ՄԷԿ ՕՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹԵԱՆ ԵՒ ՅՈՅՍԻ ԱՐԱՆՔՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ Ե՛Ս ԵՄ

ՍԻՐԱՆՈՅՇ ԳԷՈՐԳԵԱՆ

Եկել է անկեղծանալու պահը: Անկախութեան տօնին նախընթաց մի քանի շաբաթների ընթացքում անընդհատ մտածում էի` ի վերջոյ, Հայաստանը ե՞ս եմ, թէ՞ ես չեմ, ու աւելի շատ հակուած էի երկրորդ տարբերակին, քանի որ այն Հայաստանը, որտեղ հիմա ապրում եմ, այն Հայաստանը չէ, որտեղ կ՛ուզենայի մեծանար իմ որդին: Անընդհատ հետեւում էի կայքերում եւ ընկերային ցանցերում ընկերներիս գրառումներին` այս կարգախօսի վերաբերեալ ու լռում էի, չէի ուզում մի բան ասել, որի համար յետոյ կը զղջայի:

Ես էլ շատերի նման սարսափահար եմ լինում, երբ բանակում հերթական մահուան դէպքն է գրանցւում, ես էլ եմ մահու չափ զզուել ցածր աշխատավարձից, փտածութիւնից, բարձր պաշտօններ զբաղեցնող անձանց տգիտութիւնից, իշխանութեան հետ կապերի շնորհիւ հարստացած սակաւապետներից եւ տասնեակ այլ խնդիրներից, որոնց ամէն օր բախւում է ամէն մի հայաստանցի:

Ու հիմա անկեղծօրէն խոստովանում եմ, որ վերջին ժամանակներս աւելի պակաս եռանդով էի պայքարում Հայաստանից արտագաղթելու իմ հարազատների ցանկութեան դէմ: Բայց երէկ նորից մէջս արթնացաւ նախկին վճռակամութիւնս, որ, ո՛չ, պէտք է մնալ հայրենիքում ու ամէն ինչ անել, որ այն աւելի լաւը դառնայ: Հասկացայ, որ չեմ ուզում գնալ այլ երկիր եւ շատերի նման հեռուից հեռու քննադատել Հայաստանում տիրող յոռի բարքերը: Հասկացայ, որ չեմ ուզում աշխատել այլ երկրի բարօրութեան համար:

Երէկ (21 սեպտեմբերին), երբ տղայիս տարել էինք անկախութեան 20-ամեակին նուիրուած շքեղ զօրահանդէսը դիտելու, հասկացայ, որ ես ինձ լաւ եմ զգում այս երկրում, այս մարդկանց կողքին: Տեսայ տղայիս հիացած ու միաժամանակ վախեցած հայեացքը, որ նայում էր երկնքում սաւառնող ինքնաթիռներին, տեսայ դէմքերը եռագոյն ներկած ու «Հա՛-յա՛ս-տա՛ն» վանկարկող պատանիներին, տեսայ երիտասարդ մայրերին ու հայրերին, որ իրենց երեխաներին մանկասայլակներով էին բերել զօրահանդէսին, տեսայ տարիների կնճիռների տակից ժպտացող տատիկներին ու պապիկներին ու հասկացայ, որ Հայաստանը ե՛ս եմ:

Ու ամենատարօրինակն այն է, որ ես ինձ չեմ խաբում այն պատրանքով, որ Հայաստանը լաւ երկիր է: Ես քաջ տեղեակ եմ բոլոր այն խնդիրներից, որ գոյութիւն ունեն Հայաստանում: Ուղղակի հասկացայ, որ հայրենիքին պէտք է վերաբերուել հարազատի պէս: Չէ՞ որ մայրը կամ հայրը չի դադարում սիրել, ասենք, սխալներ գործած իր որդուն: Մի պահ պատկերացրի, որ Հայաստանը հիմա հիւանդ է ու խնամքի կարիք ունի, կարօտ է բարի խօսքի, բարի գործի, վճռակամութեան: Հասկացայ, որ խղճում եմ իմ երկրին, ու չեմ ուզում, որ իմ երկրից գնան բոլոր կրթուած, խելացի ու արժանապատիւ կեանքի արժանի մարդիկ:

Չգիտեմ` ինչքան կը տեւի այս զգացողութիւնս, բայց ուզում եմ, որ Հայաստանին այսպէս վերաբերուեն նաեւ Հայաստանը կառավարողները ու դադարեն մեզ հիասթափեցնելուց:

 

«Արմինիա Նաու»

Share this Article
CATEGORIES