ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ. ՅԱՃԱԽ ՄՏԱԾԷՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ…

«Լինսի» հիմնադրամը, Քըրք Քըրքորեանը եւ Յարութ Սասունեանը երկար տարիների ընթացքում կարելի է ասել, որ անբաժան են եղել միմեանցից եւ բազմաթիւ հայերի համար Հայաստանի տարածքում բարեգործական գործունէութիւն են իրականացրել:

Քըրք Քըրքորեանը ամերիկահայ միլիառատէր է, ով հիմնադրեց «Լինսի» հիմնադրամը: Հայաստանի կառավարութեան եւ «Լինսի» հիմնադրամի միջեւ առաջին փոխըմբռնման յուշագիրը ստորագրուեց 2000 թուականի նոյեմբերի  20-ին: Հիմնադրամի կողմից ֆինանսաւորուող ծրագրի ամբողջ արժէքը կազմում էր մօտ  242 միլիոն տոլար: «Լինսի» հիմնադրամի  փոխատենապետ Յարութ Սասունեանը, ով նաեւ «Քալիֆորնիա Քուրիըր» թերթի հրատարակիչ եւ գլխաւոր խմբագիրն է, ղեկավարում էր ենթակառուցուածքային ծրագրերի իրականացումը Հայաստանում:

Յարութ Սասունեանը ծնուել է Սուրիոյ Հալէպ քաղաքում: Տաս տարի շարունակ աշխատել է Ժնեւի Մակ-ի գրասենեակում` որպէս մարդու իրաւունքների պաշտպանութեան հարցերով ոչ պետական պատգամաւոր եւ մեծ դերակատարում ունեցել 1915 թուականին իրագործուած Հայոց ցեղասպանութիւնը Մակ-ի կողմից ճանաչելու հարցում։

Յարութ Սասունեանը Միացեալ հայկական հիմնադրամի, հայ-ամերիկեան բարեգործական եւ կրօնական կազմակերպութիւնների, հեղինակաւոր ընտանիքների խմբաւորումների հիմնադիրն ու նախագահն է: Լինելով Արեւմտեան Հայաստանի հարցերով վերլուծաբան, Քոլումպիայի համալսարանի միջազգային յարաբերութիւնների բնագաւառի մագիստրոս, Փեփերտայն համալսարանի  գործարարութեան կառավարման մագիստրոս` այսօր Յարութ Սասունեանը մեծ ճանաչում ունեցող ազգային, հասարակական եւ քաղաքական գործիչ է եւ մի շարք աշխատանքների հեղինակ: «Քալիֆորնիա Քուրիըր» թերթում հրատարակուող նրա մշտական յօդուածները մատչելի են ընթերցողների մեծ լսարանի համար:

2005 թուականին Միացեալ Նահանգներում լոյս տեսաւ նրա «Հայերի ցեղասպանութիւնը, աշխարհը բարձրաձայնում է , 1915-2005. փաստաթղթեր եւ հռչակագրեր» խորագրով անգլերէն լեզուով գիրքը, որը հէնց նոյն տարում տպագրուեց նաեւ արաբերէնով Պէյրութում: Յարութ Սասունեանը պարգեւատրուել է Հայաստանի Հանրապետութեան Անանիա Շիրակացու անուան շքանշանով, Ս. Սահակի-Ս. Մեսրոպի, Հայ առաքելական եկեղեցու, Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կիլիկիոյ Մեծի Տանն կաթողիկոսութեան շքանշաններով: Նա  առաջինն էր, ում շնորհուեց Հայաստանի Հանրապետութեան երկքաղաքացիութեան անձնագիրը, իսկ Միացեալ Նահանգներում Էլիս Այլընտի պատուոյ շքանշանը, որը տրւում է Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր նպաստում են  ազգային խմբերի համակրմանը ամերիկեան կեանքին` միաժամանակ պահպանելով նրանց ազգային ինքնութիւնը: Ազգանուէր, հայրենասէր Յարութ Սասունեանը համաձայնեց պատասխանել «Կամուրջ» ամսագրի հարցերին:

Պրն. Սասունեան, մինչեւ հարցազրոյցը սկսելը՝ թոյլ տուէք ձեզ յայտնել իմ անկեղծ երախտագիտութիւնը տրամադրած ժամանակի համար:

ՀԱՐՑՈՒՄ.- Պրն. Սասունեան, վերջերս Ազրպէյճանն ընտրուել է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի անդամ երկու տարի ժամկէտով: Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցութիւն կ՛ունենայ դա Հայաստանի եւ Ազրպէյճանի բանակցութիւնների գործընթացի վրայ: Ըստ ձեզ, արդեօ՞ք Ազրպէյճանը Անվտանգութեան խորհրդի օրակարգում կ՛ընդգրկի՞ ղարաբաղեան հարցը:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Ինչպէս ներկայացրել էի իմ յօդուածում, ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին Ազրպէյճանի անդամակցութիւնը կը բարձրացնի այդ երկրի հեղինակութիւնը միջազգային ասպարէզում: Այն նաեւ հնարաւորութիւն կը տայ Ազրպէյճանին` բարձրացնել ղարաբաղեան հարցը այստեղ, սակայն դժուար թէ յաջողուի նրան այդ հարցը օրակարգի մէջ մտցնել, քանի որ Մինսքի խմբի երեք երկրներն էլ ՄԱԿ-ի այդ խորհրդի անդամ են եւ թոյլ չեն տայ այդ հարցի արծարծումը Մինսքի շրջանակներից դուրս:

Հ.- Պրն. Սասունեան, ըստ ձեզ, ինչպէ՞ս է պէտք ճիշդ կառուցել Հայաստան եւ սփիւռք համագործակցութիւնը:

Պ.- Պէտք է մի կողմ դնել անձնական շահերը եւ  պաշտպանել մեր համընդհանուր ազգային շահերը: Դժբախտաբար շատ քչերն են դա անում: Հայաստանի եւ սփիւռքի ընտրովի եւ ոչ թէ նշանակովի ղեկավարները պէտք է խորհրդակցեն միմեանց հետ եւ համադրեն իրենց աշխատանքները յանուն մեր ժողովրդի գերագոյն շահերի:

Հ.- Պրն. Սասունեան, ձեր յօդուածներից մէկում դուք մէջբերում էք կատարել իրանցի դիւանագէտի խօսքերը. «Հայոց ցեղասպանութիւնը դամոկլեան սուր է` կախուած Թուրքիայի գլխին»:

Վաղ թէ ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապէս կը հասկանայ, որ Հայոց ցեղասպանութեան ընդունումն աւելի շահաւէտ է Թուրքիայի համար, քան` դրա շարունակական մերժումը:

Ըստ ձեզ, իրադարձութիւնների ինչպիսի՞ շրջադարձ է հնարաւոր: Եւ եթէ այն տեղի ունենայ, ապա ե՞րբ: 

Պ.- Որպէսզի թուրքերը վերջապէս հասկանան, որ Ցեղասպանութեան ժխտումն աւելի թանկ կը նստի իրենց վրայ, քան` դրա ճանաչումը, ապա անհրաժեշտ է մի օր հասնել հետեւեալ իրավիճակին. ա) ազատամիտ եւ ժողովրդավար թուրք ժողովուրդ, բ) ազատամիտ եւ ժողովրդավար թուրք ղեկավար, գ) հայկական եւ միջազգային այնքան ուժեղ ճնշում, որ ամենատգէտ թուրք ղեկավարն էլ հասկանայ, որ Ցեղասպանութիւնը ճանաչելով Թուրքիան կը փրկուի մի շարք բացասական հետեւանքներից: Իսկ ո՞րն է Թուրքիայի շահը: Միջազգային հանրութիւնը եւ մամուլը մեծ գնահատանքով կ՛ընդունեն Թուրքիայի կողմից Ցեղասպանութեան ճանաչումը, ինչը կը հեշտացնի Թուրքիայի մուտքը Եւրոպական Միութիւն: Այդ թուրք ղեկավարը կը ստանայ Նոպելեան խաղաղութեան մրցանակ, եւ հայերի իսկական պահանջները (հողային, կալուածքային եւ նիւթական) կ’անտեսուեն միջազգային հանրային կարծիքի կողմից:

Հ.- Պրն. Սասունեան, ինչու՞մ պէտք է արտայայտուի Ֆրանսայի եւ Ամերիկայի հայերի գործունէութեան նոր ռազմավարութիւնը այս կամ այն նախագահի թեկնածուի ընտրութեան հարցում: Վերջերս դուք յայտարարեցիք, որ այդ երկրներում բնակուող հայերը պէտք է փոխեն իրենց աւանդական, սակայն անյաջող մօտեցումը, այն է` աջակցել թեկնածուներին` հաւատալով նրանց խոստումներին եւ յուսալով, որ դրանք կ՛արդարացուեն ընտրութիւններից յետոյ:

Պ.- Նախագահի կամ այլ պաշտօնի թեկնածուն պէտք է նախ եւ առաջ փաստի իր պաշտպանութիւնը հայկական հարցի նկատմամբ, եւ յետոյ հայերը նրան թիկունք կանգնեն եւ ոչ թէ խաբուեն նրանց նախընտրական սին խոստումներից: Թող թեկնածուն ընտրուի  առանց մեր  քուէների, եւ եթէ ուզում է, որ մենք թիկունք կանգնենք իրեն վերընտրութեան ժամանակ, ապա պէտք է իր առաջին պաշտօնավարման շրջանի ընթացքում յստակեցնի իր դիրքորոշումներն ի նպաստ մեզ, եւ միայն դրանից յետոյ մենք կը պաշտպանենք նրա վերընտրութիւնը: Եթէ ոչ, ապա պէտք է անընդհատ խաբուենք այս խորամանկ եւ ստախօս քաղաքական գործիչների  կողմից:

Հ.- Պրն. Սասունեան, ինչպէ՞ս կը մեկնաբանէիք Նիքոլա Սարքոզիի այցը Հայաստան եւ այն, որ ժամանելով Հայաստան` Սարքոզին իր գլխաւոր օգնականներին յայտարարել էր. «Ես պատրաստւում եմ ռումբ պայթեցնել»: Ի՞նչ էք կարծում այդ կապակցութեամբ:

Պ.- Ինչպէս գրել էի Սարքոզիի Հայաստան այցի մասին իմ յօդուածում, Սարքոզին խոստացել էր իր նախկին ընտրապայքարի ժամանակ սատարել Ցեղասպանութեան ժխտման պատժելիութեան օրինագծին, սակայն իր խոստումը չէր կատարել: Հիմա խոստանում է անել այն, ինչ ինքը խոստացել էր` տեսնելով, որ իր վերընտրուելու հնարաւորութիւնները շատ քիչ են: Ես ասում եմ, որ Ֆրանսայի հայերը պէտք չէ երկրորդ անգամ խաբուեն Սարքոզիի խոստումներով: Սարքոզին դեռ նախագահելու է վեց ամիս: Ինքը թող այս վեց ամիսների ընթացքում այդ օրինագիծը քուէարկութեան դնի  եւ անցկացնի ծերակոյտում, եւ Ֆրանսայի հայերն այնժամ  կ՛որոշեն իրեն թիկունք կանգնել, թէ ոչ: Սարքոզին ունի շատ ուժեղ հակառակորդ (Ֆրանսուա Հոլլանտ) յաջորդ տարուայ նախագահական ընտրութիւններին: Սարքոզին հիմա դարձել է հայասէր, որովհետեւ վախենում է, որ Ֆրանսայի հայերը իրենց ձայնը կը տան Հոլլանտին: Սակայն Ֆրանսայի հայերը պէտք է զգուշանան նաեւ Հոլլանտից: Թող Հոլլանտը նախ եւ առաջ հայկական օրինագիծը քուէարկութեան դնի ծերակոյտում, որտեղ իր ղեկավարած Ընկերվարական կուսակցութիւնը մեծամասնութիւն է կազմում, յետոյ Ֆրանսայի հայերը կը կողմնորոշուեն` իրենց ձայնը տան Սարքոզիի՞ն, թէ՞ Հոլլանտին:

Հ.- Պրն. Սասունեան, դուք ձեր  ելոյթում առաջարկել էք ստեղծել սփիւռքի իւրօրինակ խորհրդարան, որը կը պարտաւորուի հանդէս գալ համայն սփիւռքի անունից: Որքանով որ յայտնի է, նմանօրինակ խորհրդարանը պէտք է ունենայ խօսնակ, յանձնաժողովներ, ենթայանձնաժողովներ, որոնք կը զբաղուեն ամենատարբեր հարցերով`  քաղաքական, մշակութային, ինչպէս նաեւ` Հայաստանի եւ Ղարաբաղի յարաբերութիւնների հետ կապուած հարցերով: Այս ոչ պետական մարմինը պէտք է ունենայ կարեւոր առաւելութիւն, այն ամենայն հաւանականութեամբ պէտք է ճանաչուի ՄԱԿ-ի  եւ այլ միջազգային կազմակերպութիւնների կողմից: Խնդրում եմ` պատմէք աւելի մանրամասն այդ ծրագրի մասին: Եւ թէ ո՞ր փուլում է այն հիմա գտնւում: 

Պ.- Ես իմ յօդուածում նշել էի սփիւռքի ընտրովի կառոյցի մասին մանրամասները:  Դժբախտաբար  ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ սփիւռքի ղեկավարները չեն ուզում նման ընտրովի կառոյց ունենալ` վախենալով իրենց զբաղեցրած աթոռներից: Եթէ հայ ժողովուրդը հաւատում է, որ նման կառոյց անհրաժեշտ է մեր ազգի շահերը պաշտպանելու համար, այդժամ թող մեր մամուլը, մեր մտաւորականները թիկունք կանգնեն այս կառոյցի ստեղծման գաղափարին եւ պնդեն դրա անհրաժեշտութիւնը` ստիպելով, որ մեր ղեկավարներն ընդառաջեն, այլ ոչ թէ խոչընդոտեն: Այդպիսի մեծ կառոյց մէկ հոգով չի կարելի կազմակերպել: Ժողովուրդը պէտք է տէր կանգնի իր շահերին եւ իր արդար դատին:

Հ.- Պրն. Սասունեան, ձեր` «Հայ-թուրքական արձանագրութիւններ. ճշմարտութի՞ւն, թէ՞ խաբէութիւն» խորագրով գիրքը թարգմանուել է արաբերէնի: Այն ձեր 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էիք վիճայարոյց արձանագրութիւնների մասին:

Պ.- Արձանագրութիւնների դէմ իմ յօդուածների` որպէս առանձին հատորի արաբերէնի թարգմանութիւնը միտուած է ցոյց տալու արաբական աշխարհին, որ չի կարելի վստահել թուրք ղեկավարների կեղծ խոստումներին, թէ իրենք արաբ ժողովրդի եւ մանաւանդ պաղեստինցիների շահերն են պաշտպանում: Թուրքերի խօսքերը կեղծիքներ են, ինչպէս ցոյց է տալիս հայեւթուրքական արձանագրութիւնների մասին իրենց խոստումները եւ նոյնիսկ իրենց արտաքին գործերի նախարարի ստորագրութիւնը:

Հ.- Պրն. Սասունեան, ինչպէ՞ս է ներկայումս իրականացւում Ա. Համաշխարհային պատերազմի սկզբին եւ աւարտին Թուրքիայի իշխանութիւնների կողմից հարիւր հազարաւոր սեփական կալուածների կամ հայերից առգրաւուած այլ ունեցուածքի փոխհատուցման գործը: Ի՞նչ չի բաւականացնում հայերին այդ ուղղութեամբ աշխատանքներին ընթացք տալու համար:

Պ.- Ներկայումս բազմաթիւ դատավարութիւններ են իրականացւում ամերիկեան դատարաններում Թուրքիայից հայկական կալուածները յետ ստանալու համար: Սակայն ես բաւարարուած չեմ, որովհետեւ այս դատերը բացուել են անհատ պաշտպանների միջոցով եւ չեն համադրուել ո՛չ սփիւռքի մի օրինական կառոյցի կողմից եւ ո՛չ էլ Հայաստանի կառավարութեան կողմից: Առանց համադրելու մեր ջանքերը` մենք կարող ենք կորցնել այս դատերը եւ աւելի ամօթալի վիճակի մէջ կը յայտնուենք` թուրքերին տալով մի նոր յաղթանակ եւ մեծ հարուած մեր դատին:

Հ.- Պրն. Սասունեան, շատ կը ցանկայի ձեզ հետ խօսել «Լինսի» բարեգործական հիմնադրամի գործունէութեան մասին: Մեր ընթերցողներին ծանօթացնելու համար նշենք, որ «Լինսի» հիմնադրամի օգնութեամբ ամբողջութեամբ վերանորոգուել է Երեւան-Իջեւան-Նոյեմբերեան-Այրում ճանապարհը: Արմատապէս վերականգնուել են ճանապարհները 189 քմ երկարութեամբ. Երեւանից Սեւան (63 քմ), Սեւանից Դիլիջան (21 քմ), Դիլիջանից Իջեւան (47 քմ), Իջեւանից Այրում  (58 քմ): Ամբողջութեամբ վերանորոգուած է Երեւան-Վանաձոր մայրուղին: «Լինսի» հիմնադրամի «Մշակոյթ» ծրագիրը թոյլ տուեց վերականգնել հանրապետութեան բոլոր կարեւորագոյն մշակութային կենտրոնները. տասներեք թատրոն եւ համերգային սրահներ, եօթ թանգարաններ եւ ցուցասրահ, ինը տուն-թանգարան, չորս պատմամշակութային համալիր, այդ թւում` Համահայկական մանկապատանեկան մարզական ճամբարը Ծաղկաձորում: Խնդրում եմ, պատմէք` ինչ այլ աշխատանքներ են իրականացուել «Լինսի»  հիմնադրամի միջոցներով:

Պ.- «Լինսի» հիմնադրամը Հայաստանում իրականացրել է 240 միլիոն տոլար արժողութեամբ բարեգործական աշխատանքներ, որոնք դուք նշեցիք: Սակայն  մոռացաք նշել 16 դպրոցները, որոնք «Լինս»-ը կառուցել կամ վերակառուցել է Հայաստանի տարբեր մարզերում: Վերջերս  աւարտուել է աղէտի գօտում 6 դպրոցների կառուցումը: Ինչպէս նաեւ Արցախում կառուցուել են  2 միլիոն տոլար արժողութեամբ մի դպրոց:

Հ.- Պրն. Սասունեան,  այս տարուայ փետրուարին Քալիֆորնիոյ համալսարանի (UCLA)  նախագահ Ճեն Պլոքը՝ եւ «Լինսի»  հիմնադրամի հիմնադիր Քըրք Քըրքորեանը յայտարարեցին «Լինսի»  գործունէութեան դադարեցման եւ Քալիֆորնիոյ համալսարանի (UCLA) «Երազանք» հիմնադրամի  ստեղծման մասին:   Ինչպէս յայտարարուել է  Զանգուածային լրատուամիջոցներով այդ համայնքային հիմնադրամը պէտք է օգնութիւն ցուցաբերի բժշկական հետազօտութիւններ իրականացնելուն եւ Քալիֆորնիոյ համալսարանում կրթական ծրագրերին, ինչպէս նաեւ համագործակցի բարեգործական ծրագրերին Միացեալ Նահանգների տարածքում: Ինչպէս նշուեց, «Լինսը» կը յանձնի «Երազանք»  հիմնադրամին իր բոլոր կարողութիւնները  200 միլիոն տոլարի գումարի սահմաններում: Բոլոր տեսակի ձեւականութիւններն աւարտելուց յետոյ «Լինսի» հիմնադրամը կը դադարեցնի իր գործունէութիւնը: Ինչպէ՞ս են այժմ ձեւաւորւում աշխատանքները «Լինսի» եւ «Երազանք»  հիմնադրամի միջեւ:

Պ.- Դժբախտաբար «Լինսի» հիմնադրամը այս տարուայ փետրուարին փակեց իր դռները բարերար պարոն Քըրքորեանի որոշմամբ: Ինքը վաղուց որոշել էր, որ իր ծերութեան տարիներին (94) փակի այս հիմնադրամը: Այդպէս էլ արեց: Այստեղ պէտք չէ փնտռել որեւէ այլ շարժառիթ: Ինքը ոչ մէկից եւ ոչինչից չի նեղացել: Մենք բոլորս էլ շնորհակալ պէտք է լինենք երկար տարիների ընթացքում նրա առատաձեռնութեան համար եւ յուսանք, որ ապագայում էլ կ՛օգնի Հայաստանին եւ հայութեանը:

Հ.- Պրն. Սասունեան, ի՞նչ կը մաղթէիք ռուսաստանաբնակ հայերին եւ ի՞նչ է նրանց պակասում:

Պ.- Մաղթում եմ Ռուսաստանի մեծ եւ հզօր հայկական համայնքին` կառչած մնալ իր ազգային արմատներին, մշակոյթին, լեզուին, կրօնին եւ իր երիտասարդ սերնդին մօտ պահի հայութեանը եւ Հայաստանին: Պէտք է առնչուել այն ամէնի հետ, ինչը որ հայկական է եւ յաճախ այցելել Հայաստան, որպէսզի մայր հայրենիքի հետ կապը միշտ ամուր մնայ:

Հ.- Պրն. Սասունեան, յայտնում եմ խորին երախտագիտութիւնս հարցազրոյցի համար: Ցանկանում եմ ձեզ յաջողութիւն յանուն հայրենիքի համար արուող ձեր բոլոր գործերում:

 Հարցազրոյցն անցկացրեց ԼԻԱՆԱ ԶԱԽԱՐԵԱՆԸ
«Կամուրջ» ամսագրի գլխաւոր խմբագիր

Share this Article
CATEGORIES