ՃԱՏՐԱԿ. ՎԻՅՔ ԱԱՆ ԶԻԻ ՄՐՑԱՇԱՐՔ. ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆ ՏԻՐԱՑԱՒ ՏԻՏՂՈՍԻՆ
Նախորդ շաբաթավերջին հոլանտական Վիյք Աան Զի քաղաքին մէջ աւարտեցաւ Tata Steel ճատրակի 74-րդ միջազգային մրցաշարքը, որուն իրենց մասնակցութիւնը բերին 14 վարպետներ:
Հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան տիրացաւ այս մրցաշարքի տիտղոսին, թէեւ ան 13-րդ եւ վերջին հանգրուանին հաւասարութիւն մը արձանագրեց ազրպէյճանցի Թէյմուր Ռաճապովի հետ` 12-րդ շարժումին: Արոնեան ապահովելով 9 կէտ գերազանցեց իր ետին գտնուող երեք այլ վարպետներ, որոնք ապահովեցին 8-ական կէտ:
Արոնեան 13 մրցումի ընթացքին կրեց երկու պարտութիւն` արձանագրեով 7 յաղթանակ եւ 4 հաւասարութիւն:
Թէեւ ան 2007-ին եւ 2008-ին տիրացած էր այս տիտղոսին, սակայն ան առաջին անգամ ըլլալով էր, որ առանձինը կը հանդիսանար ախոյեան: 2007-ին ան տիտղոսը բաժնած էր Ռաճապովի հետ, իսկ 2008-ին` նորվեկիացի Մակնիւս Քարլսընի հետ:
Ինչ կը վերաբերի Գ. կարգի աղջկանց մրցումներուն, 14 մասնակցողներուն մէջ Էլինա Դանիէլեան 5,5 կէտ ապահովելով գրաւեց 9-րդ դիրքը: Տիտղոսին տիրացաւ ռուս Մաքսիմ Թուրով:
Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լեւոն Արոնեան | 9 |
| 2.- Մակնիւս Քարլսըն | 8 |
| 3.- Թէյմուր Ռաճապով | 8 |
| 4.- Ֆապիանօ Քարաունա | 8 |
| 5.- Վասիլի Իվանչուք | 7,5 |
| 6.- Հիքարու Նաքամուրա | 7,5 |
| 7.- Կաթա Քամսքի | 7 |
| 8.- Սերկէյ Քարժաքին | 6,5 |
| 9.- Լուիս Վան Վելի | 5,5 |
| 10.- Պորիս Կելֆանտ | 5 |
| 11.- Վեսելին Թոփալով | 5 |
| 12.- Վուկար Հաշիմով | 5 |
| 13.- Անիշ Կիրի | 4,5 |
| 14.- Տաւիտ Նաւարա | 4,5 |


