ԳԷՈՐԳ ՎԱՐԴԱՆ. ԹՈՒՐՔԻԱՆ ԹՈՂ ԶԲԱՂՈՒԻ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿՈՎ…»

Թուականիս սեպտեմբերի 28-ին Իրանի խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան երեսփոխան Գէորգ Վարդանեանը, ելոյթ ունենալով` խօսել է տարածաշրջանում զարգացող քաղաքական անցուդարձերում Թուրքիայի արկածախնդրութեան, ինչպէս նաեւ իրանահայութեան առկայ խնդիրների շուրջ, ինչպիսիք են` հայկական դպրոցների տնօրինումն ու փոքրամասնութիւնների ժառանգութեան հետ կապուած օրինագիծը:

 

Նշենք նաեւ, որ ճառն իր պարսկերէն տարբերակով շուտով ամբողջութեամբ լոյս կը տեսնի թերթիս էջերում:

«Իրանահայութիւնը, իր ողջ պատմութեան ընթացքում ցուցաբերած իր յանձնառութեամբ,  միշտ եղել է պատրաստ` պաշտպանելու Իրանի ամբողջականութիւնն ու ազգային շահերը, ինչով էլ փոխադարձ յարգանքի արժանանալով եւ վաստակելով հաւասար իրաւունքներ` յաջողել է կառուցել իր ապագայի ուրուագծերը:

Ահա թէ ինչո՛ւ իրանահայերը սահմանադրութեամբ հաստատուած իրաւունքների իրականացման համար օտարների միջամտութեան եւ օգնութեան կարիքը չեն զգում:

Եւ այսպէս, ժողովուրդներն ու ժողովրդական շարժումները պետութիւններին մղում են` նոյնպէս աշխատելու: Իսկ այդ աշխուժացումը արժանանում է  իշխանութիւնների հակազդեցութեան, ըստ աշխարհագրութեան` ինչը ջրի երես է հանում նաեւ մինչ այդ նրանց ցուցաբերած կեղծ կեցուածքը:

Թուրքիայի կառավարութիւնը նոյնպէս վերջին տարիներում ներկայանալով որպէս կրօնական հակումներով իշխանութիւն, յանկարծ հակառակ ուղղութեամբ մղուելով, բոլոր այլ ժողովուրդներին աշխարհիկ իշխանութիւն ստեղծելու կոչ անելով` իրեն թոյլ է տալիս հանդէս գալ որպէս տարածաշրջանում առաջադէմ երկիր»:

Գէորգ Վարդանեանը աւելացնում է. «Աւելի լաւ կը լինի, եթէ Թուրքիան միւս ժողովուրդներին ուղղութիւններ տալու փոխարէն` փորձի իր իսկ սահմանադրութիւնը բարելաւել եւ զբաղուի սեփական երկրի առանց այդ էլ անապահով վիճակով: Հայ ժողովուրդը օսմանեան Թուրքիայի իշխանաւորներին վստահելու ցաւը ճաշակել է` վճարելով իր ժողովրդի մէկուկէս միլիոն զոհերով, որոնք 1915 թուականին իրականացուած Մեծ եղեռնի զոհ գնացին: Անմեղ ժողովուրդ, որը զոհ գնաց միայն ու միայն հայ լինելու պատճառով:

Նման աղէտներից խուսափելու համար աւելի լաւ կը լինի, եթէ արեւմտեան ժողովրդավարութիւն քարոզող պետութիւնները առաջինը հէնց Թուրքիային մղեն սեփական պատմութիւնն ընդունելու եւ այն փոխհատուցելու ուղղութեամբ:

Գէորգ Վարդանեանը իր խօսքում անդրադառնալով Իրանում հայկական դպրոցների հարցերին` ասել է. «Ցաւօք, որոշ ուսումնական տնօրինման քաղաքամասերում դեռ դժուարութիւններ կան` կապուած հայկական ազգային դպրոցներում հայ տնօրէններ նշանակելու գործի հետ, ինչը կարող է նաեւ բացասաբար անդրադառնալ հայ աշակերտների կրթադաստիարակչութեան վրայ»:

Նա աւելացնում է. «Իսկ միւս կողմից` տասնեակ հայ ուսուցիչներ, որոնք աշխատում են հայկական դպրոցներում, պաշտօնական գրանցում չունեն կրթադաստիարակչական համակարգում, ինչի գծով հարցը հայ երեսփոխանների կողմից ընթացքի մէջ է պահւում արդէն քանի տարի, սակայն, ցաւօք, մինչ օրս ոչ մի դրական արդիւնք չի գրանցուել: Այս կապակցութեամբ լուծումը տեսնում ենք հանրապետութեան նախագահի եւ պատկան պատասխանատուների բարձր հովանաւորութեան առկայութեամբ»:

Հիւսիսային իրանահայութեան երեսփոխանը դիմելով Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Լարիճանիին, շնորհակալութեան խօսք ուղղելով նրա «Ալիք»-ի 80-ամեակի առիթով յղած շնորհաւորանքի կապակցութեամբ, նաեւ իր զարմանքն է յայտնել ժառանգութեան հարցով թիւ 881 բանաձեւը արդէն իսկ վեցամեայ անորոշ վիճակում մնալու գծով, ինչը դեռ չի անցել իր հաստատման փուլը:

«ԱԼԻՔ»

 

 

 

Share this Article
CATEGORIES