ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՍՓԻՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆԻ ԱՄԱՆՈՐԵԱՆ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ԽՕՍՔԸ

Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Աւարտւում է տարին, եւ բոլորս նոր երազանքներով, նոր ցանկութիւններով ենք սպասում Նոր տարուն: Ուստի ես ջերմօրէն շնորհաւորում եմ բոլորիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդեան տօների առթիւ եւ մաղթում, որ 2012 թուականը Հայաստանի, Արցախի, սփիւռքի եւ համայն մարդկութեան համար լինի խաղաղութեան, կայունութեան, յաջողութիւնների եւ սպասումների իրականացման տարի:

Ամանորն այն տօնն է, որ հրաշալի կերպով իրար է կապում անցեալը, ներկան ու ապագան, պայծառ երազանքներն ու նոր նպատակները, անզուսպ ուրախութիւնն ու հանդարտ տխրութիւնը, անցնող ժամանակի ափսոսանքն ու ձգտումը դէպի գեղեցիկ ապագայ:

Յանուն մեր պետութեան, մեր ժողովրդի ապագայի` մենք պէտք է մեր ուժերն ու կարողութիւնները, կապերն ու հնարաւորութիւնները ծառայեցնենք այսօր մեր առջեւ ծառացած մարտահրաւէրների լուծմանը:

Սիրելի՛ հայրենակիցներ, ի՛նչն առաջնային պէտք է համարենք Նոր տարում:

Հայաստանը համայն հայութեան հայրենիքն է: Նոր տարում եկէք կրկին շեփորենք, որ այն անփոխարինելի է ու անմրցակից, մերն է` անկախ նրանից, թէ ինչքան հիմնախնդիրներ ունի: Ուրեմն եկէք բազմապատկե՛նք մեր ջանքերը, հայկական ներուժը, նպաստենք ոչ միայն հոգեւոր Հայաստանի, այլ նաեւ նիւթական-առարկայական Հայաստանի շէնացմանը` կուլ չգնալով համաշխարհայնացման համահարթեցման երախին:

Թող որ Հայաստան-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնը ֆիզիքական եւ հոգեւոր ամրութիւն հաղորդի բոլորիս, թող որ մեր գործնական կապերի ամրապնդման եւ զարգացման ճանապարհին իրականացուող ազգանուէր ձեռնարկներն ու ներդրումները զօրացնեն հայոց պետութիւնը:

Օգտագործելով համամարդկային քաղաքակրթութեան լաւագոյն ձեռքբերումները` զարգացնենք հայկականը, ազգայինը` յանուն Հայաստանի անվտանգութեան, կայունութեան ու առաջընթացի, մարդկային արժանապատուութեան, հիմնարար իրաւունքների եւ ազատութիւնների ապահովման:

Եկող տարին մեզ աւելի է մօտեցնում Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցին: Նրա ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի բոլոր սերունդների պարտքն է, եւ պէտք է շարունակել պայքարն այս ուղղութեամբ, ինչպէս որ վերջին օրերին արեցին ֆրանսահայերը, ֆրանսացիները:

Դարերով երազած եւ ազատ, անկախ Արցախն այսօր իր պետականակերտումը երջանկապէս չէր իրականացնի, եթէ չլինէր Հայաստանի եւ Արցախի հերոսական զինուժի, ինչպէս նաեւ սփիւռքի մեր ազնիւ հայորդիների բարձրագոյն բարոյականութիւնը` ապրել ու մեռնել յանուն Հայրենիքի:

Թող որ Նոր տարում Հայաստանը եւ Արցախը հայոց հերոսական ու պանծալի բանակի հզօր պաշտպանութեան ներքոյ դառնան աւելի զօրեղ, խաղաղ եւ ապրեն հայրենակերտումի յաղթարշաւի շրջան:

Իմ հեռու եւ մօտ բարեկամներ,

Ամանորը բերում է նոր սպասելիքներ, ուրեմն «թող նա գայ նախ եւ առաջ իբրեւ մէջքապնդող գօտի բոլորիդ համար` աշխարհագրական որ գօտիներում էլ լինէք»:

Աշխարհի տարբեր ծագերում ապրող իմ հայրենակիցներին, մեծերին ու փոքրերին, կանանց ու տղամարդկանց, սփիւռքեան կազմակերպութիւնների ղեկավարներին, ատենապետներին, խորհուրդների անդամներին, մեր աննման մանկավարժներին, հոգեւոր դասին մաղթում եմ սէր, միութիւն, միաբանութիւն ազգային գաղափարների եւ դրանց իրականացման շուրջ:

Վե՛ր կանգնենք նեղ անձնական շահերից եւ համաշխարհայնացման խելայեղ այս դարում պահպանենք մեր ազգային դիմագիծը: Հայ լինելն ու հայ մնալը պարտաւորութիւն է եւ հպարտութիւն:

2012-ին եւս առաւել համախմբուած նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրութեանն ու հզօրացմանը, Ղարաբաղի հարցին, մեր արդար դատին:

Բանաստեղծական մի տողով մաղթում եմ`

«Թէ կան բախտի փշոտ ճամբէք, թող ծաղկունքով կանաչեն,

Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր»:

ՇՆՈՐՀԱՒՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,
ԹԱՆԿԱԳԻ՛Ն ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

Share this Article
CATEGORIES