ԱՆԴՐԱԴԱՐՁ. ՄՇԱԿՈՅԹԸ ՍԿՍՒՈՒՄ Է ԼԵԶՈՒԻՑ
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ
Ստորեւ կու տանք հայրենի «Առաւօտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամեանի յօդուածը խիստ այժմէական հարցի մը մասին, որ համացանցին մէջ լատինատառ հայերէնով գրելու հարցն է:
Վերջերս Աշոտ Մանուչարեանը շատ ճիշդ գաղափար էր առաջ քաշել, որի իմաստը հետեւեալն է. Հայաստանին պէտք է մշակութային յեղափոխութիւն, որի ընթացքում «Պենթլի»-ն կը փոխարինուի «Նարեկ»-ով: Իրօք որ` ի՞նչ կարելի է սպասել մի երկրից, որտեղ նոյնիսկ հոգեւորականներն են սեւեռուած նիւթական բարիքների եւ, որն աւելի կարեւոր է` դրանք ցուցադրելու վրայ: Դրա հետ զուգահեռ հարց է առաջանում, որը միայն առաջին հայեացքից է միամիտ կամ անկարեւոր թւում` «Նարեկ»-ը` Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» գործը, ո՞ր լեզուով, ո՞ր տառերով պէտք է կարդան Հայաստանում: Դուք կ՛ընկալէ՞ք Նարեկացու տողերը, եթէ դրանք գրուած լինեն այսպէս. «Ete vshteric lqvac, hognabek-mek@ nvaxi, tox amrapndvac harni vestin harachanqneri ays harstaranov-husalov i qez»: Այդպիսի բան կարդալուց յետոյ ոչ ոք, բնականաբար, ամրապնդուած չի յառնի, ընդհակառակը` աւելի շատ կը յուսալքուի: Սա հէնց այն դէպքն է, երբ բովանդակութիւնը մեծապէս պայմանաւորուած է ձեւով: Մեր լեզուն զարգացել եւ ինքնադրսեւորուել է հէնց մեսրոպատառ նշանների միջոցով. 15 դար, օրինակ, «ը» հնչիւնը մարմնաւորուել է համապատասխան տառով, ի՞նչ հիմքեր կան այսօր փոխարինել այդ տառը` ելեկտրոնային փոստի համար նախատեսուած «շնիկով»:
Այդ խնդիրն առաջացաւ, ի հարկէ, համակարգչով համացանցում գրելու հետեւանքով: Եթէ 5 տարի առաջ որոշ թեքնիք խոչընդոտներ կային համացանցում հայերէն տառեր կիրառելու համար, ապա այսօր դրանք հաստատ չկան. ժամանակակից ցանկացած համակարգիչ հնարաւորութիւն է տալիս, ծախսելով 10-15 վայրկեան, «բերել» հայկական տառերը: Բայց կան մարդիկ, որոնք դա յամառօրէն չեն անում: Պատճառը, հաւանաբար, առաւել զարգացած, «ֆիրմա» երեւալու ձգտումն է կամ էլ տարրական ծուլութիւնը:
Վերջին տարիներին Հայաստանում շատ արդիական են դարձել բնապահպանական խնդիրները` կապուած, մասնաւորապէս, հանքարդիւնաբերութեան զարգացման հետ: Բայց, կարծում եմ, պակաս կարեւոր չէ այսօր գրաւոր բնագրերի «բնապահպանութեան» հարցը: Արդէն իսկ տպագիր բնագրերում վերջին տարիներին ի յայտ էին եկել հակաառողջապահական երեւոյթներ, որոնք աստիճանաբար դարձան սովորական, գրեթէ «նորմաթիւ»: Կայքերի, ֆորումների, ընկերային ցանցերի զարգացումը (որն, ինքնին, անշուշտ, դրական երեւոյթ է) իր հետ բերեց լեզուական եւ, հետեւաբար, մտաւոր ոլորտի սարսափելի աղտոտուածութիւն, որին դիմակայելը ցանկացած մտածող մարդու պատուի գործն է:
Մեր կայքի մեկնաբանութիւններում օգտատէրերը երբեմն փորձում են գրել «թրանսլիթով»` «լատինատառ հայերէնով»: Առայժմ մենք այդ մարդկանց զգուշացնում ենք, բայց շուտով ընդհանրապէս չենք հրապարակի նրանց մեկնաբանութիւնները` որքան էլ դրանք հետաքրքիր լինեն: Որովհետեւ մեր թերթի (կայքի) գերնպատակը բառիս լայն իմաստով մշակոյթ զարգացնելն է: Իսկ մշակոյթը սկսւում է լեզուից:
«Առաւօտ»

