ԹՈՒՐՔԻՈՅ` ԵՒՐՈՄԻՈՒԹԵԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
Քաղաքականութեան աշխարհում երկրները անընդհատ փորձում են իրենց շահերին հասնելու համար ձեւեր ու ճանապարհներ փնտռել:
21-րդ դարը համարւում է միջազգային կառոյցների ժամանակաշրջան, եւ միջազգային կառոյցներին ու կազմակերպութիւններին միանալն այն ճանապարհներից մէկն է, որով պետութիւնները փորձում են ապահովել իրենց շահերը:
Թուրքիան այն երկրներից է, որ բաւականաչափ գործուն է այդ ուղղութեամբ, անդամակցելով միջազգային կառոյցներին` կարողանում է գործադրել իր արտաքին քաղաքականութիւնները եւ շահեր ձեռք բերել իր համար:
Թուրքիան, հանրապետութեան ստեղծումից (1923) մինչ այժմ, մօտ դաշնակից է եղել Արեւմուտքի հետ, հիմնադիր անդամ երկրներից է Միացեալ ազգերի կազմակերպութեան, 1952 թուականից անդամակցում է ՕԹԱՆ-ին եւ ՕԹԱՆ-ի քաղաքականութիւնների գործադրողն է եղել շրջանում, 1949 թուականից Եւրոխորհրդի անդամ է, 1959 թուականից համագործակցել է Եւրոպայի տնտեսական համայնքի հետ, որը հիմա անուանւում է Եւրոմիութիւն, եւ որին Թուրքիան ցանկանում է անդամակցել: 1987 թուականին Թուրքիան դիմում է ներկայացրել Եւրոմիութեանը` անդամակցելու համար, մինչ այժմ դեռ յստակ պատասխան չի ստացել եւ սպասում է:
1993 թուականին Դանիոյ մայրաքաղաք Քոփենհակընում եւրոպական երկրները մի համաձայնութեան հասան, ըստ որի` Եւրոմիութեան անդամ երկրները պէտք է ընդունեն այդ միութեան իրաւական եւ օրինաւոր դրուածքը, պէտք է ընդունեն Եւրոմիութեան Սահմանադրական օրէնքը, միութեանն անդամակցող երկրների տնտեսութիւնը պէտք է ունենայ բարւոք վիճակ եւ անդամ երկրները տնտեսական քաղաքականութիւնների հակասութիւններ չունենան միմեանց հետ, անդամ երկրները պէտք է ունենան ժողովրդավարական դրուածք, յարգեն մարդու իրաւունքների օրէնքներն ու նաեւ այդ երկրներում գոյութիւն ունեցող փոքրամասնութիւնների իրաւունքները պէտք է ապահովուած լինեն, երկրները իրենց ներքին դժուարութիւնները լուծելու համար պէտք է դիմեն խաղաղ միջոցների:
Սրանք այն որոշ կէտերն են, որոնք որեւէ երկիր, որ ցանկանում է միանալ Եւրոմիութեանը, պէտք է կարողանայ գործադրել եւ ընդունել: Թուրքիան էլ, եթէ ցանկանում է միանալ Եւրոմիութեանը, պէտք է կարողանայ այդպիսի վիճակի հասցնել իրեն:
2005 թուականին սկսուել են պաշտօնական բանակցութիւններ Թուրքիայի եւ Եւրոմիութեան հետ` Թուրքիայի անդամակցութիւնը քննարկելու համար:
Թուրքիայի ներկայ վիճակը այն չէ, որ հեշտ ընդունուի Եւրոմիութեան մէջ: Եթէ նայենք 1993 թուականի Քոփենհակընի պայմանագրին, պարզ է դառնում, որ Թուրքիան շատ երկար ճանապարհ ունի կտրելիք: Թուրքիայում դեռ չեն յարգւում մարդու իրաւունքները, լրագրողները բանտարկւում են կառավարութեանը քննադատելու համար, չկայ Եւրոպայի սպասուած խօսքի ազատութիւնը, փոքրամասնութիւնների օրէնքները չեն յարգւում, նրանք ազատ չեն իրենց լեզուի ուսուցման եւ կրօնական ու մշակութային աւանդութիւնների ու, վերջապէս, դիմագծի պահպանման մէջ: Ներքին բարդութիւնները չեն լուծւում խաղաղ միջոցներով. ամենապարզ օրինակը` Քրտական հարցը եւ տասնեակ նման օրինակներ, որոնք հակասում են Եւրոմիութեան երկրների վիճակին, քաղաքականութեանը եւ տրամադրութիւններին:
Այս ճանապարհին գոյութիւն ունեն մի քանի այլ զգայուն հարցեր. Եւրոմիութեան անդամ երկիրը չի կարող անհաշտ լինել իր հարեւան երկրների հետ. Թուրքիայի յարաբերութիւնները իր հարեւան Հայաստանի եւ Յունաստանի ու նաեւ Կիպրոսի հետ բարեկամական չեն: Գոյութիւն ունի մի այլ զգայուն կէտ եւ դա Հայոց ցեղասպանութեան ճանաչումն է, որը արգելքներից մէկն է Թուրքիայի Եւրոմիութեան անդամ դառնալու ճանապարհին:
«Ալիք»

