ԹՈՒՐՔԻԱ-ԻՍՐԱՅԷԼ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ` ՄԻ ԱՅԼ ԴԻՏԱՆԿԻՒՆԻՑ
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Թուրքիան վերջերս հակաիսրայէլեան դիրք է ընդունել եւ թշնամաբար է վերաբերւում իր հին ընկերոջ հետ ու իբր թէ պատրուակն էլ այն է, որ Իսրայէլը ներողութիւն չի խնդրել Թուրքիայից անցեալ տարի (2010 մայիսին) Միջերկրականի ջրերում կազային օգնութիւն տանող «Մաւի Մարմարա» նաւի վրայ յարձակուելու պատճառով. այդ դէպքի ընթացքում սպաննուեցին ինը թուրք գործիչներ: Թուրքիան պնդում է, որ Իսրայէլը այդ դէպքի համար պէտք է ներողութիւն խնդրի Թուրքիայից եւ հատուցում տայ սպաննուածների ընտանիքներին:
* * *
Թուրքիայի հակաիսրայէլեան ընթացքից զատ, հետաքրքիր է իմանալ, որ այս երկու երկրներում կան շատ նմանութիւններ եւ երկու երկրների ներկայ իշխող կուսակցութիւններն ու նաեւ հասարակութիւնները բաւական նման ճանապարհներով են անցել…
* * *
Նոր Թուրքիայի կամ, այսպէս ասած, Թուրքիայի Հանրապետութեան հիմնադիր Քեմալ Աթաթուրքը եւ Իսրայէլի հիմնադիր վարչապետ Տաւիտ Պեն Կուրիոնը որոշ նմանութիւններ ունեն իրար հետ: Երկուսն էլ փորձեցին հիմնել մի երկիր կամ արդիական հասարակութիւն, որտեղ կրօնն ու առանձին ազգային ձգտումները տեղ չունէին, մի հասարակութիւն, որի լեզուն ու մշակոյթը լինեն միատարր: Թուրքիայում անտեսուեցին ազգային փոքրամասնութիւնները, գլխաւորաբար քիւրտերը, Իսկ Իսրայէլում նոյն վերաբերմունքը եղաւ մարոքցիների, եմէնցիների եւ արաբների պարագայում (Հետաքրքիր է նաեւ իմանալ, որ Պեն Կուրիոնը սովորել էր իրաւաբանութիւն` Պոլսում): Մի խօսքով` երկու երկրներում էլ լուսանցքում թողնուեցին կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների ձգտումները:
1977 թւականին Իսրայէլում գործի գլուխ անցաւ «Լիքուտ» կուսակցութիւնը (որը երբեմն չյաջողեց ընտրութիւններում, բայց հիմա էլ դեռ գործի գլուխ է), եւ Իսրայէլի ներկայ վարչապետ Պենիամին Նաթանիահուն պատկանում է այդ կուսակցութեան: Իսկ 2002 թուականին Թուրքիայում իշխանութիւնը ստանձնեց Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը (ԱԲԿ) եւ ներկայ վարչապետ Ռեճեփ Թայիպ Էրտողանը պատկանում է այդ կուսակցութեանը:
Ներկայում երկու երկրների իշխող կուսակցութիւնների` «Լիքուտ»ի եւ ԱԲԿ-ի աշխարհայեացքների շնորհիւ` թէ՛ Իսրայէլում, եւ թէ՛ Թուրքիայում կրօնա-ազգային գաղափարաբանութիւնը աւելի ուժեղացել է` հակառակ նախկինի, եւ սեկուլարները (աշխարհիկները. Ա.) կամ այն խաւը, որ հաւատացած էր, որ կրօնը եւ քաղաքականութիւնը պէտք է անջատուեն իրարից, այժմ շատ դերակատար ուժ չեն ներկայացնում թէ՛ Թուրքիայում եւ թէ՛ Իսրայէլում:
Երկու երկրների վարչապետները այժմ հովանաւորւում են կրօնական խաւերի կողմից եւս:
* * *
Արեւմուտքի եւ Ամերիկայի այս երկու ոչ արաբ դաշնակից երկրները ժամանակի ընթացքում (1948 թուականից, երբ հիմնուեց Իսրայէլի պետութիւնը) ջերմ եւ ռազմավարական կապեր են հաստատել միմեանց հետ` թէ՛ առեւտրի, թէ՛ զինուորական եւ թէ՛ զբօսաշրջութեան բնագաւառներում:
Թուրքիան եւ Իսրայէլը վաթսուն տարուց աւելի ունեցած այս յարաբերութիւնների մէջ ունեցել են վերիվայրումներ եւ նուազել են նրանց դիւանագիտական կապերը, սակայն միշտ Արեւմուտքի ու Ամերիկայի միջնորդութեամբ հաւասարակշռուել են այդ յարաբերութիւնները: Միւս կողմից էլ` Թուրքիան, երբ նուազեցրել է իր յարաբերութիւնները Իսրայէլի հետ, փոխարէնը` մի կերպ փորձել է գոհունակութիւն ձեռք բերել Ամերիկայից եւ հակառակը` Ամերիկան էլ փորձել է գոհացնել Թուրքիային. վերջերս Ամերիկայի կողմից պատրաստուած եւ ՕԹԱՆ-ի հակահրթիռային ռատարների համակարգի տեղադրումը Թուրքիայում նաեւ կարելի է դիտել այս տեսանկիւնից: Այդ ռատարների համակարգի գոյութիւնը` Թուրքիայում, նաեւ Իսրայէլի շահին է:
* * *
Այս բոլորի կողքին պէտք է աւելացնել մի կարեւոր այլ հարց, որ Թուրքիան ծրագրել է տարածաշրջանում դառնալ դերակատար եւ ազդեցիկ ուժ: Արաբական աշխարհում ազդեցիկ դառնալու ձեւերից մէկն է հակաիսրայէլեան դիրք ընդունելը, սակայն կարեւոր հարցն այն է, թէ Թուրքիան, որ Ամերիկայի քաղաքականութիւնների լրացնողն է Միջին Արեւելքում եւ փորձում է նաեւ Եւրոմիութեան անդամ դառնալ ու ՕԹԱՆ-ի անդամ մի երկիր է, ինչքանով կարող է ընդդիմանալ Իսրայէլին. բոլորն էլ գիտեն, որ Իսրայէլին դէմ լինել` կը նշանակէ հակառակուել Ամերիկային եւ Եւրոպային:
«Ալիք»

