ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Ինչպէս Օսմանեան կայսրութիւնում, այնպէս էլ Թուրքիայի Հանրապետութիւնում ներքին քաղաքականութեան մէջ ազգային ուղղուածութիւնը միշտ էլ կարեւոր տեղ է զբաղեցրել: Միեւնոյն ժամանակ յարկ է նկատել, որ թուրքական  ազգային քաղաքականութիւնը սուր եւ յարձակողապաշտ  բնոյթ է ստացել յատկապէս այն պատճառով, որ պետական քաղաքականութեան գերնպատակը եւ առարկայական իրականութիւնը լրջօրէն հակասում են իրար: Այսպէս, Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի նման բազմազգ պետութիւններում նպատակ էր դրուած ստեղծել միատարր թուրք-մուսուլմանական հասարակութիւն, որին հասնելու համար ընտրուած էր առանձին ազգերի ուծացման եւ բնաջնջման ճանապարհը:

Թուրքիայի Հանրապետութեան ազգային քաղաքականութիւնը հէնց սկզբից ընդունեց յարձակողապաշտ բնոյթ, եւ դա ամենացայտուն կերպով արտացոլուեց Հայոց ցեղասպանութիւնն իրագործելու հարցում թուրքերի նախկին դաշնակիցների` քրտերի պարագայում: Այսպէս, յայտնի է, որ թուրքական հանրապետութիւնում երկար տասնամեակներ չէր ընդունւում անգամ քիւրտ ազգի, քրտերէն լեզուի գոյութեան հարցը: Հետագայում, քրտական հարցի սրուելուն զուգընթաց, որոշակի փոփոխութիւնների եւ վերաձեւակերպումների ենթարկուեց նաեւ պետութեան քաղաքականութիւնը:

2002թ. իշխանութեան եկած Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը քրտերի նկատմամբ վարում է ուժերի պառակտման, ջլատման քաղաքականութիւն: Թուրքական իշխանութիւններին յաջողուել է որոշակի սեպ խրել քրտական տարբեր շրջանակների միջեւ: Մասնաւորապէս, Թուրքիայում զինեալ քրտերը բաժանուած են երկու ճամբարի` իշխանամէտներ («քորուճու» անուամբ) եւ ընդդիմադիրներ` ի դէմս Քրտական աշխատաւորական կուսակցութեան: Աւելորդ չէ նկատել, որ այս հարցում եւս թուրքական քարոզչամեքենան փորձում է օգտագործել հասարակութեան մէջ առկայ հակահայկական տրամադրութիւնները, եւ ժամանակ առ ժամանակ թուրք ամենատարբեր գործիչներ հանդէս են գալիս յայտարարութիւններով, որ իբրեւ թէ Քրտական աշխատաւորական կուսակցութիւնը հայկական կազմակերպութիւն է:

Բացի այդ, այսօր Թուրքիայի քաղաքական դաշտում գոյութիւն ունեն իշխանամէտ ու ընդդիմադիր քուրտ քաղաքական գործիչներ, որոնք տարբեր հարցերի շուրջ ունեն, երբեմն, հակասական մօտեցումներ: Թուրքիայի պետական կառավարման համակարգում իշխող կուսակցութեան կողմից քրտերի ներառումը, տնտեսական ոլորտում որոշ արտօնութիւնների տրամադրումը էլ աւելի մեծ թուով քրտերի է բերել դէպի իշխանական դաշտ: Աւելորդ չէ նկատել նաեւ, որ իշխող կուսակցութեան խորհրդարանական խմբակցութիւնում ընդգրկուած երեսփոխանների մօտ 30 տոկոսը նոյնպէս քրտեր են, իսկ Թուրքիայի արեւելեան շրջաններում Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան տարածքային ղեկավարների շարքում տեղ են զբաղեցնում քրտերը: Այս եւ նմանատիպ այլ քայլերով թուրքական իշխանութիւններին յաջողուել է որոշակի ջլատում մտցնել քրտական հասարակութիւնում:

Վերջին շրջանում թուրքական իշխանութիւնների, յատկապէս երկրի արեւելեան, առաւել քրտաբնակ շրջաններում վարած էթնոքաղաքականութեան մէջ նկատւում են նոր, հետաքրքիր եւ միեւնոյն ժամանակ վտանգաւոր միտումներ:

Այսպէս, քրտական պահանջատիրութեան կարեւոր կռուաններից է համարւում այն, որ Թուրքիայի արեւելեան որոշ շրջաններում նրանք կազմում են բացարձակ մեծամասնութիւն եւ, ըստ էութեան, այդ շրջանները միատարր, այն է` քրտական են: Ի հարկէ, այս վիճակը ստեղծուել է օսմանեան իշխանութիւնների վարած ցեղասպանական քաղաքականութեան հետեւանքով, երբ այդ տարածքի բնիկները` հայերը, բնաջնջուեցին կամ ուծացուեցին: Ներկայումս, սակայն, թուրքական իշխանութիւնները փորձում են կասկածի տակ դնել այդ տարածքների «միատարր քրտական» լինելը եւ այդ նպատակին հասնելու համար ձգտում են օգտագործել բռնի իսլամացուած հայերի հանգամանքը:

Արդէն որոշ ժամանակ է, ինչ թուրքական մամուլում թուրք պաշտօնական պատմաբանների կողմից շրջանառւում է այն միտքը, թէ Թուրքիայի արեւելեան շրջաններում կան բազմաթիւ կրօնափոխ հայեր: Անշուշտ, այս փաստը թուրքական որոշակի կառոյցներին յայտնի էր վաղուց, եւ նրանք ամէն կերպ ձգտել են վերահսկել ու վերջնական ուծացման հասցնել հայութեան այդ բեկորներին: Չհասնելով լիակատար յաջողութեան այս հարցում` թուրքական իշխանութիւնները ներկայումս փորձում են այդ իրողութիւնից օգուտներ քաղել: Մասնաւորապէս` այս պարունակում պէտք է դիտել այն երեւոյթը, որ թուրքական իշխանութիւնների առնուազն լուռ համաձայնութեան պայմաններում տեղի են ունենում պատմական Հայաստանի տարբեր վայրերում բնակուող բռնի կրօնափոխ հայութեան ինքնակազմակերպման, աշխուժացման փորձեր (օրինակ` Տերսիմի պարագայում): Սա մեզ համար իրականում ուրախալի զարգացում է, սակայն յարկ է դիտարկել նաեւ այս խնդրի միւս բաղադրիչները:

Աշխուժացնելով պատմական Հայաստանում գոյատեւած հայութեան բեկորների թեման` թուրքական իշխանութիւնները փորձում են դա եւս ծառայեցնել այն նպատակին, որ այդ շրջանները «միատարր քրտական» չեն եւ կան նաեւ այլ ազգային խմբեր: Կարծում եմ, որ այս նոյն հարցի համատեքստում որոշակի տեղ կարող են ունենալ նաեւ հայկական եկեղեցիների վերանորոգման փորձերը: Այս ամէնը կարող է նաեւ լարում մտցնել քրտերի եւ կրօնափոխ հայերի յարաբերութիւններում եւ յանգեցնել անկանխատեսելի հետեւանքների, քանի որ քրտերը, միգուցէ, սկսեն նրանց դիտել իբրեւ մրցակիցներ:

Այս պահին, սակայն, պէտք է նկատել, որ հայկական ներկայութեան վերազարթօնքի աննշան փորձերը դրական են գնահատւում եւ, երբեմն, նաեւ քաջալերւում են քրտական միջավայրում եւս, սակայն յարկ է նաեւ հաշուի առնել հաւանական վտանգաւոր զարգացումները:

Շարունակելով ազգային քաղաքականութեան արդի միտումների վերլուծութիւնը` պէտք է նկատենք, որ թուրքական իշխանութիւնները Պոլսում եւ այլուր հայկական ներկայութիւնն էլ փորձում են հաւասարակշռել եւ սահմանափակել ասորական գործօնով: Թուրքական իշխանութիւնները ձգտում են որոշակի ուղղորդումներ կատարել քանակային առումով երկրորդ քրիստոնեայ համայնքի` ասորիների եւ հայերի յարաբերութիւններում: Մասնաւորապէս առեւտրի եւ արհեստների որոշ ճիւղերում հայ-ասորական լուռ մրցակցութիւնը յանգեցրել է նրան, որ այսօր Պոլսում ոսկերչութեան եւ արծաթագործութեան ոլորտից հայերն աստիճանաբար դուրս են մղւում եւ նրանց տեղը զբաղեցնում են ասորիները: Թուրքական պետութեան վերաբերմունքի վերջին խօսուն օրինակ կարող ենք համարել այն, որ պաշտօնապէս 7000 հոգի հաշւուող ասորական համայնքից խորհրդարանական ընտրութիւններում ընտրուեց մէկ երեսփոխան, իսկ շուրջ 60 հազարանոց հայ համայնքին, ըստ էութեան, դա չյաջողուեց կամ չարտօնուեց:

Ամփոփելով` կարող ենք նշել, որ առկայ փաստերը թոյլ են տալիս պնդել, որ այսօր թուրքական ազգային քաղաքականութեան հիմնական միտումներից պէտք է համարել տարբեր ազգային խմբերի շահերը միմեանց հակադրելու միջոցով հաւասարակշռութիւն պահելու ձգտումը: Թուրքիայի վարած ազգային քաղաքականութեան խնդիրների մասին վերջերս արտայայտուեց նաեւ նախագահ Ապտիւլլա Կիւլը. «Ազգային, մշակութային եւ կրօնական տարբերութիւնները կարող են հասարակութեան պառակտման եւ լարուածութեան պատճառ դառնալ, սակայն պետութիւնը պէտք է ընդունակ լինի ղեկավարել իրավիճակը»:

Այսպիսով, կարող ենք ասել, որ ազգային ուղղուածութիւնը շարունակում է կարեւոր տեղ զբաղեցնել թուրքական ներքին քաղաքականութեան մէջ, եւ նկատուող նոր միտումները երբեմն արտաքուստ թողնում են դրական տպաւորութիւն, բայց միեւնոյն ժամանակ չպէտք է բացառել դրանցում առկայ որոգայթներն ու վտանգները:

«Նորավանք»

Share this Article
CATEGORIES