ԵՐԲ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՇԱՀԵՐԸ. ՍԱՐՔՈԶԻՆ ԱՌԱՋԻԿԱՅ ՕՐԵՐԻՆ ԿԸ ՎԱՒԵՐԱՑՆԻ ՕՐԻՆԱԳԻԾԸ

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ֆրանսայի խորհրդարանի վերին պալատը` ծերակոյտը, յունուարի 23-ի ուշ երեկոյեան 127 «կողմ» եւ 86 «դէմ» ձայներով ընդունեց Ֆրանսայի կողմից ճանաչուած ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնելու մասին օրինագիծը: Ֆրանսայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը, օրինագծին հաւանութիւն էր տուել 2011 թուականի դեկտեմբերի 22-ին: Սպասւում է, որ առաջիկայ օրերին նախագահ Նիքոլա Սարքոզին իր ստորագրութիւնը կը դնի օրինագծի տակ, եւ որով փաստաթուղթը կը դառնայ օրէնք:

Այսպիսով, ցեղասպանութիւնների ժխտումը կը պատժուի մէկ տարուայ ազատազրկմամբ եւ կամ 45 հազար եւրօ տուգանքով: Ճիշդ է, օրինագծում չի նշւում «Հայոց ցեղասպանութիւն» անունը, սակայն ողջ աշխարհի համար ակնյայտ է, որ օրինագիծը առաջին հերթին վերաբերում է հէնց Հայոց ցեղասպանութեանը, մանաւանդ որ Ֆրանսայում վաղուց է գործում Հրէական ողջակիզումը ժխտելը քրէականացնող օրէնք: Ֆրանսայի խորհրդարանի զոյգ պալատներում այդ օրինագծի քուէարկութիւններին նախորդած քննարկումների ընթացքում ելոյթ ունեցող բոլոր երեսփոխանները, այդ թւում նրանք, ովքեր դէմ էին քուէարկելու, յիշատակում էին հէնց Հայոց ցեղասպանութիւնը: Պաշտօնական Անգարան ու նրա հետ նաեւ Պաքուն ջղաձգօրէն արձագանգեցին, քանի որ հասկանում են, որ այս օրինագիծը առաջին հերթին փակելու է Հայոց ցեղասպանութիւնը ժխտող թուրքերի եւ ազրպէյճանցիների բերանները Ֆրանսայի տարածքում:

Հայկական մի շարք հեռուստաընկերութիւններ, իշխող Հանրապետական կուսակցութեան ներկայացուցիչներ, իշխանամէտ քաղաքագէտներ ու վերլուծաբաններ, ովքեր ժամանակին օր ու գիշեր գովաբանում էին Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւնները, շտապեցին յայտարարել. տեսնո՞ւմ էք, արձանագրութիւնները չեն խոչընդոտում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը: Յատուկ գնահատականի է արժանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի կեցուածքը, ով վեր կանգնեց շահարկումներից եւ յստակ նշեց, որ Ֆրանսան Հայոց ցեղասպանութիւնը ճանաչել է 2001 թուականին: Աւելորդ չէ յիշեցնել, որ այդ ժամանակ Ֆրանսայում Հայաստանի դեսպանը հէնց Նալբանդեանն էր, ով, ինչպէս եւ ֆրանսահայ համայնքը, կարեւոր դերակատարութիւն ունեցան:

Շահարկումը տեղին չէ, մանաւանդ այն ուժի ներկայացուցիչների կողմից, ովքեր այսօր էլ պաշտպանում են երկու արձանագրութիւնները: Արձանագրութիւններ, որոնք կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանութեան իրողութեան վաւերականութիւնը եւ տէ ժիւրէ վերահաստատում Հայաստան-Թուրքիա տէ ֆաքթօ այսօրուայ սահմանները: Խոհեմ եւ տրամաբանուած մտածողները հասկանում են, որ Ֆրանսայի խորհրդարանի զոյգ պալատների ընդունած օրինագիծը ուղղակի առնչութիւն չունի ո՛չ արձանագրութիւնների եւ ո՛չ էլ Հայաստան-Թուրքիա գործընթացի հետ:

Անկասկած, 2011 թուականի հոկտեմբերին Ֆրանսայի նախագահի Հայաստան այցելութիւնը իր ազդեցութիւնը ունեցաւ օրինագծի ընդունման արագացման վրայ: Կասկած չկայ, որ նախագահ Սերժ Սարգսեանը Նիքոլա Սարքոզիին յորդորել կամ խնդրել է, որ օրինագիծը դրուի քուէարկութեան: Եւ պատահական չէ, որ Սարքոզին հէնց Երեւանում յայտարարեց, որ եթէ Թուրքիան շարունակի ժխտել Ցեղասպանութիւնը, ապա Ֆրանսան կը ցանկանայ քրէական պատիժ սահմանել Հայոց ցեղասպանութեան ժխտման համար: Ի պատասխան, Թուրքիայի վարչապետ Էրտողանը Սարքոզիին խորհուրդ տուեց մտածել գալիք սերունդների, այլ ոչ Ֆրանսայի գալիք ընտրութիւնների մասին:

Անկասկած, ինչպէս այլ երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանութեան ճանաչման, այնպէս էլ Ֆրանսայի դէպքում, իրենց անուրանալի ներդրումը ունեցան Հայ դատի գրասենեակներն ու սփիւռքեան այլ կառոյցներ ու անհատներ: Սակայն, միւս կողմից, պիտի նաեւ ընդունել, որ եթէ օրինագծի ընդունումը չբխէր Ֆրանսայի ազգային, պետական շահերից, ապա այն չէր ընդունուի կամ չէր դրուի քուէարկութեան, ինչպէս եղել էր նախկինում: Բայց սա քաղաքականութեան եւ դիւանագիտութեան համար բնական երեւոյթ է: Լոպիստական աշխատանքը չափազանց կարեւոր է, սակայն ցանկալի արդիւնքը ստացւում է այն պահին, երբ համընկնում են շահերը:

Ֆրանսայի խորհրդարանի զոյգ պալատների կողմից օրինագծի ընդունումը ունէր մի քանի ասպեկտներ, որոնցից նշանակալին երկուսն էին` Ֆրանսայում սպասուող նախագահական ընտրութիւնները եւ Եւրոպական Միութեան ու նրան անդամակցող մի շարք երկրների արդէն իսկ ընդունած որոշումները:

Սկսենք երկրորդից: Ֆրանսան առաջին եւ միակ պետութիւնը չէ, որ  ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրէնք է ընդունում: 2008թ. նոյեմբերի 28-ին Եւրոմիութեան խորհուրդը ընդունել է ցեղապաշտութեան  եւ այլատեացութեան արտայայտութիւնները քրէականացնող որոշում, որն արգելում է պաշտօնապէս ճանաչուած ցեղասպանութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների եւ պատերազմական յանցանքների ժխտումը: Նմանօրինակ որոշումներ ընդունել են եւրոպական 15 պետութիւններ: Օրինակ, Աւստրիան 1992-ին արգելեց Ողջակիզման ժխտումը տպագիր հրատարակութիւններում, եթերում եւ այլ լրատուամիջոցներում: Պելճիքան 1995-ին Ողջակիզման ժխտման համար սահմանեց մինչեւ մէկ տարուայ ազատազրկում եւ մինչեւ 5000 ֆրանք տուգանք: Իսկ ահա Չեխիան 2001-ին ընդունեց օրէնք, որը մինչեւ 3 տարի ազատազրկում է նախատեսում նրանց համար, ովքեր նացիների եւ համայնավարների կողմից իրականացուած ցեղասպանութիւնը կասկածանքի տակ կը դնեն կամ կ՛արդարացնեն: Նման օրէնքներ են ընդունել նաեւ Ֆրանսան 1990-ին Ողջակիզման ժխտման համար, իսկ հետագայ տարիներին` Լիւքսեմպուրկը, Լեհաստանը, Զուիցերիան, Ռումանիան, Սլովաքիան, Սպանիան, Փորթուգալը, Հոլանտան, Լիխթէյնշթէյնը եւ Հունգարիան:

Եթէ չլինէր Թուրքիայի` ամենաբարձր մակարդակով հակազդեցութիւնը, ինչպէս նաեւ` վիրաւորական ու սպառնալի արտայայտութիւնները Ֆրանսայի ու այդ երկրի առանձին գործիչների հանդէպ, ապա, գուցէ, այս օրինագիծը նման արձագանգ չունենար համաշխարհային լրատուամիջոցներում: Հայոց ցեղասպանութեան իրողութիւնը մոլորակի ողջ բնակչութեանը հասցնելու աւելի լաւ եղանակ դժուար էր պատկերացնել: Բայց պիտի շեշտել, որ Ֆրանսան կարող էր այս օրինագիծը ընդունել աւելի ուշ կամ փորձէր այն ուղղակիօրէն չկապել Հայոց ցեղասպանութեան հետ:

Օրինագծի ընդունման հարցում բարենպաստ էր նաեւ Ֆրանսայի ներքաղաքական առկայ իրադրութիւնը: Առաջիկայ ամիսներին սպասւում են նախագահական ընտրութիւններ, եւ վերընտրուելու համար Սարքոզին նաեւ մի քանի հարիւր հազար ֆրանսահայերի քուէների կարիքն ունի:

Պիտի ենթադրել, որ այս օրինագծի ընդունումով Սարքոզին կարող է ակնկալել նաեւ այն ֆրանսացի ընտրողների քուէները, ովքեր դէմ են Եւրոմիութեանը Թուրքիայի անդամակցութեանը:

 

 

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

Share this Article
CATEGORIES