ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՒՐԻԱՅԻ ՀԱՒԱՏԱՐՄԱՏԱՐԸ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԱՒՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՄԵԶ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼ» ԱՍՈՒՄ Է ՄԱՄՈՒՆ ՀԱՐԻՐԻՆ

Մամուն Հարիրի

Հայաստանում Սուրիայի գործերի ժամանակաւոր հաւատարմատար Մամուն Հարիրին դեկտեմբերի 28-ին Երեւանի «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամենախիստ դիւանագիտական բառապաշար օգտագործեց Թուրքիայի հասցէին` ընդգծելով, որ Սուրիայի հետ շուրջ 900 քմ ընդհանուր սահման ունեցող այդ երկիրը, ինչպէս նաեւ Քաթարը, ենթարկուեցին արեւմտեան երկրների շանթաժներին ու սադրանքներին: Հաւատարմատարը քննադատեց նաեւ Ծոցի արաբական մի շարք երկրների, ինչպէս նաեւ Արեւմուտքին, որոնք պատժամիջոցներ են կիրառում Սուրիայի եւ նրա ժողովրդի նկատմամբ:

Պարոն Հարիրին, ով մինչեւ Հայաստան դիւանագիտական աշխատանքի անցնելը եղել էր Պոլիսում Սուրիայի գլխաւոր հիւպատոսը եւ Թուրքիան ներսից գիտի, մանրամասն անդրադարձաւ Դամասկոս-Անգարա յարաբերութիւններին: Մինչ 2011 թուականի մարտը, երբ Սուրիայում սկսուեցին արտաքին աշխարհի կողմից հրահրուած ներքին խժդժութիւնները, թուրք-սուրիական յարաբերութիւնները շատ բարձր մակարդակի վրայ էին, ասաց հաւատարմատարը:

«Օսմանեան կայսրութիւնը շուրջ 400 տարի բռնագրաւումի տակ պահեց արաբական երկրները: Ինչպէս գիտէք, Սուրիայի ջրերի մեծ մասը գալիս է Թուրքիայից: Երբ Ռեճեփ Թայիփ Էրտողանը իշխանութեան եկաւ, յայտարարեց «զրօ խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականութիւնը: Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ կար թշնամանքի վիճակ, որը գալիս էր դեռ օսմանեան շրջանից: Նախագահ Պաշշար Ասատը արձագանգեց վարչապետ Էրտողանի նախաձեռնութեանը եւ համարեց, որ շատ յարմար առիթ է, որպէսզի երկու երկրների միջեւ այդ թշնամանքի վիճակը թեթեւանայ եւ նոր էջ բացուի, մանաւանդ, որ հարեւան երկրներ ենք: Ամենաբարձր մակարդակով փոխայցելութիւններ եղան, շուրջ 55 պայմանագիր ստորագրուեց, ստեղծուեց Ռազմավարական խորհուրդ: Բայց մենք անակնկալի եկանք, երբ Թուրքիան ապաստան տուեց բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կոչում են Սուրիայի արտաքին ընդդիմութիւն: Թուրքիան նաեւ ապաստան տուեց Իսլամ եղբայրներ կազմակերպութեան անդամներին: Որոշ անդամներ, որոնք ահաբեկչութիւն իրականացրին Սուրիայի տարածքում, փախան եւ ապաստան գտան Թուրքիայի տարածքում: Էրտողանը սկսեց Սուրիային խորհուրդներ տալ, որ մենք` սուրիացիներս ընթանանք Թուրքիայի ճանապարհով: Թուրքիան ինքը պատերազմի մէջ է երկրի հարաւ-արեւելքի հետ: Ամէն օր ներխուժումներ, աւերումներ եւ սպանութիւններ: Նրանք սպաննուողներին հետապնդում են մինչեւ Իրաքի տարածք: Նախքան մեզ խորհուրդ տալը, Թուրքիան պէտք է ինքն իրեն խորհուրդ տայ», ասաց հաւատարմատար Հարիրին:

«Ազդակ»-ի հարցին, թէ ինչո՛ւ է այսօր Թուրքիան նման թշնամական քաղաքականութիւն որդեգրել Սուրիայի հանդէպ, Հարիրին պատասխանեց. «Երբ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը հասաւ իշխանութեան, Էրտողանը սկսեց արաբ ժողովրդի զգացմունքների հետ խաղալ: Մանաւանդ կարեւոր էր «Ազատութեան» նաւատորմի հետ դէպքը: Այդ դէպքը լաւ արձագանգ թողեց արաբական երկրներում: Մենք, Սուրիան, յոյս ունէինք, որ Թուրքիայի դիրքորոշումը անկեղծ կը լինէր, բայց յանկարծակիի եկանք, երբ նա նահանջեց իր սկզբունքներից եւ սկսեց գործի դնել այլ օրակարգ, եւ չեմ կարծում, որ հեշտ կը լինի վերադարձնել Թուրքիա-Սուրիա յարաբերութիւնները նախկին վիճակին: Հայերը իրենց սերունդներին խորհուրդ են տալիս թուրքերին չվստահել: Ափսոս, որ մենք` սուրիացիներս, վստահեցինք թուրքերին», ասաց Հարիրին:

Հանրային հեռուստատեսութեան հարցին, թէ հնարաւո՞ր է Սուրիան հետեւի Ֆրանսայի օրինակին եւ ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, հաշուի առնելով Սուրիայում առկայ հակաթուրքական տրամադրութիւնները, Հայաստանում Սուրիայի հաւատարմատարը պատասխանեց. «Հայոց ցեղասպանութեան ճանաչման հետ կապուած ես տեղեկութիւններ չունեմ: Չեմ կարծում, որ Սուրիայի իշխանութիւնները նման հակազդեցութիւն ցոյց տան»:

Հաւատարմատար Հարիրին շնորհակալութիւն յայտնեց «Հայաստանի կառավարութեանը եւ հայ ժողովրդին` այդ դժուար պահին Սուրիայի կողքին կանգնելու համար»: Նա նաեւ շնորհակալական խօսքեր ուղղեց Սուրիայի հայ քաղաքացիների հասցէին, ովքեր աջակցում են նախագահ Պաշշար Ասատի բարեփոխումների քաղաքականութեանը:

Սուրիացի դիւանագէտը ասաց, որ Արեւմուտքը փորձ արեց ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի միջոցով ճնշումներ բանեցնել Սուրիայի վրայ, բայց «մեր բարեկամ պետութիւնները` Չինաստանը եւ Ռուսաստանը, ինչպէս նաեւ Հնդկաստանը եւ Պրազիլիան, ձախողեցին այդ նախագիծը: Եթէ այդ բանաձեւը ընդունուէր, աւերիչ ազդեցութիւն կ՛ունենար Սուրիայի ժողովրդի վրայ»:

Արաբական գարունը որեւէ կապ չունի գարնան հետ, ասաց հաւատարմատարը եւ յաւելեց. «Դա ոչնչացում է, աւերում եւ սպանութիւն: ՕԹԱՆ-ը Լիպիան աւերեց ժողովրդավարութեան անուան տակ: Նմանապէս նոյն փորձը նրանք կիրառել են  Իրաքում: Տասնեակ հազարաւոր իրաքցիներ սպաննեցին, միլիոնաւոր մարդիկ բնաւեր եղան իրենց տներից»:

Անդրադառնալով իր երկրի ներքաղաքական զարգացումներին` Հարիրին ասաց, որ «Սուրիան ուժեղ է եւ կը մնայ ուժեղ, չնայած այն դաւադրութեանը, որ կայ նրա նկատմամբ: Սուրիան շատ բռնագրաւողների է դիմակայել»:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES