ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԳԵՏՆԱՆՑՈՒՄԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ՁԻԵՐԻՆ. «ԱՌԱՒՕՏ»Ի ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹԵԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ
ՀԱՐՑՈՒՄ.- Իշխանութիւնը շատ հետաքրքիր եւ անսպասելի քայլեր է անում, յատկապէս վերջին շաբաթուայ ընթացքում, ըստ ձեզ` ինչո՞ւ են արւում այս զգայացունց քայլերը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ընտրութիւնների են պատրաստւում:
Հ.- Էլի թող պատրաստուեն, բայց ինչո՞ւ անպայման պաշտօնանկութիւններով, հրաժարականներով եւ տեղափոխութիւններով:
Պ.- Տարբեր կուսակցութիւններ տարբեր ձեւերով են պատրաստւում ընտրութիւնների: Մարդիկ կան` քարոզչական աշխատանքն են ուժեղացնում, մարդիկ կան` կուտակում են գումարներ, որոնք յետոյ պէտք է բաժանուեն կամ ծախսուեն բակերի ասֆալտապատման համար: Բայց կան նաեւ կազմակերպութիւններ, որոնք ժամանակին թոյլ տրուած ռազմավարական սխալների արդիւնքում պարտաւորուած են լինում անընդհատ թարմացումներ իրականացնել խմբի ներսում: Որո՞նք են այդ կազմակերպութիւնները` այն կազմակերպութիւնները, ում ես ժամանակին զգուշացրել էի, որ խաբկանք է, ծուղակ է կարծելը, թէ ամբողջութեամբ քո մէջ կլանելով պետական դիւանակալական մեքենան` դու դառնում ես այդ մեքենայի տէրը եւ նրանով լծակներ ես ստանում: Սա խաբկանք է, որովհետեւ իրականում նման մեքանիզմների կիրառման դէպքում տեղի է ունենում հակառակը` դիւանակալական մեքանան է տիրանում տուեալ կուսակցութեանը, իսկ այդ մեքենան աշխատում է բոլորովին ուրիշ սկզբունքներով, քան` դասական, բնական կուսակցութեան ղեկավարութիւնը: Այնտեղ լուծւում են ոչ թէ գաղափարական, քաղաքական պայքարի եւ քաղաքական ուղղութեան ճշդման, այլ վարչական խնդիրներ: Եւ հէնց մօտենում են այն միջոցառումները, որոնց միջոցով պէտք է տեղի ունենայ ժողովրդի կամարտայայտութիւնը, այսինքն` ընտրութիւնները, այս տեսակի «վարչական» բնոյթի կուսակցութիւնները, որոնք մշտապէս իշխանութեան կուսակցութիւն են` անկախ իրենց անուանումից, սկսում են իրականացնել հէնց վարչական կարգի վերանայումներ եւ բարեփոխումներ: Դա չի նշանակում, անշուշտ, որ միեւնոյն ժամանակ տեղի չի ունենում նաեւ փողի կուտակում եւ որոշ քարոզչական միջոցառումներ նոյնպէս, բայց խմբի բիւրեղացման գործընթացն իրենց համար աւելի կարեւոր է; Այսինքն` հաւատարմութիւն տիրոջը:
Հ.- Այնուամենայնիւ, համաձայն էք, որ այս բոլոր քայլերը, ընդհուպ անգամ հարազատ փեսային աշխատանքից ազատելը, նման են ճատրակի լեզուով ասած, մի բանի` սպիտակները սկսում են եւ յաղթում:
Պ.- Սկսում են` այո, «յաղթում են»ը դեռ կը տեսնենք, իսկ ինչ վերաբերում է ազգականներին գործից ազատելուն, ինչո՞ւ էք այդպէս նայում, գուցէ բարեկամներին «գործուղում են» ինչ-որ տեղ, ասենք` վերահսկողական աշխատանքներ իրականացնելու, կազմակերպական, համակարգող աշխատանքներ իրականացնելու:
Հ.- Դրանում վա՞տ բան էք տեսնում:
Պ.- Ես ընդհանրապէս ճիշդ չեմ համարում մօտիկ ազգականներին աշխատանքի վերցնելը, բայց եթէ դա արդէն տեղի է ունեցել, բնականաբար, վստահել եւ գործուղել համակարգման եւ վերահսկման նպատակներով` արդէն հասկանալի է դառնում:
Հ.- Չէ՞ք կարծում, որ նման բան քիչ գործիչներ կ՛անէին` ընտրութիւններից առաջ գնալ այսպիսի վերադասաւորումների, կայ, չէ՞, յայտնի ասացուածք` «Գետնանցումի ժամանակ ձիերին չեն փոխում», բայց հանրապետութեան նախագահը բաւականին համարձակ է գնում դրան:
Պ.- Ես կարծում եմ` աւելորդ ձիերին ուղղակի հեռացնում են, որովհետեւ նախ` նրանք աւելի շատ են վարսակ ուտում, եւ երկրորդը` առաջներում, օրինակ, այսպիսի հասկացողութիւն կար, կոչւում էր` ցուգ, ցուգը գերմաներէնից թարգմանած` վակոնների շարանն է, եւ երբ ռուսական կամ գերմանական ազնուականութեան մէկ սայլակ կամ անձնակազմ քաշելու նպատակով 20-30 ձի էր լծում, դա շատ տպաւորիչ էր, ի հարկէ, բայց` խաղաղ պայմաններում: Նման ցուգով երկար տարածութիւններ արագօրէն տեղաշարժուելը բաւականին դժուար էր լինում, որովհետեւ այդ բոլոր ձիերին շատ դժուար էր սովորեցնել, որ բոլորը ոտքերը պէտք է նոյն ձեւով գցեն: Այդ պատճառով էլ գետնանցումի ժամանակ թողնում էին միայն այն ձիերին, որոնց արդէն այնպէս էին վարժեցրել, որ որեւէ կասկած չէր կարող առաջանալ, թէ կը սխալուեն կամ կը խրտնեն:
Հ.- Ցուգով կամ առանց դրա, համաձայն էք, այս քայլերը չէզոքացրին ընդդիմութեանը. ե՛ւ հրապարակում կանգնածները, ե՛ւ դրանից դուրս գտնուողները կարծես դարձել են երկրորդական, տեսնում ենք, որ ընդդիմութիւն կարծես թէ չկայ, եւ իշխանութիւնն է օրակարգը ձեւաւորում:
Պ.- Բնական է, իշխանութիւնը քննարկման օրակարգ է ստեղծում, բայց դա էլ նպատակներից մէկն է, գուցէ` հիմնական նպատակը: Այս մարտավարութիւնը մենք նկատում ենք ծայրայեղ ընդդիմութեան եւ իշխանութեան մօտ, բազմիցս նկատել ենք, որ երբ իսկական լուրջ օրակարգ է առաջանում ժողովրդի առջեւ, օրինակ` իշխանափոխութիւն ընտրութիւնների միջոցով, անմիջապէս կեղծ օրակարգեր են նետւում: Օրինակ` ծայրայեղ ընդդիմութիւնը, կարեւորագոյն օրակարգը մի կողմ թողած, զբաղւում է ինչ-որ մարդկանցով, որոնք իբր թէ քաղբանտարկեալ են, կամ նետում են բոլորովին ապակողմնորոշող եւ թուլացնող կարգախօսներ, օրինակ` արտահերթ ընտրութիւնների, անմիջապէս հրաժարականների եւ այլնի մասին: Ահա, այսքան մարդ հրաժարական տուեց, ի՞նչ փոխուեց, ոչ մի բան, ենթադրենք, որ սա իրենց պահանջով է արուել, բայց ի՞նչ փոխուեց, ոչինչ: Նոյն մարտավարութիւնը օգտագործում է նաեւ իշխանութիւնը: Լուրջ օրակարգը` իշխանութեանը խաղաղ, քաղաքակիրթ, բնական ընտրութիւնների միջոցով հրաժեշտ տալը մեր հասարակութեան առջեւ կանգնած հիմնական օրակարգն է, բայց այդ հիմնական օրակարգը նենգափոխւում եւ դառնում է ուրիշ օրակարգ: Քաղաքապետեր են փոխւում, ոստիկանապետեր են փոխւում, գրասենեակներ են ստեղծւում ԱԺ նախագահի գլխաւորութեամբ, ով, չգիտես ինչու, դրա պատճառով պիտի հրաժարական տայ: Այսինքն հասարակութեանը զբաղեցնում են խնդիրներով, որոնք այդ հասարակութեանը բոլորովին պէտք չէ հետաքրքրեն բնական երկրում:
Զրոյցը վարեց
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԵԱՆԸ

