ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՊԱՀԸ. ՔԱՆԴԵ՛Լ ԹՈՒՐՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹԵԱՆ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԻՋԵՒ 1915 ՄԵԹՐ ԵՐԿԱՐՈՒԹԵԱՄԲ ՊԱՏԸ
2003 թուականի օգոստոսին Թուրքիայի մայրաքաղաք Անգարայից օթոպիւսով մեկնում էի Էրզրում, այնտեղից Կարս եւ ապա Վրաստանով` Հայաստան: Թուրքերը, յատկապէս Պոլսից դուրս բնակուողները, տիպիկ արեւելեան ժողովուրդ են: Եթէ օթոպիւսում տեսնում են օտարի, անընդհատ նայում են նրան: Այդ օրը օթոպիւսում օտարը ես էի, իսկ միւսները` թուրքեր ու քրտեր էին: Երիտասարդ մի տղայ թուրքերէնով հարցրեց 1915-ի մասին: Իմ թուրքերէնը, յատկապէս այն ժամանակ, շատ աղքատ էր, բայց ինձ զարմացրեց նրա օգտագործած բառերը` «Էրմենի սոյքըրըմը», այսինքն` Հայոց ցեղասպանութիւն:
Այն ժամանակ արդէն, իսկ աւելի յստակ` 2000 թուականից ի վեր, Հայոց ցեղասպանութեան թեման Թուրքիայում այլեւս թապու չէ: Ճիշդ է, ինչպէս տասը տարի առաջ, այնպէս էլ այսօր թուրքական հասարակութեան մեծագոյն մասը մերժում է Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը, սակայն այսօր Թուրքիայի ներսում 1915-ը թապուից վերաճում է բանավէճի: Թուրքերի հոգեբանութեանը եւ օսմանեան աւանդոյթներին ծանօթ մարդիկ հասկանում են, որ Անգարան չի ճկւում դրսի ճնշումների տակ` լինի Ֆրանսան կամ Միացեալ Նահանգները, սակայն խոցելի է ներքին ընդդիմութեան, իր հասարակութեան պահանջների դէպքում: Ահա այդ պատճառով է, որ չկայ Հրանդ Տինքը, այդ պատճառով է, որ Ռակըփ Զարաքոլուն բանտում է, այդ պատճառով է, որ Օրհան Փամուքի ու Թաներ Աքչամի կեանքի համար վտանգաւոր է Թուրքիայում բնակուելը:
Դեկտեմբերի 22-ին Ֆրանսայի Ազգային ժողովը ընդունեց օրինագիծ, որով 1915-ի ժխտումը որակւում էր քրէօրէն պատժելի արարք, իսկ ժխտողներին սպասւում էր մէկ տարի ազատազրկում եւ 45 հազար եւրօ տուգանք:
Այն աղմուկը, այն հակազդեցութիւնը, որ Թուրքիան է բարձրացրել, կարելի է ասել աննախադէպ է: Ֆրանսայի Ազգային ժողովի քուէարկութեան ամենաշահաւէտ կողմը ոչ միայն դրա դրական արդիւնքն էր, որքան` Թուրքիայի եւ թուրքերի հակազդեցութիւնը: Այդ երկրում լրատուամիջոցներն ու պէտական-քաղաքական գործիչները ծայրայեղ նեարդայնութեամբ էին արձագանգում Ֆրանսայում սպասուելիք քուէարկութեանը: Այդ անհանդուրժողականութիւնն ու ժխտողականութիւնը բերում է նրան, որ Թուրքիայի ներսում սկսւում է հանրային քննարկում: Իսկ երբ քուէարկութեան արդիւնքները յայտնի դարձան, թուրքական հեռուստաընկերութիւններն ու մամուլը ողողուեցին Ֆրանսայի ու նրա նախագահ Սարքոզիի հասցէին վիրաւորանքներով, սպառնալիքներով: Վարչապետ Էրտողանը եւ միւս պաշտօնեաները յայտարարում են, որ թուրքերը ցեղասպանութիւն չեն իրականացրել, Էրտողանն ասում է, որ մահմետականը չի կարող մարդ սպաննել:
Այդ ժխտողականութիւնը բերում է քննարկումների Թուրքիայի ներսում: Եթէ թուրքական հասարակութեան մի մասը հաւատում է թուրքական ուրացման եւ ժխտողականութեան պաշտօնական թեզին, ապա միւս մասը չի հաւատում եւ ուզում է հասկանալ, թէ ի՛նչ է պատահել հայերի հետ 1915-ին: Իրականում, շատ թուրքեր ոչ միայն տեղեակ չեն, թէ ի՛նչ է կատարուել հայերի հետ մօտ հարիւր տարի առաջ, այլ տասնամեակներ շարունակ լսել են նոյն քարոզը` հայերը դաւաճան են, նրանք միացել են ռուսներին եւ կոտորել անմեղ մահմետականների: Թուրքական բոլոր իշխանութիւնները` սկսած հանրապետութեան հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքից, 1915 մեթր երկարութեամբ պատ են քաշել հասարակութեան եւ պատմութեան միջեւ, որպէսզի 1915 թուականը չքննարկուի երկրի ներսում: Այս պատը, սակայն, ամէն տարի քանդւում է:
Այս վերջին օրերին թուրքական ժխտողականութեան պատից քանդուեց եւս մէկ անկիւնաքար: Որքան թուրքական պաշտօնական քարոզչութիւնը մերժում է եւ ժխտում պատմութիւնը, այնքան թուրքական հասարակութիւնը աւելի է հետաքրքրւում ոչ վաղ անցեալի պատմութեամբ:
Ֆրանսայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը, թէեւ գրեթէ կրկնութիւնն էր 2006 թուականի հոկտեմբերին ընդունած օրինագծի, բայց յատուկ արժեւորւում է, քանի որ այն ընդունւում է հայ-թուրքական երկու արձանագրութիւններից յետոյ: Եթէ արձանագրութիւններում խօսւում է պատմական հարթութեան յանձնաժողով ստեղծելու մասին, այդպիսով` անուղղակիօրէն կասկածի տակ դնելով Հայոց ցեղասպանութեան վաւերականութիւնը, ապա Ֆրանսայի Ազգային ժողովի օրինագիծը ստուերում է հակահայ այդ երկու արձանագրութիւնները, որոնք իրականում ծանր պայմանագրեր են:
Որպէսզի Ֆրանսայի Ազգային ժողովի ընդունած օրինագիծը օրէնք դառնայ եւ կիրառուի, ապա պէտք է անցնի նաեւ ծերակոյտի դրական քուէարկութիւնը եւ վաւերացնի երկրի նախագահը: Ֆրանսան այն պետութիւնն է, որը Հայոց ցեղասպանութիւնը օրէնքի մակարդակով ճանաչել է դեռ տասը տարի առաջ` 2001-ին: Սակայն, հինգ տարի առաջ տեղի ունեցածը յուշում է, որ դեռ պէտք է սպասել եւ տեսնել` արդեօք առաջիկայ ամիսներին ծերակոյտը եւս հաւանութիւն կը տա՞յ բանաձեւին:
Ֆրանսայում 2007թ. նախագահական ընտրութիւնների նախօրէին թեկնածուներից Սարքոզին խոստացաւ, որ ընտրուելու դէպքում օրինագծի վաւերացման ուղղութեամբ քայլեր կը ձեռնարկի, որպէսզի 2006թ. հոկտեմբերի 12-ի օրինագիծը բերուի ծերակոյտ, սակայն ընտրուելուց կարճ ժամանակ անց իր դիւանագէտների միջոցով թուրքական իշխանութիւններին խոստացաւ, որ ինքը հայկական օրինագիծը «կը թաղէ» ծերակոյտում:
Ֆրանսայի խորհրդարանում սկսուած այս գործընթացը տեսականօրէն կարող է ունենալ նաեւ վտանգներ Հայաստանի համար: Պէտք չէ բացառել, որ Թուրքիան նոր սպառնալիքներ եւ պատժամիջոցներ կիրառի Հայաստանի նկատմամբ, ինչի անհրաժեշտութեան մասին հետեւողականօրէն կրկնում է Թուրքիայի կառավարութեան անդամներից Էկեմեն Պաղըշը, ով տարիներ առաջ ղեկավարում էր Միացեալ Նահանգների թուրքական հակահայ լոպիստական խմբերից մէկը: 2001-2002-ին, երբ Ֆրանսան ճանաչեց Հայոց ցեղասպանութիւնը, Թուրքիան մէկ տարով խստացրեց վիզային դրութիւնը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ:
Ամենավտանգաւորը կը լինի այն, եթէ գարնանը` ապրիլ 24-ի նախօրէին, որը նաեւ Ֆրանսայի նախագահական ընտրութիւնների նախօրէն է, որպէս փոխզիջում Ֆրանսան սառեցնի Հայոց ցեղասպանութիւնը քրէականացնող օրինագիծը, որի դիմաց թուրքերը պատրաստակամութիւն յայտնեն վաւերացնել ցիւրիխեան երկու արձանագրութիւնները, որոնք Թուրքիայի գործող խորհրդարանի օրակարգի վրայ են: Նման զարգացումը քիչ հաւանական է, բայց այն երբեք պէտք չէ անտեսել:
Պէտք է յիշել նաեւ, որ Ֆրանսան եւ նախագահ Սարքոզին հետեւողականօրէն պաշտպանել են ինչպէս հայ-թուրքական «ֆութպոլային դիւանագիտութիւնը», այնպէս էլ հրապարակաւ աջակցել նախագահ Սերժ Սարգսեանի բոլոր նախաձեռնութիւնները Թուրքիայի նկատմամբ` սկսած ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրումը, վերջացրած դրանց սառեցումը Հայաստանի խորհրդարանում:
Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցութիւնն ու նախագահ Սարգսեանը շարունակում են հաւատալ, որ բանակցել են փաստաթուղթ` երկու արձանագրութիւններ, որոնցից աւելին հնարաւոր չէր ստանալ, եթէ իրաւամբ Հայաստանն ու Թուրքիան ուզում են յարաբերութիւններ հաստատել: Հետեւաբար, եթէ թուրքական խորհրդարանը արձանագրութիւնները վաւերացնի, ապա հայկական կողմը եւս անմիջապէս կը վաւերացնի, քանի որ դա թոյլ է տալիս այսօրուայ խորհրդարանում ստեղծուած ուժերի պատկերը:
Յատուկ «Ազդակ»-ի համար


