«ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ»
Մոսկուայի օդակայանում նստած` սպասում եմ իմ յաջորդ թռիչքին: Կողքիս աթոռին նստեց գեղեցկադէմ մի հայ կին եւ անմիջապէս խնդրեց, որ իր ճամպրուկներին ուշադիր լինեմ, մինչեւ որ ինքը շուտով վերադառնայ: Կարճ ժամանակից յետոյ կինը վերադարձաւ ու նստեց կողքիս: Մտերմաբար նրան հարցրեցի.
– Արդեօք երկա՞ր էք մնալու Երեւանում:
Կինը ժպտաց ու պատասխանեց.
– Ես տո՛ւ ն եմ գնում:
«Տուն եմ գնում» բառերը ծանրակշիռ խորհուրդներով լի մտաւ գանկիս մէջ, դանդաղ ու համրօրէն իջաւ մինչեւ սրունքներս… Մի պահ լռութիւնից յետոյ նորէն հարց տուի.
– Ապա՛, որտեղի՞ց էք գալիս:
– Գնացել էի Սպանիայի կղզիներից մէկում հանգստանալու: Եղաւ պատասխանը:
Այլեւս ոչ մի հարցում. լուռ մնացի: Թռիչքի ժամը հասաւ, նախքան օդանաւ մտնելը միմեանց բարի երթ մաղթեցինք` յուսալով, որ թերեւս Երեւանում նորէն հանդիպենք: Սակայն «Տուն եմ գնում» բառերը կարծես այրեցին իմ հոգին` զգացնել տալով, որ իմ ամբողջ կեանքում եւ տարիների ընթացքում միշտ ցանկացել ու երազել եմ, բայց երբեք ու երբեք չեմ կարողացել ասել «ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ»: Ախ, թէ ինչքա՛ն կարօտ ու սէր եմ կորցրել, ինչքա՛ն թանկագին բան եմ կորցրել իմ կեանքում:
Այնուամենայնիւ, երջանիկ ու բախտաւոր եմ զգում ինձ, որ թէեւ տարին մի քանի ամսով ու շաբաթներով կարող եմ կրկնել «ՏՈՒՆ ԵՄ ԳՆՈՒՄ»: Այսօր մենք ունենք ազատ ու անկախ հայրենիք, որը սեպտեմբերի 21-ին ներկայ եղայ քսանամեայ անկախութեան հրաշագեղ տօնակատարութեան: Ամբողջ երկիրը, մասնաւորապէս Երեւանը բարձր տրամադրութեան, ցնծութեան մէջ էր, ցերեկը զինեալ ուժերի շքերթը, վերեւում սլացող օդային ուժերի դղրդոցն ու երկնակամարում տարածուող Հայոց երկրի Կարմիր, Կապոյտ Ծիրանին անբացատրելի հպարտութիւն ու բերկրանք էր ներշնչում մեծից փոքր ամէն մէկ հայորդու: Իսկ երեկոյեան Ազատութեան հրապարակում խուռներամ ժողովրդին ներկայացուած երգն ու պարը, մասնաւորապէս շուրջաշուրջ շէնքերի ծայրին տեսերիզով ներկայացուց հայոց պատմութիւնը, հնամեայ դարերից մինչեւ մեր օրերը, կարծես, չտեսնուած ու անմոռանալի մի հրաշք էր բոլոր ներկաներիս համար:
Նիւ Եորք վերադարձիս յաջորդ օրը աշնանային գեղեցիկ արեւոտ օր էր, դուրս ելայ քայլելու: Հազիւ էի մի երկու փողոց անցել, երբ միանգամից մի ինչ որ տարօրինակ զգացմունք պատեց ողջ էութիւնս… երկար տարիներ ապրած, փողոցները այնքան օտար ու խորթ էին ինձ թւում, մի վայրկեան կարծեցի, թէ սխալ տեղ կամ սխալ երկիր եմ ընկել, կողքովս անցնող մարդիկ օտար էին, ես չէի պատկանում նրանց գոյավիճակի շարքին, այլեւս նրանցից մէկը չէի զգում… այլապէս միայնակ ու խորթ էի ինքս ինձ հետ… Ա՛ռ քեզ, թէ հայրենիքի անկախութեան տօնակատարութիւնն հողի ձայնն ու վրան քայլելու յիշատակներն ինչպիսի՛ հայրենասիրական սէր ու կարօտ է յղացնում մարդուս մտքի ու հոգու խորքում:
Աւելացնեմ նաեւ, որ անկախութեան տօնակատարութեան նախօրեակին Հայաստանի «Փիւնիկ» կազմակերպութիւնը հաշմանդամների ուխտագնացութիւն էր կազմակերպել դէպի Եռաբլուր: Այս տեղեկութիւնը ինձ հաղորդեց 1988թ. երկրաշարժից հաշմանդամ, Սպիտակում բնակուող Մարինէ Ասատրեանը, որի կենսագրութիւնը հրատարակուեց վերջերս` ներկայացնելով երկրաշարժի հետեւանքները, մարդու ապրելու տենչն ու նրա զօրաւոր կամքը` կեանքի դժուարութիւններն յաղթահարելու: Ուրեմն, նոյն առաւօտեան ժամը 9:00-ին Ազատութեան հրապարակն էր լեցուած հայոց բանակով, տօնակատարութեան փորձերն էին կատարում. հպարտութեան ու հայրենասիրական զգացմունքներով լեցուն, գլուխս վեր անցայ հայրենիքիս ծառայող նուիրեալ զինուորների կողքով ու հասայ Շահումեանի անուան հրապարակը, ուր Սպիտակից, Գիւմրիի շրջակայքից ժողվուած էին հաշմանդամները «Փիւնիկ» կազմակերպութեան պատասխանատու անձերի ու ընկերների հետ: Եռագոյն դրօշը բարձր պահած, հեծանիւով խմբի առջեւից էին գնում վեց երիտասարդ, բոլորս հագել էինք օրուայ պատշաճ շապիկներ` նուիրուած «Փիւնիկ»-ի կողմից, հաշմանդամներից ոմանք իրենք էին վարում իրենց սայլակը, ոմանք էլ օգնութիւն էին ստանում: Խմբի հետ էր շտապ օգնութեան մեքենան` բժիշկ ու բուժքոյրով եւ կազմակերպութեան ուրիշ ինքնաշարժներ:
Ճանապարհը թէեւ երկար ու դժուարին էր, բայց չկար ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ. ուխտի էինք գնում… Հասանք Եռաբլուր, ծաղիկներ դրեցինք անյայտ զինուորի գերեզմանին, լուռ աղօթք մրմնջացինք հայրենիքը պաշտպանող զոհուածներին, իսկ ներկայ մեր հայոց բանակին քաջառողջութիւն ու յաջողութիւն մաղթեցինք:
Ամէն փառք ու պատիւ` մեր ազատ ու անկախ Հայաստանին:
Նիւ Եորք



