ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԵՐԵՔ ՕՐԱԹԵՐԹԵՐԸ. ԵՐԷԿ, ԱՅՍՕՐ ԵՒ ՎԱՂԸ

ԼԵՆԱ ԲԱԴԱԼԵԱՆ

Լինելով սփիւռքի ամենամեծ գաղութներից մէկը` Լիբանանում այսoր գործում են երեք աւանդական կուսակցութիւնների պաշտօնաթերթերը` ՀՅԴ-ի «Ազդակ», ՍԴՀԿ-ի «Արարատ», ՌԱԿ-ի «Զարթօնք»: Եթէ մինչ քաղաքացիական պատերազմը համայնքն ունէր նաեւ այլ օրաթերթեր, ապա պատերազմից յետոյ մնացել են միայն վերոնշեալ երեքը:

«Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր եւ տնօրէն Շահան Գանտահարեանը կարծում է, որ երեք օրաթերթն այսօր համայնքին բաւական է: Խնդիրը ոչ թէ լրատուամիջոցների չափի, այլ  երիտասարդ սերնդի թերթ ընթերցելու մէջ է:

«Սփիւռքահայ մամուլի առաքելութիւնը յատկապէս այսօր շեշտուած է: Կայ Հայաստան-սփիւռք համագործակցութիւն, այսօրուայ աւելի հրատապ խնդիրներին ծանօթացնելու անհրաժեշտութիւն: Այսինքն միայն հայապահպանման խնդիրը չէ: Սփիւռքահայ համայնքին աւելի կազմակերպ դարձնելու երեւոյթ է նաեւ մամուլը: Այստեղ ոչ միայն մամուլի հարցն է, այլ սա վերաբերում է կրթութեանը, սա վերաբերում է նաեւ գաղութի կազմաւորական խնդիրներին: Հայ գաղութի, հայ կեանքի շարունակականութեան խնդիրը նաեւ մեր կառոյցների առաջնահերթ հարցն է», նշում է Շահան Գանտահարեանը:

Քաղաքացիական պատերազմից յետոյ համայնքն ունեցաւ քանակական եւ որակական հոսք, ցաւով փաստում է «Արարատ» օրաթերթի խմբագիր Ահարոն Շխրտմեանը: Ըստ խմբագրի, այսօրուայ իրականութեան մէջ դժուար է պահել ամէնօրեայ մամուլ. «Շատ դիւրին է թերթ փակելը, բայց մամուլը բարոյական իմաստով շատ մեծ կշիռ ունի: Այսօր լիբանանահայ օրաթերթերը պայքարում են,  երբեմն թիավարում են հոսանքն ի վեր, դժուարութիւններով են անցնում, բայց եւ այնպէս կարծես լուռ յարատեւելու համաձայնութիւն կայ, որովհետեւ հաւատում ենք, որ մամուլի միջոցով շատ բան կարելի է փոխանցել ընթերցողին, համայնքին, ապագայ սերնդին»:

«Զարթօնք» օրաթերթի խմբագիր Պայծիկ Գալայճեանի համար նոյնպէս երեք օրաթերթերը բաւարար են, քանի որ իւրաքանչիւրը ներկայացնում է յստակ գաղափարախօսութիւն.  «Առաջ աւելին կար, որոնք կամաց կամաց զիջեցին, ոչ թէ նրա համար որ ունէին նիւթական խնդիրներ, այլ մարդիկ, որ պիտի կարդային այդ թերթը, սկսեցին իրենց յագուրդը ստանալ այլ թերթերի միջոցով»:

Oրաթերթ ունենալն իրենից մեծ դժուարութիւններ է ներկայացնում: Դասական խնդիրը նիւթականն է, նշում է Շահան Գանտահարեանը: Յատուկ ճիգ է պէտք ընթերցող զանգուածը կայուն պահելու համար. «Մենք, համեմատաբար միւսների, ունենք երիտասարդ մարդուժ: Հիմնական խնդիրը լրագրողական մարդուժի որակաւորման եւ վերաորակաւորման մէջ է, մենք պէտք է իւրաքանչիւր ոլորտի համար մասնագէտներ ունենանք` տնտեսական, մշակութային, մանկապատանեկան, քաղաքական, մարզական: Պէտք է բազմակողմանի առումներով քննարկել եւ տեսնել, թէ ի՛նչ նիւթական անհրաժեշտութիւններ պէտք են, որպէսզի դրան ընդառաջ ծրագրաւորենք աշխատանքը»:

Նիւթական խնդիրներ «Արարատ» օրաթերթում եւս կան, ինչպէս նշում է  Ահարոն Շխրտմեանը: Կայ նաեւ ընթերցողների պակաս, յատկապէս` քաղաքացիական պատերազմից յետոյ: «Թերթը բաժանելու դժուարութիւններ կան. կան տեղեր, ուր օրերով թերթ չի հասնում: Ամսականները ուշացումով են վճարւում: Սովորական է կարծես դարձել, ժամանակին շուտ էին գտնւում լուծումներ: Թերթի խմբագիրը այսօր դարձել է նաեւ թերթի նիւթական հարցերն ապահովողը, ինչով պէտք չէ զբաղուեր եւ այսպիսով թերանում է իր հիմանական պարտականութիւնը կատարելիս», յաւելում է խմբագիրը:

Ահարոն Շխրտմեանը կարծում է, որ այսօր հրապուրիչ չէ մամուլը: Մամուլի աշխատողը չի վայելում այն վարկը, որ պիտի ունենար գաղութում: Ընդհակառա՛կը, պարզ, սովորական ծառայող է, որ պէտք է անի այն ինչ թելադրում են, կարծես թէ մեքենայ է: Երիտասարդները պէտք է ցանկանան ինչ-որ կերպարի նմանուել, բայց մամուլի ծառայողի տիպարն այսօր դառնութիւն, դժբախտութիւն եւ թշուառութիւն է: Իսկ այս տիպարի հետ երիտասարդը չի կարող հաշտուել:

Հայ թերթը միշտ էլ նիւթական խնդրներ ունեցել է, շատ պարզ պատճառով` հասութաբեր չեն, քանի որ համայնքին են պատկանում: Այսպէս է թերթերին նիւթական խնդիրները բացատրում Պայծիկ Գալայճեանը: Իսկ եթէ կան նիւթական խնդիրներ, հետեւաբար եւ կայ մարդուժի խնդիր:

«Հայ մամուլում, դպրոցում աշխատելը զոհողութիւն է եւ յարգանք է պահանջում, քանի որ աշխատելով չես կարող նոյնիսկ սպասել բարձր աշխատավարձ: Հայ մարդը դպրոցի, մամուլի դուռը թակելուց առաջ պէտք է իմանայ այս ամէնը: Եթէ մամուլի զինուորագրեալ ես, ապա ակնկալիքներ պէտք չէ ունենաս, իսկ այսպիսի անհատներ միայն հաշուըւած են»:

Խօսելով ընթերցողների պակասի մասին` Պայծիկ Գալայճեանը նշում է, որ ցաւալին այն է, որ քաղաքացիական պատերազմից յետոյ մեծ թուով  մտաւորականներ են հեռացել ու դժուար է որոշել, թէ  յաջորդ սերունդը ինչքանո՛վ կարող է իրենց փոխարինել:

Տպագիր մամուլի վրայ ազդում են նաեւ ելեկտրոնային լրատուական կայքէջերը: Ընթերցանութիւնը պակասել է, ու դա միայն հայկական խնդիր չէ: Քաղաքացիական պատերազմի պատճառով ձեւաւորուած լիբանանահայ սփիւռքը գաղութի հետ իր կապը պահելու համար կարդում է օրաթերթերի կայքէջերը, նշում են խմբագիրները:

Ելեկտրոնային մումուլից ետ չմնալու հարցում «Ազդակ»ը  հեռանկարային է, փաստում է Շահան Գանտահարեանը, որ նաեւ աւելացնում է, թէ «Ազդակ» հրատարակում է թերթի  մանկապատանեկան գունաւոր «Պզտիկ մզտիկ» յաւելուածը: Դրան զուգահեռ տարին երկու անգամ կազմակերպւում են շարադրութեան եւ ուղղագրութեան մրցումներ, որին մասնակցում է շուրջ 300 երեխայ: Սահմանափակ ժամանակահատուածում էժան գներով առաջարկւում է բաժանորդագրութիւն, ուսանողական գներ:

«Մանկուց երեխաներին կապում ենք թերթին, չէ՞  որ նրանք են մեր ապագայ ընթերցողները, մեր ապագայ աշխատակիցներն ու խմբագիրները: Մեզ պակասող օղակը երիտասարդականն է: Դա մեր յաջորդ հեռանկարային ծրագիրն է: Այս ճանապարհով կ՛ապահովենք տպագիր թերթի շարունակականութիւնը: Սա թերթի ռազմավարութիւնն է»:

Մամուլն այսօր պէտք է այնպիսի որակ ունենայ,  որ տպագիր մամուլն ունենայ իր փնտռողը, կայքէջի լրատուութիւնն ունենայ իր փնտռողը, կարծում է Ահարոն Շխրտմեանը: Որպէսզի տպագիր մամուլն իր դիրքերը չզիջի, պէտք է մեծ աշխատանք կատարել. «Թեքնիք իմաստով շատ աշխատանք կայ անելու, մտայղացումներ կ՛անէ, որ կարելի է անել, որպէսզի լրատուութիւնն առաւել արագ հասանելի դառնայ, բայց սրա յետեւում կանգնած է տնտեսական եւ մարդուժի դժուարութիւնը: Դրամ չկայ, մարդուժ էլ չկայ»:

Պայծիկ Գալայճեանն էլ չի ուզում ասել, որ տպագիր մամուլը իր տեղը զիջում է: Քանի որ Պէյրութի հեռաւոր տեղեր կան, որտեղ թերթ չի  հասնում, մարդիկ կարդում են ելեկտրոնայինը:

«Ես կարծում եմ, որ առյաւէտ պիտի մնայ մարդկանց խումբ, որ պիտի շարունակէ սիրել թերթ կարդալ: Ինձ համար դրական երեւոյթ է, որ համացանցից օգտուողները շատանում են, միակ բացասական կողմն այն է, որ անվճար է: Չեմ ուզում հաւատալ, որ թերթը կը կորցնի իր ընթերցողներին»:

Իսկ որպէսզի Լիբանանի տպագիրն մամուլն աւելի  արհեստավարժ լինի, նախընտրելի է, որ մամուլի խմբագրակազմի մաս կազմեն լրագրութիւն աւարտած, հայկական խնդիրներին իրազեկ երիտասարդ աշխատակիցներ: Իսկ դա միայն փորձով կարելի է ապահովել` վստահ է Շահան Գանտահարեանը:

«Ողջունում եմ անցեալ տարի Ստեփանակերտում անցկացած լրագրողների համահայկական 5-րդ համաժողովը, այս տարի Երեւանում տեղի ունեցած սփիւռքի զանգուածային լրատուամիջոցների երիտասարդ լրագրողների դպրոցը: Ի հարկէ բացթողումներ կային, բայց սա առաջին փորձն էր, մանաւանդ կարեւոր են համաժողովից բխած որոշումները»:

«Արարատ» օրաթերթն իր մասնակցութիւնը չի ունեցել ո՛չ համաժողովին, ո՛չ էլ լրագրող է մասնակցել վերապատրաստման դասընթացներին:

«Չենք ներկայացել, որովհետեւ նիւթական միջոցներ չկան: Եթէ երեք օրաթերթ կայ, ու դրանցից երկուսի խմբագիրները չեն կարող գնալ, ուրեմն կարելի է պատկերացնել, թէ ո՛ւր է հասել մամուլի վիճակը: Ինչո՞ւ պէտք է ողջ լիբանանեան մամուլը այս օրերին Հայաստանում ներկայացուած չլինէր: Սփիւռքի նախարարութեան հրաւէրը պէտք է լրիւ հրաւէրի տեսք ունենայ, ներառեալ բոլոր ծախսերը: 500 հոգու փոխարէն` թող հրաւիրի իսկական խմբագիրներին, այլ ոչ թէ սիրողական ձեւով ընտրութիւն կատարեն, պարգեւատրուեն` վերածելով թատրոնի», նշում է Ահարոն Շխրտմեանը:

«Զարթօնք» օրաթերթն էլ ներկայացուցիչ չի ունեցել, սակայն` զուտ մարդուժի պակասի պատճառով, վստահեցնում է Պայծիկ Գալայճեանը. «Ճիշդ է «Զարթօնք»ից ներկայացուցիչ չի եղել, բայց «Ռատիօ Սեւան»ից կար ներկայացուցիչ, ով նաեւ թղթակցում է «Զարթօնք»ին: Յաճախ կազմակերպւում են սեմինարներ, գիտաժողովներ, բայց ի՞նչ  է արդիւնքը: Միայն սեմինար, միայն հաւաք` առանց արդիւնքի»:

Ստեփանակերտի համաժողովի թեման ապատեղեկատուութիւնն էր Թուրքիայի եւ Ազրպէյճանի կողմից, եւ նպատակ ունէր Հայաստանի եւ սփիւռքի մամուլին միմեանց կապել:

«Յատկապէս Արցախի ժողովից յետոյ նկատելի է «Ազդակ»ից կատարուող արտատպումները, մենք վերցնում են հայաստանեան թերթերից շատ նիւթեր: Ես չէի ասի, որ դա բաւարար է, քանի որ սփիւռքի շատ իրադարձութիւններ չեն լուսաբանւում համարժէք ձեւով: Սակայն չի կարելի ասել, որ սայլը տեղից չի շարժուել»,  ուրախութեամբ արձանագրում է Շահան Գանտահարեանը:

Ահարոն Շխրտմեանը չնայած դէմ չէ համագործակցելուն, բայց ասում է, որ դեռեւս այդպիսին չկայ:

«Պաշտօնապէս  պայմանաւորուածութիւն չկայ որեւէ թերթի կամ կայքէջի հետ, Առայժմ չկայ մեր հետ շփուող այն աղբիւրը, որի հետ կարելի է համագործակցել: Աղբիւրների պակաս ունեմ, չգիտեմ` ո՛ւմ դիմեմ: Հակառակ կողմից էլ առաջարկ չի եղել: Ես այստեղ նստած չեմ կարող իմանալ, թէ Հայաստանում քանի կայքէջ կայ եւ որի հետ կարելի է համագործակցել», ասում է Ահարոն Շխրտմեանը:

«Զարթօնք» համագործակցում է «Ազգ» օրաթերթի հետ եւ ընդհանրապէս աշխատում է բոլորի հետ լաւ յարաբերութիւններ ունենալ, հաւաստիացնում է խմբագիրը:

Ունենալով նման եւ տարբեր խնդիրներ, օրաթերթերն շարունակում են իրենց ամէնօրեայ աշխատանքը:

Շահան Գանտահարեանի  համար հիմա առաւել կարեւոր է, որ կառուցակարգուի դաշտը եւ  սփիւռքահայ մամուլը լիարժէք ներկայացուի բոլոր հայաստանեան միջոցառումներին:

Ահարոն Շխրտմեանը ցանկանում է, որ Լիբանանում համապատասխան կառոյցները լուրջ մօտենան մամուլին, որ մամուլը չլինի ողորմութիւն խնդրողի կարգավիճակում, մնայ իր դիրքում, ոչ թէ իր գոյութիւնն ապահովելու պրպտումների մէջ լինի:

Պայծիկ Գալայճեանն էլ վստահեցնում է, որ չնայած օրաթերթը տագնապներ է ունեցել, բայց ամէն ինչ ժամանակի ընթացքում լուծւում է, ամէն ինչ հունի մէջ է ընկնում, իսկ արդիւնքը զգացւում է:

 

Share this Article
CATEGORIES