ՖՈՐՄԻՒԼԱ – 1. ԻՏԱԼԻՈՅ ԿՐԱՆ ՓՐԻ. ՎԵԹԵԼԻ ԱՅՍ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՈՒԹԵՐՈՐԴ ՅԱՂԹԱՆԱԿԸ
Երէկ` կիրակի, 11 սեպտեմբերին, տեղի ունեցաւ Ֆորմիւլա 1-ի 2011-ի աշխարհի ախոյեանութեան 13-րդ կրան փրին Իտալիոյ Մոնզայի վազքուղիին վրայ:
Անիկա աւարտեցաւ Ռետ Պուլ-Ռընոյի գերմանացի վարորդ Սեպասթիան Վեթելի յաղթանակով. վերջինս ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 20 վայրկեան եւ 46 երկվայրկեան արդիւնք մը: Այսպիսով 24 տարեկան Վեթել տօնեց այս տարեշրջանի իր ութերորդ յաղթանակը` ապահովելով իր 284-րդ կէտը: 2-րդ հանդիսացաւ անգլիացի Ենսըն Պաթըն (Մաքլարըն-Մերսետես, 9” ուշ), իսկ երրորդ` սպանացի Ֆեռնանտօ Ալոնսօ (Ֆեռարի 16” ուշ):
Տարեշրջանի աւարտին մնացած է վեց կրան փրի (ընդամէնը` 150 կէտ):
Յաջորդ կրան փրին տեղի պիտի ունենայ յառաջիկայ 25 սեպտեմբերին` Սինկափուրի մէջ: Եթէ պատահի, որ Վեթել առաջին դիրքը գրաւէ, պիտի հանդիսանայ 2011 տարեշրջանի աշխարհի ախոյեան:
Երէկուան կրան փրիին գերմանացի Միքայէլ Շումախըր (Մերսետես) յաջողեցաւ լաւ արդիւնք մը արձանագրելով գրաւել 5-րդ դիրքը:
Նշենք, որ առաջին իսկ լեփին տեղի ունեցած ինքնաշարժներու արկածը պատճառ դարձաւ, որ երեք վարորդները այս կրան փրին չկարենան շարունակել: Ընդամէնը 9 վարորդներ կրան փրին չկրցան ամբողջացնել (տարբեր պատճառներով):
Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ–Պուլ | 284 |
| 2.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի | 172 |
| 3.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն | 167 |
| 4.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ – Պուլ | 167 |
| 5.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն | 158 |
Խումբերու դասաւորում
| ԿԷՏ | |
| 1.- Ռետ – Պուլ | 451 |
| 2.- Մաքլարըն | 325 |
| 3.- Ֆեռարի | 254 |
| 4.- Մերսետես | 108 |
| 5.- Ռընօ | 70 |



