ԻՄ 10 ՕՐԵԱՅ ԱՐՁԱԿՈՒՐԴ-ՈՒՂԵՒՈՐՈՒԹԻՒՆԸ. ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ԵՒ ԿԻՊՐՈՍԵԱՆ ՊԱՏԿԵՐՆԵՐ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Իմ տասնօրեայ արձակուրդ-ուղեւորութիւնը, որը ներառում էր Կիպրոսն ու Լիբանանը, անցաւ շատ արագ: Հանդիպումների ու դասախօսութիւնների խտութիւնը, ինչպէս նաեւ Պէյրութում տեղի ունեցած ազգային, կրօնական, մշակութային ձեռնարկներին իմ մասնակցութիւնը ազատ ժամանակ չթողեցին: Աշխարհում, այդ թւում Հայաստանում, քիչ կան քաղաքներ, որոնք ունեն Պէյրութի հայկական մշակութային շունչը: Լիբանանահայ գաղութը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնով, իր ազգային-կրթական հաստատութիւններով, կուսակցութիւններով, կրօնական յարանուանութիւններով ու լրատուամիջոցներով, իսկ որ ամենակարեւորն է` հայկական ոգով, շարունակում է մշակութային եռուզեռ ապրել:

Նոյեմբերի 7-ին Անթիլիասի մայրավանքում Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի  հանդիսապետութեամբ եւ համագործակցութեամբ Լիբանանում Հայաստանի ու Նորվեկիայի դեսպանատների, տեղի ունեցաւ հանդիսութիւն Ֆրիտեոֆ Նանսենի ծննդեան 150-ամեակի առիթով: Երեկոյի ընթացքում ներկայացուեց մեծ մարդասէրի «Հայաստան եւ Մերձաւոր Արեւելք» անգլերէն հատորի վերահրատարակութիւնը:

Կիպրոսի թեմի առաջնորդ Վարուժան արք. Հերկելեանի հրաւէրով եւ համագործակցութեամբ Հայ դատի յանձնախմբին նոյեմբերի 8-10-ը այցելեցի Նիկոսիա, որտեղ կիպրահայ համայնքին ներկայացրի իմ եւ Ջիւան Աւետիսեանի «Հայերը Մռաւից Արաքս» տեղեկատուական ժապաւէնը, ինչպէս նաեւ` դասախօսութիւն կարդացի Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների ու արցախեան կարգաւորման թեմայով: Լիբանանի «Արցախ» ֆոնտի աջակցութեամբ նկարահանուած ժապաւէնը դիտելու էին եկել աւելի քան 100 հայեր: Սա հաստատումն է այն իրողութեան, որ Արցախի եւ ազատագրուած տարածքների թեման շարունակում է հետաքրքրել եւ մտահոգել սփիւռքահայութեանը: Կիպրոսի եւ կղզում հաստատուած հայութեան մասին առաջիկայում մի քանի յօդուածներ կը պատրաստեմ Հայաստանի եւ սփիւռքի լրատուամիջոցների համար:

Նոյեմբերի 12-ին Պուրճ Համուտի «Սարդարապատ» ակումբում տեղի ունեցաւ խոստման արարողութիւն, որին մասնակցեցին 60 դաշնակցական պատանիներ ու աղջիկներ: Այդ ձեռնարկից յետոյ «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահում աւելի քան 200 երիտասարդներ դիտեցին «Հայերը Մռաւից Արաքս» ժապաւէնը: Զարմանալի եւ ուրախալի է, երբ տեսնում ես, թէ ինչպիսի հետաքրքրութիւն են դրսեւորում սփիւռքահայ 15-16 տարեկանները մայր հայրենիքի հանդէպ: Հէնց այս երիտասարդներն են, որոնք առաջիկայ տասնամեակներում սփիւռքում պիտի շարունակեն պահել ու տարածել հայկական ոգին ու արեւմտահայերէնը:

Այնճարը Լիբանան իմ այցելութիւնների պարտադիր մասն է կազմում: Այս անգամ Պեքաայի դաշտավայրում` Սուրիոյ սահմանին տեղակայուած հայկական գիւղաքաղաք այցելեցի «Արցախ» ֆոնտի ատենապետ Մելքոն Յակոբեանի հետ: Քիչ է ասել, որ Այնճարը հայկական է: Այստեղ մարդիկ օրը օրին հետեւում են Հայաստանի ներքաղաքական կեանքին, արցախեան եւ հայ-թուրքական զարգացումներին, իրենց հանգանակութիւններով օժանդակում ազատագրուած տարածքների վերաբնակեցմանն ու զարգացմանը:

«Հայերը Մռաւից Արաքս» ժապաւէնը դիտելուց յետոյ ես պատասխանեցի այնճարցիների հարցերին: Այդ հարցերի մի մասը քննադատական էին` ուղղուած Հայաստանի իշխանութիւններին: Դա ինձ ոգեւորեց, քանի որ իրաւամբ, արդէն ժամանակն է, որպէսզի սփիւռքը աւելի նախանձախնդիր լինի եւ քննադատաբար մօտենայ այն յոռի երեւոյթներին, որոնք կան Հայաստանում: Մարդիկ արդարացի հարց էին տալիս` իսկ ի՞նչ են անում հայաստանցի եւ արցախցի գործարարները ազատագրուած տարածքների վերաբնակեցման եւ վերականգնման հարցում:

Այնճարում եւ Պէյրութում դասախօսութիւններ կարդացողների համար իրապէս մարտահրաւէր է հարց-պատասխան հատուածը: Այստեղ մարդիկ այնպիսի մանրամասնութիւններ գիտեն Հայաստանի մասին, որ դու ստիպուած ես շատ լաւ պատրաստուել: Այս այցելութեան ընթացքում ինձ համար հաճելիօրէն պարզեցի, որ սփիւռքահայերի համար «Հ1» հեռուստաընկերութիւնը այլեւս վաղուց վերացել է տեղեկատուական միակ աղբիւրը լինելուց: Հիմա արդէն կան այլընտրանքներ. «Երկիր Մեդիա» ու մի քանի այլ հայաստանեան հեռուստաընկերութիւններ, համացանցային կայքեր ու թերթեր: Լիբանանահայերի մեծագոյն մասը արդէն իրական պատկերացում ունի Հայաստանի մասին:

Նոյեմբերի 13-ին Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարում մատուցուած սուրբ  պատարագից յետոյ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ կատարուեց Հայ գրքի 33-րդ համասփիւռքեան ցուցահանդէսի բացումը: Իրաւամբ, տպաւորիչ է այս ցուցահանդէսը, որը կը շարունակուի մի քանի շաբաթ: Գրքերի բազմազանութեամբ ու տաղաւարի մեծութեամբ այսպիսի ցուցահանդէսներ չի կազմակերպւում անգամ Հայաստանում, որտեղ հնարաւորութիւններն աւելին են:

Ինչպէս յայտնի է, ԵՈՒՆԵՍՔՕ-ն 2012 թուականի համար Երեւանը հռչակել է Գրքի միջազգային մայրաքաղաք: Որպէս Հայաստան-սփիւռք միասնականութեան խորհրդանիշ` Արամ Առաջինը, բացելով Հայ գրքի 33-րդ ցուցահանդէսը, յայտարարեց, որ հայրապետական գրով 2012 թուականը հռչակում է Հայ գրքի տարի: Արամ վեհափառը` դիմելով հաւաքուած բազմութեանը` ասաց, որ հայ գրքի իսկական տեղը հայ ընտանիքն է: Սիրտս ուրախութեամբ է լցւում, երբ տեսնում եմ, որ հայ ծնողները իրենց զաւակների ձեռքից բռնած` մայրավանք են գալիս եւ գնում հայերէն գրքեր, ասաց վեհափառը:

Նոյեմբերի 14-ին «Փիւնիկ» սրահում ես կարդացի դասախօսութիւն` «Խորհրդային Հայաստանը եւ քեմալականները» թեմայով: Սա Համազգայինի Լիբանանի Շրջանային վարչութեան եւ «Ազդակ» օրաթերթի 63-րդ մամլոյ լսարանն էր: Պէտք է նկատել, որ այս մամլոյ լսարանները, որտեղ հիւրընկալւում են պետական, քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ Հայաստանից ու սփիւռքի տարբեր գաղթօճախներից, լիբանանահայ հասարակական-քաղաքական կեանքի ամենահետաքրքիր երեւոյթներից է: «Փիւնիկ» սրահում հաւաքւում են քաղաքական տարբեր կողմնորոշումների ներկայացուցիչներ եւ օրուայ դասախօսին ուղղում խիստ մասնագիտական,  երբեմն տհաճ, բայց արդարացի հարցեր: Այն, ինչը չես ուզում գրել մամուլում, բայց ուզում ես անպայման տեղեկացնել հանրութեանը, կարող ես արտայայտել հէնց «Փիւնիկ» սրահում:

Իմ այցելութեան ընթացքում «Հայերը Մռաւից Արաքս» ժապաւէնը ցուցադրուեց եւս մէկ անգամ եւ կրկին «Յակոբ Տէր Մելքոնեան» թատերասրահում: Իւրաքանչիւր ցուցադրութիւնից յետոյ իմ մօտ աւելի ու աւելի էր ամրապնդւում այն համոզմունքը, որ Արեւմտեան Հայաստան վերադարձը կամ վերադարձի երազանքը անցնում է հէնց ազատագրուած տարածքներով: Այն տարածքներով, որտեղ այսօր դժուարութիւններով ու երբեմն` զրկանքներով, ապրում են տասը հազարից աւելի հայեր: Եթէ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում եւ  սփիւռքում ի վիճակի չլինի պահել ու բնակեցնել ազատագրուած տարածքները, ապա Արեւմտեան Հայաստան վերադարձի երազը պարզապէս ջարդուփշուր է լինելու:

Յատուկ «Ազդակ»ի համար 

Share this Article
CATEGORIES