ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՐԵՒՈՐԱԳՈՅՆ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԹԵԺ ՏԱՍՆԵԱԿԸ PanARMENIAN.Net-Ի ՎԱՐԿԱԾՈՎ

Աւարտուող տարին բաւական հարուստ էր ներքաղաքական իրադարձութիւններով եւ գործընթացներով: Տարին նշանաւորուեց ընկերային լարուածութեան եւ բողոքների աճով, քաղաքական ուժերի խուսանաւումներով, երկրում իրավիճակն իրենց վերահսկողութեան տակ պահելու եւ կայունացնելու իշխանութեան փորձերով, որպէսզի Հայաստանում չբռնկուի «արաբական գարուն»: Ներքաղաքական իրադարձութիւնների տասնեակի մէջ ներառուած են նաեւ մի շարք հասարակական գործընթացներ, որոնք երկրի կեանքի վրայ ազդող լուրջ գործօններ են դարձել:

PanARMENIAN.Net – Պէտք է նաեւ նշել, որ այս տարի սկսուած քաղաքական եւ հասարակական գործընթացներից շատերը բաւական էական ազդեցութիւն կ՛ունենան նաեւ գալիք տարում քաղաքական զարգացումների վրայ:

Ներկայացնելով տարուայ կարեւորագոյն իրադարձութիւնների տասնեակը` ցանկանում եմ նշել, որ տասնեակում յաջորդականութիւնը պայմանական է:

10. Նոր Ընտրական օրէնսգիրք

2011-ին ընդունուեց նոր Ընտրական օրէնսգիրք (ԸՕ) , որը, ինչպէս հաւաստիացնում են իշխանութիւնները, պէտք է ապահովի ամենաարդար եւ թափանցիկ ընտրութիւններն անկախ Հայաստանի պատմութեան մէջ: Իշխանութիւնների ներկայացուցիչների համաձայն, նոր օրէնսգիրքը ստացել է միջազգային փորձագէտների հաւանութիւնը, մասնաւորապէս` Վենետիկեան յանձնաժողովից: Իր հերթին խորհրդարանական ընդդիմութիւնը` Դաշնակցութիւնը եւ «Ժառանգութիւնը», կտրուկ հանդէս են գալիս նոր օրէնսգրքի դէմ, ընդգծելով, որ նրանց գլխաւոր առաջարկները չեն ընդգրկուել դրա մէջ: Տարեվերջին ԸՕ մասին յիշեց նաեւ երկրի գլխաւոր ընդդիմադիր ուժը` Հայ ազգային քոնկրեսը (ՀԱՔ): Քոնկրեսը սկսեց խօսել միասնական ծրագրի մասին ԸՕ-ն փոխելու համար, թէ՛ ժամանակին բաւական հեգնաբար էր վերաբերուել դրա բարելաւման համար այլ ընդդիմադիր ուժերի պայքարին: Չէ՞ որ, ինչպէս նշել է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Յովհաննիսեանը, միայն արդար եւ ազնիւ ընտրութիւնների շուրջ համագործակցութիւնը կարող է միաւորել հայկական ընդդիմութեանը: Դրա վկայութիւնն էր դեկտեմբերի 27-ին «Ժառանգութիւն» եւ ՀՅԴ ընդդիմադիր կուսակցութիւնների համատեղ յայտարարութիւնը, որում նրանք կոչ էին անում իշխանութիւններին` չեղեալ յայտարարել մեծամասնական ընտրական համակարգը եւ անցում կատարել ընտրութիւնների հարիւր տոկոսանոց համամասնական համակարգին: Այդ երեւոյթն արդէն ողջունել են մի շարք ուրիշ քաղաքական ուժեր, մասնաւորապէս` ՀԱՔ-ը եւ «Բարգաւաճ Հայաստանը»:

9. Թռչկանի ջրվէժը եւ բնապահպանների յաղթանակը

Տարուայ ամենանշանակալից իրադարձութիւններից մէկը բնապահպանների պայքարն էր Թռչկանի ջրվէժի վրայ ջրաելեկտրակայանի կառուցման դէմ, որը, վերջ ի վերջոյ, աւարտուեց «կանաչների» յաղթանակով: Այդ յաղթանակը դարձաւ վերջին տարիներին բնապահպանների ամենաաղմկոտ յաղթանակը: Ընդհանրապէս, բնապահպանութեան խնդիրը Հայաստանում դառնում է հանապազօրեայ խնդիրներից մէկը` հաշուի առնելով լեռնահանքային ընկերութիւնների կողմից երկրի բնական հարստութիւնների ոչնչացումը, ինչպէս նաեւ` ընդերքի եւ ապագայ սերունդների հաշուին առկայ խնդիրները լուծելու իշխանութիւնների ձգտումը: Ամենայն հաւանականութեամբ, «կանաչ քարտն» աշխուժ օգտագործուելու է գալիք ընտրութիւններում, ընդդիմադիր քաղաքական գործիչներին գրաւելու է իշխանութեան դէմ պայքարելու պատրաստ մարդկանց ներգրաւելու եւ բնապահպանների բողոքի ձեռնարկներին  աշխուժօրէն մասնակցելու հնարաւորութիւնը:

8. Րաֆֆի Յովհաննիսեանի 15-օրեայ հացադուլը

Գարնանն ամենաքննարկուող թեմաներից մէկը դարձել էր մարտին Երեւանի Ազատութեան հրապարակում «Ժառանգութիւն» ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանի 15-օրեայ հացադուլը: Մարտի 15-ին կուսակցութեան արտահերթ նիստում Յովհաննիսեանը պահանջեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանից հրաժարական տալ եւ ապահովել արդար ու անկախ ընտրութիւնների անցկացում, ինչպէս նաեւ յայտարարեց անժամկէտ հացադուլի մասին, որն անուանեց «Ծոմ ազատութեան»: Դիմանալով 15 օր` նա դադարեցրեց հացադուլը, յայտարարելով, որ դա անում է յանուն իրենց սատարող քաղաքացիների եւ դուստր Շուշիի, ում 18-ամեակը լրանում է մարտի 31-ին եւ յաւելեց, նրա հացադուլը նուիրուած էր Լեռնային Ղարաբաղի անկախութեան հռչակման 20-ամեակին: Միաժամանակ նա նշեց, որ «դրանով պայքարը չի աւարտւում: Դա ընդամէնը երկար շղթայի մէկ օղակ է»: Սակայն հացադուլի հանդէպ աւելի մեծ ուշադրութիւն առաջացրեց ՀԱՔ առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանի վերաբերմունքը դրա նկատմամբ, որը ոչ միայն չմօտեցաւ Րաֆֆի Յովհաննիսեանին հրապարակում ՀԱՔ հանրահաւաքի ժամանակ, այլ նաեւ մեկնաբանելով հացադուլը` յայտարարեց, որ այն հակասում է քրիստոնէական սկզբունքներին:

7. Հայկական բանակ

Անցնող տարում հայկական բանակն առանձնացաւ ինչպէս դրական կողմից, այնպէս էլ` բացասական: Ողջ երկիրը հիացած էր Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած փայլուն շքերթով, որտեղ ներկայացուեց նորագոյն զինատեսակ,  մասնաւորապէս Էս-300 զենիթահրթիռային համակարգեր եւ հայրենական արտադրութեան անօդաչու թռչող սարքեր:

Սակայն ցաւօք սրտի անցնող տարում բանակն աչքի ընկաւ անձնակազմի շարքերում ոչ կանոնադրական վերաբերմունքով: Մէկը միւսի ետեւից հասարակութեանը ցնցեցին այս կամ այն ողբերգական դէպքի մասին տեղեկութիւնները` հարուած հասցնելով հասարակութեան մէջ բանակի հեղինակութեանը եւ յարուցելով հիմնաւորուած վրդովմունք ու զինուած ուժերում ստեղծուած իրավիճակը փոխելու պահանջ: Այդ իրադարձութիւններից փորձեցին օգտուել ֆինանսաւորման անյայտ աղբիւրներով (երբեմն էլ յայտնի) որոշ հասարակական կազմակերպութիւններ: Խնդիրը չկարողացան շրջանցել նաեւ քաղաքական ուժերը, եւ ակնյայտ է, որ բանակի թեման կը դառնայ 2012-ի նախընտրական քարոզարշաւի ամենաշրջանառուող թեմաներից մէկը:

Ի պատիւ պաշտպանութեան նախարարութեան ղեկավարութեան պէտք է նշել, որ նա փորձում է լուծման ուղիներ գտնել եւ ի տարբերութիւն անցած տարիների չի թաքցնում առկայ խնդիրները:

6. Ռոպերտ Քոչարեանի վերադառնալու մասին լուրերը

Ռուսաստանի նախագահի պաշտօնին վերադառնալու Վլատիմիր Փութինի որոշումից յետոյ աշխուժացան խօսակցութիւնները Հայաստանում «ռուսական բեմագրութեան» կրկնութեան հնարաւորութեան մասին: Կրակի վրայ իւղ լցրեց նաեւ նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանը, որը պարբերաբար իր հարցազրոյցներում քննադատութեան էր ենթարկում գործող իշխանութիւնների արտաքին քաղաքականութիւնը, այսինքն` Սերժ Սարգսեանին: Իր վերջին հարցազրոյցում Քոչարեանն ուղղակի յայտարարել է, որ մեծ քաղաքականութիւն վերադառնալու համար անհրաժեշտ են երեք պայմաններ. 1) Հայաստանի տնտեսութիւնում կայուն իրավիճակի եւ մարդկանց բարեկեցութեան բարելաւման բացակայութիւն եւ որպէս հետեւանք անելանելի տրամադրութիւնների եւ արտագաղթի աճ, 2) տարբեր ընկերային խաւերի պահանջարկ` մեծ քաղաքականութիւն վերադառնալու համար, 3) նրա ներքին համոզմունքը նրանում, որ նա ի վիճակի է արմատապէս փոխել իրավիճակը: «Այդ երեք գործօնների առկայութեան դէպքում աշխուժ  քաղաքականութիւն վերադառնալու ուղիները կարող են տարբեր լինել», ասել է Քոչարեանը: Ինչպէս տեսնում ենք, առաջին նախագահի վերադառնալու առաջին պայմանն արդէն առկայ է, իսկ Ռոպերթ Սեդրակովիչի մօտ «ներքին համոզմունքի» յայտնուելու դէպքում իրականութիւն կը դառնայ նաեւ երկրորդ պայմանը:

Քոչարեանի վերադառնալու հետ կտրականապէս համաձայն չեն գործող երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը եւ առաջին նախագահ, ՀԱՔ առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը, որն անդադար յիշեցնում է մարտի ողբերգական դէպքերի համար երկրորդ նախագահի պատասխանատուութեան մասին: Պատահական է, թէ ոչ, բայց այն բանից յետոյ, երբ Քոչարեանի վերջին հարցազրոյցի շուրջ կրքերը մի քիչ հանդարտուեցին, իշխանութեան վերնախաւերում սկսուեց աննախադէպ «հրաժարականների շքերթ», որոնք որոշ փորձագէտներ գնահատեցին որպէս Սերժ Սարգսեանի կողմից Քոչարեանի մարդկանցից ազատուելու ձգտում:

5. «Բարգաւաճ Հայաստանի» գործօնը

2011-ի ողջ ընթացքում «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը (ԲՀԿ) փորձեց ազատուել Հայաստանի Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) կրտսեր քոալիսիոն գործընկերոջ պատկերից եւ աւելի աշխուժ ու անկախ դեր խաղալ երկրի քաղաքական կեանքում, ինչը բնականաբար յանգեցրեց ՀՀԿ հետ հակամարտութիւնների, որը չէր ցանկանում կիսուել իշխանութեամբ եւ բացառիկութեամբ: Արդէն փետրուարին այն յայտարարութիւնից յետոյ, երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկեանը յայտարարեց ապագայ խորհրդարանում մեծամասնութիւն կազմելու մտադրութեան մասին եւ հրաժարուեց հրապարակաւ յայտարարել գալիք նախագահական ընտրութիւններում գործող նախագահի թեկնածութեանն աջակցելու մասին, մամուլում լուրեր տարածուեցին ԲՀԿ եւ Ծառուկեանի վրայ հզօրագութեան ճնշման մասին: Դրա արդիւնքը դարձաւ «Քաղաքական քոալիսիոնի յայտարարութիւնը», որում յայտարարուեց նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանի թեկնածութեանը քոալիսիոնի աջակցութեան եւ ապագայ խորհրդարանում գործընկերների հաշուին իր երեսփոխանական աթոռների քանակն աւելացնելուց կուսակցութեան հրաժարուելու մասին: Այդ յայտարարութիւնից յետոյ շշուկներ տարածուեցին քոալիսիոնից առանձին ընտրութիւններին մասնակցելու ՀՀԿ մտադրութեան մասին, ինչին դէմ է ԲՀԿ-ն:

ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ հակամարտութեան մէջ շրջադարձ կատարուեց աշնանը, եւ զանգուածային լրատուամիջոցներում նոյնիսկ տեղեկատուութիւն յայտնուեց, որ ՀՀԸ-ն ԲՀԿ-ին վերջնագիր է առաջադրել, քանի որ Գագիկ Ծառուկեանը կրկին հրաժարւում է հրապարակաւ յայտարարել նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանի թեկնածութեանն աջակցելու մասին եւ յայտարարում է, որ Բհկ-ն ինքնուրոյն է գնալու ընտրութիւնների: Բանը հասաւ նրան, որ վարչապետ Տիգրան Սարգսեանը յայտարարեց,  որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կը հրաժարուեն համագործակցել ՀՀԿ հետ, կը յայտնուեն «կոտրուած տաշտակի մօտ»: Որոշ քաղաքական գործիչներ եւ փորձագէտներ նաեւ չբացառեցին, որ խորհրդարանի խօսնակ Յովիկ Աբրահամեանի հրաժարականը կապուած էր հէնց ՀՀԿ-ԲՀԿ հակամարտութեան հետ, քանի որ Աբրահամեանի որդին ամուսնացած է Գագիկ Ծառուկեանի դստեր հետ:

Քոալիսիոն գործընկերների միջեւ յարաբերութիւնների կարգաւորմանը չնպաստեց նաեւ Իջեւանի քաղաքապետի ընտրութիւններում ԲՀԿ թեկնածուի յաղթանակը ՀԿ ներկայացուցչի նկատմամբ, եւ Լեւոն Տէր Պետրոսեանի «քաղաքական վերլուծութիւնը» ՀԱՔ-ի եւ ԲՀԿ-ի համագործակցութեան հնարաւորութեան մասին քոալիսիոնից դուրս գալու դէպքում:

Այդ հակամարտութիւններից բացի ողջ տարուայ ընթացքում ՀՀԿ-ն աշխուժ գործունէութիւն ծաւալեց իր շարքերն աւելացնելու համար` համագործակցութիւն հաստատելով ամենատարբեր հասարակական կազմակերպութիւնների հետ, որոնք դեռ քաղաքական ուղղուածութիւն չունէին եւ դէմ չէին ՀՀԿ կողմից ֆինանսական աջակցութեանը:

4. Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը եւ Քազանի հանդիպումը

Տարեսկզբից աշխուժացան խօսակցութիւնները ղարաբաղեան հիմնախնդրի բանակցային գործընթացում լուրջ առաջխաղացման մասին: Ռուսաստանը, որը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրների շարքում իր վրայ վերցրեց բանակցային գործընթացի վայրաշարժի դերը, ամէն ինչ արեց, որպէսզի տարուայ ընթացքում համաձայնագիր ստորագրուի հակամարտութեան կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին: Յատկապէս աշխուժացան խօսակցութիւնները Քազանում յունիսի 24-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ փաստաթղթի հնարաւոր ստորագրման մասին, եւ ռուսական կողմը համոզմունք յայտնեց, որ փաստաթուղթը ստորագրուելու է:

Պէտք է նշել, որ Քազանի հանդիպմանը յաջորդեց Տովիլում համանախագահ-երկրների նախագահների յայտարարութիւնը, որում նրանք կոչ արեցին Ազրպէյճանի եւ Հայաստանի առաջնորդներին «իրենց ժողովուրդներին պատրաստել խաղաղութեան, այլ ոչ թէ` պատերազմի»:

Սակայն Քազանի հանդիպումը, որի հետ միջնորդներն այդքան յոյս էին կապել, աւարտուեց առանց կարգաւորման հիմնարար սկզբունքների մասին պայմանաւորուածութեան յանգելու: Ինչպէս հաղորդեց Հայաստանի արտաքին գործերի նախարարութիւնը կողմերին չյաջողուեց համաձայնութեան յանգել, որովհետեւ Ազրպէյճանի նախագահը վերջին պահին ներկայացրել է 10 նոր ուղղումներ:

Քազանի հանդիպման ձախողումից յետոյ բանակցային գործընթացն ընթացաւ աւելի դանդաղ հունով, որը հաւանաբար պայմանաւորուած էր թէ՛ Ռուսաստանի հիասթափութեամբ, թէ՛ Հայաստանում եւ համանախագահ-երկրներում մօտեցող ընտրութիւններով:

Եթէ հայկական պաշտօնական օղակները որոշակի ափսոսանք էին յայտնում հանդիպման ձախողման առիթով, ապա որոշ ընդդիմադիր օղակներ բացայայտօրէն յայտնում էին իրենց գոհունակութիւնը, մտավախութիւն ունենալով, որ համաձայնագրի ստորագրմանը հետեւելու էր ԼՂՀ ազատագրուած տարածքների վերադարձ:

3. Քաղաքական երկխօսութեան գործընթացը

Երկրում վատացող ընկերային իրավիճակի,  «Արաբական գարնան», ՀԱՔ բազմահազարանոց հանրահաւաքների, ինչպէս նաեւ Արեւմուտքի կողմից հնարաւոր ճնշման խորապատկերին հայկական իշխանութիւնները ստիպուած էին իրավիճակի լիցքաթափման համար ընդառաջ գնալ արմատական ընդդիմութեանը: 2008-ի մարտեան դէպքերով ձերբակալուածներին համաներումով ազատ արձակելուց յետոյ յուլիսի 18-ից սկսուեցին իշխող քոալիսիոնի եւ ՀԱՔ աշխատանքային խմբերի հանդիպումները: Այդ գործընթացի ամենասկզբից բոլոր փորձագէտները եւ այլ քաղաքական ուժերը համոզմունք էին յայտնում դրա ձախողման մէջ` ընդգծելով երկու կողմերի դիրքորոշումների անհամատեղելիութիւնը: Եթէ ՀԱՔ միակ պահանջը երկրում արտահերթ ընտրութիւնների անցկացումն էր, ապա իշխանութիւնները կտրականապէս հերքում էին դրանց հնարաւորութիւնը:

Աստիճանաբար երկխօսութեան գործընթացը վերածուեց ֆարսի, եւ սկզբից ՀԱՔ-ը իշխանութիւններին ներկայացրեց արտահերթ ընտրութիւնների անցկացման անհրաժեշտութիւնը 85 էջով, այնուհետեւ իշխանութիւնները ներկայացրեցին իրենց պատասխանը 130 էջով: Ինչպէս իրաւացի նշեց Ստեփան Սաֆարեանը. «Քաղաքական երկխօսութեան գործընթացը վերածուել է համապետական ընթերցումների»: Գործընթացը յատկապէս բացասական անդրադարձաւ ՀԱՔ-ի վրայ` առաջացնելով ընդդիմադիր ընտրազանգուածի մի մասի հիասթափութիւնը եւ նոյնիսկ ՀՀՇ-ում պառակտման, որը ՀԱՔ առաջատար ուժերից էր:

Ուստի զարմանալի չէ, որ ոստիկանութեան կողմից օգոստոսի 9-ին ՀԱՔ-ի երիտասարդ գործիչների ձերբակալութիւնից յետոյ ՀԱՔ-ն օգտագործեց դա որպէս քաղաքական երկխօսութեան գործընթացից դուրս գալու առիթ եւ կրկին փորձեց արտահերթ ընտրութիւնների հասնել ոչ թէ իշխանութիւնների հետ բանակցութիւնների, այլ հանրահաւաքների միջոցով: Սակայն պէտք է նշել, որ «քաղաքական երկխօսութեան գործընթացը» ազդեց ՀԱՔ հեղինակութեան վրայ, աշնան հանրահաւաքներն իրենց քանակով շատ հեռու էին գարնան հանրահաւաքներից:

2. Իշխանութիւնում «հրաժարականների շքերթը»

 

Այս աշնանը Հայաստանում իշխանութեան վերին օղակներում տեղի ունեցաւ «հրաժարականների աննախադէպ շքերթ»: Սեպտեմբերի 9-ին սեփական ցանկութեամբ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտօնից հրաժարական տուեց Կարէն Կարապետեանը,  որին փոխարինեց նրա տեղակալ Վիգէն Սարգսեանը:

Իսկ ահա հոկտեմբերի 28-ին «շքերթը» սկսուեց` հրաժարականի մասին դիմում ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը,  նոյեմբերի 1-ին` Յովիկ Աբրահամեանը եւ Ալիկ Սարգսեանը: Նրանցից բացի լուրերը սկսեցին պաշտօնաթող անել մէկ այս, մէկ այն նախարարին, ընդ որում` աւելի յաճախ նշւում էր փոխվարչապետ Արմէն Գէորգեանի անունը, որը մնաց իր պաշտօնում:

Յովիկ Աբրահամեանը բացատրեց իր հրաժարականը ՀՀԿ նախընտրական կենտրոնը գլխաւորելու նախագահի յանձնարարութեամբ եւ այդ «կարեւոր եւ պատասխանատու» աշխատանքի վրայ կենտրոնանալու ցանկութեամբ: Սակայն որոշ փորձագէտներ եւ զանգուածային լրատուամիջոցներ բացատրեցին նրա հրաժարականը Աբրահամեան-ծառուկեան ազգակցական զոյգը թուլացնելու նախագահի ցանկութեամբ: Այդ կարծիքն ամրապնդեց նաեւ այն, որ նոյեմբերի 3-ին նախագահի հրամանի համաձայն, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Միքայէլ Մինասեանը սեփական ցանկութեամբ ազատուեց զբաղեցրած պաշտօնից, որից յետոյ նա գնաց ՀՀԿ նախընտրական կենտրոն եւ դարձաւ Յովիկ Աբրահամեանի առաջին տեղակալը: Այդ քայլը շատերի կողմից գնահատուեց որպէս Յովիկ Աբրահամեանի գործունէութիւնը վերահսկողութեան տակ պահելու նախագահի ցանկութիւն:

Երեւանի նոր քաղաքապետ դարձաւ փոխքաղաքապետ Տարօն Մարգարեանը, Ալիկ Սարգսեանին փոխարինեց պաշտպանութեան փոխնախարար Վլադիմիր Գասպարեանը,  խորհրդարանի խօսնակ ընտրուեց փոխխօսնակ Սամուէլ Նիկոյեանը, փոխխօսնակ դարձաւ Էդուարդ Շարմազանովը: Աղմկոտ հրաժարականների շարքում պէտք է նշել Քրէական հետախուզութեան գլխաւոր վարչութեան պետ Յովիկ Թամամեանի եւ Ճանապարհային ոստիկանութեան պետ Մարգար Օհանեանի հրաժարականները, ովքեր մեղադրուեցին յանցագործութիւնների կատարման մէջ եւ ձերբակալուեցին:

1. ՀԱՔ հանրահաւաքները

Փետրուարի 18-ին Մատենադարանի մօտ ՀԱՔ-ը սկսեց իր «հանրահաւաքների եղանակը»: Երկրում վատացող ընկերային-տնտեսական իրավիճակը, իշխանութիւնների անարդիւնաւէտ,  երբեմն էլ անբացատրելի որոշումները բարենպաստ հիմք ստեղծեցին ՀԱՔ-ի համար եւ կտրուկ աւելացրեցին երկրում բողոքող մարդկանց զանգուածը: Յատկապէս պէտք է նշել Երեւանի նախկին քաղաքապետ Կարէն Կարապետեանին, որին իր մի քանի որոշումների համար ՀԱՔ-ը պէտք է շնորհակալութիւն յայտնի,  քանի որ նա աւելացրեց առկայ ընկերային լարուածութիւնը եւ աւելացրեց ՀԱՔ-ի հանրահաւաքների մասնակիցների թիւը:

Փետրուարի 18-ին յաջորդող իւրաքանչիւր հանրահաւաք աւելի սակաւամարդ էր դառնում` առաւելագոյն քանակի հասնելով մարտի 1-ի եւ 17-ի հանրահաւաքներին, բացի դրանից, երեք տարի անց Լեւոն Տէր Պետրոսեանի կողմնակիցներին յաջողուեց կրկին վերադառնալ Ազատութեան հրապարակ: ՀԱԿ պնդումների համաձայն այդ հանրահաւաքներին մասնակցել է 100 հազար մարդ, թէեւ այլ, աւելի անկախ գնահատականներով ցուցարարների թիւը կազմել է մի քանի տասնեակ հազար: Բոլոր այդ հանրահաւաքները տեղի էին ունենում «Արաբական գարնան» խորապատկերին, երբ Ափրիկէում ժողովրդական յուզումների արդիւնքում մի վարչակարգը փոխարինում էր միւսին: Հանրահաւաքներին հաւաքուող ժողովրդական զանգուածներին թուաց, որ եւս մի պայման եւ նրանք կարող են կրկնել Եգիպտոսում եւ Թունուզում ցուցարարների յաջողութիւնները,  սակայն ՀԱՔ ղեկավարութիւնը կտրուկ փոխեց ընթացքը եւ որոշեց երկխօսութեան գնալ իշխանութիւնների հետ: ՀԱՔ-ը երկխօսութեան գործընթացի ձախողումից յետոյ չկարողացաւ հրապարակ վերադարձնել մարդկանց նախկին քանակութիւնը: ՀԱՔ համար միակ առաւելը դարձաւ իշխանութիւնների կողմից համաներում յայտարարելը, որի շնորհիւ ազատ արձակուեցին 2008-ի մարտեան դէպքերով դատապարտուած մարդիկ:

Արդէն աշնանը ՀԱՔ առաջնորդ Լեւոն Տէր Պետրոսեանը փակուղում յայտնուեց, երբ երկխօսութեան շարունակութիւնը յանգեցրեց ընդդիմադիր զանգուածի աւելի մեծ հիասթափութեանը, եւ հանրահաւաքների օգնութեամբ իշխանութիւնների վրայ ճնշում գործադրելու կարողականութիւնը, ինչպէս գարնանը, չկար: Ցուցարարների թուի աւելացմանը չնպաստեց նաեւ սեպտեմբերի 30-ին շուրջօրեայ հանրահաւաքներ սկսելու մասին որոշումը, որոնք նշանաւորուեցին միայն հրապարակին յարակից փակ զուգարանները բացելու կոչերով եւ նախագահի անյապաղ հրաժարականը պահանջելու որոշմամբ:

Այս ամէնը յանգեցրեց նրան, որ վերջին հանրահաւաքների ժամանակ Տէր Պետրոսեանն արդէն չէր բացառում հերթական խորհրդարանական ընտրութիւններին ՀԱՔ-ի  մասնակցելու հնարաւորութիւնը, թէ՛ մինչ այդ ՀԱՔ-ում նոյնիսկ չէին ցանկանում մտածել այդ մասին եւ խօսում էին միայն արտահերթ ընտրութիւնների մասին:

ՀԱՅԿ ԽԱԼԱԹԵԱՆ/ Pan Armenian News
29  դեկտեմբեր,  2011

 

 

 

Share this Article
CATEGORIES