ՀԵՏԵՒԵԼՈՎ «ԱԶԴԱԿ»-Ի ԿԱՅՔԻՆ. ՀԱՅԻ ՈՒԺԸ ՆՐԱ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹԵԱՆ ՄԷՋ Է ՆԱԵՒ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ համակարգիչն ու համացանցը ստեղծուել են աշխարհասփիւռ հայութեան համար: Հայութեանը համախմբելու, միմեանց մասին տեղեկացնելու աւելի արագ եւ մատչելի եղանակ ու միջոց դժուար էր հնարել, քան համակարգիչն է ու համացանցը: Արժանթինում Հայ բարեգործական ընդհանուր միութիւնը միջոցառում է կազմակերպում, նոյն օրը «Ազդակ»-ը տեղադրում է իր կայքում: Համազգայինը Պէյրութում հերթական գիրքն է հրապարակում, Երեւանի «Ազգ» օրաթերթը գրախօսական է պատրաստում: Կլենտէյլում հայերը ապրիլ 24-ի ցոյց են կազմակերպում, մի քանի ժամ անց այդ մասին հայութիւնը Report.am կայքից տեղեկանում է Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս:

Այսօր համակարգչի ու համացանցի դարում շատ աւելի է հեշտացել տեղեկատուութեան տարածումը: Ընկերային ցանցերը միլիոնաւոր մարդկանց հնարաւորութիւն են տալիս ոչ միայն հետեւել իրադարձութիւններին, այլ` իրենք դառնալ լուր ստեղծողներ ու տարածողներ: Այս ամէնը, անկասկած, լաւ է, սակայն տեղեկատուական հասարակութեան այս դարում դժուար է հասկանալ եւ տարբերակել, թէ տարածուած տեղեկատուութիւնից ո՛րն է համապատասխանում իրականութեանը, ո՛րն է մասամբ համապատասխանում, ո՛րն է ապատեղեկատուութիւնը եւ ո՛րն է սուտ-սադրանքը:

«Ազդակ»-ի կայքի հիմնական առաւելութիւնը այն է, որ նրա տեղադրած իւրաքանչիւր լուր, յօդուած կամ վերլուծական համապատասխանում է իրականութեանը, հաւասարակշռուած է եւ ուղղուած չէ ոեւէ մէկի դէմ:

Աշխարհասփիւռ հայութիւնը տարիների, տասնամեակների ու հարիւրամեակների ընթացքում ստեղծել է տարբեր կառոյցներ` կուսակցութիւններ, միութիւններ, թերթեր, ակումբներ: Միշտ չէ, որ նրանց միջեւ  յարաբերութիւնները բարեկամական են եղել: Բայց «Ազդակ»-ը, իմ կարծիքով, գիտակցել է մէկ կարեւոր իրականութիւն. հայութեան ուժը ոչ միայն իր միասնութեան մէջ է, այլ նաեւ` իր բազմազանութեան: Եւ մեկնելով այս ըմբռնումից` «Ազդակ»-ի կայքը տարածութիւն է տրամադրում մեր աւանդական երեք կուսակցութիւններին` ՀՅԴ-ին, ՌԱԿ-ին ու ՍԴՀԿ-ին, Հայ առաքելական սուրբ եկեղեցու նուիրապետական բոլոր չորս աթոռներին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանը, Երուսաղէմի եւ Պոլսոյ հայոց պատրիարքութիւններին, հայ հարանուանութիւններին` առաքելական, կաթողիկէ եւ աւետարանական, մեր միութիւններին` Համազգայինին, ՀԲԸՄ-ին, «Փիւնիկ»-ին եւ միւսներին, աշխարհում սփռուած հայկական գաղութների կեանքին:

Ահա հէնց սրանով է գրաւիչ «Ազդակ»-ը: Ահա հէնց այս պատճառով է նաեւ հայութիւնը նրա կայքին հետեւում աշխարհի բոլոր անկիւններում: Ահա այդ պատճառով է, որ «Ազդակ»-ը եւ նրա կայքը յարգանք վայելում ամէնուր:

«Ազդակ»-ի եւ նրա կայքի ընտրած ուղին ամէնից ազնիւն է, քանի որ հայի ուժը նրա բազմազանութեան մէջ է նաեւ:

Երեւան

Share this Article
CATEGORIES