6 ԱՄՍՈՒԱՅ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔԱՇԱԹԱՂԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒԵԼ Է ԵՒՍ 150 ԸՆՏԱՆԻՔ
ՔՆԱՐ ԲԱԲԱՅԵԱՆ
Բերձորում Մուրադ Մարգարեանի բազամազաւակ ընտանիքին բոլորը գիտեն: Ամուսինները 11 երեխայ են դաստիարակում: Երբ մենք այցելեցինք նրանց, տանը միայն կինն էր` Փառանձեմը, աղջիկների եւ երկու փոքր տղաների հետ: Երեք որդիները գնացել էին մօտակայ ձոր` մոշ հաւաքելու:
Փառանձեմն ասում է, որ ինքը չի ուզում, որ որդիները գնան մոշ հաւաքելու, բայց, միւս կողմից էլ, չի կարող արգելել, քանի որ դրա կարիքն ունեն:
Ընտանիքի եկամտի աղբիւրը երեխաներին հասնող 96 հազար դրամ նպաստն է եւ ամուսնու 45 հազար դրամ աշխատավարձը: Փառանձեմը չի աշխատում եւ ընտանիքի հոգսերը թեթեւացնելու համար տնամերձ հողամասում մի փոքրիկ բանջարանոց է մշակում:
Նա խոստովանում է, որ կը ցանկանար ողջ հողամասը մշակել, բայց ջուր չկայ: օրուայ ընթացքում հազիւ մէկ ժամ ջուր են տալիս, բակում դրուած ջրամանն էլ չի հասցնում լցուել, որից երկու ընտանիք է օգտւում: Ջրի պակասից ամէն ինչ չորանում է:
«1998թ. մենք 4 երեխաների հետ Լոռու մարզի Լեռնապատ գիւղից տեղափոխուեցինք Արցախ: Լեռնապատ գիւղի բնակիչ էինք, բայց աշխատանքի պատճառով Սպիտակ քաղաքում վարձով էինք ապրում: Ամուսինս էր միայն աշխատում, իսկ նրա աշխատավարձով հազիւ եոլայ էինք գնում»,- ասում է տիկին Փառանձեմը:
Որպէս բազմազաւակ ընտանիք` 2009թ.-ին 4 սենեականոց սեփական տուն է յատկացուել Մարգարեաններին: Փառանձեմն ասում է, որ 13 հոգուն չորս սենեակն էլ չի հերիքում: Հին տունը տրամադրել են նոր վերաբնակիչների` մինչեւ վերջիններիս բնակարանով ապահովելը:
«Ամրանը հեշտ է: Հէնց ցրտերն ու անձրեւները սկսւում են, խնդիրներն էլ յետն են աւելանում: Տանիքը լաւ չեն ծածկել, ու անձրեւաջրերից առաստաղը խոնաւանում է: Մենք էլ տունը միայն մէկ վառարանով ենք տաքացնում, էն էլ չի հասցնում խոնաւ պատերը չորացնել», պատմում է կինը:
Չնայած դժուարութիւններին` Փառանձեմը վստահեցնում է, որ Բերձորում ապրելն աւելի հեշտ է, քան Հայաստանում: Վերաբնակիչները մի շարք արտօնութիւններից են օգտւում` տուն կամ 2 միլիոն դրամի չափ շինանիւթ է յատկացւում, մօտ 240 հազար դրամի չափ անասնավարկ է տրամադրւում, տեղափոխուելուն պէս միանուագ գումար է տրւում, եւ իւրաքանչիւր շնչի համար 60 քլովաթ էլեկտրականութիւնը անվճար է:
Հեռանալու մասին Մարգարեանները երբեք չեն մտածել: Փառանձեմը, սակայն, չի կարող վստահեցնել, որ երեխաներն էլ կը ցանկանան մնալ: Նա ասում է, որ իր տեղը Բերձորն է:
Երբ արդէն պատրաստւում էինք դուրս գալ, տղաներից մէկը` Անդրանիկը, ներխուժեց սենեակ եւ մեզ չնկատելով` մօրն ուրախ ասաց. «Երկու դոյլ մոշը վաճառեցինք, նորից ենք գնում հաւաքելու»:
13-ամեայ տղան պատմում է, որ օրական յաջողւում է անգամ 10 դոյլ մոշ հաւաքել: Մէկ դոյլը տղաները վաճառում են 3000 դրամով: Ողջ գումարն էլ տալիս է մօրը` տան ծախսերի համար:
Մեր այն հարցին, թէ իրեն ոչ մի բան այդ գումարով չի՞ գնում, Անդրանիկն ասաց, որ երբ մայրիկը փող է տալիս, այդ ժամանակ էլ ծախսում է:
Մելիքեանների ընտանիքը Բերձոր է տեղափոխուել 2001թ., երբ Աշտարակում նրանց աշխատանքի վայրերում կրճատումներ են սկսել: Ընտանիքի բոլոր անդամներն եկած օրուանից աշխատում են, եւ Բերձորի չափանիշներով նրանց ընտանիքը համարւում է ապահով:
Տիկին Գայեանէն պատմում է, որ տեղափոխուելու գաղափարը որդունը` Գարիկինն էր: Վերջինս հիւր էր եկել ընկերոջ մօտ` Բերձոր, եւ շատ էր հաւանել քաղաքը: Մի որոշ ժամանակ անց ողջ ընտանիքով տեղափոխուել են:
«Այս 10 տարիների ընթացքում շատ բան է փոխուել: Մարդկանց մեծամասնութիւնն աշխատանք ունի: Ով էլ չի աշխատում, իր հողամասն է մշակում: Խնդիրներ ի հարկէ կան, որոնցից առաջնահերթը ջրի հարցն է: Այսօր մենք ժամով ենք ջուր ստանում, ինչը մանաւանդ ամառային ամիսներին ընդհանրապէս չի հերիքում», ասում է Գայեանէն:
Այն, որ ղարաբաղեան հիմնախնդրի պարունակում աշխուժօրէն խօսւում է զիջումների մասին, այդ թւում եւ` տարածքային, Գայեանէին մտավախութիւններ չի պատճառում:
«Ինձ չի թւում, որ Բերձորը կամ մէկ ուրիշ տարածք կը զիջեն: Ես այստեղ վախ չեմ զգում, այլապէս իմ ողջ ընտանիքով այստեղ չեմ ապրի: Այդքան տղաների արեան գնով ազատագրած հողերն այդպէս հեշտութեամբ չեն զիջում», համոզուած է նա:
Արդէն 4 ամիս է, ինչ Գագիկ Զուռնաչեանը ընտանիքով Բերձորում է ապրում: Կինը` Յասմիկը, պատմում է, որ Աշտարակում, որտեղ ապրում էին, ամուսինը թրաքթորիստ էր եւ աշխատանքն էլ եղանակային էր:
«Բերձորում ամուսնուս ծանօթներից մէկը տեղի վարչակազմում վարորդի մշտական աշխատանք առաջարկեց, ամուսինս էլ համաձայնեց: Երկու փոքրիկներիս հետ եկանք, երրորդ երեխան այստեղ ծնուեց», ասում է Յասմիկը:
Կինը համոզուած չէ` մշտական կը մնա՞ն Բերձորում, թէ՞ չէ: Այսօր նրանք ապրում են ուրիշի տանը, իսկ իրենց խոստացուած տունը դեռ չեն յատկացրել: Ներկայիս տանը ձմրանը երեք փոքր երեխաների հետ ապրել չի լինի: տունը անմխիթար վիճակում է:
Յասմիկը խոստովանում է նաեւ, որ Աշտարակում մնալու դէպքում իրենց վիճակը աւելի լաւ չէր լինի: «Ամուսնուս 60 հազար դրամ աշխատավարձով եւ երեխայի 15 հազար դրամ նպաստով հազիւ ծայրը ծայրին ենք հասցնում: Եթէ գոնէ մեր սեփական տունն ունենայինք, տնամերձ հողամասը կը մշակենք, էլի որ հնարաւոր կը լինէր բնական ապրել: Իսկ ներկայ պայմաններում, երբ ամէն ինչ խանութից ենք գնում, անհնար է»,- ասում է նա:
Յասմիկը խոստովանում է, որ կամաց-կամաց յարմարւում է նոր միջավայրին, միայն թէ վախի զգացողութիւն կայ: Բանն այն է, որ արցախեան պատերազմի տարիներին իրենց գիւղը` Ծաւը (Սիւնիքի մարզ), նոյնպէս տուժել է:
Թէեւ բերձորցիների մեծամասնութիւնն ապահովուած է աշխատանքով եւ մշտական եկամտի աղբիւր ունի, միեւնոյն է, նրանց մեծ մասը սննդամթերքն ու առաջին անհրաժեշտութեան իրերը շարունակում է պարտքով գնել:
Մուշեղը Գորիսից է տեղափոխուել Բերձոր եւ արդէն 16 տարի է, ինչ իր սեփական խանութն է աշխատեցնում: Նա ասում է, որ ստացած եկամուտով կարողանում է հոգալ ընտանիքի ծախսերը: Յաճախորդներից էլ խանութպանը չի բողոքում, միայն թէ այսօր էլ մեծամասնութիւնը շարունակում է պարտքով գնումներ անել:
Ըստ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Մխիթարեանի, շրջանի վերաբնակեցման գործընթացը աշխուժօրէն շարունակւում է` շեշտը դնելով փախստականների վրայ, ովքեր չունեն այլ բնակութեան վայր: Իսկ դա, Ա. մխիթարեանի խօսքով, ենթադրում է, որ Քաշաթաղի շրջանը կը դառնայ մշտական բնակութեան վայր ոչ միայն նրանց, այլեւ սերունդների համար:
2011թ. յունուարից մինչ յուլիս 150 ընտանիք` մօտ 500 մարդ է վերաբնակեցուել Քաշաթաղի շրջանում: Ներկայումս շրջանում ապրում է մօտ 10 հազար բնակիչ:
«Վերաբնակչների նոր հոսք ենք սպասում սեպտեմբերի սկզբներին: Կան այնպիսի ընտանիքներ, որ միայն տան հայրն է եկել բնակարանային հարցերը լուծելու համար, որից յետոյ` մինչեւ դպրոցներում դասընթացները սկսելը, ընտանիքը կը տեղափոխի», ասում է Ա. Մխիթարեանը:
Պատասխանելով այն հարցին, թէ որքան մարդ են նախատեսւում վերաբնակեցնել շրջանում, Ա. Մխիթարեանն ասաց, որ թուային նպատակներ իրենց առջեւ չեն դրել:
«Ուզում ենք շրջանը զարգացած եւ Արցախն ուժեղացած տեսնել: Ներկայիս երկակի, եռակի չափանիշների պարագայում տեսնում ենք, որը իրաւունքն ուժեղինն է: Իսկ ուժը ոչ միայն մարտունակ բանակն է, որը մենք ունենք, այլեւ` տնտեսական զարգացումը, ինչի նախադրեալները եւս ունենք», համոզուած է Ա. Մխիթարեանը:
Խօսելով ղարաբաղեան հինախնդրի բանակցային գործընթացի, տարածքների զիջումների մասին` Ա.Մխիթարեանն ասաց, որ ինչպէս բազմիցս է ասել Լղհ նախագահ Բակօ Սահակեանը, մենք ունենք ոչ թէ ազատագրած, այլ սահմանադրութեամբ ամրագրուած տարածքներ:
«Այստեղ իւրաքանչիւր բնակիչ, ով բահը ձեռքին փորում է հողը, պատրաստ է վաղը պէտք եղած դէպքում այդ նոյն բահով պայքարելու: Միայն երբեմն-երբեմն Երեւանից ենք լսում տարածքներ յետ տալու վերաբերեալ զրոյցներ: Այստեղ ոչ ոք նման բան չի մտածում, մենք տալու հող չունենք: Արեան գնով ազատագրուած հողերը չեմ կարծում, որ ինչ-որ մէկը գրչի հարուածով մէկ ուրիշին կը տայ», վստահեցնում է Ա. Մխիթարեանը:
Ինչ վերաբերում է տեղում եղած խնդիրներին, Ա. Մխիթարեանն ասաց, որ այդ ուղղութեամբ աշխատաքներ կատարւում են: Ներկայումս նոր հիւանդանոց, դպրոցներ ու մանկապարտէզ են կառուցւում շրջկենտրոնում եւ տարբեր համայնքներում:
Ինչ վերաբերում է շինարարութեան համար անհրաժեշտ միջոցների յատկացմանը, Ա. Մխիթարեանն ասաց, որ, բացի պետական միջոցներից, կան նաեւ մի շարք բարերարներ: Չնայած մեր խնդրանքին` Ա. Մխիթարեանը որեւէ որոշակի բարերարի անուն չտուեց եւ բացատրեց, որ չի ցանկանայ մէկին նշել, միւսին անտեսել:
«Հետք»






