ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱՂԵՐ. ՊԱՍՔԵԹՊՈԼ (ՏՂԱՔ). ԼԻԲԱՆԱՆ ՅԱՂԹԵՑ ՄԱՐՈՔԻ` 87-66 ԱՐԴԻՒՆՔՈՎ
Քաթարի մէջ տեղի ունեցող Արաբական 12-րդ խաղերուն, տղոց պասքեթպոլի մրցաշարքին ծիրին մէջ Լիբանանի տղոց ազգային խումբը, որ մաս կը կազմէ Բ. խմբակին, երէկ արձանագրեց մրցաշարքի իր առաջին յաղթանակը` 87-66 արդիւնքով պարտութեան մատնելով Մարոքը: Լիբանան, որ իր կատարած առաջին մրցումին 79-73 արդիւնքով պարտութիւն մը կրած էր Թունուզէն, այժմ 3 կէտով կը գրաւէ 2-րդ դիրքը: Առաջին դիրքին վրայ կը գտնուի Թունուզ (4 կէտ), երրորդ դիրքին վրայ` Յորդանան (3 կէտ), եւ վերջապէս` Մարոք (2 կէտ):
Մարոքի դէմ տեղի ունեցած երէկուան այս մրցումին չորս քորթըրները ընթացան հետեւեալ ձեւով. 25-15, 17-11, 22-15 եւ 29-19:
Լիբանանէն տպաւորիչ ելոյթներ ունեցան Սամուէլ Հոսքին եւ Ֆետի Խաթիպ, որոնք նշանակեցին 22-ական կէտ: Ալի Քանաան նշանակեց 11 կէտ, իսկ Շէյխ Խաթիպ` 9 կէտ: Մարոքէն ամէնէն աւելի կէտը նշանակեց Ատնան Մասատիէ (28):
Նշենք, որ իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն Բ. հանգրուանի իրենց տոմսերը:
Տոմս մը ապահովելու համար Լիբանան իր կատարելիք վերջին մրցումին պէտք է յաղթէ Յորդանանի:
Ստորեւ կու տանք Բ. խմբակին դասաւորումը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Թունուզ | 2 | 0 | 156 | 142 | 4 |
| 2.- Լիբանան | 1 | 1 | 160 | 145 | 3 |
| 3.- Յորդանան | 1 | 1 | 136 | 135 | 3 |
| 4.- Մարոք | 0 | 2 | 124 | 154 | 2 |

