ԼԵՒՈՆ ՏԷՐ ՊԵՏՐՈՍԵԱՆԻ ՎՏԱՆԳԸ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆԸ ԵՒ ՌՈՊԵՐԹ ՔՈՉԱՐԵԱՆԸ ՄԻՄԵԱՆՑ ԴԷՄ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱՅ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Վերջին օրերին Հայաստանում շարունակուող պաշտօնանկութիւնները կամ պաշտօնաթողութիւնները, չնայած տարաբնոյթ մեկնաբանութիւններին, մէկ հիմնական նպատակ են հետապնդում. Սերժ Սարգսեանը լրջօրէն նախապատրաստւում է 2013 թուականի նախագահական ընտրութիւններին, որին մնացել է ընդամէնը 14 ամիս: Մինչ այդ, 2012 թուականի մայիսի սկզբին կը կայանան խորհրդարանական ընտրութիւններ, որոնց արդիւնքները հէնց կը կանխորոշեն նախագահական ընտրութիւնների արդիւնքները:

Սերժ Սարգսեանի ցանկութիւնը` երկրորդ ժամկէտով զբաղեցնել Հայաստանի թիւ մէկ պաշտօնը, հասկանալի է: Սահմանադրութիւնը նրան նման հնարաւորութիւն ընձեռնում է: Բայց առաջին հերթին նրան նման հնարաւորութիւն տալիս է Հայաստանի մենաշնորհային քաղաքական դաշտը եւ աւելի մենաշնորհային տնտեսութիւնը: Անշուշտ, Հայաստանի գործող նախագահները եւ գործող իշխանութիւնները ընտրութիւնների ընթացքում օգտագործում են այլ միջոցներ եւս` վարչական լծակներ, համատարած դրամաբաժանութիւն, կեղծիքներ եւ  այլն: Բայց անգամ նման ակնյայտ առաւելութեան պայմաններում գործող իշխանութիւնները, յատկապէս նախագահական ընտրութիւններում, մեծ դժուարութեամբ են պահպանում դիրքերը:

Այսպէս եղաւ 1996-ի նախագահական ընտրութիւններում, երբ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը միայն փողոց դուրս բերուած զրահամեքենաների օգնութեամբ պահեց իշխանութիւնը (ընդամէնը` մէկուկէս տարուց էլ պակաս), այդպէս եղաւ երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի դէպքում, երբ նա խիստ վիճելի ընտրութիւնների արդիւնքում յաղթեց նախ Կարէն Դեմիրճեանին, ապա վերջինիս որդուն` Ստեփան Դեմիրճեանին: Այդպէս եղաւ նաեւ 2008-ին, երբ Սերժ Սարգսեանը խիստ վիճելի ընտրութիւնների արդիւնքում յաղթեց Տէր Պետրոսեանին: Նորանկախ Հայաստանի քսանամեայ պատմութեան մէջ միակ նախագահական ընտրութիւնը, որը խիստ վիճելի եւ կեղծուած չի ընկալուել Հայաստանի քաղաքացիների ստուար հատուածի կողմից, եղել է 1991-ի ընտրութիւնը: Բայց պատճառը ոչ թէ այն էր, որ օրուայ իշխանութիւնը` Հայոց համազգային շարժումը, գիտակցում էր ազատ եւ արդար ընտրութիւնների կարեւորութիւնը երկրում  ժողովրդավարութեան հաստատման եւ Հայաստանի միջազգային իմիջի իմաստով, այլ այն, որ այդ ընտրութիւնները կեղծելու կարիքը չկար: Այն օրերին Հայաստանի քաղաքացիների մեծ մասը համակրում էր Տէր Պետրոսեանին: Հինգ տարի անց` 1996-ին, Հայաստանի քաղաքացիների մեծ մասը արդէն անընդունելի էր համարում Տէր Պետրոսեանին, եւ օրուայ վարչախումբը դիմեց համատարած կեղծիքների եւ թոյլ չտուեց, որպէսզի այն օրերի ընդդիմութեան միասնական թեկնածուն` Վազգէն Մանուկեանը դառնայ նախագահ:

Երեք նախագահների մէջ «ամենադժբախտը», եթէ կարելի է այս բառն օգտագործել նախագահների համար ընդհանրապէս, անգամ չակերտներում, Սերժ Սարգսեանն է: Ի տարբերութիւն Տէր Պետրոսեանի եւ Քոչարեանի, Սարգսեանի նախագահութեան գալուն անմիջապէս նախորդել էր մարտի մէկը: Այո՛, մարտի մէկը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ նախագահը դեռ Քոչարեանն էր: Այո՛, մարտի մէկը տեղի ունեցաւ այն պատճառով, որ Տէր Պետրոսեանը փողոց էր դուրս բերել իր տասնեակ հազարաւոր կողմնակիցներին: Բայց եթէ չլինէր մարտի մէկը, ապա դժուար է ասել, թէ ինչպէս կը զարգանային ներքաղաքական իրադարձութիւնները Հայաստանում եւ նոյնքան դժուար է հաւատալ, որ Ս. Սարգսեանը կը կարողանար ստանձնել նախագահի պաշտօնը: Սա է դաժան իրականութիւնը, եւ Ս. Սարգսեանը ու իր շրջապատը, որքան էլ փորձեն թաքնուել, միեւնոյնն է, մարտի մէկը հետապնդելու է հէնց նրանց, առաջին հերթին` հէնց Ս. Սարգսեանին:

Հէնց սա է հիմնական պատճառներից մէկը, որը ստիպելու է Սերժ Սարգսեանին փորձել 2013-ին նախագահի պաշտօնը զբաղեցնել առանց ողբերգութեան, առանց ցնցումների եւ առանց  Հայաստանի քաղաքացիներին երկու կամ աւելի հակադիր ճամբարների բաժանելու: Հետեւաբար Ս. Սարգսեանը ժամկէտից շուտ չի սկսում նախընտրական պայքարը, ինչպէս պնդում են ոմանք:

Ինչ խնդիրներ է լուծում Ս. Սարգսեանը այսօր այս հրաժարականներով` դրանք լինեն ինքնակամ կամ պարտադրուած: Նախ թուարկենք, թէ ովքեր են հրաժարական տուել մինչեւ այսօր. Կարէն Կարապետեան` նախագահի աշխատակազմի ղեկավար, Կարէն Կարապետեան` Երեւանի քաղաքապետ, Յովիկ Աբրահամեան` Ազգային ժողովի նախագահ, Միքայէլ Մինասեան` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց որ աւելի կարեւոր է` Սերժ Սարգսեանի փեսան: Մինչ այս յօդուածի հրապարակումը գուցէ նոր հրաժարականներ լինեն, բայց դրանք չեն փոխում ընդհանուր մտայնութիւնը. Սերժ Ս. Սարգսեանը վերադասաւորումների ճանապարհով մի կողմից ազատւում է նրանցից, ովքեր ընտրութիւնների ժամանակ կարող են ճամբար փոխել, միւս կողմից` նշանակում նրանց, ովքեր մինչեւ վերջ պայքարելու են իր վերընտրութեան համար: Այլ խօսքերով` Ս. Սարգսեանը չի ուզում իր խմբում պահել մարդկանց, ովքեր համարուել են Քոչարեանի շրջապատից:

Այո, որքան էլ անիրական թուայ, Սարգսեանը մի կողմից պայքարում է առաջին, միւս կողմից` երկրորդ նախագահի վերադարձի դէմ: Տէր Պետրոսեանի դէպքում, թւում է, ամէն ինչ պարզ է. առաջին նախագահը եւ նրա խմբակը առաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւններում լինելու է Ս. Սարգսեանի գլխաւոր ընդդիմադիր մրցակիցը: Շատ աւելի բարդ է Քոչարեանի պարագան: Մի կողմից, անկասկած, քանի դեռ ե՛ւ Ս. Սարգսեանը, ե՛ւ Ռ. Քոչարեանը զգում են Տէր Պետրոսեանի վերադարձի ընդհանուր վտանգը, նրանք հրապարակաւ միմեանց դէմ երբեք դուրս չեն գայ: Եւ Ս. Սարգսեանը, ե՛ւ յատկապէս Քոչարեանը զգում են, որ Տէր Պետրոսեանի վերադարձի դէպքում նրանք երկուսն էլ կորցնելու շա՜տ-շատ բաներ ունեն, այդ թւում` տնտեսական ու քաղաքական մենաշնորհներ:

Ռ. Քոչարեանին լաւ ճանաչողները պնդում են, որ նա ներքաղաքական պայքարի մէջ կը մտնի միայն այն դէպքում, երբ հարիւր տոկոսով վստահ լինի իր յաղթանակի մէջ: Հակառակ դէպքում, երկրորդ նախագահը ոչ միայն չի խանգարի գործող նախագահին, այլ ամէն կերպ կ՛աջակցի նրան, երբ ընտրութիւնը յատկապէս Ս. Սարգսեանի ու Տէր Պետրոսեանի միջեւ է: Այդպէս վարուեց նաեւ Ռ.  Քոչարեանը 2008-ի նախագահական ընտրութիւններում: Չլինէր Տէր Պետրոսեանի հանդէպ ընդգծուած հակակրանքը եւ ամէն կերպ առաջին նախագահի վերադարձը կանխելու Ռ. Քոչարեանի վճռականութիւնը, ապա Ս. Սարգսեանը միայնակ շատ դժուար իրավիճակի մէջ կը լինէր:

Մեր տեղեկութիւններով, որոնք նաեւ հաստատում են Ուիքիլիքսի գաղտնազերծումները, Ռ. Քոչարեանը դժգոհ է Ս. Սարգսեանի նախագահութեան չորս տարիների արդիւնաւէտութիւնից: Ռ. Քոչարեանը դժգոհ է ե՛ւ Ապտիւլլա Կիւլին Երեւան հրաւիրելու,  ե՛ւ ամբողջ «ֆութպոլային դիւանագիտութեան» համար, ե՛ւ ղարաբաղեան հարցում ստեղծուած իրավիճակից, ե՛ւ յատկապէս Հայաստանի տնտեսական կացութիւնից: Ս. Սարգսեանի նախագահութեան չորս տարիների ընթացքում Հայաստանը գրանցել է տնտեսական անկում, արտաքին պարտքը աւելացել է շուրջ երկուսուկէս անգամ, աղքատութիւնը անցնում է 30 տոկոսից եւ գների բարձրացումը անտանելի վիճակի մէջ է դրել յատկապէս անապահով խաւին, իսկ արտագաղթը նոր թափ է հաւաքում:

Այս պայմաններում, ի հարկէ, դժուար է հաւատալ, որ Հայաստանի քաղաքացիները ինքնակամ կը գնան ու կը քուէարկեն մի նախագահի եւ մի կառավարութեան օգտին, որը ոչ միայն չի բարելաւել իրենց կեանքը, այլ վատացրել է: Սակայն ընդհանուր գործընթացները եւ իշխանութիւնների վճռակամութիւնը (վատ իմաստով) ցոյց են տալիս, որ յառաջիկայ խորհրդարանական եւ նախագահական ընտրութիւնները չեն կարող անցկացուել ազատ եւ արդար, քանի որ այդ դէպքում գործող իշխանութիւնները կը կանգնեն կոտրուած տաշտակի առջեւ:

Խորհրդարանական ընտրութիւններում Հանրապետական կուսակցութիւնը ամէն գնով փորձելու է ջախջախիչ յաղթանակ տանել, որպէսզի առաւել ապահով դարձնի Սերժ Սարգսեանի երկրորդ ժամկէտով ընտրութիւնը նախագահի պաշտօնում: Եւ դա ուղերձ է լինելու ոչ միայն Տէր Պետրոսեանին, այլ` Ռ. Քոչարեանին:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

 

Share this Article
CATEGORIES