ՀԻՒՐԱԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՀԱՅՐԵՆԻ ՆՈՒԱԳԱՎԱՐԸ Կ՛ԱՅՑԵԼԻ ՊԷՅՐՈՒԹ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ 20-ԱՄԵԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Հայաստանում, սփիւռքում ճանաչուած անուն է Ռուբէն Ասատրեանը: Ներկայումս` Հայաստանի ազգային ակադեմական օփերայի եւ պալէի թատրոնի նուագավար, նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախմբի նուագավար Ռուբէն Ասատրեանը տարիների մեծ եւ անուրանալի ներդրում ունի Հայաստանի երաժշտական մշակոյթի բնագաւառում: Տաղանդաւոր երաժիշտ լինելուց բացի, օժտուած լինելով նաեւ վառ կազմակերպչական ձիրքով, նա տակաւին ուսանողական տարիներից (աւարտել է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի ջութակի եւ նուագավարութեան բաժինները) ստեղծել է մի շարք համոյթներ, որոնց հետ հանդէս է եկել` կիրառելով իր զոյգ մասնագիտութիւնները:

Յատկապէս յիշարժան է նրա հիմնած «Ռենեսանս» համոյթը, որը հետագայում վերածուելով սենեկային նուագախմբի` զգալի դեր ունեցաւ դասական եւ արդի երաժշտութեան տարածման գործում: Նրա անխոնջ ջանադրութեամբ, 1994-ին վերակազմաւորուեց եւ նոր շունչ ստացաւ նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիք նուագախմբի մենակատարների համոյթը, որի բարձրամակարդակ ելոյթները զգալիօրէն աշխուժացրին այն տարիների Երեւանի երաժշտական-մշակութային կեանքը:

Ռուբէն Ասատրեանը բուռն ստեղծագործական կեանքին յաջողութեամբ համադրում է նաեւ մանկավարժական գործունէութիւնը` լինելով Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆեսէօր: Նրա մի շարք առաջատար սաների թւում է պէյրութահայ երիտասարդ, շնորհալի նուագավար եւ խմբավար Րաֆֆի Միքայէլեանը: Փայլուն մեկնաբանելով համաշխարհային եւ հայ սիմֆոնիք երաժշտութեան գլուխ գործոցները (Պեթհովենի, Շուպերթի, Պրամսի, Մալերի, Շոսթաքովիչի, Խաչատրեանի, Տէրտէրեանի եւ այլոց ստեղծագործութիւնները) Ռուբէն Ասատրեան  նուագավարը հիւրախաղերով հանդէս է եկել Լիբանանում, Միացեալ Նահանգներում, Ռուսաստանում, Արաբական Միացեալ Էմիրութիւններում եւ այլուր` մշտապէս արժանանալով հանդիսականի բուռն ծափողջոյնների եւ մասնագէտների բարձր գնահատանքի: Ինքնատիպ է Ռուբէն Ասատրեանի նուագավարման ոճը. այն գերում է ունկնդրին կատարողական վարպետութեամբ, երաժշտութեան խորքերը փիլիսոփայօրէն ներթափանցելու բացառիկ ձիրքով:

… Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի նախարարութեան, Լիբանանում Հայաստանի դեսպանատան եւ Լիբանանի մշակոյթի նախարարութեան նախաձեռնութեամբ կայանալու է Լիբանանի պետական սիմֆոնիք նուագախմբի համերգը, որը նուիրուած է Հայաստանի անկախութեան 20-ամեակին:

Այդ յիշարժան համերգը ղեկավարելու պատիւը ընձեռուած է Ռուբէն Ասատրեանին: Ծրագրում կը հնչեն Արամ Խաչատրեանի «Ջութակի կոնցերտը» (մենակատար` Անուշ Նիկողոսեան), Խաչատուր Աւետիսեանի «Քանոնի կոնցերտը» (մենակատար` Կարինէ Յովհաննիսեան) եւ հատուածներ Գրիգոր Եղիազարեանի «Սեւան» պալէից: Մենակատարները նոյնպէս Հայաստանի երաժշտական կատարողական բնագաւառի աչքի ընկնող ներկայացուցիչներ են:

«Ես արդէն հինգ անգամ հիւրախաղերով եղել եմ Լիբանանում, սա իմ վեցերորդ այցելութիւնն է Պէյրութ, որի համար ես անչափ երջանիկ եմ: Ես մեծապէս գնահատում եմ այն չափազանց կարեւոր եւ անուրանալի փաստը, որ լինելով համայն սփիւռքի գրեթէ ամենահայապահպան, ազգային ոգին պահող համայնք` լիբանանահայերը զգալի տեղ են յատկացնում մշակոյթին: Չեմ կարող չյիշատակել նաեւ այն կարեւոր պատմական եղելութիւնը, որ Լիբանանը այն երկիրն է, որը 1915 թուականի եղերական դէպքերից յետոյ մարդասիրաբար եւ հիւրընկալօրէն բացեց իր դռները մազապուրծ եղած իմ հայրենակիցների առջեւ: Ես իմ հոգու երախտիքն եմ յայտնում Լիբանան երկրին եւ միշտ սիրով եմ այցելում Լիբանան ու վերադառնում իմ Երեւան, Պէյրութից բերած իմ ջերմ յուշերով», ասում է Ռուբէն Ասատրեանը:

Մեզ մնում է մաղթել առաջիկայ համերգին` եւս մի հոգեհաճոյ հանդիպում հայրենի նուագավար Ռուբէն Ասատրեանի եւ Պէյրութի երաժշտասէր հանրութեան միջեւ:

 

Երեւան

 

Share this Article
CATEGORIES