ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Ներկայութեան ցանկացած դրսեւորում պէտք է մեկնաբանուի նրա լինելութիւնից, այսինքն` ժամանակայնութիւնից:
ՄԱՐԹԻՆ ՀԱՅՏԵԿԸՐ
Այսօր մենք ապրում ենք փոսթմոտեռնի ընդհանուր իրավիճակում: Եւ դա ենթակայ չէ մեր ընտրութեանը: Որովհետեւ փոսթմոտեռնը «գաղափարախօսութիւն» կամ դիրքորոշում չէ, որ մենք կարող ենք ընտրել. փոսթմոտեռնը մեր գոյութեան պայմանն է, մեր ճակատագիրն է:
ՔԷՅԹ ՃԵՆՔԻՆՍ
ԺԱՄԱՆԱԿԻ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 20-ամեակի առիթով մեր հանդէսի նախորդ համարում հրապարակուած յօդուածներն ու ուսումնասիրութիւններն ամբողջական չէին լինի, եթէ բաւարարուելով ոչ վաղ անցեալի քննութեամբ` մոռանայինք մեր դժուարին ներկան, որում թաքնուած են ապագայի կանխատեսման եւ ծրագրաւորման անտեսանելի բանալիները:
Ներկայումս ակնյայտ է դարձել, որ եթէ մեր ժողովրդի մտածողութեան մէջ շարունակեն կուտակուել եւ խտանալ երկրի ապագայի վերաբերեալ վատատեսական պատկերացումները, ապա դրանց միջոցով կարող է տեղի ունենալ ապագայ զարգացումների անբարենպաստ դիպաշարերի ծրագրաւորումը ենթագիտակցութեան մակարդակում: Նման գործընթացին կարող է նպաստել հետեւեալ պարզ իրողութիւնը. մեր հասարակութեան ճնշող մեծամասնութիւնը համոզուած է, որ երկիրն ընթանում է ոչ ճիշդ ուղիով:
Ուրեմն` ներկայ հանգրուանում հայ գիտական մտքի առջեւ ծառացած կարեւոր խնդիրներից մէկը նման վատատեսական պատկերացումների կուտակման գործընթացի լիցքաթափումն է` դրանք հրապարակային քննարկման ասպարէզ դուրս բերելու միջոցով, ինչը թոյլ կը տայ ապագայի կանխատեսումն իրականացնել բանական հասկացութիւններով: Որովհետեւ ինչպէս անհատի, այնպէս էլ հասարակութեան համար տեսանելի սպառնալիքներից շատ աւելի վտանգաւոր է անորոշութիւնից բխող վախի զգացումը:
Մեր ենթագիտակցութեան մէջ աննկատ կերպով ընթացող վատատեսական դիպաշարերի քոտաւորումը ապագայի բանական պատկերով փոխարինելու խնդրի լուծումը հնարաւոր է միայն աշխարհում, տարածաշրջանում եւ մեր երկրում արձանագրուող նորագոյն զարգացումների քննութիւնը վերջիններիս իմաստաւորման մեր ազգային կերպի հետ զուգորդելու միջոցով: Ժամանակի գոյաբանական իմաստի աւանդական-հայկական ընկալման ապառասպելականացումը թոյլ կը տայ ազգային ժամանակի հաշուառումը համապատասխանեցնել մեր շուրջը ծաւալուող գործընթացների յաճախականութեանը:
Պատճառն այն է, որ ժամանակի իմաստի մասին բանական պատկերացումները եւ նրա հայկական ըմբռնումը բոլորովին տարբեր հասկացութիւններ են: Մեր օրերում եւս հայերիս մտածողութեան մէջ միմեանց են «հրմշտում» առասպելական, ընկերային, ֆիզիքական եւ այլ ժամանակների կոտորակուած ընկալումները, ինչի հետեւանքով ոմանք շարունակում են մտովի «վերախմբագրել» կորուսեալ հնարաւորութիւններով լի հայոց պատմութիւնը, միւսները` առաջնորդուել Պ. Ֆրանքլինի «ժամանակը փող է» տրամաբանութեամբ, իսկ երրորդները` թաքնուել ժամանակի պարզեցուած` մասնագիտական կամ ընտանեկան «չափոյթների» շրջագծում:
Հարց է առաջանում` բայց մի՞թէ այդքան դիւրին է Հայաստանին ու հայութեանը սպասող զարգացումների վերաբերեալ ստեղծել մի այնպիսի ապագայապաշտական հայեացք, որը թոյլ կը տայ նախապէս հաշուառել հնարաւոր վտանգների բացասական ազդեցութիւնը: Ի վերջոյ, մարդկային հասարակութեանը վերաբերող կանխատեսումները միշտ էլ սխալուելու լուրջ հաւանականութիւն են պարունակում: Կամքի ազատութեամբ օժտուած էակները` մարդիկ են կերտում իրենց ապագան, որոնց փոխբացասող գործողութիւնների արդիւնքում ձեւաւորւում են մի քանի այլընտրանքներ, տեղի է ունենում դրանց բախումն ու միահիւսումը, ինչի «հետեւանքն էլ դառնում է պատմական անհրաժեշտութեան իրացման վերջնաարդիւնքը, որի անունն է պատմութիւն»: Եւ երբ այդ այլընտրանքների բախման ու միահիւսման վերջնաարդիւնքը կարելի է հաշուարկել սոսկ ժամանակային որոշակի կտրուածքով, ժամանակն անկասելիօրէն առաջ է ընթանում` անցեալի վերածելով ներկան: Մինչդեռ, մեր հաւաքական մտածողութիւնը շարունակում է մնալ առասպելականացուող անցեալի ու հեռացող ներկայի սահմանագծին եւ այդպէս էլ չի գտնում դէպի ապագան ճեղքում արձանագրելու արահետները:
Պատճառն ակնյայտ է. եղելութիւնների յետահայեաց գնահատման մեր դարաւոր «իմաստնութեան» մէջ ժամանակայնութիւնից զուրկ հասկացութիւններն այնքան են միաձուլուել իրար, որ այսօր էլ մեզ թելադրում են ժամանակի գոյաբանական իմաստը ներկայից կտրելու եւ անցեալում «թաքցնելու» աւանդական-հայկական գործելակերպը:
Այս ելակէտից բխող` ներկայի ու ապագայի հանդէպ հայեցողական վերաբերմունքը այդպէս էլ աննկատ է թողնում այն իրողութիւնը, որ ժամանակի իւրաքանչիւր ակնթարթում կերտուող նորին մեծութիւն պատմութիւնը` որպէս այլընտրանքների բախման եւ միահիւսման վերջնաարդիւնք, ունի նաեւ մէկ այլ, ոչ պակաս կարեւոր յատկանիշ` ինվարիանթութիւնը, ինչը յաջորդ շրջափուլերում ամէն անգամ ստիպում է ապաւինել սոսկ «հայի յետին խելքին»: Իրականում, քանի դեռ մեր յետահայեացը չի միաձուլուել ապագան կանխատեսող առաջահայեացի հետ, չենք կարող տեսնել այն, ինչը սրբագրելու համար սովորաբար մի քանի սերունդների ջանքեր ու զոհողութիւններ են պահանջւում:
Ուստի առողջ բանականութիւնն ու մշտարթուն բարոյականութիւնը հայերիս իւրաքանչիւր սերնդի թելադրում է իւրովի գիտակցել այն պարզ ճշմարտութիւնը, որ մենք` որպէս ազգային կեցութեան ու գիտակցութեան կրողներ, գոյութիւն ունենք սոսկ որոշակի ժամանակի մէջ, իսկ ահա անցեալը ոչ թէ գոյաբանական, այլ ճանաչողական հասկացութիւն է: Այսինքն` մեր սերնդի ֆիզիքական գոյութեան ժամանակահատուածը ազգի ճակատագրի հետ կապւում է այնքանով, որքանով կենսաբանական էակին բնորոշ գործառոյթներից զատ իրականացնում ենք նաեւ առաջանցիկ քայլեր ու կանխարգելիչ գործողութիւններ:
Կեցութեան իմաստը նրա ժամանակայնութեան մէջ փնտռելու հայտեկըրեան մտասեւեռումի նշանակութիւնն է՛լ աւելի է մեծացել մեր օրերում, երբ իրենց հաւաքական գոյութեան իմաստը գիտակցող ազգերը միաւոր ժամանակի իւրաքանչիւր պահը դիտարկում են ապագայի տեսլականով: Որովհետեւ ներկան այնքան արագօրէն է վերածւում անցեալի, որ անմիջապէս հնանում են նաեւ նրանում առկայ խնդիրների` թւում է, թէ բանական լուծումները եւ անընդհատ հարկ է լինում մտածել «գնացքի յետեւից» վազելու մասին:
Սակայն, անգամ նման աննախադէպ արագացումները չեն կարող հերքել մեր ապրած դարաշրջանի խորքային էութեան` իմաստի գիտակցման սուր պահանջմունքը, քանի որ նրա արտակարգ յարաշարժութիւնը` որպէս ճանաչողութեան ելակէտային պայման, մեզ համար հանդէս է գալիս իբրեւ տրուած իրողութիւն, որը հնարաւոր չէ շրջանցել ապագան բացայայտելու ճանապարհին: Այս առումով գործ ունենք մի երեւոյթի հետ, որն այլեւս չի կարելի անուանել նորագոյն պատմութիւն, ինչն իրականում նոր ժամանակների օրկանական շարունակութիւնն էր եւ սկզբունքօրէն չէր տարբերւում իր նախորդից: Սկզբունքային տարբերութիւնները հանդէս են գալիս Հայաստանի անկախացմանը յաջորդած վերջին երկու տասնամեակներում` այդպէս էլ դուրս մնալով մեր հաւաքական գիտակցութեան փոքր-ինչ խախտուած ոսպնեակից: Քանզի ներկայ` յետարդիական (փոսթմոտեռն) դարաշրջանը, յաջորդելով արդիականութեանը (մոտեռնին), բնորոշւում է ապագայի որոշակի եւ յստակ տեսլականով օժտուած զարգացման առաջադիմական բնորդների ճգնաժամով, որոնք ընկած են եղել նոր ու նորագոյն պատմութեան գաղափարական փնտռտուքի կիզակէտում: Յետարդիականութեան հիմնական առանձնայատկութիւնը` մարդկութեան ապագայի մասին խորհրդային տեսլականի ձախողման փաստի զուգորդումը ազատական համակարգի «պատմութեան աւարտը» դառնալու յաւակնութեան հանդէպ յուսախաբութեանն ու լուրջ կասկածներին, ստեղծել է մի նոր աշխարհ, որն այլեւս ո՛չ բանականութեան դարի «անուղղելի լաւատեսն» է եւ ո՛չ էլ սոսկ 20-րդ դարասկզբին բնորոշ «մայրամուտի» շպենգլերեան սպասումների ուղեկիցը:
Վերջին 20-ամեակում մարդկութիւնն արձանագրել է նոր եւ նորագոյն ժամանակներին բնորոշ` առաջադիմութեան (փրոկրեսի) անզուսպ պաշտամունքի փոխակերպումը «շարժում առանց նպատակի» («մուվմընթ ուիտաութ տի էյմ») բանաձեւին: Իսկ «շարժում» հասկացութեան նպատակային ցուցիչների անորոշութեան հետեւանքն է դարձել համաշխարհային-պատմական մտածողութեան վրայ հիմնուող ճանաչողական թիսքուրսի կոտորակման, մանրացման փաստը:
Այս իրողութիւնը «սնւում է» տնտեսական ճգնաժամերի, տարածաշրջանային հակամարտութիւնների եւ այլ վտանգաւոր զարգացումների միջոցով, իսկ միւս կողմից` ինքն է տեսական-աշխարհայեացքային «սնունդ» մատակարարում վերջիններիս: Ուստի, անկախ նրանից` նման ճգնաժամերը հրահրուա՞ծ են ուժի որոշակի կենտրոններից, թէ՞ ինքնաբուխ են, վերջնաարդիւնքի առումով վերածւում են գոյութեան կռուի նորագոյն մարտահրաւէրների` փոքր պետութիւնների ու կոտորակուած ազգերի համար: Որովհետեւ ուժերի հաշուեկշռի փոփոխութեան արդիւնքում պարբերաբար հատուող «մեծ անտառի» փոքր տաշեղների հետագայ ճակատագրի հարցը համաշխարհային մակարդակում դիտարկւում է «արագ արդիւնք» ապահովող «գիտափորձերի» համաթեքսթում:
Հարց է առաջանում` արդ որտե՞ղ ենք կանգնած մենք` ինքներս, համաշխարհային բեմահարթակի վրայ «շարժում առանց նպատակի» սկզբունքով գործառող այս աննախադէպ արագացումների պայմաններում: Խոստովանենք, որ անցած 20 տարիներին մեր երկիրն ապրել է ո՛չ յետարդիականութեանը, ո՛չ էլ անգամ արդիականութեանը բնորոշ օրինաչափութիւններով, այլ հին պատկերացումներին ներյատուկ` պատմութեան շրջափուլային տեղապտոյտի սխեմայով: Անցած 20-ամեակում տնտեսաքաղաքական զարգացման այլ մակարդակի վրայ, երկրի անվտանգութեան ապահովման ինչ-ինչ նկատառումների թելադրանքով կրկնել ենք 1918 թուականից յետոյ Հայաստանի առաջին եւ երկրորդ հանրապետութիւններին բաժին ընկած շուրջ 70-ամեայ պատմութեան հիմնական շրջափուլերը. զարթօնք եւ ազգային ինքնագիտակցութեան վերելք, անկախ պետականութեան ձեւաւորում, նրա քաղաքական բովանդակութեան սահմանափակում, կառավարման նախկին համակարգի «վերածնունդ» եւ վերջինիս արագ լճացում: Պատճառն այն է, որ 1991-ին յայտնուելով քաղաքագէտների կողմից «յետխորհրդային օրինականութիւն» անունը ստացած պետութեան անորոշ կարգավիճակում, անցած 20-ամեակում մենք «արբանեակի» նման պտտուել ենք ղարաբաղեան հակամարտութեան ու պատերազմի արդիւնքների սառեցման պարզ հետեւանքի` տարածաշրջանային սթաթիւսքոյի շրջագծում: Այդ սթաթիւսքոն, որի հիմքում ընկած է գերտէրութիւնների պայքարի անաւարտութեան փաստը, ձեւաւորել է նաեւ վերջին 20 տարիների ներպետական սթաթիւսքոն` իշխանութեան ինքնավերարտադրման սկզբունքի գերակայութիւնը հայ ժողովրդի կամքի հանդէպ:
Սակայն, որքան յստակ եւ աներկբայ իրողութիւններ են Հայաստանին բաժին ընկած տարածաշրջանային եւ ներպետական սթաթիւսքոները, նոյնքան էլ անվիճելի է համաշխարհային մակարդակի վրայ հաւասարակշռութեան բացակայութիւնից բխող նորագոյն զարգացումների անկասելի ընթացքը: Այսինքն` երբ աշխարհը սկսել է փոխուել սարսափելի արագութեամբ, մենք ինքներս շարունակում ենք պտտուել «փակ շրջանակի» ներսում: Ուստի` միակ անորոշութիւնը, որ ծնունդ է առնում այս իրողութիւնների արձանագրումից, համաշխարհային մակարդակում ծաւալուող զարգացումների երկաթեայ տրամաբանութեամբ` տարածաշրջանային եւ ներհայաստանեան սթաթիւսքոների փլուզման պահի, այսինքն` պատմութեան կողմից մեզ տրուած «անվրդով լճացման» մէջ ապրելու ժամանակի տեւողութեան հարցն է:
Որքա՞ն ժամանակ է տրուած «յետխորհրդային օրինականութեան» հովուերգութեան գրկում համաշխարհային, տարածաշրջանային, ներպետական ու ներազգային մարտահրաւէրների կուտակումն անտեսող Հայաստանի երրորդ Հանրապետութեանը: Դատելով նրանից, որ վերջին տարիներին Հայաստանին յարող տարածաշրջաններում նման անորոշութեան վրայ հիմնուող վարչակարգերի փոխակերպման հիմնախնդիրը սկսել է լուծուել աւելի լայն եւ ընդարձակ տեսլականի` «Մեծ Մերձաւոր Արեւելքի» ձեւաւորման եւ դրան հակազդելու` փոխբացասող այլընտրանքների բախման տիրոյթում, ժամանակը, որ տրուած է մեզ` տարածաշրջանների վերաձեւման համաթեքսթում, աւելի քան սահմանափակ է: Համաշխարհային մակարդակով արձանագրուող արագացումները վկայում են, որ «Տարածաշրջանների վերաձեւումների փուլերն արդէն 7-10 տարուայ պարբերականութիւն են ձեռք բերել»: (Տե՛ս Մերուժան Վ. Միքայէլեան, Հայաստանն արդիականացման մարտահրաւէրի առջեւ…, «Վէմ», 2011, թիւ 3 էջ 168): Եւ եթէ մենք յայտնուել ենք նման ծրագրերի թատերաբեմը դարձած գործընթացների կիզակէտում, ապա խիստ սահմանափակ ժամանակ ունենք այդ իրողութիւնը գիտակցելու եւ գործնական եզրայանգումների գալու համար: Դրա անհրաժեշտութիւնը թելադրւում է նաեւ հետեւեալ փաստի միջոցով. «Մեծ Մերձաւոր Արեւելք» հասկացութիւնը ներառում է այն բոլոր ենթատարածաշրջանները, ուր հայութիւնը մինչ օրս ստեղծել է իր ինքնապահպանման խնդրի լուծման համայնքային (Սուրիա, Լիբանան, Իրան) կամ պետական (Հայաստան, Արցախ) շատ թէ քիչ կայուն եւ յուսալի մեքանիզմներ: Ուրեմն` համաշխարհային մակարդակի վրայ այլընտրանքների բախման եւ միահիւսման հետեւանքով վերջիններիս վերաձեւման հեռանկարը շօշափում է ձուլման վտանգից զերծ հայութեան գրեթէ բոլոր հատուածների, այսինքն` ապագայի կտրուածքով համայն հայութեան ճակատագրի հարցը:
Դեռեւս չարդիականացած Հայաստանը, յայտնուելով յետարդիական դարաշրջանին բնորոշ «փոթորիկների գրկում», անխուսափելիօրէն նորից է կանգնելու սեփական անվտանգութեան ապահովման հիմնախնդրի առջեւ: Եւ այն սթաթիւսքոն, որը յետխորհրդային Հայաստանի համար ծառայել ու ծառայում է իբրեւ բակունցեան «բզէզի պատեան», խախտուելու է ոչ թէ մեր ցանկութեամբ, այլ համաշխարհային ու տարածաշրջանային իրողութիւնների ներգործութեան արդիւնքում: Ակնյայտ է նաեւ, որ քանի դեռ աշխարհի հզօրները զբաղուելու են մէկ սթաթիւսքոյից միւսին անցման հիմնախնդրով, մեր անմիջական հարեւանները եւ առաջին հերթին` Թուրքիան ու Ազրպէյճանը փորձելու են օգտուել տարածաշրջանի վերաձեւման ծրագրերից: Ուստի պատերազմի հաւանականութեան նուազումը` սթաթիւսքոյի առկայութեան պայմաններում, կարող է վերածուել նաեւ պատմական անհրաժեշտութեան` վերջինիս փոփոխութեան համաթեքսթում:
Իսկ մինչ այդ` միանգամայն տեսանելի հեռանկարում նժարի վրայ է դրուելու Մերձաւոր ու Միջին Արեւելքի հայկական համայնքների ճակատագրի հարցը, քանի որ վերջիններս, հարկադրաբար կողմնորոշուած լինելով դէպի այդ երկրների իշխող վարչակարգերը, յայտնուել են «կառավարելի քաոսի» պայմաններում վերապրելու բարդագոյն խնդրի առջեւ:
Սակայն, քանի որ համաշխարհային մակարդակի վրայ առկայ ուժերի անհաւասարակշռութեան սուր եւ անմիջական ազդեցութիւնն այս ենթատարածաշրջաններում նոր է միայն զգացւում, դրան ցուցաբերուող հակազդեցութիւնը դիմադրողականութեան որոշակի պաշար ունի: Անսահմանափակ չէ նաեւ ազդող բեւեռի` Արեւմուտքի աշխուժութիւնը պայմանաւորող գործօնների «ամրութեան պաշարը», մասնաւորապէս, ներքին լուրջ հիմնախնդիրների առջեւ կանգնած Միացեալ Նահանգների հնարաւորութիւնների նշաձողը: Բայց տուեալ պարագայում` «ո՞վ է յաղթելու» գլուխկոտրուկը մեզ համար մարտավարական նշանակութիւն ունի: Բոլոր դէպքերում իրական վտանգն այն է, որ ազդող ու հակազդող ուժերի բախման ու միահիւսման վերջնաարդիւնքում «կառավարելի քաոսը» կարող է վերածուել նաեւ անկառավարելի քաոսի:
Ուստի, խուճապի մատնուելու փոխարէն հարկաւոր է արձանագրել, որ համայն հայութեան հայրենիքի մասին մեր բարձրագոչ յայտարարութիւնները անցած 20 տարիների ընթացքում չենք ամրապնդել այնպիսի գործնական քայլերով, որոնք թոյլ կը տան կանխել մէկ անգամ` 1970-1980-ականներին արդէն տեղի ունեցած` Լիբանանի հայութեան ամերիկեան արտագաղթի հնարաւոր կրկնութիւնը Սուրիայում, Իրանում, իսկ հնարաւոր է նաեւ` նոյն Լիբանանում: Չստեղծելով զարգացող եւ արդիականացող տնտեսական համակարգ, չմշակելով ազատագրուած տարածքների իւրացման գործուն ծրագրեր, Հայաստանը ներկայումս չի կարողանում դառնալ մշտական հանգրուան Իրաքի համեմատաբար փոքրաթիւ հայութեան համար, չխօսելով արդէն Մերձաւոր ու Միջին Արեւելքի աւելի ստուարաթիւ համայնքների մասին: Մինչդեռ ժամանակն անկասելիօրէն առաջ է ընթանում, եւ ոչ ոք չի կարող երաշխաւորել, որ ոչ թէ վաղը կամ միւս օրը, այլ տեսանելի հեռանկարում Իրաքի հայութեան ճակատագիրը չեն կիսելու Սուրիայի եւ միւս երկրների մեր հայրենակիցները: Ո՞վ է տէր կանգնելու նրանց, երբ Հայաստանում առկայ փողատիրութեան պայմաններում մանր ու միջին պիզնեսի ոչնչացումը անգամ նրա քաղաքացիներին է ստիպում սեփական գլուխն ազատել արտագաղթի միջոցով:
Ժամանակի գոյաբանական իմաստի գիտակցումը տեսանելի հեռանկարին նախապատրաստուելու խոհեմութեան մէջ է: Նման հեռանկարում մեզ սպասող մարտահրաւէրները դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է առնուազն կրկնապատկել իր ներկայ բնակչութեան թիւը եւ հնգապատկել մէկ շնչին ընկնող միջին եկամուտը: Երկրի ներքին պաշարների սահմանափակութեան պատճառով դա հնարաւոր է առաջին հերթին` վերջին 20 տարիներին արտագաղթի դիմած եւ Ռուսաստանում ու այլ երկրներում հարստացած մեր գործունեայ ու եռանդուն հայրենակիցներին վերադարձի ազատ պայմաններ ապահովելու միջոցով: Չմոռանանք, որ յետամնաց եւ աղքատ Թուրքիան 1980-ականներին ոտքի են կանգնեցրել Գերմանիայում հարստացած եւ իրենց նախնական դրամագլուխի հետ միասին յետ վերադարձած ու սեփական պիզնեսը հիմնած գործարարները: Քանի որ հայերիս կապուածութիւնը հայրենիքի հետ աւելի ամուր է, ապա միակ գործօնը, որ խոչընդոտում է նման հնարաւորութեան իրացմանը, Հայաստանում ձեւաւորուած մենաշնորհների համակարգն է: Հայաստանցի գաւառամիտ «գործարարները» ցանկութեան դէպքում անգամ չեն կարող քաղաքակիրթ մրցակցութեան մէջ մտնել Ռուսաստանում, առաւել եւս Արեւմուտքում աւելի մեծ կարողութիւններ ու հմտութիւններ ձեռք բերած մեր հայրենակիցների հետ:
Ուրեմն` Հայաստանի լճացած պետաքաղաքական համակարգը, որ հիմնուած է պիզնեսի ու քաղաքականութեան միաձուլման իրողութեան վրայ, կասեցնելով երկրի զարգացման ընթացքը` առասպելական վիշապի նման փակել է պետութեան ու ազգի առաջադիմութեան կենարար աղբիւրը: Եւ իր զաւակների հնարաւոր վերադարձի համար պայմաններ ստեղծելու գործում անզօր Հայաստանի Հանրապետութիւնն այսօր յայտնուել է այն աղքատ հօր կարգավիճակում, որը 20 տարուայ ընթացքում չի կարողացել անգամ մի հիւղակ կառուցել իր տարագիր զաւակների համար:
Նման անպատուաբեր դերի հետ հաշտուելու` մեզ տրուած ժամանակը սպառուել է: Եթէ տարածաշրջանների վերաձեւման ժամանակացոյցը 7-10 տարուայ յաճախականութիւն ունի, ապա նուազագոյնը մինչեւ 2016-2017 թուականների մեր երկիրը պէտք է լիովին պատրաստ լինի Մերձաւոր-միջին արեւելեան անկառավարելի քաոսի պայմաններում գոյատեւելու եւ միաժամանակ` համայն հայութեան կենարար փարոսը դառնալու առաքելութեանը: Իսկ դա նշանակում է, որ 2012-2013 թուականների ընտրաշրջանի միջոցով, ցանկացած ճանապարհով, վերեւից կամ ներքեւից, երկրում արմատական փոփոխութիւնների սկզբնաւորումը կեանքի ու մահուան հարց է Հայաստանի ու հայութեան համար:
Պատմութիւնը կրկնուելու սովորութիւն ունի` որակապէս նոր մակարդակի վրայ: Խորհրդային Միութեան փլուզման դարաշրջանում մենք օգտուեցինք նրա այդ կախարդական յատկանիշից` յետ բերելով 1918-1921 թուականներին կորցրածի մի մասը: Բայց այսօր պատրաստ չենք ոչ միայն յաջորդ քայլն անելու առաքելութեանը, այլեւ կարող ենք ձեռքից բաց թողնել կենսականօրէն անհրաժեշտ նուազագոյնը` ազատագրուած տարածքներով պաշտպանուած Արցախը, որովհետեւ մեր հակառակորդը նիւթաարհեստագիտական հնարաւորութիւնների աճի ուժականութեամբ նկատելիօրէն առաջ է անցել մեզանից եւ սպասում է յարմար պահի` իր առաւելութիւնն իրացնելու համար: Այդ պահը կարող է վրայ հասնել համաշխարհային զարգացումների արդիւնքում` համընդհանուր քաոսի մթնոլորտում, երբ տարածաշրջանի վերաձեւման համար գերտէրութիւնների պայքարը կը միահիւսուի նրանում դերակատար իւրաքանչիւր ազգի ու պետութեան ծրագրերին ու նպատակներին: Ուրեմն` ժամանակի գոյաբանական իմաստը Հայաստանի սահմաններին մօտեցող վտանգներին դիմակայելու համար անհրաժեշտ կենսունակ ազգային պետութեան ձեւաւորման հրամայականի մէջ է:
«ՎԷՄ»

