ԱՐԵՒՄՏԵԱՆ ԱՍԻՈՅ ԱԹԼԵԹԻԶՄԻ ԿՐՏՍԵՐՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԼԻԲԱՆԱՆ 18 ՄԵՏԱԼԻ ՏԻՐԱՆԱԼՈՎ ԳՐԱՒԵՑ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ԴԻՐՔԸ

Լիբանանի աղջկանց կազմը. Լորի Թաշճեան (աջէն` երկրորդը)

Կիրակի, 25 սեպտեմբերին, իրենց աւարտին հասան Արեւմտեան Ասիոյ աթլեթիզմի կրտսերներու առաջին ախոյեանութեան մրցումները, որոնք տեղի ունեցան Մարզական աւանին եւ Ռաֆիք Հարիրիի անուան համալսարանին մէջ` մասնակցութեամբ 13 երկիրներու:

Այս ախոյեանութիւնը հիւրընկալող երկիրը` Լիբանան, որ առաջին օրը (ուրբաթ) տիրացած էր երեք ոսկի մետալի, վերջին օրը (կիրակի) չորս այլ ոսկի մետալներու ալ տիրանալով գրաւեց դասաւորման երրորդ դիրքը` ընդամէնը տիրանալով 18 մետալի: Առաջին դիրքը գրաւեց Իրաք, ապա` Քաթար: Լիբանան իր վերջին մետալին տիրացաւ` յաղթելէ ետք աղջկանց վազքի խմբային մրցումին: Նշենք, որ խումբին մաս կը կազմէր Լորի Թաշճեան:

Աւարտին տեղի ունեցած փակման հանդիսութեան, Լիբանանի աթլեթիզմի ֆետերասիոնի նախագահ Ապտալլա Շեհապ շնորհակալութիւն յայտնեց բոլոր անոնց, որոնք այս մրցաշարքին յաջողութեան մէջ իրենց կարեւոր դերը ունեցան:

Ապա, Արեւմտեան Ասիոյ դրօշակը յանձնուեցաւ Իրաքի պատուիրակութեան, որ պիտի հիւրընկալէ 2012-ի երկրորդ ախոյեանութիւնը:

Ստորեւ կու տանք մետալներուն վերջնական դասաւորումը.

——————ՈՍԿԻ ԱՐԾԱԹ      ՊՐՈՆԶ ԳՈՒՄԱՐ

1.- Իրաք                10          11          11          32
2.- Քաթար        9           3           2           14
3.- Լիբանան       7           3           8           18
4.- Սէուտական Արաբիա   5     4           2           11
5.- Սուրիա        3           4           5           12
6.- Քուէյթ         2           6           2           10
7.- Իրան                1           4           1           6
8.- Օման                1           1           1           3
9.- Պահրէյն        –           2           3           5
10.- Արաբական Միացեալ Էմիրութիւններ  –     1     1     2
11.- Յորդանան     –           1           –           1

Share this Article
CATEGORIES