«2012-Ը ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԱՐԻ ՊԻՏԻ ԸԼԼԱՅ» Կ՛ԸՍԷ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍԵԱՆ

Ստորեւ կու տանք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի շնորհաւորական ուղերձը` Նոր տարուան եւ Ս. Ծնունդին առիթով:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ահա եւ պատմութիւն է դառնում 2011 թուականը:

Նոր տարին ընտանեկան տօն է: Տասներկուսի զարկերի հետ մենք մտովի ամփոփում ենք անցածը եւ բաժակ բարձրացնում` նայելով իրար աչքերի մէջ: Ընտանիքներում, ինչպիսի սեղանների շուրջ էլ դիմաւորենք Նոր տարին, իրար նեցուկ լինելու խոստում կայ իւրաքանչիւրիս մտքում: Երկիրն էլ մեր բոլորի ընտանիքն է: Որտե՞ղ ենք դնում վերջակէտ ու ի՞նչ նպատակներով ենք անցնում Նոր տարուայ սահմանագիծը:

Իմ հարազատ երկրի մեծ ընտանիքի սիրելի՛ անդամներ, մենք ընդհանուր շատ աւելին ունենք, քան կարծում ենք: Որքան էլ տարբեր կողմերից նայենք, մէկ է` մեր նպատակները նոյնանում են, երբ ասում ենք հայրենիք, Հայաստան, Արցախ, սփիւռք, խաղաղութիւն, ծնող, զաւակ® Եկէ՛ք մեր մտքում ամբարենք անցած տարուայ մեր յաջող գործերն ու յաղթանակները` հպարտ ու փայլող շարասիւները, վերածնուած Մատենադարանը, հրաշալի օդանաւակայանը, հրոսակների զսպումը, համազգային ոգեւորութեան անմոռանալի դրուագները, միւսները: Եկէ՛ք անցած տարում թողնենք անտարբերութիւնը, իրար չլսելը, թշնամանքը… չթուեմ` գիտենք, թէ ինչը արժէք չէ ու յարիր չէ հարազատ ընտանիքին: Եկէ՛ք նոր` 2012 թուական տանենք իրար նեցուկ լինելու խոստումը եւ նոր յաղթանակների վճռականութիւնը` ի բարօրութիւն մեր հայրենիքի` Հայաստանի, Արցախի, սփիւռքի, յանուն խաղաղութեան ու արարման, յանուն մեր ընտանիքների, ծնողների, երեխաների, յանուն սահմանին կանգնած մեր որդիների:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք սիրում ենք շեշտել, որ հայերը հին ու հզօր մշակոյթի ժառանգորդներ են, եւ դա ճիշդ է: Բայց փաստ է նաեւ այն, որ ներկայ Հայաստանում շատ բան անկատար է: Մեր երկրում կան ընտանիքներ, որոնք անգամ այս տօնական պահին հազիւ են տաքացրել իրենց կացարանը, անբարեկարգ գիւղեր ու քաղաքներ կան, որոնք չեն համապատասխանում քաղաքակիրթ երկրի մասին մեր պատկերացումներին ու չափանիշներին: Անկասկած, մենք պիտի դառնանք այն երկիրը, որտեղ ամէն քայլափոխի զգացուի, թէ ովքեր ենք մենք, ինչ մեծ ու հարուստ աւանդոյթների ու քաղաքակրթութեան հետնորդներ ենք: Այս առումով 2012 թուականը նոյնպէս պէտք է լինի յամառ աշխատանքի տարի. միայն աշխատանքով է հնարաւոր բժշկել, խնամել, հոգ տանել ու յարմարաւէտ դարձնել կեանքը: 2012-ը աշխատանքի՛ տարի է լինելու:

Ինչպէս գիտէք, գալիք տարի նաեւ անցկացուելու են Ազգային ժողովի ընտրութիւններ: Ընտրութիւնները մեզանում շատ դէպքերում ընկալուել են, կրկնում եմ` ընկալուել են, միայն որպէս իշխանութիւն ձեռք գցելու կամ իշխանութիւնը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ աւելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախուածը արատաւոր կարծրատիպից հրաժարուելու, իրօք ազգային եւ իրօք պետական մօտեցման սկզբունքները քաղաքական կեանքում արմատաւորելու համար: Չեմ թաքցնի` օգնութեան կարիք էլ եմ ունեցել եւ ունեմ:

Մենք մտնում ենք ոչ միայն Նոր տարի, այլեւ մեր երկրի ու հասարակութեան զարգացման նոր փուլ: Հաւատում եմ, որ արձանագրելու ենք նոր ձեռքբերումներ մեր պետութեան ու հանրութեան գործունէութեան բոլոր ասպարէզներում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ ձեզ Ամանորի եւ Ս. Ծննդեան տօների առթիւ: Մաղթում եմ, որ այս օրերին տօնական սեղանների շուրջ իշխեն բարձր տրամադրութիւնն ու լաւատեսութեան ոգին: Թո՛ղ Նոր տարին խաղաղութիւն եւ բարօրութիւն բերի ձեր ընտանիքներին ու մեր երկրին:

Շնորհաւո՛ր Նոր տարի:

 

Share this Article
CATEGORIES