ՀԱՅՈՑ ՋՈՒՐԸ. ԳԵՏՆ ՈՒ ԼԻՃԸ ՀԱՅԻ ՀԱՄԱՐ ՊԱՇՏԱՄՈՒՆՔ ԵՆ ԵՂԵԼ

Հայկական լեռնաշխարհը հարուստ է ջրային պաշարներով. այն համարւում է ինքնատիպ  ջրագրական հանգոյց, որտեղից սկիզբ են առնում Առաջաւոր Ասիայի չորս խոշոր գետերը` Եփրատը, Տիգրիսը, Արաքսը (հայոց մայր գետը)  եւ Ճորոխը, որոնք աւանդաբար համարւում են դրախտի գետեր:

Հնում հայերը լաւագոյնս են օգտագործել Աստծոյ կողմից իրենց տրուած հարստութիւնը` գետային, աւելի ճիշդ` ջրային ուղիները` առեւտուր   կատարելով եւ հաղորդակցուելով տարբեր երկրների հետ: Յատկապէս Եփրատով հայերն ինքնաշէն նաւերով ապրանք են փոխադրել եւ վաճառել Բաբելոնում: Հին Հայաստանի գետերն ու լճերը յաճախ եղել են նրա շրջակայքի բնակչութեան  հիմնական աղբիւրներից մէկը:

Հայկական գետերի ու լճերի մի զգալի մասն այսօր ներկայ Հայաստանի տարածքում  չէ. ջրաշխարհը նոյնպէս զոհ է գնացել պատմական իրադարձութիւններին. հասարակագէտները դա անուանում են ջրային մշակոյթի կորուստ:

Բայցեւայնպէս, Հայաստանն այսօր համարւում է գետերով հարուստ երկիր: Մեր հայրենիքի  գետերի ընդհանուր ցանցի երկարութիւնը 180 հազար քիլոմեթր է:  Հայաստանում կայ 9479 մեծ ու փոքր գետ ու գետակ. նրանց մեծ մասը թաքնուած է գողտրիկ լեռնային բնութեան  մէջ, նրանք զարդարում են Հայաստանի բնութիւնը:  Ամենաերկար գետը Արաքսն է, իսկ վերջերս ուսումնասիրութիւն է կատարուել, որի արդիւնքում պարզուել է, որ  Հայաստանի ամենամաքուր գետը Քասախն է:  Մեր գետերն ունեն հրաշալի անուններ` Աղստեւ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Սեւ ջուր, Մեղրի, Փամբակ, Ձորագետ, Դեբետ, Ախուրեան, Քասախ, Մասրիկ, Վարդենիս, Ձկնագետ, Արչիգի, Գաւառագետ…  Այս անուններից իւրաքանչիւրի մէջ զետեղուած է հայոց պատմութիւնից մի դրուագ. գետերն ու լճերը իրենց մէջ նոյնպէս կրել են հայոց անցեալը` յաճախ մասնակիցը դառնալով յաղթանակներին:

Գետերը նաեւ տնտեսական աղբիւր են եղել եւ այսօր էլ ե՛ն հայերի համար:  Հնում հայերը գետերի ջուրն օգտագործելու պարզունակ ձեւ էին գտել` նրանց վրայ կառուցել են ջրաղացներ, որոնցից  մի մասը գործում է նաեւ այսօր:

Համեմատաբար քիչ է հայոց բնաշխարհի լճերի թիւը: Բացի Սեւանայ գեղեցկուհուց, որը նաեւ կոչւում է «Կովկասի մարգարիտ», հայոց բնաշխարհի զարդն են նաեւ` Քարի, Այգեր, Պարզ, Լեսսինկ, Ակնա, Կապուտան եւ այլ լճեր: Լճերի մեծ մասը սակաւաջուր է: Սակայն փոխարէնը Հայաստանը հարուստ է յատկապէս խմելու ջրի պաշարներով, ինչը պայմանաւորուած է տարածքի երկրակեղեւի հրաբխային ծագմամբ:  Բազմաթիւ են բնական աղբիւրները, որոնց ելքը երբեմն հասնում է երկվայրկեանը մինչեւ 2000 լիթրի:

Հայաստանի բնակչութիւնը, ի պարբերութիւն բազմաթիւ երկրների,  խմում է բարձր որակի աղբիւրի ջուր…  Սակայն ջուրը, ինչպէս եւ բնական այլ պաշարներ, այսօր  համաշխարհային տաքացման եւ բնապահպանական այլ աղէտների պատճառով գտնւում են սպառուելու վտանգի առջեւ:  Գիտնականները ուսումնասիրութիւնից յետոյ յանգել են այն եզրակացութեան, որ 2030-2040 թուականներին Հայաստանը կանգնելու է ջրային մեծ հիմնախնդրի առջեւ: Դա մի սարսափ է, որ բնապահպանական սխալ կառավարման պատճառով սպառնում է ողջ տարածաշրջանին: Մինչ այդ անհրաժեշտ է սրբօրէն մօտենալ մեր հայրենիքի պաշարներին, ջրի ամէն մէկ կաթիլը, բնական աղբիւրները, լճերն ու գետերը օգտագործել ճշգրտօրէն եւ երկիւղածութեամբ:

Հայ ժողովրդի համար ջուրը միշտ էլ եղել է աստուածային պարգեւ, նա աստուածացրել է ջուրը` նրա մասին ստեղծելով առասպելներ,  զրոյցներ, առածներ ու ասոյթներ:  Ջրի թեման խորհրդանշական կերպով  ամենաշատն արտայայտուած է հայոց ազգային դիւցազնավէպում` «Սասունցի Դաւթում»:

Թերեւս  հնագոյն մարդիկ աւելի լաւ են գիտակցել, որ ջուրը կեանքի սկզբնաղբիւրն է, առանց որի` հնարաւոր չէ ապրել: Այն համարւում է մաքրութեան եւ պտղաբերութեան խորհրդանիշը: Կեանքի ծագման բոլոր յայտնի առասպելներում կեանքը ծագել է ջրից: Դարեր առաջ, երբ մարդիկ փոխադարձ յարգանքն աւելի թանկ էին գնահատում, քան ոսկին, աղբիւրների վրայ գրում էին. «Ճամբորդ, կանգնիր եւ խոնարհուիր»: Մեր մեծ հայրերը իրենց օրհնանքների մէջ ասում էին` «Կեանքդ ջրի նման երկարի»: Ժամանակակից մարդը շատ է տարբերւում հնագոյն մարդուց, տարբերւում է նաեւ նրանով, որ  նոյն խորութեամբ չի գիտակցում այն, ինչ ժամանակին գիտակցել են իր նախահայրերը, խօսքն այս դէպքում ջրի մասին է:

Աղբիւրի  ջուրը հնում համարուել է կենարար. այն երիտասարդներին ուժ է տուել, ծերերին վերադարձրել է առողջութիւնը, կանանց տուել է գեղեցկութիւն եւ սէր:

ՋՈՒՐԸ ԱՄԵՆԱԶԱՐՄԱՆԱԼԻ ԵՐԵՒՈՅԹՆԵՐԻՑ Է

Ամէն օր մարդու կեանքում օգտագործուող ջրի վերաբերեալ ուսումնասիրութիւններ կատարելով` գիտնականները պարզել են, որ ջուրն ամենազարմանալի նիւթն է բնութեան մէջ: Ահա մի քանի հետաքրքիր փաստ` ջրի մասին.

Ովկիանոսների սառցէ շերտից ներքեւ թափանցում է արեւի լոյսի ընդամէնը 2 տոկոսը: Հետաքրքիր է, որ ջուրը անդրադարձնում է լոյսի 5 տոկոսը, իսկ ձիւնը` 85 տոկոսը:

Մարդու օրկանիզմի համար վնասակար նիւթերը մարմնից դուրս են գալիս ջրի միջոցով: Բացի այդ, ջուրը կատարում է յօդերի, մկանների մեխանիկական շարժումների ապահովիչի դերը:

Մարդու օրկանիզմի 70 տոկոսը կազմուած  է ջրից, որ մասնակցում է օրկանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Իսկ նորածին երեխայի մարմնի 90 տոկոսն է ջուր:

Մաքուր ջուրը չունի համ կամ հոտ եւ բացարձակապէս անգոյն է:

Երկրագնդի ջրի միայն 3 տոկոսն է խմելու: Ընդ որում` այդ պաշարների մեծ մասը գոյութիւն ունի սառցաբեկորների տեսքով:

Ամէն օր մարդու օրկանիզմ է թափանցում  մէկ ու կէսից  երկու ու կէս լիթր  ջուր, ոչ միայն խմելու, այլ նաեւ` ուտելիքի միջոցով:

Առանց սննդի մարդը կարող է ապրել երկու ամիս, իսկ առանց ջրի` հինգ օրից ոչ աւելի:

Ջուրը կարող է գտնուել 135 վիճակներում, իսկ սառոյցը` մինչեւ 200:

Ջուրը միակ նիւթն է բնութեան մէջ, որ հանդիպում է միանգամից երեք վիճակներում` հեղուկ, պինդ եւ կազային:

Այն բոլոր հեղուկները, որ մարդն օգտագործում է (հիւթերից  մինչեւ վառելանիւթ) ջրի տարբեր համաձուլուածքների լուծոյթներ են: Ընդհանրապէս ջրի մէջ պարունակւում են  Մենտելէեւի Պարբերական համակարգի գրեթէ բոլոր քիմիական տարրերը:

Ջուրը ամենահզօր լուծիչն է բնութեան մէջ:

Ջուրը ելեկտրոլիտ է: Ջրի շնորհիւ` մարդու օրկանիզմում ուժանիւթը մղւում է տարբեր օրկաններ:

Հաստատուել է, որ  ընկճուածութիւնն ու յոգնածութիւնը օրկանիզմում ջրի անբաւարար քանակութեան հետեւանք են: Մի քանի բաժակ ջուրը կարող է օգնել` կարգաւորելու իրավիճակը:

Ողջ աշխարհում միայն Նեղոս գետն է սկիզբ առնում հասարակածային գօտում եւ հոսում դէպի բարեխառն կլիմայի գօտի: Անհասկանալի պատճառով մնացած բոլոր գետերը հոսում են հակառակ ուղղութեամբ:

Ջրի այն քանակութիւնը, որ գոյութիւն ունէր մի քանի հազար տարի առաջ, մինչեւ հիմա էլ գոյութիւն ունի Երկրագնդի վրայ: Ուղղակի ջուրն այն իւրայատուկ նիւթն է, որ կարող է ինքնամաքրուել` մի ֆիզիքական վիճակից միւսին անցնելով (օրինակ` սառոյցի հալուելու կամ ջրի գոլորշիանալու միջոցով): Ջուրը շատ զօրաւոր ուժ ունի: Նոյնիսկ մի կաթիլը կարող է քար ծակել: Իսկ ահա պարզուել է, որ եթէ ջրի 9 կաթիլ 9 մեթր բարձրութիւնից կաթի մարդու գլխի միեւնոյն հատուածին, ապա այդ մարդն ուղեղի ցնցում կը ստանայ:

Ջրի մէջ կայ կենսաբանական յիշողութիւն: Պարզուել է, որ ջուրը ընդունակ է ինքնուրոյն լինելու եւ որոշումներ կայացնելու: Ջուրը, ինչպէս եւ լոյսը, կենդանի տեղեկատուութիւն  է կրում եւ փոխանցում:

Այս տարի աշխարհը ջրի միջազգային օրը նշելու է արդէն 18-րդ անգամ:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

Share this Article
CATEGORIES