ԱԽԱԼՔԱԼԱՔՈՒՄ ԲՈՇԱՆԵՐ ՄՆԱՑԵԼ ԵՆ, ԲԱՅՑ ՄԱՂԱԳՈՐԾ ԱՐՀԵՍՏԱՒՈՐՆԵՐ ԱՅԼԵՒՍ ՉԿԱՆ

«Բոշան որ չլիներ, մկի ծիրտ պիտի ուտէիք: Մաքուր մարդիկ են եղել բոշաները, մաղը ստեղծել են, որպէսզի ալիւրը մաղեն, մարդիկ մկների ծիրտ չուտեն», ասում է բոշայ Յարութը:

Մաղագործութեան գործիքներ Ախալքալաքում ապրող բոշաների տներում պահպանուել են: 69-ամեայ բոշայ Լեւոն Աւետիսեանը թուարկում է դրանք` ալրմաղ գործելու թուր, քեըսգըյ, զինար, շաղափ, քամանակ, փայտ քուղայ,  ուխլաբի եւ այլն:

Ախալքալաքի շուկայում` դէպի հանրակառքերի կայան տանող ճանապարհին մի մեծ տաղաւարում տարիներ առաջ մաղ էր վաճառւում, գործող արհեստաւորն էլ բոշայ էր: Մաղագործի տաղաւարն այժմ նորաձեւ է, մաղ էլ կայ այնտեղ,  բայց արդէն ոչ թէ տեղացի բոշաների գործածն է, այլ Ախալցխայից բերուած մաղերն են վերավաճառում: «Մեր իսկական պապական արհեստը չկայ, մաղագործութիւն այլեւս չեն անում,- ասում է 58-ամեայ բոշայ Խաչիկ Յակոբեանը,- արդէն գործարաններն են արտադրում մաղ, ձեռքով գործելու անհրաժեշտութիւն չկայ»:

Բոշաները երկարաւուն դէմքով, նեղ, ետ ընկած ճակատներով սեւակն ու սեւահեր են: Այդպէս են բնութագրել նրանց նախկինում, սակայն վերջիններս իրենց հայ են համարում եւ ասում են, որ ոչնչով հայերից չեն տարբերւում: Թերեւս միայն նրանով, որ մաղագործութեան հմուտ վարպետներ են եղել:

Ախալքալաքի շուկայից ներքեւ` Միասնիկեան փողոցից սկսւում է «Բոշայ մայլան»: Այդպէս են անուանում ախալքալաքցիները քաղաքի հիւսիս-արեւելեան հատուածը, որտեղ շուրջ 4 զուգահեռ ձգուող փողոցներում հիմնականում բոշաներն են բնակւում: «Մենք միշտ աշխատել ենք քաղաքի արուարձաններում ապրել, միշտ սիրել ենք առանձին ապրել, ոչ մարդաշատ տեղերում», նկատում է Խ. Յակոբեանը:

Խաչիկն ասում է, որ բոշաների շուրջ 100 տուն է մնացել Ախալքալաքում. մի մասն արդէն հեռացել է: Քաղաքում ապրում են Խաչատրեանների, Աւետիսեանների, Բալոյանների, Յակոբեանների Տօնականեանների, Տօնոյեանների, գերդաստանները: Բոշայ Երանոսեաններ կան նաեւ Նինոծմինդայի շրջանի Դիլիֆ գիւղում:

Բոշաների համայնքներ դեռեւս կան Ախալցխայում, Ծալկայում, Կորիում, Թիֆլիսում, Գիւմրիում, Երեւանում,  Ախթալայում եւ մի քանի այլ բնակավայրերում:

ԲՈՇԱՅԵՐԷՆՆ ԱՐԴԷՆ ՄՈՌԱՑՈՒԵԼ Է

Բոշաները հայախօս քրիստոնեայ գնչուներ են համարւում, որոնք հիմնականում բնակուել են Արեւմտեան Հայաստանում: Ախալքալաքում բոշաները յայտնուել են 1830-ականներին, գաղթել են Էրզրումից` Կարապետ արք. Բագրատունու առաջնորդութեամբ Ջաւախք հայերի զանգուածային գաղթի ժամանակ:

Կարծիքը, որ բոշաների նախահայրերը գնչուներ են եղել` հիւսիս-արեւմտեան Հնդկաստանից, ախալքալաքցի բոշաները ժխտում են: Սակայն միեւնոյն ժամանակ հաստատում են, որ իրենց նախնիները թափառական կեանք են վարել:

19-րդ դարի վերջերից նրանք սկսել են կիսանստակեաց կեանք վարել: Ներկայումս բոշաները մշտական բնակութեան վայրեր ունեն եւ դարձել են նստակեաց:

«Մենք մեր պապերից էլ չենք լսել, որ Հնդկաստանից են եկել: Մենք ուրիշ ազգ չենք եղել, հայ ենք, պարզապէս մաղագործի գործ ենք արել: Մենք միշտ հայերի հետ ենք եղել, ուրեմն մենք հայ ենք», ասում է Խաչիկը:

Բոշաները իրենց լեզուն ունեն` բոշայերէնը, որը պատմական աղբիւրներում դասւում է նոր հնդկական լեզուախմբին: Կրել է հիմնականում հայերէնի, մասամբ նաեւ պարսկերէնի ազդեցութիւնը: Բոշաներն ասում են, որ իրենց լեզուն «գաղտնի» լեզու է, իրենք ստեղծել են այն, որպէսզի այլ ազգի ներկայացուցիչները, կողքից լսելով իրենց խօսակցութիւնը, չկարողանան հասկանալ: Այժմ բոշաների լեզուն գործածութիւնից դուրս է եկել: Ախալքալաքի բոշաները նոյնիսկ տանը չեն խօսում բոշայերէն:

«Մի քիչ գիտենք, ջահելութիւնը չգիտի», ասում է Լեւոն Աւետիսեանը: Խաչիկն էլ աւելացնում է, որ իրենց սերունդն է արդէն մոռացել բոշաների լեզուն, իսկ երիտասարդները միայն հայերէն են հաղորդակցւում. «Մեզանից յետոյ ջահելութիւնն ընդհանրապէս չի իմանայ», շարունակում է Լեւոնը:

ՇՈՒԿԱՅԻ «ՏԷՐ»Ը ԲՈՇԱՆԵՐՆ ԵՆ

Բոշայ տղամարդիկ արհեստաւոր են, հիմնականում` մաղագործներ: Կանայք փոխանակութիւններ են արել, զբաղուել` մանր առեւտրով:  «Վարսավիրներ ենք եղել, մաղագործներ են եղել, ժեշտանչիկներ են եղել», ասում է Լ. Աւետիսեանը:

Բոշաներն Ախալքալաքում էլ հմուտ արհեստաւորներ են համարւում: Լաւագոյն թիթեղագործները նրանք են. երեք տաղաւար ունեն շուկայում, մէկն էլ քիչ հեռու` Ախալքալաքի կայանում:

Թիթեղագործ եղբայրներ Ժորան եւ Արտիւշը շարունակում են իրենց հօր գործը, հարեւանութեամբ երիտասարդ Յակոբի տաղաւարն է, նա էլ թիթեղագործութիւնը պապից է ժառանգել:

Թիթեղագործների դիմացը ուստայ Աղասի տաղաւարն է` Բալոյեանների ազգի 50 տարուայ գլխարկ կարողը: Նրա մօտ դեռ պահպանւում են ստալինեան ոճի գլխարկները` չնայած գնորդներ գրեթէ չկան. երիտասարդներն այլեւս գլխարկ չեն դնում, ծերերն էլ հետզհետէ մահանում են, բայց բոշայ Աղասը շարունակում է կարել. «Արհեստ է, պիտի անես», ասում է նա:

Ախալքալաքի շուկայում մշտական առեւտրականների մեծ մասն էլ է բոշայ: Նրանք տարբեր գիւղերից բերուած ապրանքը գնում ու նորից վերավաճառում են: Ախալքալաքցիներն ասում են, որ բոշաների հետ դժուար է սակարկել, շատ հմուտ են իրենց գործում, ոչ մշտական կամ վրացի վաճառողների հետ առեւտուր անելն աւելի դիւրին է:

Շուկայի կենտրոնում երկու բոշայ կօշկակար կայ աշխատող: Նախկինում Լեւոն Աւետիսեանն էլ է կօշկակար եղել, հիմա շուկային կից տօնավաճառում կօշիկի առեւտրով է զբաղւում:

ՆՐԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՅԱՏԿՈՒԹԻՒՆԸ «ԹԱՍԻԲՆ» Է

Բոշաները համեմատաբար փակ են ապրել Ախալքալաքում, ամփոփուած` իրենց համայնքում, սակայն տարիների ընթացքում համարկուել են տեղացիներին: Նախկինում բոշաները միայն իրար հետ են ամուսնացել. բոշաներն իրենց աղջիկներին ոչ բոշաների հարս չեն տուել եւ դրսից էլ աղջիկ չեն բերել: Հիմա խառնամուսնութիւնները յաճախակի են դարձել:

Աւանդոյթների տարբերութիւն բոշաները չունեն: «Մեր առանձնայատկութիւնը մեր թասիբն է, ասում է Խաչիկը, մենք կարողացել ենք պաշտպանել մեզ: Մենք չենք սիրում մարդու ծախել: Մեծերին յարգող ենք եղել: Օրինակ` հայերիս մէջ մարդ կայ որ ծերանոցներ են տալիս ծնողներին, բայց բոշաների մէջ դա անհնար է: Մենք կը թքենք մէկս մէկիս երեսին: Ծնողի նկատմամբ յարգանքը մեր մէջ շատ ուժեղ է», ասում է Խաչիկը:

Եթէ Ախալքալաքում մարդաշատ յուղարկաւորութիւն է, ուրեմն հանգուցեալը բոշայ է. երբ բոշաներից որեւէ մէկը մահանում է, ողջ համայնքը գնում է նրա թաղմանը, նոյնիսկ եթէ տարիներ շարունակ միմեանցից խռով են եղել:

Ընկերային գետնի վրայ անապահով ընտանիքներ էլ չկան բոշաների մէջ, նրանք միմեանց թիկունք են կանգնում, օգնում են:

Բոշայ տղամարդիկ խիստ են իրենց կանանց նկատմամբ, միայն վերջերս են կանայք սկսել տաբատ կրել: Մօտ 20 տարի առաջ տղամարդիկ թոյլ չեն տուել, որ իրենց կանայք աշխատեն:

«Հիմա դարը փոխուել է, աղջիկները շատ են զարգացել»,- միջամտում է Լեւոնի կինը: Բայց կուլտուրայէն (մշակոյթէն, Ա.) այդպէս յետ չենք,- կատակում է Խաչիկը եւ բարբառով շարունակում,- խոսկըմ կայ, թէ` էշն օր խրդի, ձիէն կ՛անցնի, ադ է եղել»:

Միեւնոյն ժամանակ բոշայ տղամարդիկ հպարտանում են իրենց կանանց քաջութեամբ եւ խոստովանում, որ բոշայ կանայք աւելի քաջ են, քան տղամարդիկ:

«ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ԵՍ ՀՈՄ ԲՈՇԱՅ ՉԵՄ ԳՐՒՈՒՄ, ԳՐՒՈՒՄ ԵՄ ՀԱՅ»

Լեւոնի ընտանիքի անդամների եւ Խաչիկի հետ մեր զրոյցը երկարում է: Հարցնում եմ, թէ ինչպէս են վերաբերւում տեղացիները բոշաներին, արդեօք տարանջատո՞ւմ են իրենցից: Խաչիկը խոստովանում է, որ 30-40 տարի առաջ նրանց նկատմամբ երբեմն արհամարհական վերաբերմունքի դրսեւորումներ եղել են, հիմա համեմատաբար քիչ է:

Երբեմն բոշայ, երեխաներին դպրոցում տարբերել են հայերից: Յարութն իր ուսանած տարիներին անձամբ է զգացել որոշակի խտրական վերաբերմունք իր նկատմամբ` թէ՛ իր համադասարանցիների, թէ՛ ուսուցիչների կողմից: Նա երկու երեխայ ունի` 13 եւ 12 տարեկան: Նրանք այժմ դպրոց են գնում:

«Իմ դպրոցում սովորելու ժամանակ էլ, հիմա էլ նոյնպէս զգում եմ, որ ուսուցիչները այլ կերպ են վերաբերւում մեզ», ասում է նա:

«Գիւղացին իր բառապաշարի մէջ անպայման իր երեխաներին վախեցնում է բոշաներով` խելօք մնայ բոշայ պապն եկաւ», աւելացնում է Խաչիկը:

«Կամ ի՞նչ ես առնում, դա բոշի բան է», շարունակում է Յարութը:

Խաչիկը շատ է ազդւում, երբ հայկական հեռուստառատիոընկերութիւններում «բոշայ» բառը բացասական երանգով են հնչեցնում: Նա պատմում է, որ մէկ անգամ Հանրայինի «Որբերը» շարժանկարում հերոսներից մէկը ընկերուհու հետ խօսելիս` արհամարհական եւ բացասական իմաստով նրան «բոշայ» է անուանել:

«Ինձ շատ է նեղութիւն տալիս, որ մեզ ջոկում են հայերից: Վրացին կեանքում նման բան չի անում, հակառակը` ձգտում է իր ազգի մէջ քաշել: Եթէ պէտք եղաւ, ես կ՛ասեմ` ես հայ չեմ, բայց հայերը որ այդպէս են անում, ես աւելի եմ ջղայնանում: Թող ասեն բոշայ բայց ոչ` որպէս վիրաւորական բառ», նեղսրտում է Խաչիկը:

«Բոշայ» բառը տեղացիները վերագրում են թուրքական ծագման. երբ բոշայ առեւտրականը մաղ վաճառելուց յետոյ տուն է վերադարձել, հարեւան թուրքը հարցրել է. «Եղբայր, առեւտուրդ ինչպէ՞ս էր, բոշան պատասխանել է` բոշ (թուրքերէն` դատարկ), այդտեղից էլ եկել է նրանց անուանումը:

«Անձնագրում ես հոմ բոշայ չեմ գրւում, գրւում եմ հայ, պապոց պապ այդպէս է եղել, ասում է Խաչիկը: Բայց միշտ էլ մեզ ջոկել են հայերից:  Նոյնիսկ Վրթանէս Փափազեանի գրքում Հայաստանի բնակչութիւն թուաքանակն է գրուած, ասենք, ռուսներ` այսքան, քրտեր` այսքան, այսքան` եզիտիներ` այսքան, հայեր` այսքան, բոշաներ` այսքան»:

«ՀԵՏՔ»

Ախալքալաք

 

Share this Article
CATEGORIES