ՊՈԼՍԱԿԱՆ ՕՐԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

«Ախր, դու չես պատկերացնի, թէ ինչքա՛ն են փոխուել այսօրուայ թուրքերը», յատկապէս վերջերս հայաստանցիները  պարբերաբար կրկնում են այս արտայայտութիւնը, որին կը սկսէի հաւատալ, եթէ ինքս մօտ մէկ ամիս չապրէի եւ չաշխատէի Թուրքիայում: Անկեղծ ասած, այս թեմային բնաւ չէի էլ անդրադառնայ, եթէ չլինէր դրա ազդակը: Բանն այն է, որ վերջերս Երեւանում տեղի ունեցաւ հայ-թուրքական գործարարութեան համաժողով: Թուրքիայից եկել էին շուրջ 35 թուրք գործարարներ, որոնցից մի քանիսի հետ առիթ ունեցայ զրուցել: Վաղ առաւօտեան «Հրազդան» հիւրանոցում իրարանցում էր` «մեր» թուրք հիւրերին տանում էին Էջմիածին: Նրանք էլ` իբր խանդավառուած էին: Մինչ օթոպիւսի մեկնումը` զրուցեցի Կարսից իր ինքնաշարժով Հայաստան եկած գործարար Ատիճան Ատիպէյօղլուի հետ: Երբ հարցրեցի` ինչո՞ւ է եկել Հայաստան, ի՞նչ նպատակով, ասաց, որ լսել է գործարարութեան համաժողովի մասին եւ պատրաստւում է Երեւանում շինարարութեան ոլորտում համագործակիցներ փնտռել:

Նա քաղաքական, իսկ մեզ համար պատմական հարցերը շրջանցեց` ասելով, թէ գործարար է, եւ իրեն քաղաքականութիւնը չի հետաքրքրում: Թուրքերէնից հայերէն թարգմանող աղջիկն իր կիսատ, ջարդուած գիտելիքների օգնութեամբ հազիւ էր վերծանում թուրք գործարարի խօսքը, ինչը մեր զրոյցն աւելի բարդացրեց: «Իմ նախապապերը Կարս են եկել Հայաստանից», յանկարծ ասաց զրուցակիցս: «Այսինքն հա՞յ էք», հարցիս ի պատասխան` նա նշեց. «Ո՛չ, քիւրտ եմ: Հայրս քիւրտ է, մայրս` թուրք»: Ատիճան Ատիպէյօղլուի կարծիքով` Հայաստանի եւ Թուրքիայի համագործակցութիւնը կարող է լինել միայն շինարարութեան եւ զբօսաշրջութեան ոլորտում: Վերջինիս հետ զրոյցից ժամեր անց հանդիպեցի մէկ այլ թուրք գործարարի` Թալիփ Պուլութին, ով այնպիսի «մեղրածոր» բառերով խօսեց հայ-թուրքական գործարարութեան հնարաւորութեան մասին, որ քիչ էր մնում հաւատայի: Չնայած իր այդ վերաբերմունքին` նա ակնյայտօրէն ընդգծեց հետեւեալը, որ Հայաստանը փոքր երկիր է, տնտեսութեամբ աշխարհի երկրների շարքում վերջիններից է եւ այլն, եւ այլն:

Վերջինիս կարծիքով` Հայաստանը կը շահի, եթէ սահմանները բացուեն: Իսկ երբ արդէն անցայ իմ դիտարկումներին` նշելով, որ սահմանն իրենք են փակել հայ-ազրպէյճանական պատերազմի ժամանակ` որպէս աջակցութիւն իրենց «եղբայրակից» Ազրպէյճանին, նա յանկարծ շատ կոպիտ ձեւով խնդրեց աւարտել հարցազրոյցը… Մի տեսակ ծանրացած ներս մտայ այն սրահը, որտեղ քիչ յետոյ պէտք էր հիւրընկալուէր Հայաստանում Միացեալ Նահանգների արտակարգ եւ լիազօր դեսպան Ճոն Հեֆֆերնը: Յանկարծ առաջին շարքում նկատեցի երկու թուրք կին գործարարների հեգնական ժպիտը այդ «իրարանցմանը»: Ճիշդ է, թուրքերէն չեմ հասկանում, բայց նրանց պահուածքն արդէն խօսում էր իրենց ներքին համոզմունքների, հայերի այդ աստիճան մոլորեցնելու մասին: Սա բոլորովին տարօրինակ չէր. մի բան, որ ամէն օր հանդիպում էի պոլսեան օրերի շրջանակում…

ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ «ՄԻՄՈՍԱՅԻՆ» ԿՈՂՄԸ

Այս տարուայ ապրիլին հայ 5 լրագրողներով մեկնեցինք Պոլիս` մէկ ամիս աշխատելու համար: Մինչ օդանաւի վայրէջք կատարելը, չէի պատկերացնում, թէ ո՛ւր եմ գնում: Երբ յանկարծ օդանաւը վայրէջք կատարեց եւ լռեցին ձայները, հասկացայ, որ ոտք ենք դրել մի երկիր, որի անցեալը մենք կրում ենք մեր ծինական յիշողութիւններում: Օդակայանի լուսաւոր ու մի տեսակ մերկ սրահում թուրքերէնի բզզոցն էր: Անջատուեցի լրագրողական իմ խմբից եւ դեռ չժամանած` ուզում էի փախչել այդ երկրից, երբ լսեցի խիստ թուրքամէտ համոզմունքների տէր Սրի Լանքայից Պոլիս գնացած Սուսա ձայնը, ով եկել էր մեզ դիմաւորելու: Պոլիսը մեզ դիմաւորեց թաց, անձեւային տրամադրութեամբ: Փորքիկ օթոպիւսի մէջ ցրտի՞, թէ՞ մեր ներքին տրամադրութիւններից, կծկուել էինք: Բոլորս լուռ էինք:

Վերնասլաց ճանապարհը մի կերպ յաղթահարելով` մօտեցանք ցածրայարկ շէնքին: Մէկ էլ պարզուեց, որ ինչ-որ խնդիրներ կան սենեակների դասաւորութեան հետ, եւ միայն յաջորդ օրը մեզ կը տրամադրէին այն սենեակները, որտեղ կ՛ապրէինք մէկ ամիս: Ժամանակաւոր կացարանը, որտեղ տեղաւորուեցիք ես ու լրագրող ընկերուհիներիցս մէկը, սարսափելի մղձաւանջներ արթնացրեց: Բարձր առաստաղը, մութ սենեակները, մեծ ճեղքով դուռը, որը թէեւ կողպուած էր, բայց տպաւորութիւն էր, որ բաց է, անասելի վախի մթնոլորտ ստեղծեցին: Գրեթէ ողջ գիշեր չկարողացանք քնել` պատրուակներ գտնելով յաջորդ օրուայ անելիքների թեման: Միայն վաղ առաւօտեան նկատեցինք լոյսն ու պատուհանների տակ անհանգիստ թռչունների ձայները: Րոպէներ անց սենեակի դուռը բախեց Սուսան, որ առաջիկայ մէկ շաբաթ մեզ պէտք էր ուղեկցէր: Թաց Պոլսի գլխաւոր պողոտայով` Իսթիքլալով, ուղիղ դէպի վեր բարձրացանք: Բոլորս մի «լաւ» թրջուեցինք: Մեր աշխատանքային առաջին օրը անցկացրեցինք Պոլսի «Քուլթուր» համալսարանի շէնքում գտնուող «GPOT» արտաքին քաղաքականութեամբ զբաղուող կենտրոնում: Լուսաւոր, շքեղ սրահում բոլորս նստեցինք: Յետոյ սուրճ բերեցին, ինչը գիշերային մղձաւանջին արթնանալու, թերեւս, այդ պահին միակ միջոցն էր:

Քիչ անց սրահ մտաւ կենտրոնի տնօրէն Մենսուր Աքկիւնը: Խօսում էր բաւական ոգեւորուած` կարեւորելով լրագրողների փոխանակման ծրագիրը, որով մենք գնացել էինք,Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորումը եւ այլն: Աքկիւնի հետ մեր հանդիպումը բաւական երկար տեւեց: Անխօս, ջերմ ընդունելութիւնը, հայ-թուրքական յարաբերութիւնների մասին լաւատեսութիւնը մի տեսակ այլ տրամադրութիւն ստեղծեցին` մտածելով, թէ, միգուցէ Թուրքիան իսկապէ՞ս փոխուել է: «Հայաստանը փոքր ձուկ է», յանկարծ իմ դրական համոզմունքների ձեւաւորման խորապատկերին հնչեց Աքկիւնի խօսքը: Միանգամից սթափուեցի` հասկանալով տնտեսական հզօրութեամբ յոխորտացող թուրքերի հոգեբանութիւնը, որոնք դեռ շարունակում են կանգնած մնալ 3 չլուծուած  խնդիրների` քրտական, հայկական եւ Կիպրոսի հարցերի առաջ: Այդ հանդիպմանը յաջորդեցին պաշտօնական միւս հանդիպումները, որոնց մասին թոյլ տուէք չպատմել, քանի որ դրանց ընդհանուր բովանդակութիւնը մեզ` հայ լրագրողներիս մատնացոյց անելն էր մեր երկրի թոյլ տնտեսութեան եւ դրան զուգահեռ Թուրքիայի գերհզօր լինելու մասին: Մեզնից պահանջուեց մօտ 1 շաբաթ` հասկանալու այդ հանդիպումների իրական, այսպէս ասած, «կարմիր» թելը: Իսկ այս ամէն աւելի յստակեցուեց պաշտօնական Անգարայում, որտեղ նախ պէտք էր հանդիպէինք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Տաւութօղլուի հետ, ապա փոխեցին որոշումը` նշելով, թէ հանդիպումը կը կայանայ արտաքին գործերի փոխնախարարի հետ, իսկ երբ հասանք Թուրքիայի արտաքին գործերի նախարարութեան շէնք, անակնկալի եկանք: Հանդիպումը նշանակուած էր արտաքին գործերի նախարարութեան գրեթէ վերջին օղակի  ներկայացուցչի հետ, ով մեզ չթոյլատրեց ձայնագրել` «մեծահոգաբար» նշելով, թէ գրառումներ կարող ենք անել նրա հետ  բանաւոր զրոյցի` չյիշատակելով նրա անուն-ազգանունը, այլ կերպ ասած` դա պարզապէս ծաղրածուական շօ էր, ինչի համար մենք ժամանակ եւ նիւթական ծախսեցինք այնտեղ գնալու համար:

Թուրքական դիւանագիտութեան անունից հանդէս եկող թուրք պաշտօնեան ամբողջացրեց մինչ այդ միւս պաշտօնեաների խօսքերը` թուրքական պետութեան հզօրացման, հարեւանների հետ զերօ խնդիրներ ունենալու եւ «երգ երգոց» շարքից մի քանի այլ երգեր: Վերջինիս հետ մեր զրոյցը տեղի ունեցաւ մի գրադարանում, որտեղ գրքերի 90 տոկոսից աւելին վերաբերում էին Հայոց ցեղասպանութեանը: Սա նկատելով` այլեւս չկարողացայ ինքնավերահսկել իմ զգացումները: «Դուք նշեցիք, թէ Հայաստանը ձեզ չի հետաքրքրում, այդ պարագայում ինչո՞ւ է ձեր գրադարանի գրքերի  90 տոկոսը հայերի, Հայոց ցեղասպանութեան մասին», հարցիս ի պատասխան` նա կարկամեց: Սկսեց շուռումուռ գալ տեղում, ապա կցկտուր, անյօդաբաշխ բառերով խօսեց, աւելի ճիշդ` կմկմաց. «Տէ… տէ… մենք հետաքրքրւում ենք Հայաստանով, չէ՞ որ մենք հարեւաններ ենք»: Ինչպիսի ակնյայտ շնականութիւն:

Արտաքին գործերի նախարարութեան շէնքից դուրս եկանք առաւել քան ծանրացած` մի տեսակ հասկանալով մեր հայ պետական պաշտօնեաների իրական վիճակը: Ի հարկէ, մեր դժգոհութիւններն ասացինք մեզ ուղեկցող Սուսաէին, ով այնուհետ իբրեւ թէ վիրաւորուեց մեզնից… Իրականում պաշտօնական Անգարայի ընդհանուր խորապատկերին չերեւացող, այդ «աննման» պաշտօնեան պատռեց Թուրքիայի դիւանագիտութեան վարագոյրը` երեւան հանելով Թուրքիայի բոլոր վախերն ու տրամաթիք իրավիճակը:

ՊՈԼՍԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ, ԿԱՄ` «ՇՕ»-Ն ՇԱՐՈՒՆԱԿՒՈՒՄ Է

Իրականում բաւական յուզիչ է Պոլսի փողոցներով շրջելը, որտեղ տեսնում ես հայ ճարտարապետների բացառիկ ձեռագիրը: Պոլիսը հակադրութիւնների քաղաք է, որտեղ աւանդականն ու ժամանակակիցն ապրում են կողք կողքի, ճիշդ այնպէս, ինչպէս Պոլսի  գրախանութներում վաճառուող գրքերի վրայ օթեւանող կատուները: Զբօսաշրջիկների գերխիտ շարքերը ուշագնացութիւն կարող են առաջացնել քաղաքի գլխաւոր պողոտայով քայլելիս. խօսում են` գերմաներէնով, ռուսերէնով, ուքրաներէնով եւ այլն: Քաղաքում առաւել քան աչքի են ընկնում փողոցային, բայց արհեստավարժ երաժիշտները: Թուրքական երանգը աւելի ընդգծուն է դարձնում ցածրիկ աթոռներով թէյարան-սրճարանները, որտեղ հիմնական պրենտը շարունակում է մնալ թուրքական թէյը: Դրան աւելանում են ոտնամանների մաքրութեամբ զբաղուող ոսկեզօծ երիզներով սեղանիկները, որոնց կարելի է հանդիպել գրեթէ ամէն քայլափոխի: Ամենածիծաղելին պաղպաղակավաճառների «շօ»-ն է, որոնք երկար փայտիկների վրայ պաղպաղակ են մատուցում: Այս ամէնն էլ ամբողջացնում է թուրքական միլիթարիզմի տարրերը` ոստիկանները: Ի դէպ, նշեմ, որ մենք բնակւում էիք Պոլսի Պէյօղլու ոստիկանութեան հարեւանութեամբ: Ընդ որում` դա նոյն Ծաղկի փողոցն էր, որ յիշատակել էր Յակոբ Պարոնեանն իր «Մեծապատիւ մուրացկաններ» գործում: Ինչեւէ, առաջին հայեացքից այս ամէնը կարող է գրաւել զբօսաշրջիկին, ինչի համար նրանք իսկապէս ջանք չեն խնայում, բայց երբ հերթը հասնում է հայերին, ապա վերաբերմունքն ակնյայտօրէն փոխւում է: Սա նկատելի էր խանութներում, սրճարաններում:

Մինչ օրս շարունակում եմ պատասխանը փնտռել այն մատուցողի, որ իմանալով մեր ինքնութեան մասին, հրաժարուեց սպասարկել մեր սեղանը, կամ այն խանութի վաճառողուհուն, ով մեզնից անձնագիր պահանջեց գնումներից յետոյ: Դէպքերը քիչ չէին, բայց եւ ձանձրալի կը լինի այդ ամէնի մասին մէկ առ մէկ գրելը: Որոշ ժամանակ անց հասկանալի էր մի բան` թուրքական միջավայրում պէտք չէ վստահել ոեւէ մէկին` վաճառողից մինչեւ պետական այրեր, քանի որ, մեղմ ասած, հայերի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը դեռեւս ակնյայտ է…

Յատուկ «Ազդակ»-ի համար
Շարունակելի

Share this Article
CATEGORIES