ՌՈՒՍՏԱՄԵԱՆ. «ՊԷՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐՆԵՐԻՆ»

2012-ին Հայաստանին սպասուող արտաքին մարտահրաւէրներն ու նախորդ տարուայ ձեռքբերումները «Երկիր»-ի հետ զրոյցում ամփոփեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Արմէն Ռուստամեանը:

ՀԱՐՑՈՒՄ.- Արտաքին քաղաքականութեան առումով 2012-ը Հայաստանին ի՞նչ անակնկալներ ու սցենարներ է խոստանում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Աշխարհն այնքան արագ է զարգանում, որ մենք պէտք է նկատի ունենանք ցանկացած վերադասաւորում: Բայց քանի որ մեզ մօտ արմատաւորուած չէ այն սկզբունքը, որ երկիրը պէտք է զարգանայ առանց զիջելու, եւ սա պէտք է առաջին հերթին ապահովուի արտաքին քաղաքականութեան միջոցով, ապա դրան համապատասխան հայեցակարգ, այսօր, դժբախտաբար, չկայ: Վտանգները, որոնք կարող են առաջանալ, նորից առնչուելու են մեր կենսական հարցերին: Դա Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացն է, որտեղ իսկապէս կարող են շատ անսպասելի զարգացումներ լինել, եւ հայ-թուրքական յարաբերութիւնները, որոնք անհասկանալի ու անորոշ վիճակում են, նոյնպէս յղի են նոր դրսեւորումներով ու անակնկալներով: Մենք ունենք լուրջ խնդիրներ` կապուած տարածաշրջանային կայունութեան, մեր գործընկեր եւ հարեւան երկրների հետ յարաբերութիւնները խորացնելու հարցերի հետ: Միւս հարցը, որ կարող է մեզ համար վտանգաւոր ընթացք ստեղծել, Ազրպէյճանի` ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհուրդի ոչ մշտական անդամ լինելու հանգամանքն է: Ի հարկէ, նա ամէն ինչ անելու է, որպէսզի այդ ամպիոնն օգտագործի: Այստեղ եւս մեզ կարող են սպասել մարտահրաւէրներ: Չեմ կարծում, որ Ազրպէյճանը կարողանայ մեծ յաջողութիւնների հասնել, բայց որ կարող է խմորումներ առաջացնել, իրավիճակը փորձել իր օգտին օգտագործել, հաստատ է: Աշխարհը շատ արագ է մարտահրաւէրներ առաջացնում, եւ մենք պէտք է պատրաստ լինենք դրանց:

Հ.- Ղարաբաղեան կարգաւորման առնչութեամբ կարո՞ղ ենք որեւէ սկզբունքային առաջընթաց ակնկալել:

Պ.- Լուրջ առաջընթաց չի կարող գրանցուել այնքան ժամանակ, քանի դեռ Ազրպէյճանն իր կոշտ դիրքորոշումները չի փոխել, քանի դեռ բուն հարցը, որ բանակցային սեղանին է, շրջանցւում է: Կարգավիճակի հարցը` դրանից բխող մնացած լուծումներով, այն հարցն է, առանց որի լուծում պատկերացնել անիմաստ է, բայց դա հէնց այն խնդիրն է, որի վերաբերեալ Ազրպէյճանի դիրքորոշումն անբանակցելի է: Այդ առումով, Ազրպէյճանի կողմից սադրանքներն անխուսափելի են եւ պէտք է դրանց պատրաստ լինել: Նրանք պէտք է իմանան, որ ցանկացած հարուածին շատ աւելի ուժգին հակահարուած են ստանալու, միայն այդպէս նրանք կը լռեն եւ կը դառնան աւելի բանակցելի:

Հ.- 2012-ն ընտրական տարի է ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահ երկրներում: Կարծում էք, նաեւ սրանո՞վ է պայմանաւորուած առաջընթաց չակնկալելու հանգամանքը, քանի որ այդ երկրները զբաղուած կը լինեն ներքին հարցերով:

Պ.- Ղարաբաղի հարցն այն հարցն է, որ կարեւոր ազդեցութիւն ունի ընտրութիւնների վրայ: Միջնորդ կողմերն իրենց մօտեցումներում յստակութիւն մտցնելու եւ այս կամ այն կերպ իրենց տեսակէտներն արտայայտելու առիթ կ՛ունենան` կապուած Ղարաբաղեան կարգաւորման գործընթացի հետ: Չեմ կարծում, որ այդ տեսակէտները շատ տարբերուեն մեզ յայտնի մօտեցումներից, բայց ընտրութիւնները միշտ էլ անկանխատեսելիութեան տարր ունեն, մանաւանդ այն երկրներում, որտեղ ժողովրդավարութեան մակարդակը բարձր է: Այս առումով, 2012-ը հետաքրքիր տարի է լինելու: Թէեւ չեմ կարծում, որ այդ դաշտում այն աստիճանի անակնկալներ լինեն, որ էապէս փոխեն մօտեցումները: Պարզ է, որ քննադատութիւն կայ Մինսքի խմբի անդամ երկրների նկատմամբ, եւ դրանք հիմնականում հնչում են Ազրպէյճանի կողմից, սակայն յուսով եմ, որ բոլոր առնչուող երկրները դրան կը պատասխանեն նոյն կերպ:

Հ.- Արտաքին քաղաքականութեան առումով ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք 2011-ին:

Պ.- Մեր հիմնական ակնկալիքները` հայ-թուրքական յարաբերութիւնների մասով, մնում են նոյն վտանգուած հարթութեան վրայ: Քանի դեռ արձանագրութիւնները օրակարգի վրայ են, պահպանւում են, նրանք իրենցից վտանգ են ներկայացնում, եւ մինչեւ այս ճշմարտութիւնը չընկալուի, մենք լուրջ առաջընթաց չենք կարող ակնկալել, քանի որ դրանց առկայութիւնն այսօր շատ աւելի լիարժէք եւ իր համար արդիւնաւէտ օգտագործում է Թուրքիան, քան Հայաստանը: Արձանագրութիւններն արդէն լուրջ խնդիր են մեր պատմութեան մէջ, որովհետեւ ստորագրուած վիճակով դրանք որոշակի ուժ ունեն, եւ սա պէտք է իսկապէս հասկացուի: Այսինքն` հայեցակարգային առումով մեր դրած հիմնական ուղղութիւններով, որոնք մեր ազգային, պետական շահին են առնչւում, որեւէ առաջընթաց չեմ տեսնում: Օրինակ, Ղարաբաղի հարցով պարտաւոր ենք առաջնորդուել Ղարաբաղի անցկացրած երկու հանրաքուէներով, բայց այդ առումով ի՞նչ յաջողութիւն ունենք: Կամ, ի՞նչ օգուտ, եթէ բացայայտել ենք Ազրպէյճանի ռազմատենչ կերպարը, բայց դրանից յետոյ Ազրպէյճանն ընտրւում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի ոչ մշտական անդամ, ինչը լուրջ գնահատական է նոյն այդ երկրի համար: Ինչ վերաբերում է դրական ձեռքբերումներին, ապա դրական եմ համարում Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շրջանակներում արդէն իրական մեքանիզմների ամրագրումը. այս ընթացքում Ազգային ժողովի կողմից մի քանի պայմանագրեր վաւերացուեցին, քայլ կատարուեց, որ դրոյթը` յարձակում մէկ երկրի վրայ նշանակում է` յարձակում մնացած երկրների վրայ եւս, իսկապէս չմնայ թղթի վրայ:

Հարցազրոյցը`
ՇՈՒՇԱՆ ՇԱՀՎԵՐԴԵԱՆԻ

«ԵՐԿԻՐ»

 

Share this Article
CATEGORIES