ՊՈԼՍԱՀԱՅ ԵՐՈՒԱՆԴ ՈՍԿԱՆԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՅԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ՏԱՊԱՆԱՔԱՐԸ

Հազարաւոր դարերի պատմութիւն ունեցող մեր ճարտարապետութիւնն ու արուեստը իրենց հետքն են թողել բոլոր այն բնակավայրերում, որտեղ հայ է ապրել: Չնայած հայկական հետքերը ջնջելու եւ ոչնչացնելու բազում փորձերին` հայկական մշակոյթի կոթողները շարունակում են կանգուն մնալ ներկայիս Թուրքիայի տարածքում` իբրեւ յոգնատանջ վկաները հայոց փառաւոր անցեալի:

Հայ ճարտարապետները, նկարիչները, քանդակագործներն ու պարզապէս շինարարներն իրենց տաղանդով, ձիրքով, ստեղծագործ մտքով կերտել են հրաշք քանդակներ, կտաւներ, որոնք այսօր զարդարում են ժամանակակից Թուրքիան` ոչ միշտ նշուելով իբրեւ հայ մարդու ձեռքի գործեր:  Օսմանեան կայսրութեան մայրաքաղաքի հայ նկարիչների, գծագրիչների, ճարտարապետների եւ քանդակագործների մասին բազմիցս է գրուել: Կան անուններ, որոնք ոսկի տառերով են գրուել Թուրքիայի պատմութեան մէջ` Ումետ (Յովհաննէս) Պէյզատ, (1809-74), ծովանկարիչ Մկրտիչ Ճիվանեան (1848-1906), Ճորճ (Յակոբ) Տամատեան (1839-1920), Սիմոն Յակոբեան (1857- 1921), Ասլան տ՛Ապրօ (1848-1928): Յատկանշական է հայկական Մանաս  ընտանիքը, որի 7 անդամները 2 դար շարունակ ծառայել են  Օսմանեան պալատում  կա՛մ որպէս նկարիչներ, կա՛մ` որպէս գրագիրներ:

Իսկ այսօրուան նիւթը Թուրքիայի նոր շրջանի քանդակագործութեան հիմնադիր Երուանդ Ոսկանի մասին է, կամ ինչպէս անուանել են նրան` Ոսկան Էֆենտիի:

Երուանդ  Ոսկանը համարւում է նաեւ առաջին հայ արհեստավարժ քանդակագործը: Նա  ծնուել է 1855 թուականին`  Կոստանդնուպոլսում: Որդին էր պոլսահայ բանաստեղծ, թարգմանիչ, կրթական գործիչ  Յակոբ Ոսկանի: Տեղի Պեշիկթաշ եւ Բերա թաղամասերի հայկական դպրոցներում նախնական կրթութիւնը ստանալուց յետո` 1866-1872 թուականներին ուսումը շարունակել է Վենետիկի Մուրատ-Ռափայէլեան հայկական վարժարանում, որտեղ նրան հայերէն ու ֆրանսերէն է դասաւանդել անուանի հայագէտ, լեզուաբան Նորայր Բիւզանդացին, իսկ նրա գծանկարչութեան ուսուցիչը եղել է իտալացի  Լուիճի Քվեռենան: Վարժարանն աւարտելուց յետոյ Ոսկանը մեկնել է Հռոմ, որտեղ հինգ տարի` 1872-1877 թուականներին  սովորել է Գեղարուեստի ակադեմիայի ճարտարապետութեան եւ  քանդակագործութեան բաժիններում` իբրեւ ուսուցիչներ  ունենալով այդ ժամանակների ճանաչուած քանդակագործների:  Ուսանողական նրա դասընկերներից եւ մտերիմ բարեկամներից էր հետագայում նշանաւոր ճարտարապետ` նոյնպէս պոլսեցի Յովսէփ  Ազնաւուրեանը (1854-1935),  որի նախագծերով  մի շարք շէնքեր են  կառուցուել Կ. Պոլսում եւ  Գահիրէում:

Հռոմի Գեղարուեստի ակադեմիան գերազանցութեամբ աւարտելուց յետոյ, Երուանդ Ոսկանը 1878 թուականին մեկնել է Փարիզ` տեսական գիտելիքները գործնականում կատարելագործելու նպատակով: Փարիզում նա  հիմնովին իւրացրել է քանդակի թրծման, դրուագման ու ձուլման եղանակները, որը հետագայում փոխանցել է Թուրքիայում ապրող երիտասարդ քանդակագործներին:

Մասնակցել է 1878 թուականի Փարիզի   միջազգային ցուցահանդէսին եւ  արժանացել մրցանակի  ու մետալի: Շարունակել է մասնակցել միջազգային ցուցահանդէսների. նրա գործերը հիմնականում արեւելեան կենցաղի տարրեր պարունակող, նաեւ ազգային կերպարներ ներկայացնող աշխատանքներ էին:    Իտալիան ու Ֆրանսան նրա առջեւ բացել են մասնագիտական կատարելագործման շատ դռներ, եւ այդ մէկը,  գումարուելով նրա բնածին տաղանդին, տուել է իր արդիւնքները` պատմութեան մէջ յաւերժ թողնելով Երուանդ Ոսկան անունը:

1887 թուականին  վերջապէս վերադարձել է ծննդավայր` Կոստանդնուպոլիս եւ գործունէութիւն ծաւալել հիմնականում քանդակագործութեան ասպարէզում:

Երուանդ Ոսկանի  քանդակներից յայտնի են «Դափնի», «Ռազմիկներ եւ աստուածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացկանը», իսկ դիմաքանդակներից` «Տիգրան Չուխաճեան» «Ինքնադիմաքանդակ» եւ այլ քանդակներ:

Թուրք հնէաբան եւ նկարիչ Օսման Համտի հետ (վերջինս, որ Էտհեմ փաշայի աւագ որդին էր եւ համարւում էր Թուրքիայում արհեստավարժ գեղանկարչութեան հիմնադիրը) 1883 թուականին Երուանդ Ոսկանը հիմնադրել է Կոստանդնուպոլսի Գեղարուեստի ուսումնարանը (այն այժմ վերանուանուել է Գեղեցիկ արուեստների ակադեմիա): Հիմնելուց յետոյ նա եղել է այդ հաստատութեան ղեկավարն ու քանդակագործութեան փրոֆեսէօրը, աւելի ուշ նրանք միասին  հիմնել են  հնագիտական թանգարան: Իրենց իսկ հիմնած թանգարանի համար Երուանդ Ոսկանը Օսման Համտի հետ կատարել է հնագիտական պեղումներ եւ յայտնաբերել  մի շարք բարձրարժէք ստեղծագործութիւններ: Քանդակագործ լինելն ու նաեւ պատմութեանը ծանօթ լինելը նրան օգնել են, որ նրբութեամբ եւ ճշգրտութեամբ վերականգնի պեղածոյ շատ իրեր` տալով դրանց իրենց ստոյգ տեսքը:     Դրանցից է 1878 թուականին Լիբանանի հարաւում` Սայտայում (պատմական   Սիտոնում)  նրանց պեղումների արդիւնքում   յայտնաբերուած մարմարեայ սարկոֆագը, որը հետագայում պարզուել է, որ պատկանել է Աղեքսանդր Մակեդոնացուն:  Ոսկանը նորոգել է սարկոֆագը:

Նրան է պատկանում նաեւ Նեմրութ լերան պեղումները սկսելու գործը, որ նա կատարել է Օսման Համտի հետ միասին: Պեղումների արդիւնքները նրանք ամփոփել են 1883-ին ֆրանսերէնով հրատարակուած «Լը Թիւմիւլիա տը Նեմրութ-տաղ» («Նեմրութ լերան դամբանաթումբը») աշխատութեան մէջ:

Ոսկանը գրել է նաեւ  Կոմմագեներ թագաւորութեան կենտրոնի մասին առաջին ուսումնասիրութիւնը: 1896-ին Ֆիլատելֆիայի համալսարանի կազմակերպած ցուցահանդէսում հայ քանդակագործը ներկայացրել է իր վերականգնած աշխատանքների կաղապարները եւ արժանացել շնորհակալագրի:

Արուեստաբան Արարատ Աղասեանը իր յօդուածներից մէկում գրում է. «Առանց Երուանդ Ոսկանի գեղարուեստական եւ մանկավարժական աշխուժ գործունէութեան, դժուար է պատկերացնել 19-20-րդ  դարերի սահմանագծի Կոստանդնուպոլսի մշակութային կեանքը: Մասնագիտական լաւ կրթութիւն ստանալով Իտալիայում եւ Ֆրանսայում` նա դարձաւ ոչ միայն հայկական, այլեւ թուրքական իրականութեան մէջ համբաւ վայելող հայ արհեստավարժ առաջին քանդակագործը: Ոսկանը բարձրարուեստ դիմաքանդակների, թեմաթիք եւ տեքորաթիւ քանդակների ու արձանիկների, ինչպէս նաեւ իւղաներկ կտաւների ու ջրանկարների հեղինակ է, որոնցից շատերն այսօր պահւում են Երեւանի եւ Պոլսի գեղարուեստական թանգարաններում ու մասնաւոր հաւաքողների մօտ»:

Ըստ Արարատ Աղասեանի յօդուածի, Երուանդ Ոսկանի մօտ սովորել, նրանից ուսանելի խրատներ ու դասեր են առել հետագայում տարբեր երկրներում ապրած եւ ստեղծագործած հայ նկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ Թորոս  Թորամանեանը, Արշակ Ֆեթվաճեանը, Ենոք Նազարեանը, Երուանդ Դեմիրճեանը, Սարգիս Երկանեանը, Լեւոն Քիւրքչեանը, Տիգրան Եսայեանը, Յովսէփ  Փուշմանը (Փուշմանեան) եւ  ուրիշներ: Նա էր թուրք առաջին արձանագործներ Իհսան Օզսոյի, Իսա Պեհզատի, Պասրիի, Մեսուր Իզզեթի, Մեհմեթ Պահրիի, Մահի Թոմրուքի եւ այլոց ուսուցիչը:

Արուեստում ունեցած իր  ներդրման համար Երուանդ Ոսկանն արժանացել է Գերմանիայի կառավարական մետալի (1885թ.) եւ

Օսմանեան չորրորդ աստիճանի շքանշանի (1894): Պոլսահայ անուանի քանդակագործն ու ուսումնասիրողը  մահացել է 1914 թուականի յունիսի 10-ին` իր  ծննդավայր Կոստանդնուպոլսում: Նա ունեցել է երեք դուստր` Եւա Ոսկան-Իփէկեանը, Ռեբեքա Ոսկանը  եւ  Փարիզում ու Ժընեւում երաժշտական կրթութիւն ստացած դաշնակահարուհի Մարի Ոսկան-Քանթարը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

Share this Article
CATEGORIES