ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵԳԷՈՆԻ ԱՐԱՐԱՅԻ ԳՐՈՀԸ (ՅԱՂԹԱՆԱԿԻ ԵՐԵՍՈՒՆԵՐԵՔ ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ)

ՊՕՂՈՍ ԼԱԳԻՍԵԱՆ

Թրքական վարչապետարանի ընդհանուր տնօրէնութիւնը երկու հազար չորս թուականին «Հայ-ֆրանսական յարաբերութիւնները օսմանեան պատմութեան ընդմէջէն» գրքին Գ. հատորն էր հրատարակել: Այդ գրքում հրապարակուել են օսմաներէն ու ֆրանսերէն փաստաթղթեր` 1920-1922 տարիներին ֆրանսացիների հետ հայերի գործակցութեան մասին: Այնտեղ յիշատակում են ֆրանսական զօրքերի կողմից գրաւուած շրջաններում ապրող քաղաքայինների դէմ իբր հայ զինուորների կողմից գործադրուած բռնարարքներ: Գրքին մէջ զետեղուած են նաեւ փաստաթղթեր, որտեղ վկայուած է, թէ հայ զինուորներ յարձակած են Այնթապի, Ուրֆայի, Մարաշի, Հաճընի եւ այլ բնակավայրերի մէջ բնակուող իսլամ բնակչութեան վրայ:

Կեղծել են, կեղծում են պատմութիւն` իրենց իսկ ազգաբանական պատմութիւնը, այրել են իրենց արխիւները, հնարել նորերը: Ֆրանսական զօրքի մէջ` ի՞նչ հայ զինուորներ: Սուրիա, Կիլիկիա արշաւող ֆրանս-անգլիական բանակի մէջ ոչ թէ հայ զինուորներ, այլ` Հայկական լեգէոն, հայերի զօրաբանակ` իր առանձին հրամանատարական կազմով: Ո՛չ, նրանք զինուորներ չէին, վրէժի ցասումով յորդած լեգէոնական մարտիկներ էին, որոնց ցեղին սրտի մորմոքը իրենց սրտերում` զէնք էին վերցրել թշնամուն զարկելու: Նրանց մի մասի գերդաստանների շառաւիղները մահուան կարաւաններ էին դարձել, թշնամու եաթաղանները պատռել նրանց լանջերը, հրեշտակային խինդն էր խամրել նրանց մանչերի նայուածքներում, մարել էին նրանց արեգակունք աչքերի լոյսի բոցերը, մարել էին նրանց աղօթքի ու հորովելների երգերը: Այդ մարտիկների ստուար մի մասը դեռ նոր էին իրենց լեռներում յաղթական ճակատամարտեր մղել նրանց դէմ: Կռուի ու վրէժի արեւավառ տենչով, իրենց Վահագնի պատերազմի ոգու արեգակունք հուրը սրտերում, զինուորի հագուստով զէնքին էին փարել, պիտի արշաւէին Կիլիկիա: Հայը ցանկացաւ տեսնել իր հոգում հրավառուած Կիլիկիան` Հռոմկլայի կաթողիկոսանիստ տաճարում աղօթելու, ունկնդրելու Շնորհալիի արեգակի արդար լուսոյ շարականները:

Յիսուներեք օրերի հերոսամարտից յետոյ Փոր Սայիտի աւազուտներ, իրենց լերան կանաչ հիւղակների փոխարէն` վրանների տակ: Վրանաքաղաք անուանեցին այն, վրան-դպրոցներ ու վրան-եկեղեցիներ կանգնեցրին: Արեւի կրականանետ վարսերը այրում էին, զարմանում էին, իրենց լանջերի արեւը իր վարսերով տաքուկ շոյում էր դէպի իրենց երկարած այգիների թեւերը, ծիածանացած փառքի գօտի կապում իրենց լերան մէջքին, արդեօք այդ արեւն այն արե՞ւն էր: Խաղաղ էր այդտեղ` ոչ` այգիներ ու պարտէզներ, ո՛չ ցորեանի դաշտեր, ո՛չ արօր ու մաճ, ո՛չ ալեծուփ լեռների կանաչ լանջեր, ո՛չ մանուշակի կապոյտով ալիքուած բացատներ, ո՛չ շանթերի կրակալոյսը գրկած անձրեւ, ո՛չ պայթող աղբիւրների ջրերի հռնդիւն: Աշխարհի կռիւն էր դեռ մոլեգնում, իրենց սրտերում դեռ չէին մարել հայրենի լեռներում հրացանների պայթիւնների որոտների արձագանգները, դեռ իրենց  չաւարտուած կռիւն էին տենչում, իրենց հոգիներում վրիժառութեան բոցեղէն խարոյկն էր պոռթկում:

Վրանաքաղաքի լեռնականների հոգիներում պատերազմի շեփորների հրավառութիւն էր, փոթորկում էր այն զէնքերի պայթիւնների շառաչներով, արեւը գրկած սուիններից ժայթքած կրակը վրէժի ջահեր պիտի վառէր այնտեղ: Կռիւ պիտի լինէր, պատերազմի էին գնում` կարաւանների մանկանց ճիչերի, մայրերի կարկառած թեւերի աղեսների, գաղթի ճամբաների երթում մարած սրտերի, իրենց հաւատքի ու ցեղի խոհական հանճարի իմաստութեան համար մարտիրոսացած հոգիների ստուերներն էին վրէժի կանչում նրանց: Զինուորագրուել էին աւելի քան վեց հարիւր մուսա լեռցի լեռնականներ, սկզբնաւորողն ու կորիզը` Հայկական լեգէոնի, որոնց լերան կռուի քաջութեան դափնեպսակին փառքի արեւալոյսի նոր ծիածաններ պիտի շողային, որոնցից մէկն էլ Քափորալ դարձած հայրս` Արմենակ Լագիսեանը: Հապա այս տողերը շարադրելիս ինչքա՜ն եմ նրանց քաջութեան սիրով արբեցել, երեւակայութեանս լուսաճաճանչ շողերին բազմած` ես էլ նրանց հետ, ճակատաբաց զէնք գրկած, գրոհի գնացել, ինչ լաւ է երազել, ափսոս որ դեռեւս աստղերից իջած չեմ եղել, որ ես էլ սրտիս հուրի նետերը զարկէի թշնամու լանջին:

Հայկական լեգէոնին զինուորագրուած Մուսա լեռցի եւ հայոց աշխարհի այլ ծննդավայրերի հայ արիներին փոխադրեցին Կիպրոս կղզու Մոնարկա վայրը: Կամաւոր Արմենակ հայրս պատմում էր, որ իրենց զինուորական մարզումների էին տարել Լեւոնի բերդ: Այն ծագումով ֆրանսացի, լուսինեան իշխանական տոհմից Կիլիկիոյ թագաւոր Լեւոնի բերդն էր: Մարզումների ժամանակ ֆրանսական սպան դիմելով կամաւորներին` յայտարարել էր.

– Այս ամրոցում Կիլիկիոյ ձեր Լեւոն թագաւորի սխրանքների արձագանգներն են թեւածում, թող նրա արեւային ոգու հուրը շողայ ձեր սրտերում, պատրա՛ստ եղէք զէնքով մուտք գործելու թագաւորանիստ Սիս քաղաքի նրա ամրոցը:

Ամրացել էին լեգէոնականները, արդէն տիրապետում էին նոր զէնքերին, թշնամուն կռիւ տալու նրանց ոգին ահագնացել էր իրենց լեռների նման: Եւ տեղափոխեցին նրանց Պաղեստին, Երուսաղէմից ոչ հեռու, Արարայի (այժմ Նապլուս) ամրացուած բարձունքերի դիմաց ու խրամատաւորուեցին: Արարան գերմանա-թուրքական խիստ ամրացուած ճակատային զինուորական պաշտպանական գիծ էր: Ֆրանս-անգլիական զօրամասերի մի քանի գրոհները անզօր էին եղել այն իրենց զինուորներով նուաճելու: Էնվեր ու գերման հրամանատար ֆոն Սանտերս յոխորտացել էին, որ այն անառիկ է ու անընկճելի: Ահա այս ամրոցը այրելու, խորտակելու առաջադրանքը վստահել էին հայ լեգէոնականներին:

1918 թուականի սեպտեմբերի 19-ի առաւօտը, երբ արեգակը իր արդար լոյսի շողերի վարսերով էր ցօղում խրամատները, որոտացին թնդանօթները ու ֆրանսացի սպայ Ռոմէոյի ատրճանակի կրակոցով ու «Յառա՜ջ» կանչով խրամատներից դուրս նետուեցին հայ զինուորները` կորիւնների մռնչիւններով: Գրո՞հ, թէ՞ արեւի շողերին բազմած սլացան դէպի հանդիպակաց բարձունքերը: Կրակի բոցերն էին ժայթքում հրացաններից, արեւին թիկնած սուինները իրենց կրակալոյս նետերն էին տեղում թշնամու դիրքերի վրայ: Գրոհում էին առիւծասիրտ կամաւորները, կարծես Նեմեսիսն էլ նաեւ իջել ռազմի դաշտ` վրիժառու կրակ ոգին յորդելու հայերի սրտերին: Սլանում էին դէպի բարձունքերի դիրքերը, թշնամին անզօր էր եղել մարելու դէպի վեր մագլցող հայերի ոգու արեւները: Ո՞վ եւ ի՞նչը կարող էր կասեցնել այդ առիւծացած մարտիկների թռիչքների սլացքները, ի զուր էր թշնամու կրակէ գնդակների տեղատարափը, կամաւորները այն ճանկում էին օդի մէջ եւ ետ շպրտում դէպի նրանց դիրքերը… Գերման հրամանատարը զգուշացնում է, որ այդպէս գրոհողները միայն հայերը կարող էին լինել: Արարայի երկնքում կռունկների երամներ էին թռչում` հայոց կարաւանների փշրանքներին խապրիկ մը տանելու, որ հեռու լեռներում` իրենց տառապանքի մորմոքի, մանուկների աղաղակների, մարտիրոսացած սրտերի վրէժի կռիւ էր մոլեգնում: Կամաւորների «հուռա»ներ ու «յաղթանակ» կանչերը չէի՞ն հասնում արդեօք իրենց ցեղի իմաստութեան ու աստուածային լոյս հաւատքի համար մարտիրոսացած արմէնների հոգիներին` որպէս աղօթք ու սփոփանք:

Արեւը դեռ իր կարմիր պատմուճանը չփռած հայերի կրակով շառագունած Արարայի բարձունքերի վրայ` կամաւորները արդէն թշնամու առաջին խրամատների վրայ էին: Արեւի կրակ ճառագայթներն էին քաղում ափերով եւ խուրձ-խուրձ նետում խրամների մէջ կծկուած թշնամու վրայ: Իսկ ես եւ դու, արի ընթերցող, եթէ այդ կռուի զինուորները լինէինք, յաղթանակի լոյսով արբեցած հրավառ մեր սիրտերը որպէս արեւներ չէի՞նք նետի թշնամու խրամատներ` այրելու նրանց: Ով դեռ չէր այրուել, ով կարող էր, փախչում էր, իսկ վարսերը ճակատներին հոսած զինուորները վիրաւոր կորիւնների նման ոստնում էին եւ փակում նրանց փախուստի ուղիները: Ահա այսպէս կը լինէր կռիւը, զարկին, մարտում մարեցին շատ բազում ասկեարների լոյսը, քեսապցի կամաւոր Քերոբը խոյացել էր գերման սպայի վրայ իր մատներով խեղդամահ արել  նրան. ի՞նչ էր փնտռում նա այս լեռներում եւ ո՞ւմ էր զինակցել: Յարձակման յորձանուտում զարնուել էին նաեւ կամաւորներ, քսաներեքն են եղել նրանք, որոնցից Սարգիս Տլլիկեան ու Միսաք Թասլաքեան մուսալեռցիներ, երկու քեսապցիներ: Վրէժի շողերին բազմած գնդակները մարել էին զարկերը հազարաւոր թշնամու զինուորների, գերավարուել էին թշնամու բազմաթիւ զինուորներ, որոնք գլխիկոր անցան հայ կամաւորների խաչաձեւած հրացանների սուինների տակից, որոնցից ժայթքած արեւը այրում էր նրանց ակները:

Որդեկորոյս մայրերի սրտերին ցաւ էր իջել, բայց նրանց լեռնական հոգիները հպարտ էին, որ իրենց զաւակները նահատակուել էին` յանուն ցեղի վրէժին մղուած մարտում եւ քաջութեան փառքի պսակները իրենց անուններին` գնում էին հայու յաւերժութեան տիեզերական ճանապարհով: Իսկ նրանց հոգիների ստուերները արդեօք չէի՞ն կանչում իրենց մայրերին`

«Թրքաց մայրեր թող լան, իսկ դուք
Յաղթանակի լոյսեր տարէք հայերին»

Արարայի ճակատամարտը իրենց լերան կռուի հետ պանծացումն է մուսալեռցիների սխրալի ոգու ճախրանքի: Տիրան Թէքէեան հաւաստել է, որ առանց մուսա լեռցիների` պիտի չկազմաւորուէր Հայկական լեգէոն, առանց Հայկական լեգէոնի` յիշողութեան արժանի մեծ գործի արարում պիտի չլինէր, առանց Արարայի յաղթանակի` տարբեր պիտի լինէր Միջին Արեւելքի ճակատագիրը: Պաղեստինեան անգլօ-ֆրանսական բանակի հրամանատար զօրավար Ալենպի վստահ էր եղել, որ Արարայի յաղթանակը կարող էր վիճել Միջին Արեւելքի ճակատագիրը:

Դադարել էին հրացանների զարկերը, խունկի փոխարէն` ռազմադաշտից վառօդի ծուխն էր բարձրանում, գնում Վահագն համաստեղութիւն` աւետելու Վահագնին արեւորդի քաջերի յաղթանակը: Կռւում զարնուած քաջերին էին բերել: Քահանան էր նրանց դէպի յաւերժութիւն ճամբում: Զօրավար Ալենպին մօտեցել էր նրանց, համբուրել ճակատները, խաչակնքել նրանց լանջերը: Նրա խօսքն էր տխրամած, այսպէս էր խօսել զօրավարը.

– Հպարտ եմ իմ հրամանատարութեան տակ Հայ զօրամաս մը ունենալու, անոնք կռուեցան փայլուն կերպով եւ մեծ բաժին մը ունեցան յաղթանակի մէջ: Եթէ անգլիական երկու հարիւր հազարնոց բանակի փոխարէն` իմ հրամանատարութեան տակ լինէր քսան հազար հայ զինուոր, ամբողջ Արեւելքը կը նուաճէի:

Թուրքի նախագահ Տեմիրել, Յորդանան կատարած պետական մի այցելութեան ժամանակ, խնդրել էր Պաղեստինի Նապլուս քաղաք այցելել` նոր մօտակայքում թաղուած թուրք զինուորների շիրիմներին յարգանքի տուրք մատուցելու:Հայ մամուլը այս տեղեկատուութիւնը հաղորդելու ժամանակ չէր յիշատակել, թէ այդ ի՞նչ շիրիմների այցելութեան մասին էր լուրը: Արժանի չէր, որ հայ կամ օտար ընթերցողները իմանային, որ այդ Արարայի (Նապլուս) բարձունքներին մղուած ճակատամարտում Հայ կամաւորների վրէժի կրակի նետերով խոցուած բազում թուրք զինուորների գերեզմաններն էին: Ափսո՜ս, որ հայ պատմաբանները դեռեւս ըստ արժանւոյն չեն ուսումնասիրել Արարայի ճակատամարտը, Հայկական լեգէոնի սխրանքերը, հայերի պատմութեան յիշատակութեան արժանի բազում քաջազուն դրուագների հերոսամարտերից մէկն է, արիացի արմէն-հայերի պատմութեան մատեանի քաջերին գովերգող էջերից:

Հայերի տեսլականն էր` Դաշնակիցների յաղթանակից յետոյ հայկական Կիլիկիայում, Ֆրանսայի հովանաւորութեամբ, ինքնավար իշխանութիւն հաստատել, եւ գուցէ նորից գահին կանչէին Ֆրանսայում մահկանացած իրենց վերջին թագաւորի դեռեւս յարատեւող ժառանգներից մէկին: Դարձեալ պատմութեան չար նախախնամութեամբ Դաշնակից երկրների շահերը պահանջում էին իրենց երէկուայ զէնքի թշնամուն… սիրաշահել: Ի՜նչ խոստումներ, դիւանագիտութիւնը խոստում չի ճանաչում, պիտի ցրէին իրենց իսկ կազմաւորած Հայկական լեգէոնը, այն լեգէոնը, առանց որի պիտի չիրականանար Արարայի պաշտպանական ամրութիւնների նուաճման զէնքի յաղթանակը: Ըստ այդ ռազմաճակատի ընդհանուր հրամանատար` զօրավար Ալենպիի հետագայ վկայութեան, Արարան էր վճռել ամբողջ Միջին Արեւելքի ճակատագիրը: Ծովային սպայ Տիրան Թէքէեան վերադարձել էր Մարսէ` իր սրտում ամբարած մուսալեռցիների քաջութեան արթնած հայրենասիրութեան բոցավառ սէրը:

Արարայի յաղթական ճակատամարտը աւետել էր իրենց երազանքի իրականացման արշալոյսը: Հայկական լեգէոնը պիտի լինէր ապագայ կիլիկեան պետութեան բանակի կորիզը, չէ՞ որ 1916 թուականին Լոնտոնի ֆրանսական դեսպանատանը կայացած ժողովի պայմաններից էր եղել նաեւ, որ հայերը պիտի պատերազմէին թուրքի դէմ, ազատագրէին Կիլիկիան եւ այնտեղ ֆրանսական իշխանութեան հովանաւորութեան տակ հիմնադրուէր Կիլիկիոյ ինքնավար իշխանութիւն: Հայկական լեգէոնը ֆրանսական բանակի հետ արշաւում էր դէպի Կիլիկիա` նրա դռները բացելու զէնքով, ողջունելու իրենց նախնիների թագաւորութեան աշխարհը եւ վերջապէս տեսնէին իրենց Կիլիկիան, ողջագուրուէին իրենց դիմաւորող ազնուազարմ թագաւորների ստուերների հետ:

Արարայի յաղթական գրոհը քայքայել, փլել էր Պաղեստինի թուրք-գերմանական ռազմաճակատը, անհամար զոհեր, բիւր ռազմագերիներ, կռիւը լքած բազում վախկոտ  ասկեարների փախուստ: «Ցանկամ, տեսնեմ զիմ Կիլիկիա» երգերի հրավառութեամբ իրականացրին երկու հարիւր յիսուն քիլոմեթր խանդավառ յաղթարշաւը: Ճանապարհին կարաւանների փշրանքների հետ` սրտայոյզ հանդիպումներ, նրանց տառապահար դէմքերից ցոլացող վիշտ: Սակայն այդ փշուր հայերից նորից պիտի ճառագայթէր արմենական իմաստութեան լոյսը, այն նորից պիտի հրավառէր հայու ոգու ջահերը: Ճանապարհին աւերեցին սուլթան Համիտի Աքիայի բանտը, որտեղ աքսորուած ու նահատակուած էին եղել բազմաթիւ հայ ու այլ ժողովուրդների յեղափոխականներ:

1918 թուականի հոկտեմբերից սկսեալ Հայկական լեգէոնի կամաւորական ջոկատները յաղթական մուտք էին գործում Կիլիկիա, ծնրադիր համբուրում հայերի խոնջանքի, երգի, աղօթքի շունչով յորդած հողն հայոց: Յաղթական կամաւոր զինուորներ, որոնք վճռել էին լինելու հայկական պետութեան բանակի կորիզը: Հայոց տառապանքի վիշտը ամոքելու համար կարծես երկինքից հրճուանքի կարմիր շողեր էին իջնում նրանց սրտերին, հայրենազրկուած բնիկները նորէն վերադառնում էին իրենց շէները, նորոգում իրենց բոյները, խորին հաւատքով լցւում դէպի գալիք անկախ իշխանութեան արեւագալի նոր արշալոյսը: Ալենպիի կողմից գործուղուած գնդապետ Պրեմոն ներկայանում էր որպէս «Հայաստանի ու Կիլիկիոյ կառավարիչ, յայտարարում էր, որ ինք երկիրն առժամեայ պիտի կառավարէր, ապա իշխանութիւնը պիտի փոխանցէր հայերին: Լեգէոնը տարածւում էր դէպի Կիլիկիոյ քաղաքներ եւ աւաններ: Ո՛վ երեւակայութեան թռիչքի կորով ունի, թող գոցի աչքերը, թող սաւառնի Կիլիկիոյ երկինք եւ այնտեղ պիտի չհանդիպի՞ արդեօք Ֆրանսայի իր մատուռից այդտեղ հասած Լեւոն Վեցերորդին, գրկէ՛ք նրան, ողջագուրուէ՛ք նրա հետ, բոցավառուէ՛ք Կիլիկիոյ վերանկախացման խրախճանքի խարոյկից ժայթքող աստղերով:

Պատմութեան ընթացքը, նախախնամութիւնը, թէ ի՛նչը, մեր հազարամեակների յարատեւութեան ճանապարհին հարուածել են մեզ, ինչո՞ւ… արդեօ՞ք մենք ենք, չգիտեմ, սակայն երեւի… Հայերի սիրելի կռունկների երամներն էին երգով տողանցում Կիլիկիոյ երկնակամարում, ուրախ խապրիկներ պիտի տանէին պանդխտացած հայերին, որ դարձեալ իրենց երկինքի կապոյտին երգերի խինդ է ալիքուել, դարձեալ իրենց շէների ծխաններից ծուխ է գալարւում, դաշտերում ծաղկող ծառերի ծիածան է վառւում, մաճկալների հորովելների կանչի ղօղանչներ են: Սակայն ռազմի դաշտում պարտուած Թուրքիոյ այդ հիւանդին, այդ հիւանդ հոգով բարբարոս պետութեանը սիրաշահելու համար Ֆրանսայի ու Անգլիոյ միջեւ պայքար էր մղւում:

Միայն մի քանի տարիներ հայերն ու նրանց լեգէոնի կամաւոր մարտիկները իրենց յաղթական պայքարի հրճուանքով արբեցան: Նոյն ֆրանսական սպաները, որոնք ականատեսն էին եղել կամաւորների սխրալի գրոհներին, կամայական վերաբերմունքի էին ենթարկում նրանց: Ֆրանսացի պետական այրերը, զինուորականները արդեօք տեղեակ չէի՞ն, որ այդ երկրամասում թագաւորել էր իրենց տոհմակից Լուսինեան Լեւոնը, որ այն հանգչում էր իրենց հողում, եւ ինչո՞ւ չվերակենդանանար նրա իշխանութիւնը: Եւ ինչքա՜ն էին այդ շահերը հզօր, որ թշնամուն զիջեցին այն, ինչ որ զէնքի ուժով էր նուաճուած, այն, որ գրաւոր համաձայնագրով խոստացած էին իրենց դաշնակիցներին` որպէս նրանց նախնիների իշխանութեան վերականգնում: Եւ ֆրանսական կառավարութիւնը, թուրքերի հետ 1920 թուականի օգոստոսի տասին ստորագրած համաձայնագրով, Կիլիկիեան յանձնեցին յոյների ու հայերի արիական արիւնով սրբապիղծ քեմալական Թուրքիային:

Չանսացին իրենց երկրի իմաստուն զաւակների եւ իրենց դաշնակից հայերի կոչերին: Վար իջաւ ֆրանսական յաղթական դրօշակի փառքի պատիւը, կարծես մարել էր մարդկային վեհ գաղափարների իրենց անցեալի պաշտամունքը: Ֆրանսական հրամանատարութիւնը սկսում էր զօրացրել Հայկական լեգէոնի կամաւորներին: Զգաստացել էին իրենց շէները վերադարձած հայերը, այլեւս` ո՛չ կարաւաններին, զէնք վերցնել` կռիւ տալու թշնամուն: Հայկական կուսակցութիւնները` Հնչակեան, Դաշնակցութիւն, Ռամկավար, Վերակազմեալ, միասնաբար գլխաւորում էին պաշտպանական մարտերը: Կիլիկիոյ բոլոր քաղաքները մուսալեռցիների հերոսական կռիւների ոգու ներշնչանքով կռուի ելան թշնամու դէմ, զարկին, զարնուեցին մարտի դաշտում, բայց ոչ երբեք` ստրկանալ:

Ահա այս կռիւների մասին էին թրքական վարչապետարանի հրատարակած փաստաթղթերը: Ահա այս հայ զինուոր լեգէոնականներն էին թշնամու դէմ նորից մարտեր մղում, յարձակում նրանց վրայ, զարկում նրանց ինքնապաշտպանական մարտերում. ո՛վ որ եկել էր սպաննելու, հայու սուրով ու զէնքով էր ընկնում: Այո՛, հայ զինուորը յարձակուեց նրանց բնակավայրերի, թաղերի վրայ, ահա ա՛յս կռիւ էր եւ ոչ թէ խաղաղ բնակչութեան վրայ բռնութիւններ:

Ինքնապաշտպանական մահու ու կենաց կռիւներ մղեցին Մարաշի, Հաճընի, Ուրֆայի, Ատանայի, Այնթապի, Զէյթունի, Ֆընտըճագի, Չորք Մարզպանի, Մերսինի ու այլ բնակավայրերի զինուած հայերը` մասնակցութեամբ լեգէոնական կամաւորների: Հայեր ընկան մարտերում` քառապատիկ մահեր պատճառելով թշնամուն. այսպէս` մարտերում զոհուել եւ յաղթապսակը ճակտին քայլել յաւերժութեան ճանապարհով: Ֆրանսացի զինուորը չմասնակցեց հայու մարտերին, երբեմն նոյնիսկ արգելակեց նրանց դիմադրութիւնը:

Կիլիկիոյ ինքնապաշտպանական կռիւներում զարնուեցին մուսալեռցի դիւցազուն լեգէոնականներ` Յակոբ Կրպոյեանը, Խաչեր Փանոսեանը եւ Մուսա Լերան քաջերից քաջերի մէկը` Պետրոս Տըմլաքեանը: Մուսա Լերան դիմացի բաց ծովում խարսխած «Կիշեն» ռազմանաւի հրամանատար Պրիսոնի պահանջով հերոսամարտի յայտնի դերակատարներէն Տըմլաքեանը նաւ էր բարձրացել: Ֆրանսերէնի  տիրապետելով` տեղեկութիւններ էր հաղորդել լերան մարտերի, թշնամուն զօրքի տեղաշարժերի մասին եւ իր ցուցմունքների հիման վրայ ռազմանաւի թնդանօթները որոտացել ու կրակ էին տեղացել Քեպուսիէի եկեղեցում ու նրա շրջակայքում ճամբար դրած թշնամու զօրքի վրայ, ո՜վ իմանար, ինչքա՛ն զինուորներ էին այդ կրակներում այրուել: Ես, մանչ տղեկ, տեսել եմ եկեղեցու ճակատային պատի մէջ խրուած այդ ռումբերի բեկորներից մէկը, այն պահպանում էին որպէս յաղթանակի խորհրդանիշ: Պետրոսն էր եղել վեց «Գունտախլը» հրացանակիրներից մէկը, ռազմանաւի հրամանատարը նրան ու Եսայի Եաղուպեանին էր միայն թոյլ տուել հետագայում կրելու այդ զէնքերը: Ակնաբուժ Ճեպեճեանի անձնական ջանքերի շնորհիւ` Եաղուպեանի «Գունտախլի» զէնքի առանձին կազմածները փոխադրուել էին Հայաստան եւ ամբողջացուելով` թանգարանի ցուցանմուշ դարձել, երկար նայել եմ նրա փողին, ինչքա՜ն կրակ է պայթել նրանից եւ թշնամու ինչքա՜ն հոգիներ խաւարել: Ըստ հօրս` քափորալ Արմենակի հաղորդման, խրամատում իր կողքին էր զարնուել Պետրոսը, ճակատին դիպած թշնամու նշանառուի գնդակից:

Յաղթական Հայկական լեգէոնի մուտքը Կիլիկիա, այնտեղ ինքնավար իշխանութեան վերականգնման յոյսը խանդավառ հրավառութիւն էր ստեղծել: Կարծում էին` հայոց երկնակամարին նորից կապոյտ լոյս էր իջել, արեգակի արծաթափայլ նոր արշալոյս էր ծագել հայոց ոստաններին: Չէ՛, այնտեղ, հեռու եւրոպաներում իրենց դաշնակիցները նոր դաւեր էին նիւթում, փորձում` սիրաշահել պարտուած թուրքին: Դաշնակիցները Սեւրում պատառոտել էին նրա քարտէսը, թուրքի ստորագրութեամբ հանդերձ` դաշնագրել էին վերադարձնելու հայերին, յոյներին, քիւրտերին, արաբներին այն, ինչ որ զաւթել էին նրանցից: Կանխելու համար այդ նոր նիւթուող դաւադրութիւնը եւ Դաշնակիցներին կատարուած իրողութեան առաջ դնելու համար Կիլիկիոյ հայերը եւ միւս քրիստոնեայ համայնքները հանրագրութիւն էին ուղարկել Փարիզ, որ Կիլիկիան հռչակում էր անկախ հանրապետութիւն: Պօղոս Նուպար փաշայի կողմից գործուղուած պատուիրակ Միհրան Տամատեանի վարչապետութեամբ կազմուել էր հայկական աւանդական երեք կուսակցութիւնների համաձայնական կառավարութիւն: Նոյնինքն գնդապետ Պրեմոն, որ յայտարարել էր, թէ իրենց հովանաւորութեամբ Կիլիկիան անկախ իշխանութիւն պիտի հռչակուէր, նոյն օրը սուինաւոր ափրիկեցի զինուորների ուղեկցութեամբ փութացել էր կառավարական շէնք եւ սպառնալիքներով դուրս հրաւիրել կառավարութեան անդամներին:

Հայոց պատմութեան մատեանում շանթի լոյսի փայլատակում, դէպի աստղերը սլացող հրթիռի հրավառութիւն եղաւ Կիլիկիոյ անկախ իշխանութեան հռչակումը: Սակայն այն մնաց միայն լոյսի շող, հայերի հոգիներում` լոյսի հրացոլք, այդ նոր երջանկութեան արեւը ասուպի նման շիջեց: Ինչքա՜ն յոյսեր են մարել այս արիական ցեղի հոգիներում, ինչո՞ւ չկարողացանք մեր Նահապետ Հայկի մեզ ժառանգած հողը պահպանել: Եւ ինչո՞ւ ասպետական Ֆրանսան մարեց այս նոր ծագող արեւը. չէ՞ որ իրենց նախնիների ժառանգների լոյսը նաեւ պիտի վառուէր այդ երկրի պալատին ծածանող դրօշին:

Եթէ այդ ռազմանաւերը, աստուածային սիրոյ ու կարեկցանքի շունչով յորդած հրամանատարը չլինէին, գուցէ ես ու բազում լեռնականների ժառանգներ արեգակի լոյսով, նրա ծիածանի փայլի հմայքով չէինք վառուի: Մարդկութեան վեհ գաղափարներ արարող որդիների ասպետական Ֆրանսա, դու էլ արդեօք չէի՞ր փառաւորուի քու նախնիների ժառանգների թագաւորած երկրի վրայ անկախութեան լոյսի հրավառութիւնից:


Share this Article
CATEGORIES