ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ. «ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՕՍՔ` ՍՓԻՒՌՔԻՑ ԵԿԱԾ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՄԱՐՏՆՉԱԾ ՏՂԱՆԵՐԻՆ»

Հայկական բանակի հիմնադրութեան 20-ամեակին առիթով Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեան հայութեան յղեց շնորհաւորական ուղերձ մը, որուն բովանդակութիւնը ամբողջութեամբ կու տանք ստորեւ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհաւորում եմ բոլորիս Հայկական բանակի 20-ամեայ պայծառ յոբելեանի առթիւ, տօն, որ նշում ենք ազգովի ու հպարտութեամբ, ոգեւորուած ու սիրով, քանի որ մեզ պարգեւած ազատութիւնն ու անկախութիւնը հայ զօրավարի ու զինուորի անդուլ մաքառումների, պայքարի արդիւնքն է:

Քսան տարի շարունակ մենք կարողացել ենք զարգանալ, առաջ ընթանալ, միջազգայնօրէն ճանաչում ստանալ, քանի որ մեր սահմաններն ապահով են:

Հայ զինուորը մշտապէս պաշտպանում է իր հայրենիքն ու հողը: Նրա մղած պայքարն արդար ու հայրենանուէր պայքար էր, որտեղ նա յաղթանակ տարաւ: Կարծում եմ` ցանկացած պահի մեր բանակը կարող է հակահարուած տալ ամէն մի ոսոխի, որովհետեւ մեր ոգին, մեր ուժը, մեր կամքը հզօր է, որովհետեւ մեր զինուորների երակներում Մեծն Հայկի, Վարդանի, մեր հայ ֆիտայիների բազկի ծինն է նստած, որովհետեւ մեր զինուորները Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի մեր հերոսամարտերը յաղթած զինուորների յետնորդներն են:

Այսօր ես դիմում եմ նախ եւ առաջ հայոց մայրերին, մեր փափկասուն եւ սիրելի կանանց, հայ ընտանիքի սիւներին: Սիրելի՛ մայրեր, շնորհակալ ենք ձեզ, շնորհակալ ենք, որ դուք նման որդիներ էք ծնել ու դաստիարակել, որոնց մի մասն ընկաւ յանուն հայրենիքի, յանուն Հայաստանի եւ Արցախի պաշտպանութեան, եւ այսօր Եռաբլուրում մենք խոնարհում ենք մեր գլուխներն այդ արծիւների, այդ հզօր եւ կարող տղաների յիշատակի առջեւ, ովքեր մահով անմահացան, ովքեր տուեցին իրենց կեանքը` յանուն Հայաստանի, յանուն Արցախ աշխարհի:

Ուզում եմ իմ շնորհակալական խօսքն ուղղել սփիւռքից եկած եւ հայկական բանակում մարտնչած տղաներին, ովքեր կարողացան թողնել իրենց տաքուկ անկիւնը, ովքեր իրենց խաղաղ կեանքը փոխարինեցին խրամատներով, ովքեր եկան, զէնք վերցրին եւ Հայաստանի, Արցախի որդիների հետ միասին պաշտպանեցին մեր հայրենի հողը: Նրանցից մի մասն էլ ընկաւ, հերոսացաւ Մայր հայրենիքի, Մայր Հայաստանի համար. փա՛ռք ու պատի՛ւ նրանց:

Ուզում եմ նաեւ խօսքս ուղղել մեր հրամանատարական կազմին, ովքեր այսօր իրենց օրինակով ու նուիրումով, իրենց գրագիտութեամբ ու կազմակերպուածութեամբ դաս եւ օրինակ են դարձել մեր զինուորների համար:

Մենք հաւատում ենք ձեզ, հպարտ ենք ձեզանով, սիրելի՛ զինուորներ, սպանե՛ր, զօրավարնե՛ր, հրամանատարնե՛ր եւ հաւատում, որ հայ ժողովրդի, Հայաստանի եւ Արցախի խաղաղութիւնը, կայունութիւնը նախ եւ առաջ պայմանաւորուած է նաեւ հայոց հզօր, ուժեղ, կարող բանակով:

Թող մեր բանակը շարունակի զարգացնել իր կարողութիւններն ու հմտութիւնները, թող ուժն ու տոկունութիւնը, կամքն ու կողմնորոշումը միշտ ուղեկցեն մեր զինուորներին, եւ նրանք միշտ անձնուիրաբար ծառայեն մեր երկրին, մեր պետութեանը:

Փա՛ռք հայկական բանակին, որն առաջացել է տասնամեակներում եւ, վստահ եմ, կը շարունակի բարձրացնել իր մարտունակութիւնը` մնալով տարածաշրջանի հզօրագոյն բանակը:

Տօնդ շնորհաւոր, 20-ամեայ հայկական բանակ:

ՍԻՐՈՎ`
ՀՐԱՆՈՒՇ ՅԱԿՈԲԵԱՆ

 

 

 

Share this Article
CATEGORIES