ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԻՑ. 1990-1991. ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԱՍՏՂԱՅԻՆ ԺԱՄԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

1990-1991թթ. մէկուկէս տարուայ ընթացքում Հայաստանում, որը տէ ժիւրէ դեռ հոգեվարք ապրող Խորհրդային Միութեան կազմում էր ‘ որեւէ երկրի կողմից չէր ճանաչուել, անցկացուեցին համապետական երեք ընտրութիւններ, նախ` խորհրդարանական, ապա` անկախութեան հանրաքուէ եւ նախագահական ընտրութիւններ:

Այսօրուայ ընկալումով, այդ ընտրութիւններից եւ ոչ մէկը չէին դիտարկւում միջազգային կառոյցների կողմից: Թեկնածուների համար ստեղծուել էին համեմատաբար հաւասար պայմաններ, չկար ընտրակաշառք, չկային լցոնումներ, ընտրական գործընթացում հաստավիզներն ու թաղային հեղինակութիւնները դեռ չէին ներգրաւուել, իսկ պայքարը` գերազանցապէս քաղաքական էր:

Պայքար էր հնի ու նորի, ամբողջատիրութեան ժողովրդավարութեան, Մոսկուայից կառչած նոմենկլատուրայի եւ անկախութեան ձգտողների միջեւ: Այս առումով, նորաստեղծ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) շահեկան դիրքում էր համայնավարների նկատմամբ: Հաւանաբար այդ առաւելութիւնն էր նաեւ պատճառը, որը ՀՀՇ-ին խրտնում էր ընտրակեղծիքների դիմելուց: Ին՞չ իմաստ ունի դիմել նման քայլերի, երբ յաղթանակը անխուսափելի է: Այսօր էլ, սակայն, որոշ դիտորդներ պնդում են, որ ՀՀՇ-ն, այնուամենայնիւ, որոշ ընտրատեղամասերում դիմել է կեղծիքների, որպէսզի յաղթի համայնավարներին: Մի մասն էլ այն համոզմանն է, որ ՀՀՇ-ն չի դիմել կեղծիքների, քանի որ դրա կարիքը չկար: Նոյն ՀՀՇ-ն, երբ Հայաստանում իշխող կուսակցութիւն էր, կեղծեց ինչպէս 1995թ. խորհրդարանական ընտրութիւններն ու սահմանադրութեան հանրաքուեն, այնպէս էլ` 1996թ. նախագահական ընտրութիւնները: Բայց այս ընտրութիւններին մեր առաջիկայ յօդուածներից մէկում կ՛անդրադառնանք:

Համայնավար կուսակցութիւնից ՀՀՇ-ից բացի Հայաստանում մինչեւ հանրապետութեան անկախութեան հռչակումը` 1991 թուականի աշունը, գործում էին մի քանի այլ քաղաքական եւ ռազմաքաղաքական ուժեր` Պարոյր Հայրիկեանի Ազգային ինքնորոշում միաւորումը (ԱԻՄ), Վարդան Վարդանեանի եւ Ռազմիկ Վասիլեանի Հայոց ազգային բանակը (ՀԱԲ), Աշոտ Նաւասարդեանի Հանրապետական կուսակցութիւնը, Հրանտ Խաչատրեանի Սահմանադրական իրաւունք միութիւնը (ՍԻՄ), ինչպէս նաեւ երեք աւանդական կուսակցութիւնները` ՀՅԴ-ն, ՀՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ն, ապա նաեւ Ազգային ժողովրդավարների միութիւն (ԱԺՄ) եւ այլ ուժեր: Սակայն պէտք է հաշուի առնել, որ հիմնական ուժերը Համայնավար կուսակցութիւնից ու ՀՀՇ-ն էին, քանի որ միւս կուսակցութիւնները նոր էին հաստատւում Հայաստանում, ամբողջ հանրապետութեան տարածքում չունէին տեղական կառոյցներ,  հետեւաբար մեկնարկային անբարենպաստ դիրքերում էին:

1990թ. մայիսին, ապա եւ յունիսին (երկրորդ փուլ) կայացած Գերագոյն խորհրդի ընտրութիւնները անցկացուեցին բացառապէս մեծամասնական ընտրակարգով: ՀՀՇ-ն եւ համայնավարները ստացան մօտաւորապէս հաւասար թուով տեղեր: ՀՀՇ-ն, ի դէմս Լեւոն Տէր Պետրոսեանի, ստանձնեց խորհրդարանի եւ փաստացի նաեւ` երկրի կառավարումը: Խորհրդարանի ձեւաւորումից որոշ ժամանակ անց հիմնականում համայնավարական եւ ՀՀՇ-ական խմբերից ձեւաւորուեցին մի քանի  ներկայացուցչական խմբակցութիւններ` ՀՅԴ, ՀՌԱԿ, ԱԺՄ: Արդիւնքում, ՀՀՇ-ն խորհրդարանի ամենամեծ ուժն էր, սակայն չունէր որակական մեծամասնութիւն, ինչի շնորհիւ Գերագոյն խորհրդում իրական քաղաքական պայքար էր գնում: Խորհրդարանական ընտրութիւնների առաջին եւ երկրորդ փուլերի ընթացքում` մայիսի 27-ին, Երեւանում` նախ երկաթուղային կայարանի, ապա Էրեբունիի տարածքում, գրանցուեց բախում, որին զոհ գնացին 24 հայ քաղաքացիական անձինք: Ընդհանուր ընկալումն այն է, որ սադրանքը հրահրել էին Մոսկուայից, որպէսզի կանխեն ՀՀՇ-ի յաջողութիւնը ընտրութիւնների երկրորդ փուլում:

1991թ. սեպտեմբեր 21-ին Հայաստանում կայացաւ Անկախութեան հանրաքուէ: Ընտրական իրաւունք ունեցող բնակչութեան շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, աւելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ եւ ինքնիշխան պետութիւն ունենալու հայ ժողովրդի երազանքին: Այս արդիւնքը անակնկալ էլ անգամ անկախութեան կողմնակիցների համար, քանի որ Հայաստանում դեռ ուժեղ էին ԽՍՀՄ-ը պահպանելու կողմնակից համայնավարներն ու ռուսախօս հայ  մտաւորականութիւնը: Սեպտեմբերեան հանրաքուէից մէկ ամիս առաջ` օգոստոսի 19-21-ի Մոսկուայի ձախողուած յեղաշրջման փորձը ամենաուժեղ ազդեցութիւնը թողեցին հանրաքուէի արդիւնքների վրայ: Խորհրդային Միութեան պահպանմանը կողմնակից ամենաուղղափառ հայերը անգամ հասկացան, որ դա վերջն է, հսկայական տէրութիւնը քանդւում է ‘ անկախութիւնը ինքն է ծնրադրում քո առաջ:

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում կայացան նախագահական առաջին ընտրութիւնները: Լեւոն Տէր Պետրոսեանի վարկանիշը այնքան բարձր էր, որ նա անգամ քարոզարշաւ չարեց: Տէր Պետրոսեանը յաղթեց առաջին փուլով` ստանալով քուէների շուրջ 83 տոկոսը: ԱԻՄ առաջնորդ Պարոյր Հայրիկեանը ստացաւ 7 տոկոս, իսկ սիրուած դերասան, ՀՅԴ թեկնածու Սօս Սարգսեանը` 4.3 տոկոս: Ընտրութիւններին մասնակցում էին նաեւ հրապարակախօս Զօրի Բալայեանը, ով հաւաքեց 0.45, ակադեմիկոս Ռաֆայէլ Ղազարեանը 0.39 եւ Հանրապետական կուսակցութեան ղեկավար Աշոտ Նաւասարդեանը` 0.16 տոկոս:

Ինչպէս տեսնում էք, Հանրապետական կուսակցութիւնը եւ նրա թեկնածուն վերջին տեղն են զբաղեցրել: Եւ սա արդարացուած էր, քանի որ այս օրերին եւ հետագայ տարիներին` մինչեւ 1999 թուականը, Հայաստանում եւ սփիւռքում քչերը գիտէին այս կուսակցութեան մասին, որը այսօր իշխում է («իշխել» բառի բոլոր, յատկապէս` վատ իմաստներով) Հայաստանում:

Ուշագրաւ է, որ Հանրապետական կուսակցութեան այսօրուայ երեք հիմնական դէմքերը` նախագահ Սերժ Սարգսեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը եւ խորհրդարանի նախկին նախագահ Յովիկ Աբրահամեանը, այն տարիներին` 1990-1991 թուականներին, այլ կուսակցութիւնների էին անդամակցում:

Այսպէս, Սերժ Սարգսեանը արդէն հեռացել էր Համայնավար կուսակցութիւնից միացել ՀՀՇ-ին, Տիգրան Սարգսեանը հասցրել էր հեռանալ ՀՀՇ-ից եւ միանալ Վազգէն Մանուկեանի ստեղծած ԱԺՄ-ին, իսկ Յովիկ Աբրահամեանը շարքային, անյայտ ՀՀՇ-ական էր: Այն տարիներին Հանրապետական կուսակցութեան առաջնորդներից էին` Աշոտ Նաւասարդեանը (մահացել է 1997-ին), Անդրանիկ Մարգարեանը (Հայաստանի վարչապետը 2001-2007 թթ., մահացել է 2007-ին) եւ Տիգրան Թորոսեանը (Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, կուսակցութիւնից հեռացաւ իր դիմումի համաձայն, երբ ՀՀԿ-ի Սերժ Սարգսեանը այդ պաշտօնում ցանկացան նշանակել Յովիկ Աբրահամեանին):

Միասին թերթենք մեր ոչ հեռաւոր անցեալի պատմութեան անմոռանալի էջերը:

 

յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES