ԻԲՐԵՒ ՀԱՅ ՄԱՍՆԱԿԻՑ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԱԾ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ՍԻՄՓՈԶԻՈՒՄԻՆ

Յուլիսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 5. Չինաստանի Ճհանչուն քաղաքում անցկացուեց շատ մեծ քանդակային սիմփոզիում, որին մասնակցում էին աշխարհի հարիւր ութ քանդակագործներ: Աննախադէպ ծաւալների հասնող այս ձեռնարկը կազմակերպել էին Ճիլին նահանգի իշխանութիւնները Միացեալ ազգերի կազմակերպութեան հետ մէկտեղ: Հայաստանից ինձ էին հրաւիրել:

Քանդակագործներ կային աշխարհի բոլոր աշխարհամասերից: Իրենց ոչ միայն հետաքրքիր քանդակային մտայղացումներով, այլեւ  արտիստական խառնուածքով, արուեստագէտները այդ ժամանակահատուածում սիմփոզիումը դարձրեցին քաղաքի հոգին, որի հետաքրքրութիւնը տարածուեց քաղաքից շատ ու շատ հեռու: Բազմաթիւ չինացիներ ու հիւրեր այս ընթացքում ապրում էին քանդակագործական սիմփոզիումով: Բոլորին հետաքրքրում էր, թէ ո՛ր արուեստագէտը ի՛նչ նոր ու հետաքրքիր մտայղացում կը ներդնի նիւթի մէջ, ի՛նչ ձեւ ու հոգի կ՛ունենայ նոր ծնուող աշխատանքը:

Քանդակագործներն աշխատում էին քարի եւ մետաղի վրայ ու կաւով, ապագայում պրոնզից ձուլելու համար: Առաջին օրը ինձ զարմացրեց այն, որ սիմփոզիումի տարածքում ծածանւում էին մասնակից երկրների դրօշները: Այո, այդպէս, չնայած քանդակագործութիւնը անհատական  արուեստաձեւ է ու հրաւէրքն էլ անձնական էր,  բայց եւ այնպէս կազմակերպիչները մեզ դիտում էին որպէս մեր երկրների ներկայացուցիչներ,  քանի որ նման բարձրութամբ ու մեծութեամբ դրօշները բարձրացւում են կա՛մ աշխարհի առաջնութիւնների ժամանակ, կա՛մ պետական միջոցառումների:

Սիմփոզիումի ֆինանսական ծախսերն ուղղակի անպատմելի են, քանի որ այդքան արուեստագէտներ ոչ միայն ապրում էին բարձրակարգ հիւրանոցում, այլեւ ունէին անձնական թարգմանիչ ու օգնական: Իսկ քանդակների համար նախատեսուած տարածքը մի հսկայական լիճ էր իր ափամերձ գեղեցիկ տարածքներով, կամուրջներով ներսում գործող բացօթեայ օթոպիւսներով, քանի որ իր մեծութեան պատճառով այստեղ քայլելը շատ դժուարին էր:

Վերջին երկու շաբաթը արուեստագէտները վայելեցին բազում զբօսաշրջային  ճամբորդութիւններ ու հաճելի ձեռնարկներ: Հպարտօրէն նշեմ, որ իմ քանդակ, որի անունն էր  «Ֆիշ Բարոն», տեղադրուեց ամենալաւագոյն տեղերից մէկում: Ենթադրում եմ` լաւագոյն աշխատանքներից մէկը լինելու պատճառով:

Իսկ այգու բացման արարողութիւնը շատ շքեղ էր, որին մասնակցում էին շատ դեսպաններ եւ մեր փոխդեսպանը` Արման Իսրայէլեանը: Սիմփոզիումը լուսաբանուեց բազմաթիւ լրատուամիջոցների կողմից: Կազմուեցին եւ  արուեստագէտներին նուիրաբերուեցին սիմփոզիումին վերաբերող պատկերագիրքեր:

Նշեմ նաեւ, որ այդ ընթացքում մեր ճատրակի  հաւաքականը Չինաստանում դարձաւ աշխարհի ախոյեան, որը եւ նշեցինք այնտեղ սովորող հայ ուսանողների ու արուեստագէտների հետ միասին:

ՅԱՐՈՒԹԻՒՆԷԱՆ ՏԻԳՐԱՆ

Share this Article
CATEGORIES