ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ, ԱՐՑԱԽԸ` ԱՆԱԶԱՏ. ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ` ՎԻՃԱԿԸ ՇՏԿԵԼՈՒ ՊԱՏԵՀՈՒԹԻՒՆ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Իրաւապաշտպան «Ֆրիտըմ հաուզ» միջազգային կազմակերպութիւնը հրապարակել է տարեկան հերթական զեկոյցը, համաձայն որի, Հայաստանը մնացել է մասամբ ազատ, իսկ Լեռնային Ղարաբաղը` ոչ ազատ երկրների շարքում: Դիտարկուած 195 երկրների շարքում ազատ է համարուել 87 պետութիւն: Արաբական աշխարհի երկու տասնեակ երկրների մէջ չկայ ոչ մի ազատ պետութիւն, իսկ մասամբ ազատ են միայն Լիբանանը եւ Մարոքը, ընդ որում` միաւորներով Լիբանանը Մարոքից առաջ է:

«Ֆրիտըմ հաուզ»-ի չափանիշներով մասամբ ազատ են որակւում այն պետութիւնները, որտեղ բաւարար յարգանք չի դրսեւորւում քաղաքական իրաւունքների ու քաղաքացիական ազատութիւնների նկատմամբ, առկայ է փտածութեան նկատելի մակարդակ, օրէնքի իշխանութիւնը թոյլ է, նկատւում է ազգային եւ կրօնական պայքար, եւ չնայած բազմակարծութեան որոշակի մակարդակի առկայութեանը` քաղաքական դաշտում գերիշխում է մէկ կուսակցութիւն:

Ոչ ազատ են որակւում այն պետութիւնները, որտեղ քաղաքական հիմնարար ազատութիւնները բացակայում են, իսկ քաղաքացիական ազատութիւնները` հետեւողականօրէն մերժւում ու ոտնահարւում:

«Ֆրիտըմ հաուզ»-ը Հայաստանում ազատութիւնների վիճակը դիտարկում է 1991-ից ի վեր, եւ բոլոր 20 տարիների գնահատականներով Հայաստանը դասուել է մասամբ ազատ պետութիւնների շարքում: Սերժ Սարգսեանի նախագահութեան բոլոր չորս տարիներին` 2008-ին, 2009-ին, 2010-ին եւ 2011-ին, Հայաստանը նախորդ բոլոր տարիների հետ համեմատ ստացել է վատագոյն ցուցիչը` 5 միաւոր, եւ մօտեցել է ոչ ազատ երկրների խմբին: Լաւագոյն ցուցանիշը Հայաստանի համար եղել 1993 թուականը, երբ, դասուելով մասամբ ազատ երկրների շարքում, Հայաստանը ստացել էր 3.5 միաւոր (որքան թիւը ցածր է, այնքան երկիրը ազատ է): Ռոպերթ Քոչարեանի նախագահութեան տարիներին` 1998-ից 2003 թուականներին, Հայաստանը ստացել է 4, իսկ 2005-2007 թթ.` 4.5 միաւոր:

Անմիջական հարեւանների մէջ 2011 թուականի տուեալներով Վրաստանը եւս դասուել է մասամբ ազատ երկրների շարքում, սակայն ի տարբերութիւն Հայաստանի 5 միաւորի, նրա ստացած միաւորը 3.5 է: Վրաստանը անկախութիւնից ի վեր եւս միշտ դասուել է «մասամբ ազատ» երկրների շարքում, բացառութեամբ 1991-ի, երբ այն համարուել է «ոչ ազատ»: 2005 թուականից ի վեր Վրաստանը մէկ, մէկուկէս կամ երկու միաւորով առաջ է Հայաստանից: Համեմատութեան համար նշենք, որ Լիբանանի միաւորը կամ ազատութեան ցուցիչը 4 է, մէկ միաւորով բարենպաստ, քան` Հայաստանինը:

Հարաւային Կովկասի միջազգայնօրէն ճանաչուած երրորդ պետութիւնը` Ազրպէյճանը, 2002 թուականից ի վեր իր տեղն ամրապնդել է ոչ ազատ երկրների շարքում: Անշուշտ, լաւ է, որ գոնէ Հայաստանը Ազրպէյճանից առաջ է, բայց ընդամէնը կէս միաւորով: Միւս կողմից, շատ վատ է, երբ Արցախն ու Ազրպէյճանն են նոյն խմբում: Արցախի եւ Ազրպէյճանի ցուցիչները նոյնն են` 5.5: Սա արդէն երկրորդ տարին է, երբ Արցախը Ազրպէյճանի հետ յայտնւում է նոյն մակարդակի վրայ: Արցախին վերաբերող ցուցիչի փոփոխութիւնը, համաձայն «Ֆրիտըմ հաուզ»-ի, պայմանաւորուած էր նրանով, որ 2010 թուականի ԼՂՀ  խորհրդարանական ընտրութիւններին ոչ մի ընդդիմադիր թեկնածու չի մասնակցել եւ այսօր Արցախի խորհրդարանում, փաստացի, ընդդիմութիւն չկայ:

Մեր անմիջական միւս հարեւաններից Իրանը եւս դասուել է ոչ ազատ երկրների շարքում` 6 միաւոր, իսկ ահա Թուրքիան մասամբ ազատ է` 3 միաւոր: Հարաւային Կովկասի չճանաչուած կամ մասամբ ճանաչուած երկրներից Աբխազիան համարւում է մասամբ ազատ, իսկ Հարաւային Օսիան` ոչ ազատ:

«Ֆրիտըմ հաուզ»-ը գնահատում է մասամբ ճանաչուած եւ չճանաչուած 26 երկրների ազատութիւնների ցուցիչը: Լեռնային Ղարաբաղը դիտարկւում է 1993 թուականից ի վեր: Եթէ մինչեւ 2002 թուականը Արցախը տեղ էր գտնում ոչ ազատ երկրների շարքում, ապա 2002-2009 թուականներին կայուն 5 միաւորով Արցախը Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ դասւում էր մասամբ ազատ երկրների շարքում` ի տարբերութիւն ոչ ազատ Ազրպէյճանի: Սակայն վերջին երկու տարիներին Արցախը կրկին դասւում է ոչ ազատ երկրների շարքում եւ դրա հիմնական պատճառներից է, որ ԼՂ Ազգային ժողովում չկայ գէթ մէկ ընդդիմադիր պատգամաւոր կամ կուսակցութիւն, չկայ ընդդիմադիր մամուլ: Եթէ 2012 թուականի ամռանը կայանալիք ԼՂ նախագահական ընտրութիւններն անցկացուեն այլընտրանքային կամ ընդդիմադիր լուրջ թեկնածուի մասնակցութեամբ` համեմատաբար ազատ, արդար եւ թափանցիկ պայմաններում, ապա Արցախը, ամենայն հաւանականութեամբ, կը վերադառնայ մասամբ ազատ երկրների ընտանիք` թօթափելով պատիւ չբերող ոչ ազատ պիտակից:

Անշուշտ, Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնները կարող են եւ յայտարարում են, որ պէտք չէ այնքան էլ լուրջ ընդունել ինչպէս «Ֆրիտըմ հաուզ»-ի, այնպէս էլ միջազգային այլ կազմակերպութիւնների գնահատականները: Սակայն նոյն իշխանութիւնները պէտք է գիտակցեն, որ ոչ միայն պատուաբեր չէ լինել Ազրպէյճանի կամ ափրիկեան ու ասիական ամբողջատիրական երկրների հետ նոյն խմբում, այլ որ առաւել էական է` խոշոր երկրներն ու միջազգային կազմակերպութիւնները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի մասին կարծիք են կազմում ոչ թէ հայկական իշխանութիւնների հաւաստիացումներով ու հայկական հեռուստատեսութեան հաղորդումներով, այլ «Ֆրիտըմ հաուզ»-ի եւ այլ միջազգային կազմակերպութիւնների ցուցիչներով ու զեկոյցներով:

Բայց կարեւոր է նաեւ մէկ այլ հանգամանք: Տարիներ շարունակ արցախեան հարցում եւ կարգաւորման բանակցային գործընթացում հայկական դիւանագիտութեան յաղթաթղթերից մէկը եւ միջազգային հանրութեան համար ամենաընկալելին եղել է Արցախի ժողովրդավարական ցուցանիշների առաւելութիւնը Ազրպէյճանի նկատմամբ: Ժողովրդավարութիւնը Արցախի համար ունի կարեւոր արտաքին քաղաքական նշանակութիւն: Միջազգային հանրութիւնը, յատկապէս արեւմտեան աշխարհը, կրելով ժողովրդավարական արժեհամակարգ, ընդունում է, որ ժողովրդավարական առումով աւելի զարգացած հասարակութիւնը, տուեալ դէպքում` Արցախը, չի կարող կառավարուել այլ պետութեան` Ազրպէյճանի, ամբողջատիրական ու քլանային վարչակարգի կողմից:

Պէտք է գիտակցել, որ ժողովրդավարութեան բարձր մակարդակը, երկրում օրէնքի գերակայութիւնը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնը, ընկերային արդարութիւնը անհրաժեշտ են ոչ թէ միջազգային հանրութիւնից լաւ գնահատականներ ստանալու համար, թէեւ դա էլ շատ կարեւոր է, այլ առաջին հերթին դրանք պէտք են արցախցիներին: Քաղաքացու համար աւելի յարմարաւէտ է ապրել ժողովրդավարական երկրում, քան` ոչ ժողովրդավարականում:

 

Յատուկ «Ազդակ»-ի համար
Ստեփանակերտ, Արցախ

 

Share this Article
CATEGORIES