ՍԱ ԱՇԽԱՐՀԻ ՏԱՐԲԵՐ ԾԱՅՐԵՐՈՒՄ ԲՈԼՈՐ ՀԱՅԵՐԻ ՏՕՆՆ Է
Երէկ Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան շնորհաւորական ուղերձ յղեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին` Հայաստանի անկախութեան վերականգնման 20-ամեակին առիթով:
Ստորեւ` ուղերձին բնագիրը:
Ի սրտէ շնորհաւորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին փառապանծ տօնի` Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-րդ տարեդարձի առթիւ:
Սա յիրաւի համաժողովրդական տօն է, բոլոր հայերի տօնը` աշխարհի տարբեր ծայրերում: Տօն, որն իրականութիւն դարձրեց աշխարհի հնագոյն ժողովուրդներից մէկի` հազարամեակների քաղաքակրթութիւն ունեցող հայ ժողովրդի դարաւոր երազանքը` կառուցել իր պետականութիւնը իր հողի վրայ, դաստիարակել սերունդներին իր նախնիների ոգով` միշտ վառ պահելով հայրենի օճախի կրակը:
Մենք նուաճեցինք մեր անկախութիւնը չափազանց բարդ ու դժուարին ճանապարհով: Այն հնարաւոր դարձաւ մեր համախմբուածութեան ու միասնականութեան շնորհիւ: Դա մեծագոյն յաղթանակ է, որը պէտք է պահել ու փայփայել աչքի լոյսի պէս: Եւ իւրաքանչիւր հայի պարտքն է` Հայաստանում, Արցախում թէ սփիւռքում, անել ամէն ինչ, որպէսզի այդ յաղթանակը կրկնապատկուի ու յաւերժանայ, որպէսզի հայոց անկախ պետականութիւնը ամրապնդուի ու զօրանայ եւ մեր ժողովուրդն այսուհետ միայն յաղթանակներ տօնի:
Մէկ անգամ եւս շնորհաւորում եմ ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տօնի առթիւ եւ մաղթում խաղաղութիւն, բարօրութիւն, մեծագոյն յաջողութիւններ` ի փառս հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետութեան:

