէս: Չկար ելեկտրականութիւն, հեռախօսակապ, գրեթէ բացակայում էր ուղեւորատար հաղորդակցութիւնը: Շրջանում բոլոր խանութները պատկանում էին մի մարդու, եւ դրանցից ամենամօտիկը գտնւում էր մեր տնից 10 քմ հեռու: Թէ ինչպիսի՛ գներով էին այնտեղ ապրանք վաճառում` ես խոնարհաբար կը լռեմ:

Բարեբախտաբար այսօր դրանք այլեւս հեռաւոր եւ յաճախ անիրական թուացող յիշողութիւններն են: Մեր կողքին ապրող մարդիկ մեզ նման աշխատում եւ մաքառում էին` արարելով սեփական ապագան: Շատերը, չդիմանալով փորձութիւններին, հեռանում էին, սակայն նրանց փոխարէն գալիս էին նոր ընտանիքներ:

Անցան տարիներ: Մենք ունեցանք դպրոց, ելեկտրականութիւն, բջջային հեռախօսակապ: Փոխադրութեան հարցը դեռեւս շատ լուրջ է, սակայն ամէն պարագայում աւելի լաւ է, քան` նախկինում:

Այստեղ ծնւում էին երեխաներ` երկհարիւրամեայ ընդմիջումից յետոյ այս հողի առաջին հայ երեխաները, որոնց ծննդեան վկայականներում որպէս ծննդավայր նշւում էր Քարվաճառը:

Ամէն տարի տների ու գոմերի պատերից, փողոցների սալայատակից վերաբնակները դուրս էին հանում խաչքարեր ու տապանաքարեր` հայոց միջնադարեան վիմագրերով:

Դրանցից շատերը տառացիօրէն ստիպուած էինք հաւաքել մասունք առ մասունք` սրբելով հարիւրամեայ թրիքի պղծութիւնից կամ ծեփի մնացորդներից:

Ունեցել ենք նաեւ կորուստներ. կենաց դառն օրէնքի բերմամբ մարդիկ մահանում էին: Մահացածներից մէկը նաեւ իմ հայրիկն էր` բանասէր եւ բանաստեղծ, զինուորական եւ պարզապէս ողջ կեանքով հայրենի հողին անսահմանօրէն նուիրուած մարդ:

Նա ծնուել էր Ալաւերդուն յարակից Ակոռի գիւղում, որտեղ թաղուած էին նրա ծնողները: Ակոռու գերեզմանատանը հանգչում էր նրա ողջ գերդաստանը: Նրա նախնիները Լոռի էին եկել երկրաշարժից կործանուած հնամենի մասիսադիր Ակոռի աւանից, որը գտնւում էր արեւելահայեաց լանջի դիւցազնավիպական Վիհի ստորոտում: Երբ նրան յայտնի եղաւ հիւանդութեան անունը, նա կանչեց մայրիկիս եւ ինձ` որպէս աւագ դստեր, եւ ասաց, որ մենք չհամարձակուենք անգամ մտածել իրեն թաղել Ակոռիում:

Մեր ազգականներն այսօր էլ նախատում են մեզ, որ մենք նրան յանձնեցինք «անյայտ քաղաքական ապագայով» մի հողի, սակայն այս բառերն ինձ համար խորապէս վիրաւորական են:

Ի հարկէ, այս հողի վրայ մենք շատ դժուարութիւն ենք տեսել, սակայն նրա գեղամեծար վեհութիւնը դարձել է իմ գիտակցութեան անկապտելի մի մասնիկը:

Այս հողի վերածնունդը դարձել է իմ կեանքի իմաստը, որի զոհասեղանին ես կարողացել եմ ընծայել ընդամէնը դպրոցում իմ ուսուցչութիւնը, իմ քրտինքը, իսկ երբեմն էլ` արցունքս:

Իմ քոյրերն ընտանիք կազմեցին այս հողում եւ նուիրեցին նրան իրենց անդրանիկ զաւակներին, իսկ իմ հայրն առաջինն էր, ով տարածքի ազատագրումից ի վեր Հայաստանեայց եկեղեցու սրբազան ծիսակարգով նրա մէջ գտաւ յաւիտենական հանգիստը:

Ոմանց իմ խօսքերը կարող են չափազանց զգացմունքային թուալ, բայց ես դրանցից չեմ ամաչում, քանի որ անկախ մեր անձնական վաստակից եւ արժանիքներից` դրանք ունեն ոչ միայն ազգային-պետական, այլեւ պատմական կտրուածքով սրբազան եւ իմաստակիր խորհուրդ:

Մեր զինուորների արիւնը եւ նորածին հայ մանուկների ճիչն ազատագրուած եզերքում վերադարձրին մեզ Ցեղասպանութեամբ եւ հազարամեայ սփռմամբ ոտնահարուած պատիւն ու իրաւունքը` քայլելու ազատարարի հպարտութեամբ:

Ինձ համար` որպէս կնոջ, աւելի հեշտ է հասկանալ եւ զգալ, թէ որչա՛փ մեծ է այդ պարգեւը` լինել քոյր կամ կին անհաւասար մարտում  թշնամուն յաղթած հայ տղամարդուն եւ կեանք պարգեւել նրա երեխաներին:

Արդեօք այսօրուայ հայ կանանցից շատերը երբեւէ մտածե՞լ են, թէ ո՛վ է փրկել նրանց անպատուութիւնից բառիս փոխաբերական եւ ուղիղ իմաստով: Սրանք դատարկ խօսքեր չեն, սրանք զուրկ են ճարտասանական հնարքներից եւ խստագոյն անմիջականութեամբ արտացոլում են իրականութիւնը:

Աշխարհը նոյնն է մնացել, թուրքերը` նոյնպէս: Խաղաղութիւնը եւ Հայաստանի վերածնունդը հնարաւոր են, միայն եթէ մեր երկրի դարպասներն աննկունօրէն կնքուած լինեն հայ տղամարդկանց զէնքով` նրանց կամքով առ կեանք եւ առ պատիւ:

Ցաւօք, վերջին շրջանում Երեւանում տեղի ունեցողն ինձ, մեղմ ասած, շատ է վրդովեցնում: Այդ անյոյս պարտուողականութիւնը` թշնամուն մահացու զիջումներ կատարելու միջոցով խաղաղութիւն եւ բարօրութիւն գնելու անհեթեթ երազանքը, պարզապէս նողկալի է:

Զարմանալ կարելի է, թէ ինչպէ՛ս հասարակութեան եւ ղեկավարութեան մեծ մասը կարող է այդչափ կուրացած եւ իրականութիւնից կտրուած լինել: Արդեօք դուք այնքան միամի՞տ էք, որպէսզի հաւատաք միջազգային յորջորջուող երաշխիքներին:

Արդեօք դուք մինչեւ հիմա չէ՞ք գիտակցել, որ մեր տների անդորրը եւ ձեր պալատների ճոխութիւնն ուղղակիօրէն կախուած են Մռաւի լեռնաշղթայի յաւերժ սառնամանիքների եւ կուր-արաքսեան դաշտավայրի խեղդող աւազի մէջ մեր զինուորների պաշտպանած դիրքերից:

Դուք չգիտէ՞ք, որ այն օրը, երբ մեր զինուորը կը լքի այդ դիրքերը, մենք կը կորցնենք տասնեակ հազարաւոր մեր հայրենակիցների զրկանքների եւ նահատակութեան գնով վաստակած խաղաղութիւնը, եւ Հայաստանը կրկին կը գահավիժի արեան հեղեղի մէջ:

Ձեզ այնքան շա՞տ է կուրացրել աշխարհի հզօրների նստավայրերի արտաքին ճոխութիւնը, դուք այդչափ մոլեգնաբա՞ր էք բաղձացել Նոպելեան եւ այլ մրցանակների, ոսկու եւ ձեզ խոստացուած յետհակամարտային ներդրումների, որ վճռել էք դաւաճանել եւ վաճառքի հանել մեր վերջին եւ սրբազնագոյն ժառանգութիւնը` հայրենիքը:

Դուք առանց այդ էլ քամել էք մեր երկրից ամէն հնարաւոր բան, ապաշնորհաբար վատնել, մսխել եւ ծախել էք նրա ողջ հարստութիւնը, իսկ այժմ որոշել էք յանուն ձեր մանր առեւտրական շահի պարզունակ հաշուարկով սակարկման առարկայ դարձնել նաեւ Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:

Ես հասկանում եմ, որ գրեթէ բոլորդ շատ հեռաւոր պատկերացում ունէք պատուի, բարոյականութեան եւ երկրի հանդէպ պատասխանատուութեան մասին: Դա հաւասարապէս վերաբերւում է թէ՛ իշխանական ճամբարին եւ թէ՛ այսպէս կոչուած ընդդիմութեան պարագլուխներին, որոնք միեւնոյն տեսակի չարիք են:

Անիմաստ է դիմել ձեր խղճին եւ անցողիկ հարստութիւնների տակ թաղուած արժանապատուութեանը: Սակայն եթէ դուք կարծում էք, որ մենք կ՛ենթարկուենք, ապա չարաչար սխալւում էք:

Մենք չենք ճանաչի ո՛չ ձեր ստորագրած արձանագրութիւնները, ո՛չ էլ մեր տների յանձնումը, մեր սրբավայրերի, գերեզմանների եւ ազատարար արիւնը սրբապղծող «Մատրիտեան սկզբունքները»:

Յիշէ՛ք դա, երբ գնում էք խօսելու կամ անարժէք թղթիկներ ստորագրելու մեր երկրի անունից: Յիշէ՛ք, որ աշխարհիս հզօրների րոպէական գովասանքին եւ ձեր խեղկատակ «քաղաքագէտների», «վերլուծաբան-թուրքագէտների» եւ «հակամարտաբանների» ծափահարութիւններին յաջորդելու են սերունդների անէծքը եւ երկնքի բարկութիւնը:

Դրանք անվերջ կը հետապնդեն եւ կը հարուածեն ձեզ եւ մահաբեր խայտառակութեամբ կը դրոշմեն ձեր ժառանգների ճակատը եօթը սերունդ շարունակ:

Ձեզ խոստացուած «երաշխիքները» կը մոռացուեն եւ ձեզ պարզապէս կը յանձնեն, պարզունակաբար «կը գցեն» եւ կը շպրտեն պատմութեան աղբանոց եւ կեանքի լուսանցք, որտեղ ձեզ կը խժռեն նրանք, ովքեր այժմ ձեզ ստորաքարշաբար ծառայում են:

Այս է ձեր դատավճիռը:

Ուստի ես, Արցախի բոլոր կանանց եւ ազատագրուած տարածքների բոլոր բնակիչների անունից, որպէս կին տկար, բայց եւ ոգով զօրեղ լինելով, ասում եմ ձեզ` դուք ոչինչ չէք յանձնելու, իսկ ձեր առեւտրաբարոյ «արձանագրութիւնները» եւ «Մատրիտեան սկզբունքները» կը մնան ձեր անզօրութեան եւ ոգեղէն կուրութեան թղթէ վկայութիւնը:

Հայոց հայրենիքի միասնութիւնը պէտք է վերականգնուի: Ո՛չ մի թիզ հող թշնամուն չի յանձնուելու:

ԽԱՆԴՈՒԹ ԱՒԵՏԵԱՆ

Աղբիւր: http://www.bnaban.am/

 

Share this Article
CATEGORIES