ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ` ԴԷՊԻ Ո՞ՒՐ

Արտաքին ցուցադրական ամբողջ ինքնավստահութեամբ հանդերձ` իշխանութիւնը Հայաստանում գլուխը կորցրել է:

Նախ` հանդիսաւորութեամբ բարձրաձայնուած «նախաձեռնողական» ջանքերը որեւէ արդիւնք չեն տալիս ընկերային-տնտեսական ոլորտում, իսկ ժողովրդին կերակրել մաքրոտնտեսական յօրինովի ցուցանիշներով ոչ մի կերպ չի յաջողւում: Բայց սա առանձին թեմա է, եւ իշխանութիւնների անհանգստութիւնը մասամբ է միայն պայմանաւորուած արտաքին պարտքի աճով, բնակչութեան աղքատացմամբ ու արտագաղթի սպառնացող թափով:

Հայկական իշխանութիւնների տագնապի ու անվստահութեան հիմնական պատճառը նրանց առջեւ ծառացած քաղաքական խնդիրների բարդացումն է: Աշխարհի` դեռ բոլորովին վերջերս պարզունակ ու սովորական պատկերը մոռացութեան մատնուեց (յօդս ցնդեց): Աշխարհը միանգամից փոխուեց, ու պարզուեց, որ անհնար է յուզմունքով կրծքին սեղմել Նժդեհի մէջբերումներն ու միաժամանակ նաեւ հայ-թուրքական արձանագրութիւնները, աշխարհին խոստանալ տիպային-ցուցադրական ընտրութիւններ եւ հետեւողականօրէն Ընտրական օրէնսգրքին մօտ չթողնել ընդդիմութեան առաջարկած` խարդախութեան դէմ իրական երաշխիքները:

Պարզուեց, որ եւրոպական համարկումն ու եւրասիական համարկումը բոլորովին էլ նոյն բանը չեն, որ չի կարելի անվերջօրէն խոստանալ մի բան եւ անել ուրիշ բան կամ ոչինչ չանել: Եթէ նախկինում կար միայն մէկ ուղեցոյց աստղ, ապա այժմ ի յայտ է եկել գիտակցուած, ճկուն, հեռատես ընտրութեան անհրաժեշտութիւնը: Իսկ այդպիսի ընտրութիւնը (եւ ընդհանրապէս` ցանկացած ընտրութիւն) մերոնց համար օտար եւ անհասկանալի մի բան է:

Նրանց համար անսպասելիօրէն պարզուեց, որ ոչ միայն Մոսկուան արցունքներին չի հաւատում, այլ նաեւ Պրիւքսելը, Ուաշինկթընի մասին էլ չենք խօսում: Նաեւ հայ հասարակութիւնն է դադարել հաւատալ  բնակլիմայական անբարենպաստ պայմանների ու դրամատիրութեան համընդհանուր ճգնաժամի մասին հեքիաթներին, որոնք իբր լուրջ պատճառներ ու հիմքեր են մեր իշխանութիւնների անփոխարինելիութեան համար: Եւ այստեղ էլ մեր իշխանութիւնը յայտնուեց ընտրութեան առջեւ:

Սովորական դիպաշարը (մէկ ուղեցոյց աստղով) պահանջում է իշխանութիւնը պահպանել ԱՄԷՆ ԳՆՈՎ: Եւ ահա արդէն արկայծում է մէկ ուրիշ ուղեցոյց աստղ` ԱՄԷՆ ԳՆՈՎ խուսափել 2008 դիպաշարը մարտեան իրադարձութիւնների կրկնութիւնից: Իսկ ինչպէ՞ս խուսափել դրանցից, եթէ արդէն յայտարարել են իրենց անխուսափելի ու ջախջախիչ յաղթանակի մասին:

Կայ մէկ ելք: Այն յստակօրէն նշուած է Դաշնակցութեան ու Ժառանգութեան համատեղ յայտարարութիւնում: Իշխանութիւնը պէտք է հրաժարուի մեծամասնական կարգով ընտրութիւններից: Եթէ Հանրապետական կուսակցութիւնն այդքան վստահ է իր հանդէպ համաժողովրդական սիրոյ մէջ, ապա ոչինչ չի կորցնում: Ընդհակառակը` կը ստանայ իրական հնարաւորութիւն` ազատուելու այն անցանկալի անձանցից, ովքեր իրենց թաթը դրել են մեծամասնական ընտրատեղամասերի վրայ ու իրենց լպիրշութեամբ վարկաբեկել անգամ իրենց ոչ այնքան նրբանկատ քաղաքական հովանաւորներին: Վերջիններս, կարծես, արդէն ակնարկում են, թէ ժամանակն է մաքրել շարքերն ու համամասնական ընտրացուցակները:

Աւելի հեշտ է, ի հարկէ, Աւգեան ախոռները մաքրել, բայց հարկաւո՞ր է մի օր սկսել: Իսկ ի՞նչ օգուտ գեղեցկագիտական մաքրութիւնից, եթէ մեծամասնական ընտրատեղամասերով իշխանութիւն նորից կը խուժի լկտիացած խաժամուժը եւ տեղեր կը զբաղեցնի խորհրդարանում կամ կառավարող կուսակցութեան ղեկավարութեան մէջ: Թէ՞ ձեզ համար արդէն առանց նրանց փողերի եւ այդ գումարներով գնուած ձայների վախենալու եւ անսովոր է ընտրութիւնների գնալը:

Իսկ եթէ ուզում էք մաքրուել, ձեր առջեւ պատմական հնարաւորութիւն է, հանրապետականնե՛ր, բաց մի՛ թողէք: Առաջ, Հայաստա՛ն…

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Հայաստանի Ազգային ժողովի
ՀՅԴ խմբակցութեան ղեկավար,
ՀՅԴ Բիւրոյի անդամ

«Երկիր»

Share this Article
CATEGORIES