ՃԻՒՂԵՐ – ՏԵՐԵՒՆԵՐ

Այլակերպ արարածը մօտեցաւ ինձ ու գլուխ տուեց.

– Հրամայի՛ր, պանդո՛ւխտ եղբայր եւ ես ապահովապէս քեզ կը հասցնեմ քո երկիրը, միայն թէ ինձ չասես` միջնո՛րդ եղիր առեւտրական գործերում: Այդ մէկը չեմ կարող: Ինձ այդ յատկութիւնը տրուած չէ:

– Ինչպէս,- զարմացած ձեւացայ ես,- հայ լինես, լինես անեցի եւ հմուտ չլինես առ ու վաճառքի մէ՞ջ… Դա զարմանալի է… Յոյներն իրենց պալատում հէնց միայն խօսում են, որ հայը միայն վաճառական լինելու համար է ստեղծուած:

– Դու գնա, նրանց ասա՛, պանդուխտ եղբայր, որ այսպէս թէ այնպէս բնատուր նախանձը նրանց հանգիստ չի տալու: Եթէ հայերը Չինաստանից, Հնդկաստանից չբերէին նրանց պալատներն ու եկեղեցիները զարդարող ջահերը, իրենց ոսկիները վատնած չէին լինի դրանք  ձեռք բերելու վրայ, բայց այս անգամ էլ նրանց կը կրծէր այն միտքը, թէ ոսկի ունեն, բայց հնդկական կամ չինական ջահ չունեն… որովհետեւ նրանց վաճառականների փափուկ յետոյքները հեռաւոր ճամբորդութիւնների համար չեն: Ու բացի այդ, դու նրանց հարցրու, պանդո՛ւխտ եղբայր, եթէ հայերը միայն վաճառականութեան մէջ են հմուտ, հապա երեւի թէ իրենց ճարտար մարդի՞կ են գալիս, կառուցում մեր քաղաքները, մեր կամուրջները: Դարձեալ, երբ հմուտ վարպետի կարիք են ունենում, աչքները յառում են Հայաստանի կողմը, եթէ հարկ է լինում իրենց ժողովրդի պատմութեան մասին մի բան ճշդել, դիմում են հայ եւ արաբ իմաստասէրներին: Եւ որքան վատ է մի ժողովրդի մէջ միայն մի արուեստ տեսնելը: Ինչի՞ նմանի կը լինէր, եթէ մենք էլ իրենց մասին մտածէինք, թէ միայն լաւ ներքինիներ են կամ լաւ դահիճներ…

– Իսկ Աստծոյ հետ ինչպէ՞ս են գործերդ…

– Ես Նրա կարիքը չունեմ,- միանգամից վրայ բերեց նա:- Հարկ չկայ ականջները փակելու, երբ նման խօսքեր ես լսում,- ասաց Յակոբը, դա քեզ վնաս չի տայ: Եթէ Աստուած պատժի, ինձ է պատժելու: Իսկ դու, աւելի լաւ է, վիճես ինձ հետ: Աստուած դրա համար քեզ կը վարձատրի:

– Մի՞թէ չունես Նրա կարիքը,- ասացի ես:

– Չունեմ, պանդուխտ եղբայր: Համաձայն եմ, որ Նա է ստեղծել ինձ եւ ամբողջ տիեզերքը, բայց եթէ դրանից յետոյ ինձ թողել է ճակատագրի յոյսին, ապա ես էլ իմ հերթին չեմ ուզում մտածել Նրա մասին: Եթէ հարցը դրուի այսպէս` դու ո՞ւմ կողմը կը բռնես` մարդո՞ւ, որը փորձում է անել այն, ինչ վեր է իր ուժերից, թէ՞ Աստծոյ, որ ամենազօր է, բայց չի ուզում անել, ես կը կանգնեմ մարդու կողմը:

– Բայց ի՞նչ կարող է անել մարդը, եթէ նա քամուն սպասում է հարաւից, իսկ այն փչում է հիւսիսից:

– Ուրեմն, Նա հաճոյք է զգում մարդուն անվերջ փորձելուց: Իսկ մարդն էլ ստիպուած է միշտ ծռմռուել Նրա առաջ, յարմարուել Նրա կամքին:

– Ոչ թէ յարմարուել, այլ հնազանդուել, ոչ թէ ծռմռուել, այլ ուղիներ փնտռել արդար ու ճշմարիտ կեանքով ապրելու:

– Եւ միշտ մէջդ ունենալ անելանելիութեան վախը, աշխարհի կործանման զարհուրանքը: Չէ՛, պանդուխտ եղբայր, թո՛յլ տուր ես ընդդիմանամ Նրան, իսկ դու հնազանդուի՛ր:

– Ուրեմն դու ընդունում ես, որ մենք երկուսս էլ Նրա որդիներն ենք:

– Միայն թէ ինչո՞ւ նա քեզ թագաւոր ստեղծեց, իսկ ինձ` ռամիկ:

– Ուրեմն դու ճանաչեցի՞ր ինձ…

– Ինչպէ՞ս կարող էի չճանաչել, տէ՛ր արքայ, երբ միայն արքան կարող է իրեն թոյլ տալ զինուորին մարտից առաջ քնից կտրելու` նրա հետ կէս գիշերով պարապ զրոյցներ անելու համար:

– Հիմա ես քեզ թոյլ կը տամ, որ գնաս ու քնես, բայց իմ մի հարցին էլ պատասխանիր:

– Ասա՛, տէ՛ր արքայ, ես հնազանդուել էլ գիտեմ, յարմարուել էլ, եթէ միայն այդ է պահանջում իմ հայրենիքի շահը:

– Ես ուզում եմ քեզանի՛ց լսել մեր հայրենիքի ճակատագրի մասին… Մի՞թէ անյոյս է մեր վիճակը:

– Եթէ այսօր մեր վիճակն անյոյս է, չի նշանակում, թէ միշտ այդպէս է լինելու, տէ՛ր արքայ: Մենք քամու ուղղութիւնը չենք կարող փոխել եւ ոչ էլ արեւին հրամայել, որ գիշերն էլ լոյս տայ, բայց մեր ճակատագիրը փոխելը մեր պարտքն է: Իրաւունք չունենք փախչելու: Մեզ իրաւունք է տրուած ապրելու կամ չապրելու: Մենք պիտի ընտրենք ապրելը, քանի որ այսօր ապրելով` մենք ապահովում ենք մեր շարունակական գոյութիւնը հազարամեակների մէջ…

– Գնա՛, սիրելիս, գնա՛ եւ քնիր: Ների՛ր: Քեզ հետ զրուցելը շատ օգտակար էր:

Այլակերպը հեռացաւ առանց բարի գիշեր մաղթելու:

– Տեսնո՞ւմ ես, տէր արքայ,- խօսեց վերջապէս Վրվեռը,- հիմա անխելք մարդ չկայ, բոլորը քաղաքագէտ են, բոլորը գիտուն են:

– Եւ ի՜նչ ցաւ, եթէ այս ամէնը ի զուր լինի:

– Ի զուր ոչինչ չի լինում, տէ՛ր արքայ… Այսօր է դա մեզ ի զուր թւում, քանի որ մենք մահկանացու ենք եւ մեր երազները ուզում ենք իրականացած տեսնել քանի դեռ ողջ ենք, բայց միայն Աստծուն է յայտնի, թէ այսօրուայ անարդար լուծումը քանի հազարամեակով ապահովեց մեր արդարացի գոյութիւնը: Չէ՞ որ մենք միայն այսօրուանը կարող ենք հասկանալ եւ միայն վաղուանը ծրագրել, իսկ քամիները յաւերժական են, եւ նրանց ուղղութիւնը Աստուած է որոշում…

Ճրագը ձեռքին` ներս մտաւ մի կին: Հերարձակ էր, երկար, լայն բաց գոյնի զգեստով: Մօտեցաւ մեզ, ձեռքի ճրագով դիտեց մեր դէմքերն ու ասաց.

– Տեարք, ձեզ համար բաղնիք ենք տաքացրել, հաճեցէ՛ք լողանալ ու հանգստանալ, շուտով կը լուսանայ, իսկ դուք դեռ չէք հանգստացել:

Ճանաչեցի Ախնիին: Հիմա նա բոլորովին այլ էր. նոյնն էր միայն նրա իշխանական, ազատ կեցուածքը…

– Տէ՛ր արքայ,- մօտեցաւ, բռնեց ձեռքս,- երկուսիդ համար առանձին լոգարաններ ենք պատրաստել: Ձեզ կ՛օգնեն մեր այրերը, իսկ յետոյ ես ու քոյրս կ՛օծենք ձեզ ամոքիչ իւղով, որ մեզ համար պատրաստում էր մեր ծեր փիլիսոփայ Պանտալոնեն…

– Ո՛չ, սիրելի Ախնի,- ասացի նրան,- ես այս գիշեր մինչեւ լոյս զրուցելու եմ տիար Վրվեռի հետ… Միանգամայն առոյգ եմ, մի՛ մտահոգուիր…

– Մինչեւ աքլորականչ դեռ ժամանակ կայ, տէ՛ր արքայ, դուք կը հասցնէք զրուցել, եթէ չէք կամենում քնել: Բայց Վրվեռը մի օր անգամ չի կարող ապրել առանց լոգանքի: Եւ այստեղ բոլորս էլ սովոր ենք գոնէ օրընդմէջ լողանալու:

– Մի՞թէ: Բիւզանդական արքունիքում շաբաթը մէկ են լողանում, մարդիկ կան, որոնց հերթը ամիսը մէկ էլ չի հասնում:

– Մենք ձիերին ենք շաբաթը մէկ լողացնում,- ծիծաղեց Ախնին:- Մեր ժողովուրդը մաքրասէր է, դրա համար էլ մեր քաղաքն ու գիւղերը հազուադէպ են մուտք գործում ժանտախտն ու բորը…

– Ի հարկէ, քո կամքն է, տէ՛ր արքայ,- ասաց Վրվեռը,- սակայն մենք մեր զրոյցը լոգարանում էլ կարող ենք շարունակել…

– Թող այդպէս լինի,- ասացի ես,- իսկ սպարապե՞տը…

– Որոշեցինք չարթնացնել նրան: Երրորդ աքլորականչին կը լողանայ, կը սպառազինուի ու կը գնայ իր զինուորների մօտ:

Երբ արդէն տեղաւորուել էինք հարեւան տաքուկ գուռերի մէջ, վերսկսեցի մեր զրոյցը.

– Տիար Վրվեռ, քեզ նման գեղեցիկ տղամարդը ո՞ւմ սիրոյ առարկան է արդեօք, ասա՛ ինձ, եթէ գաղտնիք չէ:

– Գաղտնիք չէ, տէր արքայ, բոլորին է յայտնի իմ երջանիկ սէրը: Դեռ մանկուց սպարապետի ծոռնուհի Շուշանին է պատկանում սիրտս:

Մինչ այդ ընդարմութիւն էր սողոսկել մէջս, բայց Շուշանի անունը միանգամից հարուածեց ինձ, բայց կիսամութի մէջ վայրկենապէս հաւաքեցի ինձ, որ չգոռամ ցաւից: Լռութիւնս արդէն երկար էր տեւում… Թասով ջուր էի վերցնում, լցնում ուսերիս, եւ տրորելով մաշկս` փորձում էի ինձ շատ զբաղուած ձեւացնել…

– Ես ամէն ինչ գիտեմ, տէ՛ր արքայ,- խօսեց Վրվեռն իր թաւշեայ ձայնով… Պատրաստ եմ եղել նրան որպէս թագուհի ուղեկցել մինչեւ քո նոր տիրոյթները, բայց նա կտրականապէս ասաց, որ ուշ է արդէն, որ ինքը մենաստան է մեկնելու: Ինձ յաջողուեց տէ՛ր արքայ, ետ պահել նրան այդ մտքից: Նա ասում էր, որ ուխտ ունի երբեք չամուսնանալու եւ չճաշակելու մարմնական սիրոյ հաճոյքը, իսկ ես երկար ճառեր էի ասում, այսինքն` պնդում էի, որ դա հակառակ է Աստծոյ բնոյթին… Եւ ահա մեր գաղտնի ամուսնութեանը յաջորդեց ահաւոր երկրաշարժը: Շուշանը համոզուած է, որ դա Աստծոյ պատիժն էր իր ուխտը չպահելու համար… Պնդում է, որ իր աղօթքները երկինք չեն հասնում, քանի որ ինքը չի կատարել Աստծոյ առաջ տուած իր խոստումը… Ինձ նորից յաջողուեց նրան համոզել, որ միամտութիւն է այդպէս մտածելը… Այս խնդրում ինձ խանգարում էին քոյրերս, որոնց համար անկախութիւնը վեր է ամէն ինչից… Ինձ մեղադրում էին, որ բռնանում եմ Շուշանի կամքի վրայ… Բայց չէի համոզի, եթէ նրա աչքերի մէջ չտեսնէի սիրոյ կայծը, եթէ չորսայի նրա շուրթերի դողը: Կարծում էի` ոչ թէ բռնանում եմ, այլ ազատում եմ նրան կապանքներից: Բայց շուտով նոր աղէտներ եղան… Երկրից հեռացաւ Գրիգոր իշխանը, մեռաւ Պանտալեոն բժիշկը… Հիմա ես նոյնպէս համոզուած եմ, որ եթէ ուխտ ես անում Աստծուն, պէտք է պահես այն…

– Մի՞թէ,- բացագանչեցի ես…

– Այո՛, տէր արքայ, հիմա մենք միասին ենք պահում այդ ուխտը…

– Դո՞ւ, Վրվե՞ռդ…

– Դա մի առաւել մեծ զգացում է, տէ՛ր արքայ…

– Իսկ ես` թշուառս, այնտեղ մեղմում եմ իմ հոգու ցաւը, մտածելով, որ այստեղ եմ թողել իմ թագուհուն, մերժում եմ մի չքնաղ աղջկայ սէրը… յանուն Շուշանի…

– Շուշանի համար դու միշտ կաս` որպէս Անիի միակ թագաւորը… Նա բազում բանաստեղծութիւններ է ձօնել քեզ… Եւ ի՜նչ բանաստեղծութիւններ… Տէ՛ր արքայ, նրա նման ոչ ոք չի կարող գրել… Նա իր պապից է ժառանգել այդ յատկութիւնը, եւ սակայն նրա գրածներն այլ են.. անսովոր… կարծես դրանք մի գեղջուկ աղջիկ է յօրինել, բայց գեղեցիկ լեզուն արքայական փայլ է տալիս նրա յօրինուածքին… Պալատում միայն Պանտալոնէին էր ցոյց տալիս դրանք եւ խրախուսւում նրանից. գաղտնի էր պահում… Իսկ հիմա դրանցով մեր ժողովուրդը խաղեր է կապում ու երգում… Հիմա ես քեզ համար կ՛արտասանեմ դրանցից մէկը, որ քեզ է նուիրուած, ու դու ինքդ դատի՛ր…

Բայց երբ գաս ինձ տանելու, չեն լինի արդէն,

Ոչ բունն իմ, ոչ տերեւները…

– Մի՞թէ ձեր այդ լաւ սիրուց երեխաներ չեն ծնուելու:

– Չգիտեմ, տէ՛ր իմ, ես աղօթում եմ, որ Աստուած մի նշան ցոյց տայ, եւ մենք սիրենք միմեանց երկրային բնոյթին համանուագ, քանի որ շատ քիչ վայելք է մնացել այս դաժան ու գորշ կեանքում:

– Գիտե՞ս, տէր Վրվեռ, այնպէս կ՛ուզենայի մնացեալ կեանքս ձեր մէջ անցկացնել, այստեղ` այս մութ լաբիւրինթոսում:

– Տա՛յ Աստուած, տէր արքայ, եւ դու կ՛ապրես ոչ թէ լաբիւրինթոսում, այլ քեզ վայել ապարանքում, որ հէնց մեր գլխավերեւում է, որտեղ գուցէ արդէն արթնանալու փորձեր է անում Ասիտը եւ շուտով փողեր կը հնչեցնի մարտից առաջ:

Ձայնագրիչից մի խշշոց է լսւում. Լուկինոն անջատում է:

– Այստեղ ես զգացի, որ սիրտս նուաղում է, ուղեղս մթագնում, թեթեւանում է մարմինս, ու ես պատրաստւում եմ թեւածելու դէպի անհունը… եւ… վախից արթնացայ… Ուշքի գալուց յետոյ զգացի այն երազային թեթեւութեան ու իրական մարմնիս ծանրութեան մեծ տարբերութիւնը: Ձեռքս մեծ դժուարութեամբ բերեցի միւս ձեռքիս մօտ, մի կերպ շօշափեցի զարկերակս, տեսայ, որ այն գրեթէ չկայ, եղած զարկերն էլ հետզհետէ հանգչում են… Բայց ահա, կարողացայ ձայնագրել ամէն ինչ…

Վեր եմ կենում, բացում եմ պատուհանը… Սենեակում տօթ է, մենք բոլորս` շիկացած… Դրսից եկող օդը թէեւ տաք է, բայց մի քիչ թարմութիւն է բերում իր հետ…

Սպասում ենք… Լուկինոն հերթով նայում է մեզ… մի տեսակ անհաղորդ… Գիտի` վերջապէս խօսելու է… Խօսում է… նրա ձայնը այդքան ծանր չէր եղել, երբեք չէր եկել այդքան խորքերից… երբեք…

– Մի՞թէ ես էլ ձեզնից եմ,- լսւում է նրա ձայնի խուլ հնչիւնը…

– Արդէն չափն անցաւ: Նեարդերս չեն դիմանայ,- լսւում է իմ ձայնը: Բառ-հնչիւնները մի քիչ ամրացնում են ինձ…

– Կը դիմանան, այստեղ չդիմանալու ոչինչ չկայ,- խօսեց Արտուրոն,- Մի՞թէ դու` Շուշան եւ դու` Անդրյո՛ւշ, հէնց սկզբից չէք ունեցել այն զգացումը, թէ Լուկինոն ձեզանից է… Ես ունեցել եմ… Մի պահ անգամ չեմ կասկածել, որ Լուկինոյին ձեզ մօտ բերողը միայն գիտնականի հետաքրքրասիրութիւնը չի եղել…,- Նա խստացրեց ձայնը,- դէ՛, Լուկինօ, ասա՛ տեսնենք, քո տատը հայուհի չի՞ եղել…

– Այդ Թոռնիկոսի անունն է ինձ այսպէս շփոթեցրել,- խօսեց վերջապէս Լուկինոն:

– Ինչո՞ւ,- միաբերան բացագանչեցինք երեքով:

– Մի քանի օր առաջ մի զարմանալի երազ տեսայ, բայց մտքովս էլ չանցաւ, թէ դա կապ ունի Հէ-ի հետ, նոյնիսկ գրի չառայ, հարկ չհամարեցի ձեզ պատմել: Համոզուած էի, թէ դա ձեր պատմութիւնների վերապրուկն է… Ինքս ինձ ծիծաղեցի այդ «մտացածին» անուան վրայ` Թոռնիկոս…

– Այդ ինչպէ՞ս է, որ չգիտէիր,- ծորում է Արտուրոյի ձայնը, որով կարծես միշտ ձեռ է առնում դիմացինին:

– Չգիտէի,- կարծես մի յանցանք էր գործել:

– Դու նախ մեզ ասա` դու Թոռնիկո՞սն ես, թէ՞ Մոնոմախ կայսրը, յետոյ կը պատմեմ քեզ քո կեանքը, որքան որ ինձ յայտնի է…

– Եթէ Մոնոմախը լինէի, շատ չէի զարմանայ,- Լուկինոն գտել է իր փրկարար ծիծաղը: – Որքան յիշում եմ, շատ նշանաւոր դէմք էի, հայ զօրավար եւ պատրաստւում էի Թոռնիկոսի հետ մի հսկայ զօրաբանակով յարձակուել Կոստանդնուպոլսի վրայ…

– Եւ ի՞նչ…

– Արթնացայ հեռախօսազանգից… Հռոմից Լիլիթն էր զանգում…

ԱԼԻՍ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

(Հատուած)

Share this Article
CATEGORIES