ՊԷՏՔ Է ՍՈՎՈՐԵՆՔ ԸՆՏՐԵԼ ԼԱՒԱԳՈՅՆՆԵՐԻՆ
Հերթական ոչ հեշտ տարին ամփոփելու եւ մեր երկրում համակարգային դարձած խնդիրների մասին խօսելու խնդրանքով դիմեցինք Ազգային ժողովի պատգամաւոր, տնտեսական գիտութիւնների թեկնածու Արա Նռանեանին։
ՀԱՐՑՈՒՄ.- Հիմա շատերն են խօսում երկրում տիրող բարոյահոգեբանական վատ մթնոլորտի մասին: Հէնց դրանով են հակուած բացատրել հասարակութեան մէջ նկատուող որոշակի ընկճախտը: Ինչպէ՞ս կը մեկնաբանէք այս իրավիճակը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Մեր բոլոր խնդիրները պայմանաւորուած են հասարակութեան եւ հասարակական յարաբերութիւնների անառողջ վիճակով: Եթէ մեզ թւում է, թէ բարոյահոգեբանական նման մթնոլորտի պայմաններում մեզ կը յաջողուի լուծել կուտակուած ընկերային խնդիրները կամ ռազմավարական որեւէ խնդիր` չարաչար սխալւում ենք: Եւ կարծում եմ` այսօր դա բոլորն են հասկանում: Հասարակական համերաշխութեան պակասը խանգարում է բոլորին: Խանգարում է կառավարութեանը, ‘ կառավարութիւնն ինքն էլ է դա հասկանում, խանգարում է իշխանութիւններին` ընդհանուր առմամբ: Խօսքը գործող ղեկավարութեան մասին չէ, այլ մեր երկրում բարեկեցիկ ապրելու ու աշխատելու: Խանգարում է նաեւ հասարակութեան այն հատուածին, որն ընդդիմութիւն է եւ խնդիրների լուծման իր տարբերակներն է ներկայացնում: Բայց երբ հասարակութիւնն անառողջ է, անառողջ են լինում նաեւ հասարակական յարաբերութիւնները, ստեղծուած մթնոլորտի եւ մարդու ներքին ես-ի միջեւ հակամարտութիւն է առաջանում: Հէնց այդ հակամարտութեան պատճառով է, որ շատ մտաւորականներ, կիրթ եւ մտածող մարդիկ յայտնւում են յետին գծերում, իսկ ջրի երես են դուրս գալիս քաղաքական տարբեր ուժեր, խմբաւորումներ, մարդիկ, ովքեր առողջ հասարակութեան մէջ դժուար թէ կարողանային գտնել իրենց տեղը: Բայց մեր հասարակութիւնում նրանց համար տեղ կայ: Պատճառն այն յետընթացն է, որ մենք ապրում ենք: Երկիրը, որն ունի տնտեսական, արդիւնաբերական եւ մշակութային լուրջ ներուժ, յայտնուել է գաւառամտութեան գերութեան մէջ եւ սկսել է անյուսալիօրէն հետ մնալ: Ընդ որում, այսօր այն արդէն յետ է մնում այն երկրներից, որոնք ընդամէնը 20 տարի առաջ զգալիօրէն զիջում էին Հայաստանին` կեանքի որակի շատ ցուցանիշներով: Մեզ չի յաջողուել պահպանել ունեցածը եւ աւելացնելով առաջ շարժուել ու զարգանալ: Ողբերգութիւնն այն է, որ 90-ականների սկզբներին մեր հասարակութիւնն իրաւացիօրէն ենթադրում էր, որ անկախանալուց յետոյ Հայաստանն ունենալով սփիւռքի ներուժը (որից չի կարողացել լիարժէք օգտուել խորհրդային ժամանակներում) եւ նաեւ ներքին լուրջ պաշար, արագ առաջ կը շարժուի եւ կը դառնայ գրեթէ նոյնքան զարգացած երկիր, որքան ասենք` Զուիցերիան: Երեւանը պէտք է դառնար աշխարհի ամենագեղեցիկ եւ մաքուր քաղաքներից մէկը, պետական կառավարման համակարգում պէտք է լինէին ամենաարժանի եւ խելացի գործիչները, ակնկալւում էր տնտեսութեան բուռն զարգացում, քանի որ բոլոր հայերը երազում էին շուկայական յարաբերութիւնների մասին, երբ հնարաւոր կը լինէր գործի անցնել` հաստատ համոզուած, որ դրանից կեանքի որակն զգալիօրէն կը բարելաւուի: Մարդիկ յոյսեր ունէին: Բայց ընկան ենթակայական գործօնների որոգայթը, որը երկիրը բերել հասցրել է նման վիճակի: Քայքայուած է արդիւնաբերութիւնը, որում աշխատում էր երկրի բնակչութեան մեծ մասը, տուժել է քաղաքաշինութեան, այդ ցուցանիշներով մենք զգալիօրէն առաջ էինք մեր հարեւաններից` Վրաստանից եւ Ազրպէյճանից: Հիմա մենք արտահանում ենք պղինձ, մոլիպտեն էժան աշխատուժ: Հիմա աշխարհը բաժանուած է զարգացած երկրների եւ երկրների, որոնք սպասարկում են նրանց: Մեզ բաժին է ընկել ոչ թէ ժամանակակից արհեստագիտութիւնների, արդիւնաբերական ապրանքների կամ մտքերի ելեկտրածին շարժակի, այլ հումքի եւ սեւ աշխատուժի մատակարարի դերը:
Հ.- Ժամանակակից արհեստագիտութիւնները, բարձր արհեստագիտական արտադրութիւնը, գաղափարները չէ ՞ որ կառավարութեան կողմից հռչակուած են որպէս գերակայ ուղղութիւններ: Ինչու՞ գործը տեղից չի շարժւում:
Պ.- Քանի որ եթէ դու քո տնտեսական կառուցուածքով չես կարող յաջողակ պետութիւն լինել, ապա քո երկրում ձեւաւորուած ամբողջ ներուժն սկսում է այդ զարգացած երկրներին ծառայել եւ ոչ թէ քո ժողովրդին: Եւ այդ հարցը մենք նաեւ կառավարութեան ներկայացուցիչների հետ ենք քննարկել: Օրինակ` բարձր արհեստագիտութիւնների զարգացման կապակցութեամբ: Հէնց որ մեր երկրում այս կամ այն ոլորտում բարձրակարգ արհեստավարժ է յայտնւում` միանգամից աշխատանքի առաջարկ է ստանում որեւէ զարգացած երկրից: Եւ յաճախ նրանք համաձայնում են այդ առաջարկին, լքում հայրենիքը եւ մեկնում այն երկիր, որտեղ իրենց աշխատանքի դիմաց համապատասխան վճար են ստանում, որտեղ օրէնքները գրուած են բոլորի եւ ոչ թէ ընտրեալների համար, միջավայրային լաւ պայմաններ կան եւ այլն: Մեր լաւագոյն ծրագրաւորողները, ովքեր գնահատուած եւ պահանջուած չեն մեր երկրում, գնում են Սիլիքոնեան դաշտավայրը: Հայաստանում ձեւաւորուած գիտական ներուժը ոչ մի կերպ չի ծառայում բուն Հայաստանի զարգացմանը:
Զարգացած երկրներում ոչ թէ գիտութիւններն են սնւում պիւտճէից, այլ գիտական ու թեքնիք որոշակի նախագծերն ու ծրագրերը, որոնց մշակումն ու իրագործումն ի վիճակի է որոշակիօրէն նպաստել տնտեսութեան զարգացմանը, հաղորդակցութեան ոլորտին, գիւղատնտեսութեանը եւ այլն: Միեւնոյն է, մենք չենք կարող պիւտճէից գիտնականներին ու գիտաշխատողներին այնքան վճարել, որին նրանք արժանի են: Մենք պէտք է խթանենք գոնէ նրանց գործունէութիւնը, ովքեր ինչ-որ բան են անում ‘ ի վիճակի են գիտնականների ստեղծածի գոնէ մի մասը մեր երկրում ներդնել:
Հ.- Կարծիք կայ, թէ Լեռնային Ղարաբաղի չկարգաւորուած հարցը, Ազրպէյճանի հետ հակամարտութիւնն արգելակում են մեր լիարժէք առաջխաղացումը:
Պ.- Ազրպէյճանը մեզ պարտադրում է սպառազինման մրցավազք որոշակի նպատակ ունենալով` տնտեսապէս հիւծել Հայաստանին: Ազրպէյճանցի քաղաքական գործիչները հասկանում են, որ սովորական ռազմական գործողութիւններում երբեք չեն յաղթի Հայաստանին` անկախ ուժերի բաշխումից եւ‘ համաշխարհային գերտէրութիւնների քաղաքական նախապատուութիւններից: Ազրպէյճանի համար շատ աւելի հեշտ է մրցակցութիւնը տոլարային դաշտ փոխադրելը, որտեղ այսօր ինքն աւելի շահեկան դիրքերում է: Բայց դա նշանակում է, որ եթէ մենք այսօր ուզում ենք խաղաղութիւն, պէտք է ոչ միայն մարտունակ բանակ ունենանք, այլեւ` ժամանակակից հզօր տնտեսութիւն: Եթէ մենք ուզում ենք յաղթել Պաքուի կողմից մեզ պարտադրուած սառը պատերազմում` պէտք է ունենանք մրցունակ տնտեսութիւն: Եւ եթէ մենք ուզում ենք լուրջ յաջողութիւններ ունենալ եւրոհամարկման ճանապարհին, ապա պէտք է հասկանանք, որ առաջին տեղում տնտեսական ներուժի զարգացումն է: Հակառակ դէպքում մեզ սպառնում է այս աշխարհում արժանի տեղ չգտնելու հեռանկարը:
Հ.- Եւ մենք շարունակում ենք կորցնել մարդկանց…
Պ.- Այո, քանի դեռ կառավարութիւնը շարունակում է կարծել, թէ գաղթը ժամանակաւոր բնոյթ ունի: Իբրեւ մարդիկ գնում են` աւելի լաւ կեանք որոնելու, եւ երբ մեր երկրում ամէն ինչ լաւանայ, նրանք կը վերադառնան: Բայց անհասկանալի է, թէ ինչպէս ենք մենք կեանքը բարելաւելու` առանց համակարգային փոփոխութիւնների, վերջապէս` առանց մեր հայրենակիցների, առանց այդ գործընթացներում նրանց մասնակցութեան: Մեր քաղաքացիներին կորցնելը շատ աւելի հեշտ է, քան նրանց վերադարձնելը: Շատերը, ես կ՛ասէի մեծամասնութիւնը, չեն վերադառնայ: Նոյնիսկ եթէ ենթադրենք, որ 20-30 տարի անց կեանքն այնքան կը լաւանայ, որ մարդիկ կ՛որոշեն վերադառնալ, պէտք չէ մոռանալ, որ այդ 20-30 տարիները դեռ պէտք է ապրել եւ զարգանալ: Հիմա իմ կարծիքով իրավիճակի փոփոխութեան ոչ մի նախադրեալ չկայ: Եւ ցաւով արձանագրենք, որ դեռ շարունակում ենք կորցնել մարդկանց:
Հ.- Պատկերն այնքան էլ ամանորեայ չէ: Իսկ մեզ համար ի՞նչ է նախապատրաստում գալիք տարին:
Պ.- Կ՛ուզենայի, որ գալիք տարում մենք կարողանայինք դուրս գալ տնտեսական ճգնաժամից ու սկսէինք առողջացնել, թէ՛ տնտեսութիւնը, թէ՛ հասարակութիւնը: Չնայած այս հարցում ես չեմ կարող անուղղելի լաւատես լինել, քանի որ մեր երկրում ճգնաժամը ոչ միայն տնտեսութեան մէջ է, այլեւ, ինչպէս արդէն ասացինք, հասարակական յարաբերութիւններում: Կայ արժէքների ակնյայտ ճգնաժամ:
Որպէսզի որեւէ բան փոխուի, մենք պէտք է հասկանանք, որ իշխանութիւնները մեզ ոչ թէ որպէս ղեկավարող ուժ են պէտք, այլ որպէս առաջնորդներ, ովքեր իրենց յետեւից տանում են մարդկանց եւ ի վիճակի են ժողովրդի հետ միասին լուծել խնդիրները: Մեզ պէտք են յառաջադէմ իշխանութիւններ, որոնք ի վիճակի են կանխատեսել զարգացման համաշխարհային միտումները եւ ազգի ապագան: Պէտք է լինեն մարդիկ, ովքեր, եթէ կ՛ուզէք իմանալ, ի վիճակի են ժամանակից առաջ ընկնել: Պէտք է սովորել որպէս իշխանութեան ներկայացուցիչ ընտրել ոչ թէ ծանօթ, մեզ` ընտրողներիս նման մարդկանց, այլ լաւագոյններին, նրանց, ովքեր հաստատ ի վիճակի են ինչ-որ բան փոխել եւ դա անել աւելի լաւ, քան միւսները: Մեր ազգը պէտք է սովորի ընտրել լաւագոյններին:
Կարծում եմ այսօր բոլորը պէտք է մտածեն դրա մասին, յատկապէս հաշուի առնելով գալիք ընտրութիւնները: Շատ կարեւոր է, որ ընտրութիւններն անցնեն այնքան թափանցիկ եւ‘ քաղաքակիրթ, որ արդիւնքները, անկախ նրանից, թէ ինչպիսին են, միանշանակ ընդունելի լինեն մարդկանց համար: Եւ ասուածն առաջին հերթին իշխանութիւններին է վերաբերում:
ԱՇՈՏ ԳԱԶԱԶԵԱՆ
«Հայաստանի զրուցակից»

