«ՇՆՈՐՀԻՒ ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՐՑԱԽ – ՍՓԻՒՌՔ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ` ԱՅՍՕՐ ՈՒՆԻՆՔ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ԵՒ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՈՂ ԱՐՑԱԽ» Կ՛ԸՍԷ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՀԱԿԵԱՆ
Ստորեւ կու տանք Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանի շնորհաւորական ուղերձը` Նոր տարուան առիթով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ահա եւ մօտենում է պահը հրաժեշտ տալու 2011 թուականին ու դիմաւորելու Նոր տարին` յոյսով ու հաւատով, որ այն կը լինի յաջող մեր ընտանիքների եւ մեր հայրենիքի համար: Դա իսկապէս ընտանեկան տօն է, իւրօրինակ մի տօն, որը միաւորում է բոլորիս, հեռու եւ մօտ գտնուող հարազատներին ու բարեկամներին, տօն` լեցուն անհուն սիրով ու ջերմութեամբ:
Հէնց այս ոգով ամրացած, շնորհիւ մեր ժողովրդի միասնականութեան ու համախմբուածութեան, Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութեան` կարողանում ենք լուծել հանրապետութեան առջեւ ծառացած խնդիրները եւ այսօր արդէն ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ:
Վստահ եմ, որ գալիք տարին կը լինի աւելի արդիւնաւէտ, եւ մենք կը կարողանանք ապահովել մեր երկրի շարունակական զարգացումը: Դրա ամենայուսալի գրաւականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակն է, որի 20-ամեակը կը տօնենք 2012 թուականին: Պաշտպանութեան բանակը եղել է, կայ եւ կը մնայ մեր պարծանքն ու Արցախի անվտանգութեան հիմնական երաշխաւորը:
Այս տօնական օրը ես ուզում եմ առաջին հերթին շնորհաւորել մեր զոհուած ազատամարտիկների ընտանիքներին, վետերաններին, պաշտպանութեան բանակի ողջ անձնակազմին, նրանց, ովքեր այս պահին կանգնած են խրամատներում եւ պաշտպանում են հայրենիքի սահմանները:
Շնորհաւորում եմ աշխարհասփիւռ հայութեանը, Հայաստանում եւ սփիւռքում ապրող մեր քոյրերին ու եղբայրներին:
Արցախի Հանրապետութեան թանկագին քաղաքացիներ,
Ի սրտէ շնորհաւորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ ձեզ քաջառողջութիւն եւ երջանկութիւն: Թող 2012 թուականը լինի աւելի յաջող ու բարեբեր: Թող այն ուրախութիւն պարգեւի մեր ժողովրդին, խաղաղութիւն ու բարեկեցութիւն` մեր երկրին:

