ԵՐԿԽՕՍՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒՆՔԸ ԵԽԽՎ ԲԱՆԱՁԵՒՆ ԷՐ
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը, ով ցանկութիւն չունի մեկնաբանել, թէ ինչո՛ւ վերջացաւ ՀԱՔ-իշխանութիւն երկխօսութիւնը, այնուամենայնիւ, «Ժողովուրդ»ի հետ զրոյցում նշեց, որ դա, լինելով «երկխօսութիւն երկխօսութեան համար», ձեռնտու էր իշխանութիւններին:
Հ.- Պարո՛ն Ռուստամեան, կուսակցութիւնները, այդ թւում` ՀՅԴ-ն, հեռուից հետեւում էին ՀԱՔ-իշխանութիւն երկխօսութեանը. հիմա, երբ եղաւ այն, ինչ եղաւ, ձեզ համար սպասելի՞ էր:
Պ.- Մենք ասել ենք, որ երկխօսութիւնն ինքնին լաւ երեւոյթ է, եւ հիմա էլ եմ ասում: Բայց երբ փորձ է արւում երկխօսութիւնը դիտարկել այն տրամաբանութեամբ, որ իբր թէ գոյութիւն ունի մի խումբ, որը երկխօսում է` ներկայացնելով ողջ իշխանութիւնը, եւ մի այլ խումբ, որը ներկայացնում է ողջ հասարակութիւնը, սա բացարձակապէս իրականութեանը չէր համապատասխանում, ու նախ եւ առաջ հէնց այդ պատճառով ձախողուեց հիմնական մասով: Այսինքն ի սկզբանէ հարցադրումները սխալ էին, այն յաւակնութիւնները, որ երկխօսութեան ընթացքում փորձում էին ներկայացնել ՀԱՔ ներկայացուցիչները, դրանք անհիմն էին եւ ստեղծուած իրավիճակին ու նաեւ հասարակական պահանջներին համապատասխան չէին: Դա երկխօսութիւն էր երկխօսութեան համար, եւ «երկխօսութիւնը երկխօսութեան համար» ո՞ւմ էր աւելի ձեռնտու. պարզ չէ՞, որ միշտ ձեռնտու է իշխանութիւններին: Դրա առաջին արդիւնքն իշխանութիւնների համար շատ կարեւոր էր եւ իրենք ստացան Եւրոխորհրդի ԽՎ այս բանաձեւով, որով, եթէ համեմատենք անցած բոլոր բանաձեւերի հետ` սկսած 1609-ից, չափազանց դրական իմաստով շեղուած է յօգուտ իշխանութիւնների, որ իրենց ուղղակի ողջունելու առիթ հանդիսանայ: Ասեմ աւելին, յանգեցնի եզրակացութեանը, որ մենք փորձում էինք հանել կամ շտկել 11-րդ կէտը, որ «էջը կարելի է համարել փակուած»: Հիմա իրենք իրենց արածի արդիւնքներն արագ ստացան եւ փորձում են դրանից շուարած մեկնաբանութիւններ տալ: Ես, ի հարկէ, իրենց ոճին ծանօթ եմ, իրենք ամէն ինչ էլ կարող են մեկնաբանել: Լեւոն Տէր Պետրոսեանը կարող է իրար հակասող դրոյթներն էնպէս մեկնաբանի, որ տուեալ պահին լսողն ասի` «էս ինչ կուռ տրամաբանութիւն էր»:
Դա էլ իր` որպէս գործչի մեծագոյն հմտութիւնն է:
Հ.- Այդ ընթացքում մեղադրանքներ էին հնչում` «գաղտնի պայմանաւորուածութիւններ», չգիտեմ, «կիսում են Աժ-ն ու կառավարութիւնը», եւ հիմա երկխօսութեան այս վերջաբանի դէպքում չէ՞ք կարծում, որ այդ մեկնաբանութիւններն անտեղի էին:
Պ.- Նախ միշտ խուսափել եմ եւ շատ յստակ ասեմ` ինչո՛ւ էս հարցին անդրադառնալ լրջօրէն: Ինչո՞ւ, որովհետեւ ինքն իր մէջ լուրջ բովանդակութիւն չի պարունակում. դրա յետեւում կարող են լինել տարբեր ենթաբեմային պայմանաւորուածութիւններ, որ ես չեմ բացառել: Եւ հիմա փորձել մեկնաբանութիւնների միջոցով դրան լրջութիւն հաղորդել, գիտէք, իմ գործը չէ:
Երկխօսութիւնն ինքնին ոչինչ չի տուել, մենք մեր մեկնաբանութիւններով պէտք է դրան բովանդակութի՞ւն հաղորդենք, ես նման ցանկութիւն չունեմ, ոչ էլ ուշի ուշով հետեւում էի, որ տեսէ՛ք, հայ ժողովուրդը դրանից ի՛նչ է ստանալու:
Հ.- Ազատութեան հրապարակում շուրջօրեայ հանրահաւաքներ անող ՀԱՔ համակիրներին զուգարանից զրկելու իշխանութեան որոշումը յայտնի է: Սակայն յայտնի է, որ հրապարակին մերձակայ սրճարանների մէջ «Մեղեդի»ն պատկանում է դաշնակցականներին: Փաստօրէն, ՀՅԴ-ն եւս միացաւ այդ քայլին:
Պ.- Ես չգիտեմ էդ… Ձեր հաստատումը, ես էստեղ չեմ եղել, հեռուից հեռու ինձ շատ տհաճ էր այդ ամէն ինչը լսել, որ ինչ-որ զուգարանային պայքար է սկսուել:
Հ.- Բայց 24 ժամ նստացոյցի նստած մարդու համար կարեւոր է այդ հարցը:
Պ.- Բայց խնդրանքով դիմել նախագահին առ այն, որ բացեն զուգարանները, մի քիչ շատ է էլի՛ զուգարանների համար:
Հ.- Պարո՛ն Ռուստամեան, որքան էլ այս պահին հերքւում է, բայց շարունակում է շրջանառուել, որ Քոչարեանը գծագրում է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ քոալիսիոնով վերադառնալ:
Պ.- Բոլոր նման հարցերը չեն ստանում իրենց լիարժէք պատասխանը, եւ էդպէս էլ լինելու է, որովհետեւ այդ հարցերը ժամանակավրէպ են: Էդ օրերը կը մօտենան… կուսակցութիւններն իրավիճակի ամբողջական գնահատումից յետոյ են նման խնդիրներ օրակարգ բերում եւ լուծումներ գտնում: Հիմա դրա խնդիրը չէ, էդ օրակարգը մեր գործունէութեան մէջ չէ:
Հ.- Մեծանուն երգիչ եւ համատեղութեամբ Զուիցերիայում Հայաստանի դեսպան Շարլ Ազնաւուրի վերջին յայտարարութիւնը դժգոհութեան ալիք բարձրացրեց, առնուազն մեկնաբանուեց, որ նա` որպէս Հայաստանի դեսպան, իրաւունք չունէր նման բաներ ասելու: Որպէս Ցեղասպանութեանը եւ դրան առնչուող խնդիրներին նախանձախնդիր կուսակցութեան անդամ` ի՞նչ կ՛ասէք, կարծես ձեր կուսակցութիւնը չարձագանգեց: Ձեր կարծիքով` ինչ-որ բան փոխուե՞լ է մեր արտաքին քաղաքականութեան մէջ, որը, եթէ չեմ սխալւում, հետապնդում է Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը:
Պ.- Ես ծանօթ չեմ իր յայտարարութիւններին, ես երկար ժամանակ գործուղման մէջ եմ գտնուել: Լսել եմ, բայց ինքս չեմ կարդացել հարցազրոյցը, ես մի հատ ծանօթանամ…
ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ
«Ժողովուրդ»
www.zhoghovurd.am

