ԿԸ ԿԱՐՈՂԱՆԱ՞Յ ԵԿԵՂԵՑԻՆ ՆՈՒԱԶԵՑՆԵԼ ԱՃԱՐԻԱՅԻ ՀԱՅԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՁՈՒԼՄԱՆ ՎՏԱՆԳԸ

Կ. Կամսախուրտիա 23: Այս հասցէն ցոյց է տալիս իւրաքանչիւր պաթումցի, երբ հարցնում ես, թէ որտեղ է գտնւում հայկական եկեղեցին:

Տարուայ այս ժամանակահատուածում Աճարիայի մայրաքաղաք Պաթումի հայկական եկեղեցում ելումուտը սովորականից շատ է: Հայաստանից ժամանած զբօսաշրջիկները պարտադիր այցելում են Սուրբ Փրկիչ: Այն միակ հայկական եկեղեցին է Աճարիայում: Վայրը ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ պատմական նշանակութիւն ունի: Եկեղեցու բակում ծովանկարիչ Յովհաննես Այվազեանի 1898 թուականին տնկած մակնոլիայի հսկայական ծառն է:

Եկեղեցու ներսում` խորանի վարագոյրից այն կողմ բանուորներն աշխատում են: Վերանորոգման աշխատանքներ են ընթանում Սուրբ Փրկիչում, բայց եկեղեցին փակ չէ: Ծովափնեայ հանգստի թէժ ժամանակահատուածն է: Այցելուները շատ են, այդ պատճառով եկեղեցու վերանորոգումը «թաքուն» է արւում, որպէսզի եկեղեցու տեսքը չխաթարուի, զբօսաշրջիկները կարողանան աղօթել, մոմ վառել, եկեղեցին էլ զուգահեռաբար բարեկարգուի:

Եկեղեցին մասնակի է վերանորոգւում` խորանը, աւանդատները եւ մուտքը: Խորանի նորոգումն արդէն աւարտին է հասցուել, մնացածը, ինչպէս Աճարիայի հայ համայնքի հոգեւոր առաջնորդ, Պաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու քահանայ Արարատ Գումբալեանն է ասում, կամաց-կամաց իրենց ուժերով արւում է:

1887 թուականին կառուցուած եկեղեցին ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ, երբ վերադարձուել էր Աճարիայի հայ համայնքին, շուրջ 6 տարի նորոգուել է, իսկ մինչ այդ եկեղեցում է գտնուել Պաթումի փլանեթարիումը: Այժմ վերանորոգման կարիք ունի գաւիթը: Տէր Արարատն ասում է, որ գաւիթը դեռ չեն կարող վերանորոգել, քանի որ բաւականին մեծ գումարի հետ է կապուած` 1500-2000 տոլարի սահմաններում:

Տէր Արարատի խօսքով, տեղի հայ համայնքը մասամբ համարկուած է եկեղեցուն, մշտական հաւատացեալներ ունեն, գործունեայ երիտասարդներ, որոնք մասնակցում են եկեղեցական կեանքի հետ առնչուող իրադարձութիւններին: Աւելի՛ն. արդէն երեք տարի է` եկեղեցուն կից հայ երեխաների համար կիրակնօրեայ դպրոցներ են գործում, որտեղ երկու դասարան կայ` առաջին եւ բարձր: Մօտ 70 աշակերտ է յաճախում այդ դպրոցներ: Հայերէն խօսք-զրոյց, եկեղեցու եւ հայ ժողովրդի պատմութիւն երեխաներն այստեղ են սովորում: Երկուսը գործում են Պաթումում, երրորդը` Քոպուլեթում: Քոպուլեթի կիրակնօրեայ դպրոցն այս տարուայ ապրիլ ամսին է բացուել: Արդէն շուրջ 25 աշակերտ է յաճախում այնտեղ: «Քոպուլեթում հայկական ոչ մի կառոյց չկար, բնականաբար, կիրակնօրեայ դպրոցը այդ կառոյցներից մէկն էր», ասում է Տէր Արարատը:

Բացի կիրակնօրեայ դպրոցներից, Պաթումի միակ հայկական կրթական կառոյցը գործում է վրացական միջնակարգ դպրոցին կից: Այս տարի հաստատութիւնը 9 շրջանաւարտ է տուել: Սակայն համայնքի եւ ուսուցիչների համար ամէն տարի խնդիր է դառնում առաջին դասարանի հաւաքագրումը: Մինչդեռ Պաթումի 3 ռուսական դպրոցներում ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների շուրջ 80 տոկոսը հայ է:

Կիրակնօրեայ դպրոցները այբբենարանների եւ  մեթոտական այլ գրքերի կարիք ունեն: Տէր Արարատ քահանայ Գումբալեանը Պաթումի եւ Քոպուլեթի կիրակնօրեայ դպրոցներին հայագիտական գրականութեան եւ թեքնիք միջոցներ տրամադրելու խնդրանքով դիմել է Հայաստանի սփիւռքի նախարարութեանը:

Եկեղեցում` մոմավաճառի կողքի պատին փակցուած է Հայաստանի սփիւռքի փոխնախարար Ստեփան Պետրոսեանի նամակը` ուղղուած Աճարիայի հայերի միութեան նախագահ Գրիգորի Վարդանեանին: Փոխնախարարը նամակում յայտնում է, որ Աճարիայի հայկական կիրակնօրեայ դպրոցներին անհրաժեշտ գրականութեան յայտերն արդէն ներկայացուել են Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութիւն: Նշուած գրքերը, ի թիւս Վրաստանի միւս հայ համայնքների համար նախատեսուած գրականութեան, Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից կենտրոնացուած կարգով կ՛առաքուեն  Վրաստան, որից յետոյ կիրակնօրեայ դպրոցները կը ստանան իրենց չափաբաժինը: Փոխնախարար Պետրոսեանը նաեւ տեղեկացրել է, որ իրենք հնարաւորութիւններ կը փնտռեն Պաթումի եւ Քոպուլեթի կիրակնօրեայ դպրոցների յատկացնել մէկական համակարգիչ եւ տպիչ:

Տէր Արարատը Պաթումում արդէն 2.5 տարի է ծառայում: Ասում է, որ Աճարիայի հայ համայնքին սպառնում են ձուլման եւ անտարբերութեան վտանգները. վտանգներ, որոնք նոյնն են եւ Վրաստանի ողջ հայ համայնքի եւ սփիւռքի հայութեան համար: «Եկեղեցին փորձում է ամէն ինչ անել, որ այդ վտանգները նուազեն»,- յաւելում է հոգեւոր առաջնորդը:

«ՀԵՏՔ»

Share this Article
CATEGORIES