ԼԵԶՈՒԻ ՏԱԿ ՈՍԿՈՐ ՉԿԱՅ. ԱՆԻՄԱՍՏ ՍՐՈՒԹԻՒՆ ՀԱՅ – ՎՐԱՑԱԿԱՆ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ

Հայաստանի նախագահի Վրաստան այցելութեան յետաձգումը պաշտօնական պարզաբանումների բացակայութեան պայմաններում տարատեսակ մեկնաբանութիւնների դաշտ է բացում: Հոկտեմբերի 17-ին Վրաստանի նախագահի մամուլի խօսնակը յայտարարել էր, որ նոյեմբերի առաջին օրերին եռօրեայ այցով նախագահ Սերժ Սարգսեանը այցելելու է Թիֆլիս: Հոկտեմբերի 20-ին Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան մամուլի քարտուղար Տիգրան Բալայեանը, պատասխանելով լրատուամիջոցների հարցին,  ասել էր, որ «նոյեմբերի առաջին կէսին նախագահ Սարգսեանի օտարերկրեայ այց նախատեսուած չէ»:

Ինքնին իրողութիւնը, որ Հայաստանի նախագահի այց լինել-չլինելու մասին մեկնաբանում է արտաքին գործոց նախարարութեան պաշտօնեան, արտասովոր չէ գոնէ այն պատճառով, որ Բալայեանը պատասխանել է հարցին, թէ արդեօք արտաքին գործոց նախարար Էդուարդ Նալբանդեանը ուղեկցելո՞ւ է երկրի նախագահին` նոյեմբերի առաջին օրերին Վրաստան կատարելիք այցի ժամանակ:

Սակայն, միւս կողմից, ծանօթ լինելով Հայաստանի կողմից վարուող դիւանագիտական նրբերանգներին, կարելի է պնդել, որ հէնց նախագահական նստավայրի ցուցումով է արտաքին գործոց նախարարութիւնը հերքում Սերժ Սարգսեանի Թիֆլիսի այցելութեան մասին վրացական կողմի տարածած տեղեկատուութիւնը` իր դժգոհութիւնը յայտնելով վրացական կողմին:

Անգամ կարելի է կռահել, թէ ինչից են Երեւանում դժգոհ: Մի քանի օր առաջ Վրաստանի նախագահը հերթական տհաճ եւ դիւանագիտական պատշաճութեան շրջանակներում չտեղաւորուող յայտարարութիւնն է արել Հայաստանի իշխանութիւնների հասցէին: Այն, ինչ ասել է Միխայիլ Սահակաշվիլին, գուցէ մօտ է իրականութեանը, սակայն ամբողջ խնդիրն այն է, որ հարեւան երկրի նախագահը ուղղակի իրաւունք չունի նման անշրջահայեաց յայտարարութիւններ անել` անիմաստ սրութիւն հաղորդելով հայ-վրացական յարաբերութիւններին:

Նախագահ Սահակաշվիլին սիրում է գլուխ գովել: Իր երկրի պետական ծառայողների հետ հանդիպման ընթացքում Վրաստանի նախագահը, յիշեցնելով հայ-վրացական սահմանից ոչ հեռու գլխաւոր մայրուղու վրայ տեղի ունեցած խոշոր սողանքի մասին, ասել էր, որ եթէ նման բան լինէր Վրաստանում, ապա երկու ժամուայ ընթացքում ճանապարհը կը բացուէր, մինչդեռ հայերից երկու շաբաթ ժամանակ պահանջուեց: Սահակաշվիլին նաեւ ասել է, որ սրանով չի ուզում «որեւէ վատ բան ասել Հայաստանի մասին, նրանք մեր բարեկամներն են»:

Վրաստանի նախագահը նման ոչ խոհեմ մեկնաբանութիւն արել էր մէկ օր անց այն բանից յետոյ, երբ իր մամուլի քարտուղարը խօսել էր Հայաստանի նախագահի` նոյեմբերի առաջին օրերին Թիֆլիսի սպասուելիք եռօրեայ այցի մասին:

Ի դէպ, սա առաջին դէպքը չէ, որ Սահակաշվիլին քննադատում է Հայաստանի իշխանութիւններին: Ընդհանրապէս, նրանք, ովքեր մօտիկից ճանաչում են Սահակաշվիլուն, գիտեն այդ մարդու ոչ հաւասարակշիռ քայլերի ու յայտարարութիւնների մասին: Հայկական ասացուածք կայ` «Մարդու լեզուի տակ ոսկոր չկայ», ասել է, թէ` արտայայտուելուց առաջ պիտի ուղեղով մտածել:

2009 թ. գարնանը Սահակաշվիլին Հայաստանի հասցէին աւելի տգեղ ու վիրաւորական յայտարարութիւն էր արել, ասելով, թէ «Հայաստանի տնտեսութիւնը փլուզուեց, քանի որ ամբողջութեամբ կախուած էր Ռուսաստանից»: Այս խօսքերով Սահակաշվիլին նպատակ ունէր ոչ թէ եւ ոչ այնքան վիրաւորանք հասցնել Հայաստանին, որի տնտեսութիւնը, իրաւամբ, այդ տարի գրանցեց աննախադէպ անկում` մօտ 15 տոկոս, այլ քննադատել Վրաստանի թշնամի Ռուսաստանին, ինչպէս նաեւ` գլուխ գովել: Վրաստանը, իրօք, համաշխարհային տնտեսական ճգնաժամից դուրս եկաւ համեմատաբար նուազ կորուստներով: Սահակաշվիլու անպարկեշտ այդ  յայտարարութեանը Հայաստանը արձագանգեց: Նախագահ Սարգսեանի մամուլի խօսնակը ի պատասխան նշեց, որ նման յայտարարութիւնը ամենալաւ տարբերակը չէ սեփական ժողովրդի ուշադրութիւնը շեղելու Վրաստանի ներքին խնդիրներից:

Հայ-վրացական կայուն յարաբերութիւնները չափազանց կարեւոր են նախ եւ առաջ Հայաստանի համար, քանի դեռ մեր միւս երկու անմիջական հարեւանները` Թուրքիան եւ Ազրպէյճանը, միասնաբար թշնամական եւ Հայաստանը տնտեսապէս ծնկի բերելու քաղաքականութիւն են վարում: Բայց Թիֆլիսում եւս պէտք է գիտակցեն, որ հայ-վրացական ամուր յարաբերութիւնները նոյնչափ կարեւոր են հէնց Վրաստանի համար: 2008թ. ռուս-վրացական հնգօրեայ պատերազմում Հայաստանի չէզոքութիւնը,  ինչպէս նաեւ Երեւանի` միաժամանակ Վրաստանի եւ Ռուսաստանի հետ լաւ,  բարեկամանական յարաբերութիւնները պահպանելու ձգտումը պէտք է ըստ արժանուոյն գնահատուի վրացական կողմից: Կասկած չկայ, որ ընդհանուր առմամբ, վրացական քաղաքական ընտրանքին հասկանում է, թէ որքան կարեւոր է Հայաստանի դրական չէզոքութիւնը Վրաստան-ռուսաստան թշնամական յարաբերութիւններում:

Հայ-վրացական փոխյարգալից յարաբերութիւնները վերջին քսան տարիներին դիմացան տարածաշրջանային վայր ի վերումներին, եւ նախագահ Սահակաշվիլին, վրացի ու հայ որեւէ այլ պաշտօնեայ պիտի գիտակցեն, որ չի կարելի շռայլութիւն թոյլ տալ եւ անմիմաստ յայտարարութիւններով լարուածութիւն ստեղծել: Հայաստան-Վրաստան դարերից եկող սերտ, բարեկամական յարաբերութիւնները պիտի փայփայել, քանի որ դրանք կարեւոր են երկու ժողովուրդների բարօրութեան համար: Նախագահները, միւս պաշտօնեաները, գալիս-գնում են, մինչդեռ պետութիւնները եւ ժողովուրդները յարատեւ են:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES