ՄԻՇՏ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՆՈ՛ՅՆ «ԲԱՐԻ ՀՍԿԱՆ»

Տարօրինակ են մեծերուն ե՛ւ ճակատագիրը, ե՛ւ կեանքի դասը: Կը կարծես, որ լաւապէս կը ճանչնաս զինք` իբրեւ մարդ ու գրագէտ, ծանօթ ես իր վաստակին գլխաւոր գիծերուն եւ իր արուեստը անմահացուցած անձնադրոշմ արժանիքներուն, սակայն, այս կարծիքդ անմիջապէս տեղի կու տայ եւ ինքզինքդ կը գտնես կոյս ու անծանօթ անվախճան աշխարհի մը դիմաց, երբ կ՛աւարտես ընթերցումը մինչ այդ քեզի անծանօթ իր մէկ հատորին, կարճաշունչ ստեղծագործութեան, յօդուածին, կամ իր գրականութեան նուիրուած ծանօթ կամ անծանօթ գրականագէտի մը վերլուծական մէկ նոր ընթերցումին: Նո՛յնիսկ` քեզի անունիդ պէս ծանօթ իր մէկ բանաստեղծութեան կամ պատմուածքին վերընթերցումը աւարտելէ ետք, ան կը յայտնուի նորոգ լոյսերով ու խորհուրդներով պսակազարդուած թարմ ու նոր գեղեցկութեամբ, նորանոր էութեամբ եւ կատարելապէս ամբողջացած իր ամբողջակա՛ն դիմագիծով:

Այսպէս է պարագան նաեւ շռայլօրէն բազմավաստակ ու հանճարեղ «Բարի հսկայ»ին` միշտ հին ու նոր Ուիլիամ Սարոյեան անուն մեծ հայուն, որ ամերիկեան կեանքէն քաղուած բնորոշ դէպքեր ու դէմքեր անմահացնելով հանդերձ, մնաց ողն ու ծուծով հայ ու էապէս «օտարագիր, բայց ոչ օտար» հա՛յ գրող, որովհետեւ, իր իսկ բառերով` «ոգին, սակայն, որ զիս կը մղէ գրելու, հայոց ոգին է: Ուրեմն եւ` հայ գրող եմ»:

Եթէ նոյնիսկ անգլիագիր իր վիթխարի գրականութեամբ ան մաս կազմեց ամերիկեան գրականութեան եւ եղաւ անոր արժանաւորագոյն ու անմրցելի մէկ ներկայացուցիչը` Հեմինկուէյի, Ֆոլքնըրի, Շթայնպէքի եւ այլ հսկաներու կողքին:

Լուսայիշատակ Հրանտ Մաթեւոսեանի կազմած «Վիլեամ Սարոյեան» հաստափոր հատորին ընթերցումը անգամ մը եւս վերահաստատեց նախորդ նախադասութիւններով բանաձեւուած մեր համոզումը: Եւ որովհետեւ արեւու լոյսին պէս տաք ու մաքուր էր իր պիթլիսցի ծնողներէն ժառանգած իր միակ ու անփոխարինելի հարստութիւնը` արիւ՛նը, մանուկի մը չափ միամիտ ու բարի եւ իմաստունի մը վայել լրջախոհութեամբ պսակուած այս լիիրաւ հայը ստեղծեց իր հայատրոփ ու հայաստանաբոյր աշխարհը, իր հոգիին եւ էութեան երկնագոյն անդիաշխարհը, ինչպէս պիտի սիրէր ըսել Հրանտ Մաթեւոսեան, եւ փաստեց բանիւ ու գործով, «թէ մինչեւ արեւային իր յայտնութիւնը մարդիկ ու երեւոյթները մեր հայեացքներում լիովին այլ պատկեր ունէին, քան իր յայտնութիւնից յետոյ»:

Եւ այս` ի հեճուկս քաղաքակիրթ մարդկութեան խաղաղ ու բարի երթը թունաւորող բռնակալներու, խաբեբաներու, սրիկաներու, ոխակալներու, արծաթապաշտներու, փառամոլներու, եսապաշտներու եւ տեսակ-տեսակ գաճաճներու սարսափազդու ներկայութեան եւ կեանքն ու աշխարհը այլանդակող մահահոտ արարքներուն, իրաւամբ բաւական է, որ, դ՛արձեալ Հրանտ Մաթեւոսեանի հոյակապ բնութագրումով, իբրեւ «մոցարտեան մի սիմֆոնիա, խաղաղ արեւ-անձրեւի մի տարի այդ թափօրի վրայ, մի Վիլիամ Սարոյեան մէկ եւ նոյն այդ թափօրի մէջ` բաւական են, որ մայր բնութեան խորհուրդը բարի եւ մարդկութեան երթը շքերթ կոչուեն»:

Ակամայ շեղեցանք «Վիլիամ Սարոյեան» անուն թանկարժէք ծաղկաքաղէն եւ տարուեցանք ենթակայական ապրումներու հովերէն, որովհետեւ, հաւանաբար, ինչու ոչ` մի՛շտ եւ շարունակ, Ուիլիամ Սարոյեանի այս կամ այն գործին ընթերցումը մեզ կ՛առաջնորդէ միեւնոյն հասցէին` համբուրելիօրէն սիրելի Ուիլիամ Սարոյեան անուն Մեծ Հայուն: Այս պարագային, բոլո՛ր վերադարձները, իմա՛` ընթերցումները, մի՛միայն դէպի Ուիլեամ Սարոյեան կը մեկնին: Դէպի Հոգի՛ն: Դէպի արի՛ւնը, որ հայութենէ զատ ո՛չ մէկ բոյր կը ճանչնայ եւ Հայաստանէն վեր ո՛չ մէկ դաւանանք կ՛ընդունի:

Եւ բոլոր վերադարձները կը հասնին, կը նուաճուին ու կը հարստանան:

«Վիլեամ Սարոյեան» անուն հաստափոր հատորը այս դասին` սարոյանական ճշմարտութեան մէկ շքեղ ու թանկարգին արտայայտութիւնն է, անվիճելի ապացոյցը: «Նայիրի» հրատարակչութեան կողմէ 2010-ին լոյսին եկած սիրոյ եւ երախտիքի յետ-մահու նուէր մըն է այս սքանչելի ծաղկաքաղը, որ «Պատմուածքներ», «Հարցազրոյցներ», «Էսսեներ», «Նամակներ» եւ «Յուշեր» խորագրեալ իր իրերայաջորդ հինգ օղակներով, 575 էջերու երկայնքն ի վեր, քանի մը տասնեակ թարգմանիչներու, յուշագիրներու, զրուցակիցներու  եւ մտաւորականներու անշահախնդիր մասնակցութեամբ կը բանայ մութ ու լոյս ծալքերը Ուիլեամ Սարոյեան անուն իրաւ գրագէտին, մեծ հայուն ու նոյնքան հսկայ մարդուն անհունօրէն կախարդական ներաշխարհին, որ մե՛րն էր երէկ, մե՛րն է այսօր եւ մե՛րը պիտի մնայ այժմ եւ միշտ:

Ս. ԿԻՐԱԿՈՍԵԱՆ

ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ` ԳՐՈՂ, ՄԱՐԴ ԿԱՄ`
ՍԱՐՈՅԵԱՆԸ ԽՕՍՈՒՄ Է ՍԱՐՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Որդիին՝ Արամին հետ

Թոռնուհին՝ Քրիմի հետ

… Թէեւ քառասուն տարի է` գրում եմ, թէեւ ինչ էլ գրել եմ` աղօթք է եղել, ու թէեւ այսքան տարի գրելուց յետոյ որոշ բան պիտի որ սորված լինէի, այնուամենայնիւ չգիտեմ ինչպէս գրել: Ուզում եմ գրել իւրաքանչիւրի ու բոլորի մասին, բայց չգիտեմ ինչպէս, չգիտեմ ինչից սկսել:

Մարգագետինի սպիտակ, մանրիկ ծաղիկները, ի հարկէ տեսած կը լինէք, ի՞նչ կ՛ասէիք նրանց մասին: Ես չպէտք է, ճի՞շդ է, նրանց անտեսեմ: Բայց եթէ ուզենամ գրել` սպիտակ, մանրիկ այդ ծաղիկները ո՞ւր տեղաւորեմ, անուններն անգամ չգիտեմ: Ես օգնութիւն չեմ խնդրում, ես միայն ասում եմ, թէ որքան դժուար է գրելը հանուր ամբողջի մասին: Մի օր ինքներդ փորձէք եւ կը հասկանաք` ինչ եմ ասում: Թէ՞ արդէն փորձել էք: Ծանր է, ճի՞շդ է:

 ՎԻԼԻԱՄ ՍԱՐՈՅԵԱՆ

ՀԱՐՑՈՒՄ.- Վիլիամ Սարոյեան, ո՞վ էք Դո՞ւք, ի՞նչ կարծիքի էք Ձեր մասին, ի՞նչ կ՛ուզենայիք լինել:

ՍԱՐՈՅԵԱՆ.- Չգիտեմ` ով եմ ես, չգիտեմ` ինչ կարծիքի եմ իմ մասին, գիտեմ միայն, որ կ՛ուզենայի լինել այն, ինչ եմ:

Հ.- Ինչի՞ մասին էք գրում:

Ս.- Մեծ թեմաներ չեմ շօշափում, մեծ կերպարներ չեմ ստեղծում: Պարզ, հասարակ լեզուով նամակներ եմ գրում հասարակ մարդկանց ու ասում, որ նրանք եղբայրներ են: Ոմանք կարող են ծիծաղել ինձ վրայ, բայց դա բոլորովին չի անհանգստացնում ինձ:

Հ.- Ի՞նչ էք կարծում, Ձեզ կը տա՞ն «Նոպելեան մրցանակ»:

Ս.- Չեմ ուզում:

Հ.- Իսկ եթէ տա՞ն:

Ս.- Չեմ ընդունի: Բայց մի անհանգստացէք, չեն տայ:

Հ.- Իսկ ինչո՞ւ չէ: Դուք արժանի էք դրան, ոչ ոք չի գրել ու չի գրի այնպէս, ինչպէս Դուք էք գրում:

Ս.- Դուք իրաւացի էք, ես մեծ գրող եմ:

Հ.- Ինչո՞ւ էք յաճախ Ձեր մասին հումորով խօսում:

Ս.- Ինձ ես աւելի շատ գիտեմ, քան մէկ ուրիշը: Իսկ այն, ինչ գիտեմ իմ մասին, ինձ թոյլ է տալիս այդպէս խօսել:

Հ.- Երբեմն Դուք գրում էք այնպէս, կարծես Ձեզանից առաջ ընդհանրապէս գրականութիւն չի եղել, եւ ահա, Դուք առաջին անգամ յայտնաբերում էք մարդկային մտքերի եւ զգացումների մարմնաւորման հրաշալի արուեստը բառերի մէջ:

Ս. Իմ ու Շեքսպիրի միջեւ եղած հիմնական տարբերութիւնն այն է, որ Շեքսպիրը հայ չէ:

Հ.- Ի՞նչ ազգի գրող էք համարում Ձեզ:

Ս.- Թէպէտ անգլերէն եմ գրում եւ ծնունդով ամերիկացի եմ, բայց ինձ համարում եմ հայ գրող: Օգտագործած բառերս անգլերէն են, միջավայրը, որի մասին գրում եմ ամերիկեան է, սակայն այն ոգին, որն ինձ գրելու է մղում` հայկական է: Հետեւաբար ես հայ գրող եմ:

Հայ ժողովրդի ազնուութիւնը, քաջութիւնը, ուշիմութիւնը, հեգնանքն ու սրամտութիւնը ժառանգութիւնն են բոլոր ճշմարիտ հայերի: Դրանք սնուցել են իմ կեանքը, ու ես երախտապարտ եմ դրա համար:

Հ.- Ի՞նչ բան է փողը:

Ս.- Փողը հաց է, պանիր, կօշիկ` աղքատի համար, իսկ հարուստի համար` թուաբանութիւն, թուեր, հաշուումներ…

Հ.- Ի՞նչ է Ձեր կարծիքը «լաւի» մասին:

Ս.- «Լաւը» մի բաժակ սառը ջուրն է, երբ ծարաւ ես:

Հ.- Ի՞նչ բան է լաւ գիրքը:

Ս.- Լաւ գիրքը այն գիրքն է, որը գրել է լաւ մարդը:

Հ.- Ուզում էք ասել, որ Դուք լա՞ւ մարդ էք:

Ս.- Այո՛… Ենթադրում եմ: Եթէ իմ գրածները լաւն են, ուրեմն ես լաւ մարդ եմ:

Հ.- Ձեր գործերում գրեթէ չկան մտաւորական մարդիկ, Ձեր հերոսները գրեթէ երբեք ոչինչ չեն կարդացել, վերացական փիլիսոփայական ու սոցիալ-քաղաքական պրոպլեմները նրանց չեն հետաքրքրում:

Ս.- Ես ուզում եմ օգնել դժբախտ մարդկանց, սրտապնդել, համոզել, որ կարիք չկայ յուսահատուել, որ այս աշխարհում եւս արժէ ապրել ու դեռ կարելի է սիրել այս աշխարհը, եւ կան բաներ, որոնց վրայ կարելի է ծիծաղել կամ գոնէ ժպտալ:

Հ.- Ի՞նչ կ՛ասէք որոշ քննադատների եւ ընթերցողների այն կարծիքի մասին, որ Ձեր գրածները ռեալիստական չեն, սենտիմենտալ են:

Ս.- Ինձ թւում է` նրանք սխալւում են, որեւէ գործ, որը ազդեցութիւն է թողնում ընթերցողի վրայ, չի կարող ռեալիստական չլինել: Ինչ վերաբերում է իմ գրածներին, ապա դրանք խորապէս ռեալիստական են եղել, եթէ ոչ չափազանց ռեալիստական: Չեմ կարծում նաեւ, որ իմ գրածները սենտիմենտալ լինեն, թէպէտ շատ սենտիմենտալ բան է նախ` կենդանի էակ լինելը, յետոյ` ինքնին գրելը:

Հ.- Ձեր ուժը կախարդիչ խօսքի մէջ է: Ձեր ստեղծագործութիւնները պարտադիր չէ անպայման հասկանալ, դրանք պէտք է ընկալել որպէս երաժշտութիւն ու պարզապէս վայելել:

Ս.- Խղճուկ է այն ստեղծագործութիւնը, որը պարզաբանման կարիք ունի:

Հ.- Անգլիացի քննադատ Էրիկ Պենտլեն ասում է, որ Դուք անփոյթ էք գրում:

Ս.- Առնուազն սխալ կը լինէր պահանջել, որ հայը անգլիացի լինի:

Հ.- Երբեւէ պատուէրով գրե՞լ էք:

Ս.- Ո՛չ մի տող չեմ գրել պատուէրով կամ հրահանգով:

Հ.- Ի՞նչն էք ափսոսում Ձեր գրածների մէջ:

Ս.- Ոչի՛նչ: Ո՛չ մի տող: Ո՛չ մի բառ:

Հ.- Կարո՞ղ էիք այլ կերպ գրել, օրինակ` աւելի խելացի:

Ս.- Ո՛չ: Նախ ներդրել եմ ողջ կարողութիւնս, յետոյ, ինձ թւում է, ես միշտ էլ խելօք եմ եղել:

Հ.- Ասում են` Ձեր գրական կարիերայի սկիզբին յայտարարել էք, որ ուզում էք վերափոխել ամերիկեան գրականութիւնը…

Ս.- Այո՛:

Հ.- Ինչո՞ւ:

Ս. Այդ գրականութիւնը դուր չէր գալիս ինձ:

Հ.- Ի՞նչ էք կարծում, որեւէ ազդեցութիւն ունեցա՞ք ամերիկեան գրականութեան վրայ:

Ս.- Սխալ կը լինէր ասել, որ ես բոլորովին ազդեցութիւն չունեցայ ամերիկեան գրականութեան վրայ: Բայց ցաւն այն է, որ իմ գրականութիւնը հիմնականում ազդեց չհրատարակուած գրողների վրայ, որոնք այդպէս էլ չհրատարակուած մնացին, որ այդ տեսակ ազդեցութիւնը չափելու համար բաւական վառ երեւակայութիւն է հարկաւոր: Ի հարկէ, ազդեցութիւն ունեցայ նաեւ հրատարակուող գրողների վրայ, ու այդ բարելաւումը գրեթէ անմիջապէս զգացի ոչ միայն կարճ պատմուածքների, այլեւ նովէլների, պիեսների ու նոյնիսկ կինոնկարների մէջ:

Հ.- Ի՞նչը Ձեր մէջ  կարող է ընդհանրապէս օգտակար լինել գրականութեան համար:

Ս.- Ազատութիւնը: Յիշում եմ, երբ նոր-նոր էի կազմակերպւում որպէս գրող, ազատութիւնս չկաշկանդելու, ինձ ազատութեան սորվեցնելու համար խուսափում էի անգամ աւտոմեքենայ վարելուց, որը պարտադրում էր որոշակի օրէնքների ենթարկուել…

Հ.- Ի՞նչ խորհուրդ կը տայիք գրողին:

Ս.- Ո՛չ մի: Իւրաքանչիւր մարդ պոտենցիալ գրող է, իսկ ով պոտենցիալ գրող է, խորհուրդի կարիք չի զգում:

Հ.- Այդ դէպքում ի զո՞ւր են քոլեճներում ու համալսարաններում  գրել սովորեցնում:

Ս.- Ի զուր, բացարձակապէս ի զուր:

Հ.- Ինչպիսի՞ մարդ է գրողը:

Ս.- Գրողը անարխիստ է, ինչպէս իւրաքանչիւր մարդ իր հոգու խորքում: Նա դժգոհ է ամէն ինչից ու ամէնքից: Իսկական գրողը անդադար ըմբոստ է: Նա ոչ մի բանի հետ չի համակերպւում այն պարզ պատճառով, որ դեռ համակերպուելու արժանի ոչինչ չկայ: Նա միւս մարդկանցից բոլորովին տարբեր է. նա նոյնիսկ չի հանգստանում կամ քնում միւսների նման:

Ես հպարտ եմ, որ գրող եմ ու պէտք էլ չէ, թէ ով ինչով է հպարտ:

Հ.- Դուք միշտ Ձեր մասին էք գրում, ոմանք դա պակասութիւն են համարում:

Ս.- Ասացէ՛ք խնդրեմ, իսկ ո՞ւմ մասին պիտի գրեմ:

Հ.- Ասում են, որ դուք շատ էք խմում:

Ս.- Ես շատ եմ խմել: Պատահել է, որ 8-9 ժամ անդադար խմել եմ, բայց հազուադէպ եմ հարբած եղել: Ինձ դուր է եկել խմել ու բարձրաձայն զրուցել բարեկամ-գրողների, նկարիչների, քանդակագործների ու լրագրողների հետ: Հաճելի ընկերների հետ խմելը կարող է օգտակար լինել գրողին, ես շատ բան եմ սովորել, երբ խմում էի բարեկամների հետ: Բայց գրողը թող ականջին օղ անի հետեւեալ` համեստ ու գուցէեւ անհարկի զգուշացում. վերջ տուր խմելուն, երբ այն դառնում է ինքնանպատակ, դա անօգուտ նպատակ է:

Հ.- Դուք չափազանց շատ էք ծխում, ասում են` դա կարող  քաղցկեղ առաջացնել:

Ս.- Ի՛նչ իմանաս… Գուցէ քաղցկեղն առաջանում է ծխելու ցանկութեանը դիմադրելուց:

Հ.- Ասում են` միշտ պարտքեր էք ունեցել:

Ս.- Ոտքից գլուխ խրուած եմ պարտքերի մէջ: Չունեմ ո՛չ դրամագլուխ, ո՛չ բաժնետոմսեր, ո՛չ ապահովագրութիւն, ո՛չ կալուածք, ո՛չ մի բան, որը կարելի լինի դրամի վերածել: Ես այն բոլորն ասում եմ հէնց այնպէս, որպէս փաստ, ամենեւին ոչ նրա համար, որպէսզի կարեկցանք առաջացնեմ. կարեկցանք չեմ ուզում:

Եթէ մի քիչ գործնական եղած լինէի, ապա հիմա ֆինանսապէս ապահովուած կը լինէի: Ի հարկէ, ոչ մի վատ բան չեմ տեսնում նման ապահովութեան մէջ, բայց ինձ ուրիշ տեսակի ապահովութիւն է պէտք է. ես պէտք է միշտ իմանամ այն ճշմարտութիւնը, որ ապրելու համար աշխատել է պէտք, ու պէտք է իմանամ նաեւ, որ կարող եմ աշխատել:

Հ.- Ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը, որին երբեւէ հանդիպել էք:

Ս.- Ես եմ, թէպէտ ինքս ինձ երբեք չեմ հանդիպել:

Հ.- Իսկ ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը Ձեզանից յետոյ:

Ս.- Տատիկս:

Հ.- Իսկ ո՞վ է աշխարհի ամենամեծ մարդը ձեր ընտանիքից դուրս:

Ս.- Միստր Հուֆը…

Հ.- Ո՞վ է միստր Հուֆը եւ ինչո՞վ է նա մեծ:

Ս.- Երբ ես տասը տարեկան էի, միստր Հուֆը եօթանասունի մօտ մի ծերուկ էր ու մեր փողոցի անկիւնում շագանակ էր վաճառում: Ա՜յ, նա մեծ մարդ էր: Միստր Հուֆը նկատեց ինձ: Իսկ երբ մի մեծ մարդ նկատում է մէկ ուրիշին, ապա այդ վերջինն էլ է մեծ:

Եւ ընդհանրապէս, ես չեմ հանդիպել մէկին, որը մեծ չլինի:

Հ.- Դուք չափից շատ էք սիրում մարդկանց, չափից շատ էք մարդկային:

Ս.- Քանի դեռ մարդ եմ, բնութեան ու ճշմարտութեան դէմ կը լինէր, եթէ ես ատէի մարդուն:

Անգամ, երբ հայհոյում ես մարդկային ցեղին, պէտք է այդ անես ժպտալով, նոյնիսկ այն դէպքում, երբ այդ հայհոյանքը անհրաժեշտ  ու ժամանակաւորապէս` տեղին: Չժպտալ մարդկային ցեղին հայհոյելիս` մի սխալ է, որը կարող է ոչնչացնել այդ հայհոյանքի օգտակարութիւնը. առանց հումորի յոյս չկայ, առանց յոյսի` կեանք:

Հ.- Ինչո՞ւ էք գրում:

Ս.- Գրում եմ, որովհետեւ գրելն իմ աշխատանքն է: Ու աշխատելն ինձ համար աւելի լաւ է, քան չաշխատելը: Թէպէտ, միշտ երազել եմ այն ժամանակները, երբ կը յայտնաբերեմ, որ ինձ համար աւելի լաւ է չաշխատելը, քան աշխատելը:

Հ.- Միայն դրա՞ համար էք գրում:

Ս.- Ես գրել սկսեցի, ինչպէս գրեթէ միւս բոլոր գրողները` հաւատալով, որ կը վերափոխեմ մեր աշխարհը, որը քաոս է: Ես ուզում էի վերափոխել նաեւ մարդուն, մարդկային ցեղը:

Հ.- Յաջողուե՞ց Ձեզ գոնէ մասամբ իրագործել ձեր նպատակը:

Ս.- Ով գիտէ… Գուցէ ես աւելի օգտակար լինէի մարդկութեանը, եթէ գրասեղանի առաջ աշխատելու փոխարէն աշխատէի խաղողի այգիներուն:

Հ.- Ինչի՞ համար էք ամէնից շատ ցաւում:

Ս.- Երբ մտածում եմ այն մեծ մարդկանց մասին, որոնց չկարողացայ հանդիպել, ու հիմա մեռած են: Միւսների մասին, որոնք դեռ կենդանի են, բայց մեռնում են, ու երբեք չեմ հանդիպելու: Նրանց մասին, ովքեր գալիս են այն ժամանակ, երբ ես գնում եմ… Ցաւում եմ, որ չփնտռեցի նրանց, թէկուզ միայն ու միայն հարցնելու համար. «Ո՞նց էք»:

Հ.- Ի՞նչ կ՛ուզենայիք հարցնել մեռնող մարդուն:

Ս.- Մեռնող մարդուն ես չէի ասի ո՞նց ես, ես նրան լաւութիւն կ՛անէի ու կը հարցնէի, թէ ինչո՞ւ է նա այդպիսի յիմարութիւն անում:

Հ.- Դա ի՞նչ լաւութիւն է:

Ս.- Գուցէ դա հէնց ամենամեծ լաւութիւնն է. այդ մարդը գուցէ կը ծիծաղէր… մեռնելուց առաջ:

Հ.- Ինչի՞ մասին է այն գիրքը, որը դուք հիմա գրում էք:

Ս.- Մեռնելու մասին:

Հ.- Գիրքը Ձեր մասի՞ն է:

Ս.- Ի հարկէ. ինչ էլ գրի գրողը` իր մասին է:

Հ.- Ուզում էք ասել, որ Դուք մեռնում էք:

Ս.- Այո՛:

Հ.- Բայց չէ՞ որ Դուք  բացարձակ առողջ էք:

Ս.- Մարդ կարող է ցուլի առողջութիւն ունենալ ու այնուամենայնիւ մեռնել…

Այո, ես մեռնում եմ… Ի հարկէ մեռնում եմ. երբ քո արեան, ոսկորների, քնի եւ յիշողութեան միջով անցնում են 60 երկար տարիներ, դու աւելի յստակ, քան երբեւէ, սկսում ես հասկանալ, որ իրօք մեռնում ես:

Հ.- Վերջին տարիներս Դուք անհանգիստ էք, երկրից երկիր էք անցնում, ի՞նչ էք փնտռում, արդեօ՞ք ճշմարտութիւնը:

Ս.- Ճշմարտութիւ՞ն… Ճշմարտութիւնը գտել եմ, գիտեմ… Ես աւելի լաւ բան եմ փնտռում:

Ես ամէն ինչ գիտեմ այս աշխարհի մասին` չարիք եւ թշուառութիւն, ատելութիւն եւ վախ, անմաքրութիւն եւ փտութիւն… թող այդպէս լինի, ես սիրում չեմ այս աշխարհն այնպէս, ինչպէս կայ:

Կազմեց ՍՈՒՐԷՆ ԲՈՒՐՍԱԼԵԱՆԸ

(«Գարուն», 1972, թիւ 4)

Share this Article
CATEGORIES